Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովիկ Աբրահամյանը վարչապե՞տ. Այլևս հետ քայլ չկա՞. Հրաշք չի՞ լինելու:

17:50, չորեքշաբթի, 16 ապրիլի, 2014 թ.

Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց ամենականխատեսելի թեկնածուին, ով իրենով ամբողջացնում է ներկայիս պետական կառավարման և իշխանական համակարգերի կերպարը: Հովիկ Աբրահամյանի նշանակումն այս իմաստով նախանշում է մի քանի պարզ իրողություն:

1.Նշանակման հիմքում ընկել են ոչ թե հասարակության, այլ բացառապես կոնյուկտուրայի, քաղաքական իշխանության, օլիգարխիայի ակնկալիքներն ու պահանջները: Հետևաբար սա կոմպոմիս էր ոչ թե հասարակության և իշխանության միջև, այլ իշխանության ներքին հակադիր բևեռների, և դրանց շուրջը պտտվող արբանյակների: Այն ուղղված էր վարչակազմի դիրքերի ամրապնդմանը և դա քաղաքական կայունության վերահսկելի մակարդակ ապահովելու միջոցով երաշխավորելուն:

2. Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որտեղ պաշտոնապես հաստատվեց Աբրահամյանի թեկնածությունը, հստակ հայտարարեց, որ նոր վարչապետի կաբինետը լինելու է ոչ թե փոփոխությունների, այլ մինչ այժմ վարված քաղաքական կուրսի շարունակականության ապահովման Կառավարություն: Հովիկ Աբրահամյանից տնտեսական «նոու-հաու» -ներ չեն պահանջվելու, ոչ էլ հեծանիվների հորինում: Նրա գլխավոր խնդիրը լինելու է պետական կառավարման վարչական ողջ ռեսուրսի գերկենտրնացումը, գերմոտիվացումը սահմանված նախկին առաջնահերթությունների լուծման ուղղությամբ և առկա ներքին ու արտաքին բալանսի, հարաբերական կայունության ապահովումը: Դատելով Ազգային Ժողովում նրա դերակատարության արդյունքերից` այս հարցում Աբրահամյանն անփոխարինելի է համակարգի համար:

3.Սերժ Սարգսյանը այս նշանակմամբ նախապատվությունը տվեց օլիգարխիային` խոստովանելով, որ իշխանության շարժիչ ուժը հենց օլիգարխիան է, այլ ոչ թե ժողովրդավարական ինստիտուները, հասարակության բարեկեցության, սոցիալական ապահովության և պաշտպանության, իրավահավասարությա և արդարադատության ապահովման պետության պարտավորություների կատարումը և որ երկրում հիմնական արժեքը ոչ թե քաղաքացին է, այլ փող, իշխանություն, հեղինակություն ունեցող նեղ սոցիալական շերտն իր հետաքրքրություններով: Այլ կերպ ասած` սա օլիգարխիայի հերթական հաղթանակն էր պետության և քաղաքացու նկատմամբ և իր այս ընտրության հարցում իշխանությունն այլևս ձևեր թափելու, սեթևեթելու կարիք չունի:

Հովիկ Աբրահամյանը` իշխանության ժառանգո՞րդ


    

Հետևաբար վարչապետի նշանակման և նոր կառավարության ձևավորման հետ կապված, ըստ էության, պետական նշանակության պրոցեսները, որոնք կարևոր իրադարձություններ կարող են լինել քաղաքական միջին և բարձր կուլտուրա ունեցող երկրներում, Հայաստանի պարագայում պետք է դիտարկել զուտ կոնյուկտուրային ներքին վերադասավորումների համատեքստում, որից հասարակության համար լավագույն դեպքում ոչ լավ է, ոչ էլ վատ: Իսկ այս հարթությունում իսկապես տեղի են ունենում չափազանց լուրջ և խորքային վերադասավորումներ, որոնք նախանշում են ընդհուպ 2018թ. հետո ձևավորվելիք իշխանության նկարագիրը:

Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետ` Սերժ Սարգսյանը փաստացի սկսում է նրան պետության ապագա ղեկավար և իշխանության ժառանգորդ դարձնելու նախապատրաստական գործընթացը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ նախորդ շաբաթ անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել իշխանությունը պահպանելու հավակնություններից` և չառաջադրվել ոչ նախագահի և ոչ էլ, խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում, վարչապետի պաշտոններում: Նրա հնչեցրած այն միտքը, թե իր կարծիքով միևնույն մարդն իրավունք չունի երկու անգամից ավելի ստանձնել պետության ղեկավարի դերը, չափազանց պարտավորեցնող ու միանշանակ է կարծելու համար, թե դա շարքային բլեֆ է: Բայց այդ արտահայտությունը միևնույն ժամանակ կոնկրետ ուղերձ էր բոլոր այն շրջանակներին, ովքեր իշխանությունը վերադարձնելու ձգտումներ ունեն:

Խոսքն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական պրոցեսներում «գորշ կարդինալի» դեր ստանձնած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն Սերժ Սարգսյանը վերջինիս առաջարկում է գալ կոմպրոմիսի` իշխանությունը Հովիկ Աբրահամյանին ժառանգելու հարցում, երկուսով հրաժարվել իշխանության համար հետագա բացահայտ կամ խուլ մրցակցությունից և համատեղ ուժերով, ի շահ իրենց երկուսի, ձեռնամուխ լինել իշխանության ներսում նոր ժառանգորդի դիրքերի ամրապնդմանը` հետագայում իշխանության ամբողջականությունը և մոնոլիտ կառուցվածքն ապահովելու նպատակով:

Այս իմաստով, Հովիկ Աբրահամյանը կոմպրոմիսային ամենաիդեալական տարբերակն է: Նա երբեք չի դադարել լինել Քոչարյանի «ամենահաջող կադրը», ունի սուր անկյունները հարթելու կարողություն, ներկայացնում է իշխանության հենքը կազմող օլիգարխիայի շահերը, հետևաբար կարող է նրանց պահել իր հսկողության տակ, ունի վարչական ռեսուրսը կառավարելու բավականաչափ փորձառություն և կամային հատկություններ, բազմաթիվ թելերով կապված է նախկին ու ներկա իշխանությունների բոլոր մութ գործառնությունների հետ, նրանց հետ հավասարաչափ կիսում է պատասխանատվությունը, այսինքն երբեք չի համարձակվի հարվածել թիկունքից, և ամենակարևորը` համենայնդեպս, մերժելի չէ Հայաստանի համար արդեն մետրոպոլիայի դեր ստանձնած Ռուսաստանի ներկայիս իշխանությունների համար: Հարցն այն է` կընդունի առաջարկը Քոչարյանը, թե՞ ոչ:

Ծառուկյանի տարբերակները

Թվում է, թե այս հարցի պատասխանը կտրվի առաջիկա 20 օրերի ընթացքում, երբ պարզ կդառնա` ինչ սկզբունքով է ձևավորվում նոր կառավարությունը: «Բարգավաճ Հայաստանը» արդեն հայտարարել է, թե իր օրակարգում չկա որևէ ձևաչափով նոր Կառավարությունում ընդգրկվելու և ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: Եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, ապա ոչ իշխանական քառյակի մնացած երեք անդամներին կամ դրանցից որևէ մեկին կոալիցիա ներքաշելը Սերժ Սարգսյանի համար դառնում է անիմաստ` հաշվի առնելով, որ քաղաքական ռեզոնանսներ առաջացնելու և ծավալելու իրական ներուժը, որքան էլ դա մանիպուլյատիվ էֆեկտի արդյունք լինի, այս պահին ունի միայն ԲՀԿ-ն:

Սակայն կոալիցիա չմտնելու ԲՀԿ-ի որոշումը դեռևս ոչինչ չի ասում այս մասին, թե ինչպիսին է լինելու ԲՀԿ-ի վերաբերմունքը այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամու` Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության նկատմամբ: Ոչ թե ընդդիմադիր, այլ այսպես կոչված «այլընտրանք» լինելու հանգամանքը ԲՀԿ-ին կարող է օգնել այս հարցում մանևրել, ինչը նա արել է նմանատիպ նախորդ բոլոր իրավիճակներում: Անհայտ է, որ Սերժ Սարգսյանը խաղադրույքը կատարել է ԲՀԿ-ի հետ կապված երկու հիմնական գործոնի վրա. Ծառուկյան-Աբրահամյան խնամիական կապերի և երկրորդ` ԲՀԿ-ում թաքնված ականի դեր կատարող գործարար շրջանակների դիմադրության, որոնք մշտապես կաշկանդում են Ծառուկյանին` ավելի ազատ և ինքնուրույն գործելու, որոշումներ կայացնելու հարցում:

