Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՌՎՈՂ ՄՈՄԵՐՆ ԷԻՆ ՎԿԱ…

Ani
Հեղինակ`
Ani
19:29, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2012 թ.
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՌՎՈՂ ՄՈՄԵՐՆ ԷԻՆ ՎԿԱ…


     Գիտես, սպասում էի, որ գալու է այդ օրը…
     Գիտես, որքան եմ սպասել այդ օրվան: Գոնե հասկանում ես, որ կարոտում եմ քեզ, կարոտից սիրտս կծկվում է, անիծում ինձ, ոռնում ցավից, ուզում է դուրս պրծնել, ազատվել է ուզում այս ցավից… Չգիտես: Ափսոս:
     Գիտեի, որ գալու է այդ օրը: Սիրտս կծկվում է ցավից, թվում է, թե ուր որ է կանգ կառնի, երբ հիշում եմ քեզ, ինձ, օրն այն:
     Գարուն էր: Սիրում եմ գարունը…գարնանն եմ քեզ հանդիպել, սիրել քեզ, գարնանը քեզ կորցրեցի, ամեն գարնան հետ կարոտս ավելի ուժգին է ինձ խեղդում: Գարունը քեզ խլեց ինձնից, մնացի առանց քեզ, մնացի անկյանք… սիրում եմ գարունը:
     Կեսօր էր, աշխատանքից տուն էի վերադառնում` ինչպես միշտ` տխուր, լուռ ու միայնակ: Քայլում էի` նայելով մարդկանց ու խեղդվելով բազմաթիվ ՙինչու՚-ների շղթայից:
     Քայլելով հասա Եկեղեցուն. սիրում եմ, երբ Եկեղեցում մենակ եմ լինում: Երևի նրանից է, որ կարողանում եմ անարգել արտասվել, ազատություն տալ արցունքներիս, գեթ մի քիչ սիրտս թեթևացնել: Ուստի և հուսալով, որ ներսում ոչ ոք չի լինի, անկենդան ձեռքով մի կերպ հրեցի Եկեղեցու ամրակուռ դուռն ու ներս մտա. Եկեղեցում ոչ ոք չկար: Մոմերը բոցկլտում էին, ծուխը վեր էր բարձրանում, անհետանում օդում. որքա~ն երազանքներ, որքա~ն աղերսներ ու խնդրանքներ առ Աստված, քանի ու քանի կիսատ վառված մոմեր` Աստծուն չհասած աղերսներ…
     ՙԱստված իմ՚, - շշնջացի ակամայից` չիմանալով թե ինչից սկսեմ: Մոտեցա մոմավաճառ կնոջը, վերցրեցի երկու զույգ մոմեր` ինչպես միշտ, վառեցի մոմերը, աղոթեցի Աստծուն, աղոթեցի քեզ համար, ինձ համար, բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Խնդրեցի Աստծուն այն, ինչ խնդրում եմ օր ու գիշեր, արդեն շուրջ երեք տարի: Խնդրեցի, խաչակնքեցի ու մոտեցա Խորանին:
     - Հայր մեր, որ յերկինս ես, - շշնջացին շուրթերս, արցունքները սկսեցին հոսել աչքերիցս:
     Չէի զգում ոչինչ, տաք արցունքներս միախառնվում էին աղոթքիս հնչյուններին ու ի չիք դառնում. ո’չ, Աստված լսում է ինձ, վստահ եմ: Ու այսպես ևս մի քանի րոպե և…
     -Ամեն, -շշնջացի քիչ թեթևացած, սրբեցի արցունքներս և շրջվեցի, որ մի քիչ նստեմ Եկեղեցում. սիրում եմ նստել, նայել լուսավոր խորանին, կտրվել իրականությունից` գոնե Եկեղեցում անէանալ…
