ԵՊՀ-ն ընդունել է Ջիմ Բումելային
20:18, ուրբաթ, 20 մարտի, 2015 թ.
Հավանել
0
Չհավանել
0
2633 | 0 | 0 | 0
ԵՊՀ-ն հյուրընկալել է Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի ("The International Federation of Journalists-IFJ") նախագահ Ջիմ Բումելային: Հանդիպմանը մասնակցում էին Ժուռնալիստիկայի, Միջազգային հարաբերությունների և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները: Ջիմ Բումելան խոսել է ժուռնալիստիկայի վրա ժամանակակից տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունների մասին՝ ընդգծելով այն միտքը, որ համացանցը և առցանց լրագրությունը լուրջ մարտահրավերներ են նետում ամսագրային ժուռնալիստիկային՝ ստիպելով վերջինիս նույնպես մուտք գործել համաշխարհային սարդոստայն: Բանախոսի ելույթից հետո ուսանողները հարցեր են տվել հյուրին: Հարկ է նշել, որ առավել աչքի էին ընկնում ապագա լրագրողները, ովքեր Ջիմ Բումելային ուղղել են հեղինակային իրավունքի, առցանց լրագրության և «տեղեկատվություն- անվտանգություն» համատեքստում լրագրողական էթիկայի մասին մի շարք հարցեր: Հանդիպման վերջում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը շնորհակալություն է հայտնել հյուրին հետաքրքիր զրույցի համար և գրքեր նվիրել նրան: Ջիմ Բումելան նշել է, որ այցելությունների ժամանակ միշտ ուրախությամբ և մեծ պատրաստակամությամբ է հանդիպում ուսանողների հետ, քանի որ հենց նրանք են վաղվա ժուռնալիստիկայի ստեղծողները: «IFJ» -ի հիմնական նպատակն է պաշտպանել և ամրապնդել լրագրողների իրավունքներն ու ազատությունները: Կազմակերպության առաքելությունն է նաև աշխարհում համերաշխության, ժողովրդավարության հաստատումը, սոցիալական արդարության, աշխատանքային և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև պայքարն աղքատության և կոռուպցիայի դեմ: Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան, որն այսօր ունի երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հիմնադրվել է 1926թ.-ին Փարիզում: Հետագայում կազմակերպությունը վերագործարկվել է երկու անգամ՝ 1946թ.-ին և 1952թ.-ին: Այսօր այն շուրջ 100 երկրներում ունի ավելի քան 600.000 անդամ: «IFJ» -ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում (Բելգիա): |
+11 °C |
+10 °C
+21 °C
|
Վաղը` +21 °C |