Չափազանց շատ ենք մտահոգվում, թե մեր մասին ինչ կմտածեն կամ կասեն ուրիշները:
Չափազանց շատ ենք օգտագործում միշտ ու երբեք բառերը: Երբ ապագան բոլորովին մշուշված է, ու վաղը հնարավոր է, որ չարթնանանք, մենք տարված ենք ապագայի կատարյալ պլաններ մշակելով:
Չափազանց շատ ենք ափսոսում արածի կամ չարածի համար, ավելի շուտ` չարածի: Մտաբերում, խռովվում, տանջում ինքներս մեզ ու դիմացինին:
Բայց դե եկեք բոլորս էլ միաբերան խոստովանենք, որ չափազանց շատ ենք հոգնել անորոշ ու անելանելի իրադրություններից: Հոգնել ենք անդուլ պայքարից, կրկնվող խոսքերից, անվերջանալի մաքառումի ցավից, ինքնադատապարտման ամեն մի շշուկից:
Մեր մասին կարծիք են կազմում մարդիկ, որոնց հետ գեթ մի բառ չենք փոխանակել: Տողերս կարդալով կարծում են, թե կարող են ճանաչել հոգիս, հասկանալ գրված ամեն բառն ու ապրումը: Չափազանց սխալվում են:
Չափազանց շատ ենք խոսում սիրո մասին` երբեմն դրա բացակայության, երբեմն էլ սրտումդ այլևս չտեղավորվող զգացմունքի մեծության պատճառով: Պատահում է` մի ողջ սեր փռում ես մեկի ոտքերի առաջ, դեմ գնում ինքդ քեզ, իսկ նա... Նա ուղղակի արժանի չէ քեզ, ու վերջ:
Չափազանց շատ ենք հուզվում, լալիս, հիշում անցյալն ու հին օրացույցին հառած մեր սառած աչքերով փորձում ուրիշ անցյալ նկարել:
Չափազանց շատ ենք ուշանում, ետ կանգնում, կասկածում ու այդպես էլ կորցնում:
Սա է ձեր իրականությունն ու ձեր աշխարհը: Ձերը, որովհետև ես միմիայն երջանիկ լինելու համար եմ ծնվել:
Չափազանց շատ ենք նվիրվում, հավատում, սեր փնտրում այնտեղ, որտեղ կա ամեն ինչ, բացի այդ սիրուց:
Չափազանց շատ ենք անկեղծանում, կիսվում, բացատրվում ու փորձում հասկացված լինել, զոհում ինքերս մեզ հանուն ոչինչ չարժեցողների, շատ ենք դատարկում հոգիներս նրանց առջև, որոնք հոգի անգամ չունեն: