Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեք աղջիկների հուշարձան

21:21, երկուշաբթի, 06 ապրիլի, 2015 թ.
Երեք աղջիկների հուշարձան

Աղբյուրի մոտ նստոտել էին կանայք: Իրենց հերթին էին սպասում: Ջուրը բարակ էր, տատիս կծիկից կախված բրդե սպիտակ թելի նման: -Երանի տղի թուղթն էլ եկավ, -մոտենալով ու նստելով նրանց կողքին՝ ասաց պառավ մի կին, -նրա մոր աչքերը քոռանան, Ակոպը հենց նոր տարավ թուղթը: «Սև» բառը նա չդրեց թղթի կողքին: Սև-ը գիտեին: Արամի սև թուղթը երրորդն էր, թեպետ նոր-նոր էր սկսվում 1941-ի նոեմբերը: Ուրեմն, Հակոբը, Անդրանիկը, հիմա էլ Արամը: Կանայք ավելի սմքեցին, անշարժացան ու եթե հեռվից նայեիր, կարող էր թվալ, թե փոքր քարերի վրա մեծ քարեր են դրված: (Երբ լաց է լինում քարը, մամուռ է գոյանում, իսկ մարդու լացից՝ դատարկություն, որ ոչինչ չի լցնի այլևս…): Կանայք նստել էին անշարժ, իսկ աղբյուրի տակ դրված կժից վաղուց արդեն թափվում էր ջուրը, կորչում ցեխի, խոտերի մեջ: Տղաները երեքնել պիտի նշանվեին նոեմբերին, եթե կռիվ չլիներ: Չեն նշանվի, հարսնախոս չեն գնա, բայց ով չգիտեր նրանց հարսնացուների անունները, իմացավ.գյուղում սև հագան երեք աղջիկ: Էլ ուրիշ ոչինչ չփոխվեց աշխարհում: Համարյա ամեն օր, իրիկնապահին, ասես խոսք-խոսքի արած՝ աղջիկները միասին էին ջրի գալիս: Իրար հետ չէին խոսում, ոչ էլ լաց էին լինում իրար մխիթարելով, միայն երկար, երկար էր ձգվում ժամանակը, մինչև կժերը լցվում էին ջրով: Աղջիկները նայում էին գյուղի հոգնած ճամփին, բարդիներին, որ տկլոր սրթսրթում էին, բոբիկ ոտներով կանգնած հողին ու վերև մեկնած մատներով կարծես պահում երկինքը, որ հանկարծ չփլվի: Ինչ-որ մի լուռ դաշինքով՝ երեք աղջիկներն աղբյուր էին գալիս տարիներ, նույնիսկ կռվից հետո, երբ տուն էին դառել նրանք, ովքեր տուն պիտի դառնային… Ու մի առաոտ… Դաշտ գնացող մարդիկ տեսան, որ աղջիկները դատարկ կժերը դրել են ոտքերի տակ, բարալիկ, տղամարդու մատներ չտեսած ուսերով կպել իրար ու չեն նայում ճանապարհին: Երևի հանկարծ հասկացել էին, որ էլ չեն գա, երբեք չեն գա իրենց նշանածները: Քարացել էին… Իսկ մի թել աղբյուրի տեղում ավազան էր՝ եռանկյունաձև, զինորի նամակի նման, որ աղջիկները չստացան երբեք: Քարե եռանկյունու ամեն կողմում մի տղայի անուն-աղգանուն էր. Հասցե չկար, ետադարձ հասցե չկար: Ավազանի ջուրը սառներ ու առատ: Զարմացել էր գյուղը ու սպասում էր: Բայց երբ իրիկուն իջավ ու մարդիկ կամաց –կամաց ցըրվեցին, տուն չգնացին աղջիկները: Կժերնել չտվեցին ոչ- ոքի, կժերը քարով էին լցված, շատ էին ծանր…Այսպեսել մնացին աղջիկները՝ խռոված աշխարհից ու փեսացուներից, որ խաբեցին… Չծերացան աղջիկները, չծերացան իրենց փեսացուների պես, որ մնացին անհայտ ճամփեքի վրա, ու հիմա էլ, քսանհինգ տարի անց, դեռ կանգնած են աղբյուրի մոտ՝ տխուր, ջահել ու անմատչելի: Ու ամեն անգամ, երբ անցնում եմ այդ կողմերով, ես կանգնում եմ գյուղի եռանկյունաձև աղբյուրի մոտ, բարևում եմ աղջիկներին: Նրանք չեն բարձրացնում գլուխները, բայց ես հպարտ եմ նրանցով: Ես ուզում եմ շնորակալության խոսք ասել նրանց բոլոր Հայ տղաների անունից, որոնք մնացել են աշխարհի անհայտ ճամփեքի վրա և նրանց անունից, որոնք, ով գիտե, մի օր գուցե մնան: Հետո ջուր եմ խմում եռանկյունի ավազանից, որ նման է զինորի նամակի… Ամեն ինչ, որ կարդացիք այս էջերի վրա, ճիշտ է. Կան քարացած աղջիկներ՝ աղբյուրի մոտ, կան Հայ տղաներ՝ աշխարհի բոլոր ճամփեքին և կա այդ գյուղը՝ սովորական Հայ մի գյուղ՝ իր ժողովրդով, որ դեռ սափրվում է միայն տոն օրերին, որ հաճախ մոռանում է նայել անգամ Արարատին, որ չի կարդացել աշխարհի գրքերի մեծ մասը, որ կոշտ, հոգնած ձեռքեր ունի և այդպիսի հուշարձան է մտածել իր կորած որդիների համար…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3558 | 0 | 0
Facebook