Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օլիգարխի տղան պատուհաս է դարձել ավազակների գլխին

Մայիս Համբարձումյան
Մամուլի խոսնակ`
Մայիս Համբարձումյան
12:50, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2012 թ.
Օլիգարխի տղան պատուհաս է դարձել ավազակների գլխին
     "Փոքրիկ զորավարը" վերնագրով նոր կատակերգությունը, հավանաբար, էկրան կբարձանա այս տարեվերջին: Այս մասին հայտնել է ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հենրի Քոչարյանը:
     Կոմեդիայի տեւողությունը կլինի մոտ 1 ժամ 40 րոպե: Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Գառնիում, ըստ սյուժեի` 2 ավազակ որոշում են փախցնել օլիգարխի տղայի եւ փրկագին պահանջել, բայց այդ երեխան նրանց գլխին պատուհաս է դառնում. "Տղան իրեն զորավար էր պատկերացնում, սկզբում` Չինգիզ Խան, հետո մտափոխվում է` ուզում է լինել զորավար Անդրանիկը":
    
     Հենրի Քոչարյանը թատրոնի բեմադրիչ է, որոշել է իր մանկության երազանքն իրականություն դարձնել ու գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Նրա խոսքով` սցենարը գրել է Օ'Հենրիի "Կարմրամորթ առաջնորդը" պատմվածքի մոտիվներով. "Եթե պատմվածքում գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում` Ամերիկայում, ապա ֆիլմում գործողությունները տեղափոխվել են 21-րդ դար, 2012 թվական, Հայաստան… Նոր կերպարներ են ավելացել, սյուժետային զարգացումները փոփոխության են ենթարկվել":
     Փոքրիկ զորավարին մարմնավորել է Արամ Այվազյանը. "Նա իր ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, ծնողների շնորհիվ բավական լավ հայերեն գիտի: Որպես ռեժիսոր հիանում եմ նրանով, որովհետեւ 8 տարեկան է, բայց մեծի պես դիմանում էր դժվարություններին. շատ քիչ դուբլներով ստացել ենք մեր ուզած կադրերը, իրեն հերոսի նման է պահել":
    
     "Ոչ մի տեղից խոշոր ֆինանսավորում չենք ունեցել, մեր սեփական ուժերով ենք նկարել: Ստեղծագործական կազմը շատ փոքր է` 7 հոգի, ամեն մեկը մի քանի աշխատանք է արել: Իսկ դերասանները պրոֆեսիոնալներ են, ուղղակի շատ հայտնի չեն. ես շեշտը չեմ դրել դերասանների հայտնիության վրա, որ շատ ցուցադրություն ապահովեմ կինոթատրոններում", - ասել է ռեժիսորը:
     Հենրի Քոչարյանը փոխանցմամբ` պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին, բայց միգուցե մոնտաժային աշխատանքների պատճառով այն հետաձգվի եւ ցուցադրվի հաջորդ տարվա սկզբին. "Ֆիլմը նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար, փորձել ենք պահպանել ցենզուրան, ընտանեկան կոմեդիա է, ժամանցային գործ, որի ավարտը եւս հումորային է":
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6959 | 0 | 0
Facebook