Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) որպես հասարակության բացասական երևույթ:

Mariame Gasparyan
Հեղինակ`
Mariame Gasparyan
00:27, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2013 թ.

Ինքս լինելով իրավաբան, մասամբ ուսումնասիրելով թրաֆիքինգ երևույթը, եկա այն եզրահանգման, որ մեզանից յուրաքանչյուրը ապահովագրված չէ զերծ մնալ այպիսի իրավիճակներից: Եվ այս ամենից խուսափելու միակ ու հավանական մեթոդը զգույշ լինելն է: Եթե միշտ կայուն լինենք, չհավատանք ամեն մի հրապուրիչ խոստման ու առաջարկի, նման փաստի առաջ չենք կանգնի կարծում եմ: Իսկ թրաֆիքինգին ենթարկված մարդիկ այս իրավիճակից դուրս գալուն պես, պետք է վերաինտեգրվեն հասարակությանը, և այդ հարցում նրանց աջակցություն է հարկավոր: Օգնություն պետք է ստանան ինչպես նրանք, այնպես էլ ընտանիքի անդամները: Աջակցությունը դրսևորվում է հոգեբանի օգնությամբ, բժշկական միջամտությամբ և այլ ձևերով: Հայաստանում թրաֆիքինգը նոր երևույթ է, որի արմատներն նույնն են, ինչ որ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային Միության շատ երկրներում: Թրաֆիքինգի առաջին դեպքերն արձանագրվել են 1990 ական թվականներին, իսկ որպես երևույթ' իշխանությունների ուշադրությանը արժանացել միայն 2002 թվականին, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի ժամանակ ներկայացրեց «Աշխարում Մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվությունը և դասեց Հայաստանին երրորդ կարգի երկրներին, որոնք ուշադրություն չեն դարձնում երևույթին և համապատասխան քայլեր չեն ձեռնարկում: Հոկտեմբերի 14-ին, 2002 թվականին ՀՀ վարչապետի որոշման համաձայն ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առք ու վաճառքի հետ կապված հարցերը, և առաջարկներ ներկայացնել:

2003 թվականի մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ_ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվեցիան», և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման, և պատժի մասին» արձանագրությունները:

Այսոր իրավիճակն այլ է:

Թրաֆիքինգի երևույթը դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Գոյություն ունեն մի քանի միջազգային և տեղական կազմակերպություններ, որոնց նպատակն է թրաֆիքինգի դեմ պայքարը: Դրանցից են' UNDP, World Vision, UMCOR, ԱՄԿ, ՄՄԿ, «Հույս և օգննություն», «Ժողովրդավարությունն այսօր»: Կառավարությանը կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է ազգային ծրագիր, որի շրջանակներում քննարկվում են թրաֆիքինգի հարցերը, կանխարգելումը, զոհերի աջակցության հնարավորությունները, օրենսդրության փոփոխությունները: Քրեական օրենսգրքի մեջ հոդվածներ են ավելացվել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ: Ներկա պահին քրեական օրենսգրքում նոր փոփոխություններ են նախապատրաստվում:

Վստահ եմ, որ եթե մենք մեր իրավունքները լավ իմանանք, ամեն մի ոտնահարման դեպքում բարձրաձայնենք, և ոչ թե լռենք, եթե շրջահայաց և հաստատակամ լինենք, ուրեմն անշուշտ զերծ կմնանք թրաֆիքինգի ծուղակներից, եթե իհարկե ակամա զոհերը չդառնանք:

Ախր մենք մանկուց կրթվել և դաստիարակվել ենք այսպես. Օգնել մեծերին, ծերերին, լսել և հարգել նրանց: Բայց շատ հնարավոր է, որ փողոցում մեզ մոտեցած զառամյալ ծերունին կամ տատիկը, ով խնդրում է փողոցն անց կացնել, կամ ծանր պայուսակը տուն տանել, հենց իրենք ներքաշված կարող են լինել թրաֆիքինգի շզթայի մեջ և մենք կդառնանք ակամա զոհ:

Այս ճղճիմ և զարհուրելի երևույթի հիմքում ընկած է փող աշխատելու մոլուցքը, որին հասնելու ճանապարհին մարդկային խեղաթյուրված կյանքեր են, կոտրված ճակատագրեր, աղոտ ապագա:

Թրաֆիքինգն ատելություն է. Ատելություն մարդկանց, աշխարհի, շրջապատի նկատմամբ, իսկ ատելությունը հետք է, որը կարող է ջնջվել ընդհանուրի օգնությամբ ու ազդեցությամբ, մարդասիրության հաղթանակներով: Թրաֆիքինգի թշնամին' մարդասիրությունը, չի ճանաչում սահմաններ և խտրականություններ:

Ուրեմն, եկեք կառուցենք նոր աշխարհ: Աշխարհ' առանց սահմանների, ուր կարևոր կլինի ոչ թե մեր մաշկի գույնը, ազգային ու կրոնական պատկանելությունը, այլ այն որ մենք բոլորս էլ մարդ ենք: Մարդ' ով իրավունք ունի ազատ ու երջանիկ ապրել աշխարհի ցանկացած անկյունում: Եվ միայն այդժամ մարդկանց անծանոթ կլինի քսանմեկերրորդ դարի չարիքը' ԹՐԱՖԻՔԻՆԳԸ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3965 | 1 | 0
Facebook