Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միայն դու

23:43, կիրակի, 26 հունվարի, 2014 թ.

Միայն դու կարողացար ստիպել ինձ սիրահարվել լուսանկարին, միայն դու կարողացար այսքան բորբոքել երևակայությունս, վառել հանգած կրակը իմ սրտի...

Միայն դու կարողացար լիարժեք իշխանություն վայելել զգացմունքներիս, մտքիս, հոգուս վրա, միայն դու կարողացար ստիպել ինձ անել այնպիսի բաներ, որոնք ատելի են ինձ:

Միայն դու կարողացար այսչափ փոխել ինձ, ստիպել նստել համակարգչի առջև ու գրել, անվերջ գրել, գրել այնպես, կարծես ողջ կյանքս հենց միայն դրանից է կախված...

Միայն դու կարողացար ստիպել ինձ հավատալ, որ գրքերում նկարագրվող սերն իրավամբ գոյություն ունի...

Միայն դու կարողացար երազանք դառնալ այս մեծ աշխարհի անծայրածիր տարբերակներում:

Միայն դու կարողացար թռչելու թևեր տալ ինձ, ապա ստիպել իջնել երկնքից...

Միայն դու կարողացար ստիպել ինձ կարծել, թե տարօրինակ եմ, թե խելագարվել եմ, թե անբուժելի սեր հիվանդությամբ եմ տառապում:

Միայն դու կարողացար ինձ հայելի թվալ, միայն քեզ նայելիս էր, որ ինձ էի տեսնում...

Միայն դու կարողացար ինձ կույր դարձնել, կողպել քեզ իմ մեջ, միայն դու կարողացար փակել աչքերս, դառնալ մի նուրբ շղարշ ու ծածկել իրական կոչվող անորոշությունը, միայն դու կարողացար ստիպել ինձ կանգ առնել ներկայի ու ապագայի մեջտեղում...

Միայն դու կարողացար լուսաշող մի աստղ դառնալ մուգ կապույտ երկնակամարում:

Միայն դու կարողացար ստիպել ինձ բացել ողջ հոգիս, դատարկել ամբողջ մի սեր ու բառերով քեզ փոխանցել...

Միայն դու կարողացար այսպես լուռ սիրել ինձ, միայն դու կարողացար այնքան գեղեցիկ ու իմաստուն լռել...

Միայն դու կարողացար ստիպել ինձ հաղթել` գիտակցելով, որ ինքս քեզ ինքնակամ պարտվել եմ վաղուց...

Բայց դու չկարողացար սիրել ինձ այնպես, ինչպես ինձ էր պետք...
    
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2014/01/blog-post_26.html
    
     Lusine Tovmasyan Blog
Աղբյուրը` Lusine Tovmasyan Blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2219 | 0 | 0
Facebook