     Շրջվեցի: Շրջվեցի ու մի պահ ինձ թվաց, թե խելագարվում եմ. Հենց առաջին նստարանին, այն նստարանին որն այնքա~ն շատ եմ սիրում, որտեղ ես եմ միշտ նստում, նստած էիր ԴՈՒ: Մի պահ մթնեցին աչքերս, ինձ թվաց, թե աչքիս է երևում, բայց…ևս մի վայրկյան, և հասկացա, որ չէ, դա իրոք դու ես, ԴՈՒ: Մի պահ այնպես ուզեցի նետվեմ գիրկդ, ամուր-ամուր գրկեմ քեզ` ախր այնքան էի քեզ կարոտել, այնքան էի սպասել, որ մի օր կրկին կլսեմ ձայնդ… ո~նց եմ սիրում քո ձայնը: Սթափվեցի. այդ իրավունքը չունեի ախր, քո գրկում հիմա միայն քո ԿԻՆԸ կարող է լինել, միայն նա: Ընդամենը սառած հայացքով նայեցի աչքերիդ. անկարող էի որևէ բան ասել, քարացել էի և միայն զգում էի, որ այլևս չեմ կարող կանգնած մնալ: Մի կերպ ոտքերս քարշ տալով նստեցի հենց կողքիդ` ինքս էլ չգիտեմ, թե ինչու:
     - Ոնց ես, - հայացքդ առանց գետնից կտրելու ասացիր` երկար լռությունից հետո:
     - Լավ եմ, - հազիվ կարողացա պատասխանել դողացող ձայնով: Ամբողջ մարմինս դողում էր. որքա~ն մոտ էիր ինձ, բայց որքա~ն հեռու արդեն:
     - Այդ դեպքում ինչու էիր լալիս, ինչ էիր խնդրում Աստծուց քիչ առաջ:
     - Չգիտեմ, -պատասխանեցի ես` փորձելով խուսափել հետագա հարցերիցդ:
     - Ատում եմ, երբ ասում ես ՙչգիտեմ՚: Կգա մի օր, երբ համարձակությունդ կհերիքի ասել այն ինչ գիտես դու, ինչ գիտեմ ես, կգա այդ օրը արդյոք, -գրեթե բղավում էիր. կորցրել էիր քեզ, գիտեմ:
     Լուռ էի, չգիտեի ինչ ասեմ: Մի քանի րոպե լռությունից հետո, կրկին խոսեցիր.
     - Անձնականումդ ամեն ինչ նորմալ է:
     - Անձնականումս միայն դատարկություն է, ինչ անձնական, հիմա իմ ունեցածը միայն գործնականն է, - ասացի ես:
     - Ու մինչև ե±րբ, - ասացիր, ու զգացի, թե որքան մեծ ափսոսանք կար ձայնիդ մեջ:
     - Քեզ մոտ ամեն ինչ լավ է, - փորձեցի փոխել խոսակցության թեման:
     - Դե երևի լավ է, -ասացիր աչք ծակող անտարբերությամբ:
     - Կնոջդ սիրում ես, չէ:
     - Լուռ էիր, հայացքդ մի կետի հառած: Չպետք է տայի այդ հարցը, գիտեմ:
     - Դու չգիտես, որ ես իմ ամբողջ կյանքում միայն մի մարդու եմ սիրել, էլ ինչու ես հարցնում:
     Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ.
     - Ներիր, չէի ուզում ցավեցնել քեզ: Կսիրես նրան, այ կտեսնես, ախր նա այնքան գեղեցիկ է:
     - Լռիր, ինձ համոզում ես, որ ուրիշին սիրեմ, այդ դեպքում ինչու ինքդ էլ մեկ որիշին չես սիրում, ինչու ես միայնակ, երբ շատերն են խնդրում ձեռքդ:
     - Ինձ համր միևնույնն է, թե ով է խնդրում իմ ձեռքը, սովորել եմ միայնակ, անսեր ապրելուն, ոչինչ, - ասացի լացակումած:
     - Ախր ինչու: Գոնե դու երջանիկ եղիր, ես էլ այդ կերպ գոնե հանգիստ կլինեմ:
     - Ինձ պետք չի անքեզ երջանկություն: Ես եմ այս ամենի մեղավորը, ների’ր, աղաչում եմ քեզ:
     - Իմացար երևի, որ Մարին կորցրեց երեխային, իր կյանքն էլ մի կերպ փրկեցինք - ասացիր երկար լռությունից հետո:
     - Հա, իմացա, ցավում եմ: Մի մտածիր, դուք դեռ շատ երեխաներ կունենաք: Ես ամեն անգամ աղոթելիս, խնդրում եմ Աստծուն, որ զավակ պարգևի ձեզ: Աստված լսում է ինձ, գիտեմ:
