Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի բուռ դարձած հսկա Կաղնի

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
20:16, կիրակի, 15 նոյեմբերի, 2015 թ.
Մի բուռ դարձած հսկա Կաղնի

Մի բուռ դարձած հսկա Կաղնի

Նախկինում բազմաթիվ հարցազրույցներ էի արել: Երբ հանդիպում էինք, նախ հարցնում էր. «Ասում ես՝ամուսնացած ես, չէ՞: Էդ շատ լավ է. աշխատանք-մաշխատանք՝ բոլորը սուտ է. աղջիկը պիտի մայրանա, որ երջանիկ լինի»: Երբ խոսք էի գցում, որ ուզում եմ իր մասին ֆիլմ անել, կեղծ բարկանում էր. «Այ աղջի, գնա երեխեքովդ զբաղվի, էդ սուրբ գործը թողել, պարապ բաների հետևի՞ց ես ընկել»:
    
     Բայց չհամոզեց ինձ: Սեպտեմբերն էր, զանգեցի Վարպետի քաղաքային հեռախոսահամարով: Կինը՝ տիկին Նելլին, պատասխանեց, որ ամուսինն ի վիճակի չէ որևէ մեկին ընդունելու, այն էլ՝ լրագրողների, որոնք հարցախեղդ են անում խեղճ մարդուն: Լսափողի միջից լսվեց Վարպետի նվաղուն, հարազատ ձայնը. «Էդ ո՞վ է, ասա թող գա, աղջկան մի նեղացրու: Ասա, թող մի ժամից գա»: Տիկին Նելլին ստիպված զիջեց: Որոշեցի դիմել ընկերներիս ու հենց առաջինը զանգեցի «Օրդֆիլմ» ընկերություն, ռեժիսոր Հայկ Օրդյանին: Ներկայացրի իրավիճակն ու լսեցի պատասխանը՝ հենց հիմա գալիս ենք:
     Մեկ ժամից մեր նկարահանող խումբը Վարպետի դուռը թակեց: Ուզում էինք վայելել Սոս Սարգսյանի ներկայությունը, լսել նրան, արձանագրել տեսածն ու լսածը, նրանից ստանալ, վերցնել առավելագույնը. ո՞վ իմանա՝ գուցե Վարպետի կյանքի վերջին ժամերն էին: Քաղաքի գլխին ծանրումեծ կախվել էր տխուր լուրը ՝ Վարպետը լավ չէ:
     Դուռը կողպած չէր: Հրեցինք, բացվեց: Նստած էր ճաշասենյակի իր անկյունում, դիմացը՝ փոքրիկ սեղանին, դեղեր, գրքեր, լուսանկարներ, գրելու թղթեր կային: Դեղերի տոպրակը ցույց տվեց ու ասաց.
     «Էս մի քանի կոճակը 17 հազար դրամ արժե. էս խեղճ ժողովուրդն ի՞նչ անի, քոռ դանակով մորթվում է: Չես կարող դեղ առնել, գնա մեռի»:
    
    
     «
Ես Թումանյանի ճուտն եմ: Եթե նրա իմաստնության մի տոկոսն ունենամ, գոհ սրտով կգնամ էս աշխարհից: Էս մարդուն ոչ մեկս չենք ճանաչում: Նա գանձ է, անտակ գանձ» :

Վարպետն այնքան ոգևորված ու խանդավառությամբ էր խոսում, որ նրա խամրած, ճերմակած աչքերում չարաճճի կայծեր երևացին նույնիսկ: Նա հետզհետե վերափոխվում էր: Ճիշտ է՝ ձայնն առաջվա խրոխտությունը չուներ, որը մենք լսել ենք «Մատենադարան» ֆիլմում, տեսել «Մենք ենք, մեր սարերում», «Ձորի Միրոյում» ու «Նահապետում»: Ամեն ինչ տարած ու ներած, ամենքի սիրով վառված, ամենքի ցավով դեռ ապրող ու տառապող ձայն էր՝ ոչ թե արտիստի, այլ Հայաստանն ու մոլորակը մի քիչ ավելի բարի դարձնելու վերջին ճիգով իր կյանքի ավարտն ապրող Սոս Սարգսայնի ձայնը: Նա խոսում էր ու խոսում՝ մի թեմայից մյուսին անցնելով: Իր արտիստական կյանքից գրեթե ոչինչ չասաց, ամեն մի խոսքն ուղղված էր մարդկանց, հայերիս, նրանց, ովքեր դեռ շարունակելու են ապրել այս աշխարհում: Դա իր մոտալուտ մահն զգացող, Հայաստանի ու մոլորակի ցավերն իր հոգու ասեղի անցքով ներս քաշող մարդու հրաժեշտի վերջին խոսքն էր: Այդ ժամանակ միայն հասկացա, որ Վարպետն ինձ կանչել էր, որովհետև ինքն իր հետ խոսել, անկեղծանալ էր ուզում, սիրտն ու հոգին դատարկել էր ուզում, որովհետև այլևս ժամանակ չուներ: «Ես հոգնել եմ, հոգնել եմ ապրելուց, հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչ իր ժամանակն ունի. սկսվել է, պիտի ավարտվի: Իմն ավարտվել է, ես զգում եմ: Բայց թե ինչու Աստված հոգիս շուտ չի առնում, չգիտեմ: Սա էլ է պատիժ: Ես նրանց մոտ եմ ուզում գնալ՝ իմ Ֆրունզի, Խորիկի, իմ վարպետների ու ընկերների: Նրանք չկան, ինձ էսքան ժամանակ մենակ էին թողել: Շատ անխիղճ դուրս եկան բոլորը. շուտ գնացին: Ախր ես նրանց կեսն եմ, առանց նրանց չեմ կարող: Հիմա Ֆրունզի ձայնն եմ լսում, ինձ կանչում է: Ես էլ եմ ուզում գնալ: Մենակ թե խնդրում եմ Աստծուն՝ հոգիս դեռ չառած՝ միտքս չառնի… Դե հիմա գնացեք, էրեխեք ջան: Ես ավարտեցի ասելիքս»:

Վարպետը խոր հևքով լռեց, զգուշությամբ հենվեց բազմոցին ու ասես փլվեց: Սենյակում ծանր լռություն էր:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4292 | 0 | 0
Facebook