Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այդպես չի կարելի

19:00, ուրբաթ, 28 մարտի, 2014 թ.
    

Մի պահ է գալիս, երբ աշխարհի աղմուկից հոգնած նստում ես ու ակամա սկսում արժևորել ամեն մանրուք։ Որքան շատ են անկարևոր մարդիկ, դեպքերն ու խոսակցությունները մեր կյանքում։ Նրանց ջնջել կարողանալ լիներ։ Իսկ կարևորներին միշտ ես հիշում՝ լինես տանը, դրսում, զբաղված լինես, թե ազատ։ Նրանք մեր սրտում են, քայլում են մեզ հետ, խոսում։ Նրանք այն մարդիկ են, որոնց համար կանես ամեն ինչ, որոնց նեղացնելիս էլ անգամ ինքդ քեզ վատ կզգաս։ Նրանց չկորցնել կարողանալ լիներ...

Երբ մի օր նստես ու փորձես սահմանել մարդկանց դերերը քո կյանքում, գուցե վերջապես շատ կարևոր բաներ հասկանաս։ Գուցե հասկանաս, որ հյուրին նեղացնել չցանկանալը քիչ է, պետք է ուղղակի չնեղացնել, գուցե հասկանաս, որ հյուրին կորցնել չցանկանալն էլ քիչ է, պետք է ուղղակի չկորցնել։ Մարդկանցից յուրաքանչյուրը մի հասարակ հյուր է քո կյանքում՝ անկոչ, չսպասված ու, հնարավոր է, այդպես էլ չսիրված։

Երևի մի օր հասկանաս, որ մտքումդ սիրելը քիչ է, իսկ դիմացինին չկորցնել կարողանալու համար նրան անկեղծորեն սիրել ու, որ ամենակարևորն է, նրան այդ մասին ասել կարողանալ է պետք։ Մտքումդ պաշտիր ու երկրպագիր նրան որքան կուզես, բայց դա գուցե այլևս ոչ մի արժեք չունենա նրա աչքերում։

Եթե սիրվել ես այն պատճառով, որ տարբեր և ուրիշ ես թվացել շրջապատի տաղտկալի, միանման ու դատարկ տղաներից, ապա օր-օրի քո պահվածքով մի սպանիր դիմացինի սերը։ Մի արա ամեն ինչ, որպեսզի նա սկսի ատել քեզ, որպեսզի հիասթափվի քեզնից ու հասկանա, որ ոչնչով էլ չես առանձնացել, ուրիշ չես եղել։ Նա իրեն անտանելի ավելորդ կզգա ու կհեռանա: Մի չարաշահիր ու օգտագործիր դիմացինի սերը, եթե նրան չես պատկանելու, մի խաղա մարդկային զգացմունքների հետ, դա աններելի է, ստոր ու ցածր: Այդպես չի կարելի: Մի օր, երբ հասկանաս, թե ինչ ես կորցնում, նա արդեն ուրիշին կնվիրի իր սերը, իսկ այդ ուրիշը, հավատա, գուցե քեզ պես անտարբեր չլինի իր երջանկության հանդեպ:

Մինչ դու հասկանաս այն, ինչ դիմացինդ ուզում է, որ դու հասկանաս, ու բարձրաձայն կոկորդ պատռելով բղավում է, որ լսես իրեն, մինչ դու ամեն ինչ տեսնես, կշռես, համեմատես ու հաստատես, բոլոր «մինչ» -երը կգումարվեն, կբազմապատկվեն, գլուխ-գլխի կտան, կնվաղեն ու երկինք կհամբարձվեն: Ու այն ժամանակ դիմացինի սրտում մոխիր կգտնես, անցյալ անկատար սիրուց մնացած փշրանքներ, մի բուռ տխրություն ու մի քիչ էլ ցավ:

Իսկ դիմացինին չկորցնել կարողանալու համար նրան անմնացորդ սիրել, նվիրվել ու, որ ամենակարևորն է, նրան այդ մասին պատմել կարողանալ է պետք։
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2014/03/blog-post_28.html
    
     Lusine Tovmasyan Blog

Աղբյուրը` Lusine Tovmasyan Blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2095 | 0 | 0
Facebook