Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազներն ու նրանց նշանակությունը

11:14, հինգշաբթի, 12 հունիսի, 2014 թ.

Երազ բառն ըստ արմատների նշանակում է երկնքի ազդակ: Կարող ենք ասել, որ երազը յուրովի կանխագուշակ է տվյալ անձնավորության համար: Ինչպե՞ս է մարդը երազ տեսնում: Երբ մարդը քնում է, հոգին անջատվում է մարմնից և գնում է «ճամփորդության» ՝ կամ անցյալ, կամ մոտ ապագա, կամ հեռու ապագա: Տեսնում է որոշակի դեպքեր և, վերադառնալով դեպի մարմին, փոխանցում է այդ ինֆորմացիան ուղեղին, որն էլ մեզ ֆիլմի նման հրամցվում է և կոչվում է երազ:

Ամեն մարդ կարող է ստանալ իրեն հետաքրքրող ինֆորմացիան, միայն թե հարկավոր է ճիշտ և դասավորված արտահայտել մտքերը և չմտածել միանգամից մի քանի բանի մասին: Այդ դեպքում կամ ոչինչ չենք իմանում կամ ստացվում են լղոզված պատկերներ՝ "իրար մեջ մտած" մի քանի երազ, որն էլ մղձավանջ է կոչվում:

Երազը մեր հարցի պատասխանն է, որի ժամանակ միտքը ոչ մի ազդեցություն չունի հոգու՝ աստրալ մարմնի վրա: Մենք չենք մտածում, պարզապես որոշակի հարցեր ենք ուղղում ենթագիտակցությանը, որն էլ բերում է պատասխանը:

Ասացինք, որ հոգին գնում է կամ անցյալ կամ ապագա: Փորձենք հասկանալ, թե ո՞ր դեպքում է գնում անցյալ: Մեզնից յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում կատարում է որոշակի արարքներ կամ հայտնվում է որոշակի իրավիճակներում, որի ելքը կամ մեր ուզածով չի լինում կամ անավարտ է մնում: Մեր մեջ առաջանում են բազմաթիվ հարցեր. «ինչու՞ այդպես եղավ», «ես սրան էի՞ արժանի», "ո՞րն էր իմ սխալը" և այլն: Սկսում ենք մտածել, աշխատում է մեր միտքը, որոշակի վերլուծություններից ու ենթադրություններից հետո հանգում ենք որոշակի եզրակացության, որը կարող է և ճիշտ չլինել: Իրականում հարցերին պատասխանելու համար կարելի է խնդրել հոգուն, որպեսզի նա մեզ բերի այդ ինֆորմացիան: Այդ կերպ ստացված պատասխանը անբեկանելի է, քանի որ քնած ժամանակ մեր միտքը տկար է: Էզոթերիկների մոտ կա այն տեսակետը, որ մարդը կարող է կառավարել իր երազները: Սա նշանակում է, որ մարդը կարողանում է արթուն մտքով քնել և իր երազը դնել այն ընթացքի մեջ, որն իրեն ցանկալի է: Սա ընդամենը մտքի արթուն լինելու մասին է խոսում, իսկ մի՞թե այդ կառավարվող երազներն իրականություն են կամ ճշմարիտ ինֆորմացիա:

Երազ կարող ես տեսնել նաև առանց ոչ մի բան մտածելու: Դա հիմնականում վերաբերում է ապագային: Այդ երազները կարող են ունենալ նախազգուշացնող բնույթ նաև: Նախազգուշացում լինում է սպասվող վտանգից առաջ. այդ երազները մենք անվանում ենք վատ երազներ: Վատ երազներն հիմնականում կենդանիների կամ բնության աղետների տեսքով են մեզ ինֆորմացվում: Հիշեմ մեկ դեպք. մի աղջիկ երազում տեսել էր փոթորիկ, որը պոկում էր ծառն արմատից: Պատմում էր, որ մի կերպ կարողացան պահել ծառը՝ մինչև փոթորիկը հանդարտվեց: Եվ հենց այդ օրն այդ աղջկա մայրը թունավորվում է սնկից, և, փառք Աստծո, կարողանում են փրկել կյանքը:

Ոմանք տեսնում են իրական երազներ /вещие сны/, մյուսները՝ միայն պատկերավոր: Ինչու՞ է այսպես: Այս հանգամանքը կապված է միմիայն ուղեղի հետ և, նայած ուղեղն ինչպես է ընկալում իրեն մատուցած ինֆորմացիան, այդպիսի երազ էլ մենք տեսնում ենք: Այս երևույթը պայմանավորված է մի քանի գործոններով` 1.երբ մարդն ունի վառ երևակայություն, որն արտահայտված է հիմնականում աբստրակցիոնիստների և գրողների մոտ կամ, պարզապես, մարդու բնույթն է այդպիսին: Մարդու ուղեղն ունի պատկերային ինֆորմացիան փոխակերպող հատկություն, որն էլ է՛լ ավելի արտահայտված է այս մարդկանց մոտ: Նրանց ուղեղը ցանկացած իրականություն փոխակերպում է և դարձնում իր համար ավելի հետաքրքիր և հեշտ հասանելի: Այսինքն, մարդն արդեն տեսնում է այն տարբերակով, որին նա հավատում է և որն ընդունում է ավելի իրական: 2.երբ ուղեղն ինքը չի ընդունում ուղիղ ինֆորմացիան, ասել է, թե՝ վախ է ապրում և փորձում է այլ կերպ մեկնաբանել իր կողմից ստացված ինֆորմացիան, որի արդյունքում էլ ստանում ենք պատկերավոր երազ: Այս դեպքում մարդն ինքը կարող է վերափոխել իր ուղեղը և այնպես անել, որ վերջինս չվախենա իրական ինֆորմացիայից. չէ՞ որ իրականը տեսնելով ավելի հեշտ է ճիշտ քայլել:

3.երբ մարդն ունի բաց միտք և կյանքում իրատես է, այսինքն, ամեն ինչ տեսնում է այնպես, ինչպես կա, չի վախենում իրականությունից, պատրաստ է ընդունել ցանկացած ինֆորմացիա: Ահա այս մարդիկ են, որ տեսնում են իրական երազներ, քանի որ այս մարդկանց մոտ ուղեղն ինչպես ընդունում է, այնպես էլ փոխանցում է մեզ, այսինքն, ուղիղ: Նման մարդիկ ժամանակ առ ժամանակ տեսնում են սպասվող դեպքերը, լսում են, թե ինչ անեն այս կամ այն դեպքում և այս մարդիկ կարող են ցանկացած ինֆորմացիա ստանալ, քանի որ նրանց մոտ միտքը բաց է այդ ինֆորմացիայի համար:

Աղբյուրը` www.yesuyes.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5916 | 0 | 0
Facebook