Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

23:36, հինգշաբթի, 17 հուլիսի, 2014 թ.

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Այսօր՝ հուլիսի 17-ին, դատավոր Լեւոն Ավետիսյանն, հրապարակեց վճիռը, որով Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ 4 տարին խարդախության, մնացածն էլ խարդախության փորձի համար, եւ նրանից գանձել 814 հազար դրամ հօգուտ պետության։ Նշենք, որ դատախազը 6 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել։

Իրենց մարտական ընկերոջը սատարելու եկած ազատամարտիկները՝ դատավաճռից վրդովված, սկսեցին աղմկել, դավաճաններ անվանեցին ու հայհոյեցին դատավորին ու դատախազին:

«Ձեր կանանց էլ ծախեք, ձեր հարսներին էլ, ձեր երեխաներին էլ տվեք դրանց հպատակ», - բղավեց ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը։

Դատարանի ներսում եւ բակում մեծ թվով ոստիկաններ կային: Նրանք փորձում էին հանգստացնել ազատամարտիկներին՝ հորդորելով չխախտել հասարակական կարգը: Ազատամարտիկները հավաքվել էին դատարանի հետեւի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան դատարանից տանել Վոլոդյա Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։

Կարդացվում է չարաբաստիկ դատավճիռը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3383 | 0 | 0
Facebook