Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լուսնային սոնատ

11:49, չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2014 թ.
    
     Գիշեր է, հիասքանչ գիշեր: Աշխարհը քնած է, արթուն ենք միայն ես, լուսինը և… միգուցե նաև Նա: Միգուցե արթուն է Նա՝ ում մասին, լուսնին նայելիս, երազում եմ ես: Միգուցե նա ևս լուսնին նայելիս երազու՜մ, փոքր ինչ տխրում ու հոգոց է հանում՝ մտածելով իր միակի մասին՝ իմ մասին: Ո՞վ գիտե: Լուսի՜նը գիտե: Իսկ Լուսինն այնքա՜ն գեղեցիկ է: Նա քո դեմքն ունի պաշտելիդ իմ: Իմ աննման լուսին: Նա նման է նաև Աստղիկ դիցուհուն՝ գեղեցկուհի վայելչապաշտին: Գիտե՞ս սիրելիս Լուսնի մարմարյա այտերն ինձ սեր են խոստանում: Գուցե դու գիտե՞ս… ու ինձ խանդու՜մ ես:
     Իսկ հիմա տո՜թ է: Տոթ է անսահման, ու շնչուղիներն իմ հեղձվում են անչափ, մաշկս խեղդվում է գիշերում այս լուռ: Կարծես լսում եմ հեվյունը մաշկիս, միգուցե նաև իր շունչը վերջին: Եվ ես հառնում եմ, խոյանում եմ վեր, մաշկիցս ելնու՜մ, սլանում վերև, դեպի Լուսինը՝ Լուսին սիրուհիս, ապրելու սերն իր մարմարիոն գրկում: Գիշերվա մթնում՝ Լուսնի պալատում, թավշե երկնքից կարված անկողնում սեր է խոստանում, անհագուրդ սեր է փափագում Լուսին տիրուհին:
     Մութ է անսահման, մութն է մեզ ծածկում ինչպես վարագույր մեր ննջարանում: Մոլագար է սերն այդ խառնածին՝ մի աստվածուհու և մարդու միջև: Ու թե հիշեմ ինձ՝ մաշկս երկրային, հեղձուցիչ տոթը, հեվյունը մաշկիս՝ հիշողությունս կփախչի ինձնից ինչպես մի մերկ կին: Քանզի մոռացվել եմ ես Լուսնի գգվանքից արբեցած արդեն: Եվ «Ես» -ս Լուսնի հետ փարված դարձավ սիրասուն մի «Մենք»: Լուսնին միացած ու սիրահարված, սիրուն գալարված, ինչպես այն օձը դրախտում ապրող անչափ խորամանկ: Եվ միգուցե ես էլ Լուսնի հետ մեկտեղ խորամանկում եմ՝ նեկտար վայելում թավշե անկողնում: Ու քաղցրահամ է նեկտարն այդ անչափ: Իսկ ես սիրում եմ քաղցր անսահման մանավանդ, երբ սերն է այդչափ քաղցրահամ: Իսկ աստղերը մեր սպասարկում են մեզ Գիշերում մեր մեծ: Ապրում ենք այսպես Գիշերում հիմա ու սեր վայելում… ու սեր դայլայլում դեղձանիկի պես Գիշերում մեր մեծ ու նվիրական: Ու չեմ էլ հիշում, ու չեմ էլ ուզում ես հիշել նրան: Այն անիրական, իբրև թախանձող, այն երկրայինին, որին նման էր իբր Լուսինը, Լուսի՜ն սիրուհիս: Լուսնի պալատում երգն է թևածում՝ նեկտարի նման հագեցնում է մեզ: Ու բեթհովենյան սիմֆոնիաները մոռացնում են ինձ, ուրացնում են ինձ անձս երկրային: Լուսնի հետ գգված՝ Լուսնի անկողնում վայելում եմ ես սոնատը լուսնի: Ու մոռանում եմ նաև ուրանում քեզ իմ երկրային ու անիրական իմ սեր թախծալի, իբրև բաղձալի: Եվ ինչու՞ այդպես կոշտ ու ցավալի: Քանզի դու չկաս, քանզի դու… օ՜դ ես: Պարզ մի դիֆուզիա, որ դուրս է գալիս իմ մաշված գլխից ու հեռանալով գանգիցս հեռու՝ օծանելիքի պես ցնդում է օդում, դառնում մտքերից թռած մի պատրանք: Դառնում մի պատրանք: Եվ վե՛րջ: Իսկ Լուսինն իմ իրական է, սիրելի անչափ ու օ՜դ չէ, հաստա՛տ, ով մտապատրանք դու իմ երկրային: Ու չեմ ցանկանում, ու չեմ տանջում միտքս նրանով, թե ինչ կլիներ, եթե Լուսինը լիներ քո տեղում թախծոտ ու ոչ իրական, քանզի դու չկաս ու չես էլ լինի սիրո պիեսում իմ ձեռքով գրված: Լուսինն է սերս փակել անկողնում: Թավշե վերմակից կարված անկողնում, Գիշերվա մթնում ով երկրային անքուն դու օրիորդ: Եվ թող սխալվեմ, այս անգամ ևս, մի մարդու նման, մահկանացուի պես, քանզի տրված է մեզ սխալվել անվերջ: Ու ես կսխալվեմ ասելով անքուն դու մի օրիորդ ես: Չէ դու քնած ես, քնած դշխուհի: Քանզի երկրային քո դիմագիծը, պատկերդ քնքուշ չկա հեքիաթու՜մ, չկա՜ պիեսում այս հրաշալի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4367 | 0 | 0
Facebook