Կծիծաղեինք, եթե այսքան լացելու չլիներ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստսնի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ, ինֆորմատիկա առարկայից հանրապետական օլիմպիադաների մրցանակակիր, ՙԼույս՚ հիմնադրամի կրթաթոշակառու, Քեմբրիջի համալսարանի կրթաթոշակառու և մագիստրոս Արամ Մուղալյանի մորից` Վարդուհի Շափաղաթյանից /ք. Երևան, Հանրապետության փ. 79շ., բն. 8, հեռախոս` 091-387-280/ Մեծարգո՜ պարոն Նախագահ Ձեր հովանավորությամբ և ՙԼույս՚ հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կրթաթոշակով իմ որդին` Արամ Մուղալյանը, դարձել է Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Ձեր հայրենասիրական կանչին անսալով` եկել է Հայաստան և լծվել աշխատանքի: Այսօր նա Արմավիրի մարզի իրավապահների բազմաթիվ կեղծարարությունների շնորհիվ 4 ամիս ու 5 օր է, ինչ գտնվում է ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում` որևէ փաստով չհիմնավորված մեղադրանքով. իբրև գյուղին հարակից ամայի վայրում, առանց որևէ մեկի ներկայության, գետնին թափված ոչ պիտանի ծղոտ են վառել, գոյություն չունեցող խոտի դեզ այրելու փորձ կատարել: Սա առնվազն զավեշտական է: Եվ այս անհիմն ենթադրությունների համար ներկայացված պատժաչափը մինչև 4 տարվա ազատազրկում է նախատեսում: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Նախաքննության սկզբում 18 օր շարունակ տղաս ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին: Մոտ 3 շաբաթ հետո միայն մեզ անհայտ պատճառներով նրանց նկատմամբ ընդունվել է կալանքի անօրինական և անտրամաբանական որոշում: Թե ինչպես հիմնավորեն իրեց հակաօրինական գործողությունները, Արմավիրի իրավապահները կալանքը իրականացնելուց հետո են սկսել մտածել: Այս պարագայում երկար խորհելու կարիք էլ չկար, քանի որ վաղուց ի վեր գործում է իրեն գրեթե միշտ արդարացրած մեթոդը` ՙմշակել՚ տղաներին: Եվ սկսվում են սպառնալիքներով լեցուն բացատրական աշխատանքները տղաների ու ծնողների հետ: Բայց ապարդյուն: Տղաներից մեկը, գտնվելով անազատության մեջ, հոգեկան խանգարում է ստանում: Միայն թերթերի բարձրացրած աղմուկից հետո նրան գրավով բաց են թողնում: Իսկ մյուս երեքը դեռ կալանքի տակ են: Հասկանալի են Արմավիրի մարզի դատախազության ու քննչականի հետագա գործողությունները ևս. տղաներից ոչինչ չստացվեց, ուստի պետք է ՙմշակել՚ ու՞մ: Իհարկե տուժող կողմին` միամիտ գյուղացուն, որը ամիսներ շարունակ գրում և ամենուր բարձրաձայնում էր, որ իրեն նյութական վնաս չի պատճառվել, անասունները կերել են խոտի դեզը և ինքը բողոք չունի: Այստեղ Արմավիրի իրավապահների բախտը բերում է. ամիսներ անց տուժող գյուղացին ՙհանկարծ հիշում է՚, որ իրեն 36000 դրամի վնաս է պատճառվել. իբրև մոտ 30 կապ խոտ է ծխահարվել ու կենդանիները չեն կերել (բնականաբար սա որևէ արձանագրությամբ հիմնավորված չէ), իսկ շան մազը տեղ-տեղ խանձվել է, որի հետևանքով հոտին ՙլավ չի առաջնորդում՚ (գործում կա արձանագրություն, ըստ որի` ՙշունը աշխույժ վիճակում է, շարժվում է ու հաչում՚): Ստացվում է, որ ցանկացած չբացահայտված գործ հանգիստ կարելի է կարել-կպցնել ոչ ճիշտ պահի ոչ ճիշտ տեղոււմ հայտնված դյուրահավատ մարդուն և վերադասներին ՙհրաշալի՚ կատարողական ցույց տալ : Այսպիսին է իրավիճակը: Գործը արդեն մտել է դատարան: Տեսնելով այս աբսուրդը` դեռ հույս ունեմ, որ թյուրիմացություններն ու կեղծիքները կբացահայտվեն, և տղաները կարդարացվեն: Մեծ հավատով ու վստահությամբ խնդրում եմ Ձեր աջակցությունը ապօրինի կալանքը վերացնելու, տղաներին գրավով տուն թողնելու և անաչառ դատավարություն ապահովելու հարցում: Հարգանքով` Վարդուհի Շափաղաթյան 21.08.2013 |