Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴՈՒԴՈՒԿԻ ԿԱԽԱՐԴԸ

NANA
Հեղինակ`
NANA
13:20, շաբաթ, 12 հունվարի, 2013 թ.
ԴՈՒԴՈՒԿԻ ԿԱԽԱՐԴԸ

Նրան գիտեին և սիրում էին բոլորը՝ Չարենցից մինչև ջուր ծախող պատանին: Վազում էին նրա ետևից, երբ փողոցով անցնում էր Մարգար Մարագարյանը՝ 30-ական թվականների ու 40-ականի սկզբների դուդուկի կենդանի լեգենդը:

Էջմիածնեցի էր, միջահասակ, քիչ գեր, թեթևակի ճաղատ, բարեհամբույր, միամիտ ու ազնիվ:Չկար մեկը, որ նրան վարպետ չանվաներ: ՈՒՆԵՑԵԼ Է հարուստ երգացանկ՝ պարեղանակներ, հայկ.ժող ու գուսանական երգերի գործիքային փոխարինումներ, մուղամներ: Նրա կատարմանը բնորոշ էր հուզական հագեցվածությունը և ազգային-ժողովրդական ցայտուն երանգավորումը:

Մարգար Մարգարյանը առաջին պռոֆեսիոնալ դուդուկահարն էր:Նա եկավ ուստա Հարութի, Կարո Սարգսյանի դպրոցն անցած, սկսեց հարսանիքներից, հասավ ռադիոհաղորդւմների կոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատարի պատվին և շարունակեց իր երթը Վարդան Բունու նվագախմբում:

Հիշենք պատմեւթյունը:

Գաղթականները Մահուբի Գևորգի երգերը չէին երգում:«Էրգրի» երգերն էին երգում.«Ուր խարս խորոտ էր, գետերն ելման էինու տալվորիկ, բարձր սարեր»:

Աղյուսաշեն քաղաքն իր երգերն ուներ՝«Քուչա, քուչա ման ես գալիս ինչու՞ մեր տուն չես գալիս», պատեֆոնը նվագում էր՝ «Ես և իմ Մաշան ինքնաեռի մոտ», իսկ թառի վրա՝ անվերջանալի մուղամ: «Անգլիական այգում», ուր ամեն երեկո Վարդան Բունու թառահարների ու քամանչահարների նվագախումբը արևելյան ու եվրոպական մեղեդիներ էր նվագում, իսկ Շարա Տալյանը կատարում էր Սայատ-Նովայի և այլ գուսանների երգերը, Էջմիածնեցի պատանին սկսեց իր առաջին ելույթները:

Մարգար Մարգարյանը դուդուկի և շվիի սիրահար էր: 30-ականի կեսերին Հայաստանի Ռադիոյի ժողովրդական գործիքների նորաստեղծ անսամբլում նա արդեն ուներ իր նվագի սեփական ձայնը:

Նրա ավանդը ժողովրդական երգերի առաջին նվագակցումներն էին:

Ձայնի տեմբրը, շրթունքի խաղերը՝ շրթնի արտաբերման վարպետությունը այսօր էլ, նրա մահից տարիներ անց, հիշում են……

Մարգար Մարգարյանը առաջինն էր, որ դուդուկը բարձրացրեց համերգային բեմահարթակ: Ելույթ ունենալով Ա.Մերանգուլյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլում, նա իր յուրահատուկ նվագով նվաճեց հանդիսատեսի սիրտը:

1939-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկ, արվեստի տասնօրյակին: Ժող.գործիքների երաժիշտ-կատարողների համամիութենական ստուգատեսում արժանացել է երրորդ մրցանակին: Իր կատարումով թողարկվել են ձայնապնակներ, գրառվել կինոֆիլմերի երաժշտություն («Պեպո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները»): Իր ստեղծագործական կյանքում նվագակցելով հայ երգի բազմաթիվ վարպետների հետ նա զգաց, որ դուդուկը պետք է կատարելագործել: Նա ստեղծեց իր դուդուկը, որը մի քանի սանտիմետրով փոքր էր սովորականից, ձայնանցքերը մոտեցրեց իրար, որի շնորհիվ բարձրացավ դուդուկի հնչեղությունը:

Ջիվան Գասպարյանը դուդուկը ձեռքն է վերցրել երբ ընդամենը 6 տարեկան էր եւ փորձել է նվագել` չիմանալով որեւէ նոտա:Երաժշտության աշխարհում առաջին քայլերն արել է ինքնուրույն` 8 ամիս նվագել սովորելով այն ժամանակ Հայաստանում հայտնի դուդուկահար Մարգար Մարգարյանի նվիրած դուդուկով:

Առնո Բաբաջանյանը հիշում է. «1938 թվականի գարնանն էր: Այդ ժամանակ սովորում էի Մոսկվայում, հայկական մշակութի տանը: Երբ տուն եկա՝ Երևան, ինձ ասացին, որ Արամ Խաչատրյանն այստեղ է. նրան պատվիրել էին հայկական արվեստի և գրականության Մոսկովյան տասնօրյակի առթիվ ազգային բալետ գրել:

Նա իջել էր իր քրոջ՝ երգչուհի Թուշիկ Խաչատրյանի տանը: Գնացի: Նստած էր, իսկ կողքին նվագում էր դուդուկահար Մարգար Մարգարյանը կամ «ուստա Մարգարը», ինչպես կոչում էին նրան: Ես մտածեցի՝ բալետն ուր՞, դուդուկն ուր՞: «Ամեն մի ստեղծագործություն ժողովրդական ակունք պետք է ունեն, հետո նոր միայն երգահանի սրտի միջով անցնի ու նրա տաղանդով ստեղծվի», -ասաց Արամ Խաչատրյանը»:

Շատերը հիշում են նաև, որ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը գալիս էր անսամբլի փորձասենյակ ու ասում.

-ՈՒստա Մարգար, գնացինք…

ՈՒ գնում էին Դարաչիչակ, այսօրվա Ծաղկաձորը և բնության գրկում ըմբոշխնում «Դուն էն գլխենի» դյութիչ մեղեդին:

Չարենցը կանգնում էր ու արտասանում.

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլ սարին կմնա……..

Մարգար Մարգարյանի գերեզմանաքարին այսօր հավերժանում են մեր դուդուկի անմեռ հնչյունները, որոնք նա պարզեց աշխարհին ու դարերին:

p.s. ՄԱՐԳԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀՆՉԵՑՆՈՒՄ ԷՐ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՊԱՐԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋ ՇԻԹԸ:
Ա.Մերանգուլյանի ժողովրդական գործիքների անսամբլ աջից ձախ առաջինը՝ Մարգար Մարգարյան
Ա.Մերանգուլյանի ժողովրդական գործիքների անսամբլ աջից ձախ առաջինը՝ Մարգար Մարգարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7173 | 0 | 0
Facebook