Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գուցե ընդդիմադիրներն ու ակտիվիստները վերանայե՞ն իրենց հայացքները փողոցային պայքարի վերաբերյալ

Aram Hakobyan
Հեղինակ`
Aram Hakobyan
18:04, չորեքշաբթի, 10 հունիսի, 2015 թ.
Գուցե ընդդիմադիրներն ու ակտիվիստները վերանայե՞ն իրենց հայացքները փողոցային պայքարի վերաբերյալ
     Հետխորհրդային երկրներում այդ պայքարը հաջողության է հասնում, երբ գտնվում է օրինականության եւ անօրինականության սահմանագծին Քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիզմի աստեղային ժամը Հայաստանում 88-90 թվականներն էին: Պարզ է, թե ինչու: 88-ի փետրվարին փողոց էին դուրս եկել կուշտ մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում էին որոշակի գաղափարների: Այսօր էլ Եվրոպայի քաղաքներում ցույցեր են անում 100 հազարավոր քաղաքացիներ: Նրանց պահանջները կարող են լինել նաեւ սոցիալական, օրինակ՝ «բարձրացնել թոշակի տարիքը», բայց այնպես չի, որ նրանք ապրելու միջոցներ չունեն եւ հույս ունեն, որ ցույցի միջոցով կստանան այդ միջոցները: Երբ սոված մարդիկ են դուրս գալիս փողոց, կամ քաղաքական ուժերը փորձում են նրանց օգտագործել, դա կարող է վերածվել շքեղ խանութների թալանի, հարուստների առանձնատների հրկիզման, նվազագույնը՝ տարբեր տեսակի անկարգությունների, մի խոսքով՝ գործողությունների, որոնք իշխանությունների կողմից ճնշվելու դեպքում է՛լ ավելի կկարծրացնեն ռեժիմը, իսկ չճնշվելու դեպքում կբերեն քաոսի: Երկու պարագայում էլ այդ՝ ամենաաղքատ խավի նյութական վիճակը կվատանա: «Ղարաբաղ» կոմիտեին, ինչպես եւ, ասենք, Սաակաշվիլիի կամ Պորոշենկոյի ղեկավարած հեղափոխականներին հաջողվում էր մնալ օրինականության եւ անօրինականության սահմանագծին այն պատճառով, որ նրանք վստահ էին՝ որոշակի փուլում ոստիկանությունը չէր ճնշի ընդդիմության գործողությունները, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք ձեւական առումով անօրինական լինեին: Իրավիճակն էր այդպիսին եւ, կրկնեմ, բողոքողների որակն էր ավելի բարձր, ու, բնականաբար, շատ կարեւոր է նաեւ, որ այդ «որակյալ բողոքողները» ոչ թե 10 կամ նույնիսկ 100 հոգի էին, այլ տասնյակ հազարավորներ: Այսօրվա Հայաստանում իրավիճակն այլ է: Ցանկացած բողոք՝ անկախ նրանից, թե որքանով է այն տեղավորվում օրինականության սահմաններում, հեշտությամբ ճնշվում է իշխանության կողմից: Ամեն ինչ գնում է «դասական» սցենարով: Բերեմ պարզ «անհատական» օրինակ, որը, կարծում եմ, լուսաբանում է փողոցային պայքարի ներկայիս փուլը Հայաստանում: Ենթադրենք, ես դուրս եմ գալիս փողոց՝ բողոքելու Իրինա Ալեգրովայի համերգի դեմ։ Եթե ես իմ ձեռքով պաստառ գրեմ՝ «Կորչի՛ գռեհկությունը», դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնի։ Եթե ես բղավեմ իմ կարգախոսները, ուշադրություն կդարձնեն, բայց ոչ իմ կարգախոսներին, այլ իմ հոգեկան վիճակին։ Ի՞նչ անեմ։ Հավանաբար, ես պետք է դուրս գամ Լենինգրադյան փողոց՝ Համալիրի դիմացը, եւ խանգարեմ երթեւեկությանը։ Գործին կխառնվի ոստիկանությունը։ Մնացածը կախված է նրանից, թե որքան անխոնջ ակտիվիստ եմ ես, եւ որքան պրոֆեսիոնալ են ոստիկանները։ Եթե ես սուսուփուս վերադառնամ մայթ, ապա միջադեպը կավարտվի։ Եթե ես սկսեմ բղավել՝ «Ես՝ Հայաստանի քաղաքացիս, իրավունք ունեմ կանգնել որտեղ որ ուզում եմ», սկսեմ դիմադրություն ցույց տալ, ապա ոստիկանները հայհոյանքներով, թե առանց հայհոյանքների, հարվածելով, թե առանց հարվածների (կախված պրոֆեսիոնալիզմից) ինձ կտանեն քաղմաս։ Եթե երկար պահեն, ես կդառնամ քաղբանտարկյալ կամ նույնիսկ՝ խղճի բանտարկյալ։ Իմ բարեկամներ Արթուր Սաքունցն ու Ավետիք Իշխանյանը կբացատրեն, որ եվրոպական բոլոր կոնվենցիաների համաձայն՝ իմ բողոքն ավելի կարեւոր է, քան անվտանգ երթեւեկությունը: Ահա «դասական սցենարը», որն, իհարկե, կարող է ունենալ որոշակի «ենթատարբերակներ», սակայն արդյունքը նույնը կլինի՝ Ալեգրովայի համերգը միեւնույն է՝ տեղի կունենա: Գուցե ընդդիմադիրներն ու ակտիվիստները վերանայե՞ն իրենց հայացքները փողոցային պայքարի վերաբերյալ:
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/06/10/579833/
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3279 | 0 | 0
Facebook