ԲՀԿ-ին և նրա միջոցով քաղաքական դաշտում ինքնադրսևորվող երկրորդ նախագահին, ըստ էության, առաջարկվում է երեք տարբերակ. առաջին` մտնել կոալիցիա և ՀՀԿ-ի բացարձակ հեգեմոնիայի պարագայում բավարարվել մի քանի պաշտոններով: Սա ԲՀԿ-ի կատարյալ հեղինակազրկման նախերգանքը կլինի: Երկրորդ` հակադրվել իշխանությանը և շարունակել գործունեությունը ոչ իշխանական «քառյակին» գեներացնելու ուղղությամբ: Դա նշանակում է ուղիղ հարված հասցնել խնամուն, կրել վերջինիս հնարավոր ձախողման պատասխանատվությունը, ինչպես նաև համակերպվել այն մտքի հետ, որ իշխանության հետ առճակատման մեջ մտնելու դեպքում ԲՀԿ-ից կարող է սկսվել մեծ առնետավազք ու կուսակցությունը կանգնի պառակտման փաստի առջև: ԲՀկ խմբակցությունից Դավիթ Քոչարյանի դուրս գալու որոշումը իշխանական քարոզչամեքենան փորձում է մատուցել հենց այս լույսի ներքո: Եվ երրորդ` շարունակել մնալ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն ամորֆ կարգավիճակում` փոխարենը ստանալով մշտապես երկրորդը լինելու, այսինքն քաղաքական օրակարգի ձևավորման վրա ազդեցություն ունենալու քարտ բլանշը:

Սրանցից միայն երկրորդ ճանապարհը ընտրելու դեպքում ԲՀԿ-ն հստակ ուղերձ կհղի, որ չի ընդունում Սերժ Սարգսյանի առաջարկած` իշխանությունը Հովիկ Աբրահամյանին ժառանգելու տարբերակը: Դա կնախանշի մեծ քաղաքականություն անձամբ վերադառնալու Ռոբերտ Քոչարյանի հակվածությունը: Այստեղ արդեն որոշիչ դերակատարում կստանձնի անձամբ Հովիկ Աբրահամյանը: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե վերջինս կշեռքի որ նժարը կնտրի, կամ կընտրի՞ արդյոք առհասարակ, թե՞ կփորձի սեփական իշխանությունը ձևավորել ներիշխանական հակասությունների վրա խաղալով և բավարար ինքնուրույնություն ցուցաբերելով: Սա չափազանց նուրբ և ճկուն, նույնիսկ գրոսմայստերական քաղաքականություն է պահանջում, ինչի պոտենցիալը քաղաքականութան մեջ խելք չփնտրող Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, չունի:

Առաջին տարբերակը ԲՀԿ-ի ինքնասպանությունն է, և դժվար է հավատալ, որ Ծառուկյանը ներկայիս միանշանակ հայտարարություններից հետո կգնա այդ քայլին:

Հետևաբար մնում է երրորդ տարբերակը: Այսինքն ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա և Կառավարությունում պորտֆելներ չի ստանձնում, գործադիրի նկատմամբ պահպանում է իրական լոյալություն, որը կարող է քողարկվել արտաքուստ խիստ ընդդիմադիր գործողություններով: ԲՀԿ-ի համար սա կերաշխավորի մշտապես ընդդիմադիր դաշտը գեներացնողի, դրոշակակրի դերը, իսկ իշխանության համար` ԲՀԿ-ի միջոցով ընդդիմադիր դաշտի պղտոր ջրերում մշտապես ձուկ որսալու, այս բևեռը կատարելապես վերահսկելու հնարավորությունը: Սա, ըստ էության, ապահովում է իշխանությունը սահուն Հովիկ Աբրահամյանին փոխանցելու գործընթացի անվտանգությունը, որից հետո արդեն ԲՀԿ-ն հնարավորություն կստանա ոչ թե երկրորդի, այլ իրավահավասար գործընկերոջ կարգավիճակով կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ, նույնիսկ վերջինիս աստիճանաբար մղել լուսանցք: Եթե ընտրվում է այս ճանապարհը, ապա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է կոմպրոմիսի գնալու Սերժ Սարգսյանի առաջարկը: Հետաքրքիր է` իսկ արդյո՞ք Հանրապետականի կորպուսը այս գործարքի ներքո դավադրություն չի տեսնելու..

Աղբյուրը` Հետք.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2953 | 0 | 0
Facebook