Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

NATO-ն մոտենում է Հայաստանին և YSSF-ին

09:35, ուրբաթ, 13 հունիսի, 2014 թ.

2014թ-ի հունիսի 12-ին Երևանի «Մարիոթ» հյուրատան Էրատո դահլիճում «Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն- Regional Studies Center» -ի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի շնորհիվ տեղի ունեցավ «NATO. Մարտահրավերներ և տեսլականներ» խորագրով քննարկում:
    
     Ներկա ժամանակներում բավականին արդիական այս քննարկման համար որպես բանախոսներ հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի Պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, NATO-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2008թ-ից նաև Ատլանտյան պայմանագրի Ասոցիացիայի նախագահ Կալ Ա. Լամերսը և ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, NATO-ի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
    
     Հանրային քննարկամանը հրավիրված էին նաև նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ, Գերմանիայի դեսպանը, ինչպես նաև փորձագետներ, երիտասարդ առաջնորդներ, մի շարք կուսակցությունների երիտասարդ թևի ներկայացուցիչներ և իհարկե՝ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի-YSSF-ի» ուսանողներ:
    
    

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ նշված քննարկումների շարքը, որն ստացել է «Երևանյան երկխոսություններ» անվանումը, նպատակ ունի քննարկելու ազգային կարևորության հարցեր, տրամադրելով դրա համար չեզոք հարթակ և գործիքներ:
    
     Կոնկրետ այս քննարկում-բանավեճը միտված էր ՀԱՅԱՍՏԱՆ-NATO հարաբերություններին, մարտահրավերներին ու համագործակցության զարգացման հեռանկարներին: Ավելին, նշված քննարկումների շնորհիվ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն կտան խնդրի վերաբերյալ հասարակական տեղեկացվածության բարձրացմանը, ինչը լրիվ հնարավոր է, որ կանդրադառնա նաև հարաբերությունների խորացման հետագա ընթացքին, հատկապես NATO-ի 2014թ-ի գագաթնաժողովին ընդառաջ:
    
     Հանդիպումն ընթացավ շատ հետաքրքիր և սուր զարգացումներով: Հատկապես հանդիպման մեջ ինտրիգ մտցվեց Ղրիմի, Ուկրաինայի նախագահական ընտրությունների և Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության մասին լսարանի կողմից ուղված հարցերի շնորհիվ, որոնց միջոցով հնարավոր եղավ առավել անկեղծ պատասխաններ լսել թե NATO-ի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից և թե ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյայի: Ի դեպ, պարզ դարձավ նաև, որ առաջիկա օրերին՝ հունիսի 16-18-ը, Բաքվում տեղի են ունենալու NATO-ի կողմից կազմակերպվող սեմինարներ, որտեղ քննարկման առարկաներ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նրա կարգավորման ուղիները, Ղրիմի ճգնաժամը, Իրանը և տարածաշրջանը, Աֆղանստանը 2014թ-ից հետո: Այս սեմինարին մասնակցության հայտ է ներկայացրել նաև Հայաստանը և մեր մասնակցության հարցը դեռևս գտնվում է NATO-ի խորհրդարանական վեհաժողովի քննարկման փուլում:
    
     Ամփոփելով մեր մասնակցությունը այդ հանրային քննարկմանը, պետք է արժանին մատուցել նրա կազմակերպիչներին՝ նման բարձր մակարդակով օրակարգ ապահովելու և անկաշկանդ հարցադրումներ ուղղելու հնարավորություն և առիթ ընձեռելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3139 | 0 | 0
Facebook