     - Գիտես, ուզում եմ աղջիկ ունենալ, - ասացիր:
     - Իսկ ես ուզում եմ, որ առաջնեկդ տղա լինի` իր հայրիկի պես գեղեցիկ:
     - Ոչ, ես աղջիկ եմ ուզում, պնդեցիր զայրացած, -Աղջիկ եմ ուզում, որ նրան քո անունով կոչեմ, որ երբ քեզ կարոտում եմ, գոնե նրան գրկելով կարոտս կառնեմ քեզնից, հակառակ դեպքում կխելագարվեմ այդ կարոտից:
     Արցունքներս աչքերիցս թափվում էին ծնկիս դրած պայուսակիս վրա: Թվում էր` կյանքը կանգ է առել:
     - Խնդրում եմ քեզ, սիրիր կնոջդ: Ներիր, որ այսքան ցավ քեզ պատճառեցի: Մոռացիր ինձ, կարող ես` գիտեմ, միայն փորձիր ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Աղաչում եմ քեզ, մի տաջիր մեզ երկուսիս: Ամեն ինչ ավարտված է, կորած, մենք օտար ենք իրար, հասկացիր, դու ուրիշինն ես, ես…
     - Ուրիշինն եմ, ուրիշնը, - կիսաձայն շշնջացիր դու, - Սարսափելի է չսիրած մարդու հետ ապրելը, տառապանք է, չարիք: Ինչու ինձ հետ այսպես վարվեցիր, ինչու սպանեցիր մեր սերը, մեզ… Քեզնով էի ապրում, հասկանում ես: Հիմա պարզապես ապրում եմ` լոկ ապրելու համար: Եթե միայն կարողանայի սրտիցս քեզ հանել, կտայի ամեն ինչ…Ուզում եմ ազատվել այս սիրուց, այն խանգարում է ինձ ապրել, խեղդում է ինձ, հասկանում ես:
     Լալիս էի լուռ, սիրտս կտոր-կտոր էր լինում: Զգում էի, որ դու սիրում էիր առաջվա պես, զգում էի, որ ես սիրում էի քեզ առաջվանից էլ ավելի ուժգին, սիրում էի սարսափելի շատ, խելագարվելու աստիճան շատ էի քեզ սիրում:
     -Ներիր, ես ոչինչ չունեմ քեզ ասելու: Դու ուժեղ ես, կարող ես ինձ մոռանալ, ես էլ ուժեղ եմ, կդիմանամ: Միայն թե կինդ մեղք է, սիրիր նրան, դու պարտավոր ես նրան սիրել, ախր նա մեղավոր չէ, ասացի ես կիսամեռ ձայնով:
     Չէիր խոսում, բայց զգում էի, որ ներսումդ խեղդվում էիր, զգում էի, որ կոտրել եմ քեզ, ցավեցրել: ՙՍտիպված եմ եղել, ների’ր: Չես էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում, ոչ ոք չի կարող, ոչ ոք՚:
     - Ինչու, ախր ինչի համար, - հայացքդ գետնից կտրելով` նայեցիր աչքերիս մեջ: Որքա~ն էի կարոտել քո աչքերը, նրանք իմն էին, երբ միասին էինք, հավետ իմն են լինելու`քեզ հետ, թե առանց քեզ` իմն են լինելու: - Ախր ոնց ապրեմ առանց քեզ, շշնջացիր ու չզգացի էլ, թե ինչպես բռնեցիր դողացող ձեռքս, որը հպվելով քո ձեռքերին լրիվ անզգայացավ:
     - Ախր ոնց ապրեմ առանց քեզ, ասա խնդրում եմ, առանց ինձ ո±նց ապրեմ, -ասացիր խելագարի նման ու շուրթերդ ամուր հպեցիր ձեռքիս: Խոսում էիր, բայց այլևս չէի լսում քեզ…ես չկայի, ես մեռած էի…մեռած այնքան ժամանակ մինչև զգացի, որ շուրթերիդ ամուր հպված ձեռքս ամբողջովին թրջվել է. լալիս էիր, դու` ով միշտ այնքա~ն ուժեղ է եղել, լալիս էիր: ՙՈչ, ես արժանի չեմ քո արցունքներին՚: Մի կերպ ձեռքս փախցրեցի քո ձեռքերից և հավաքելով վերջին ուժերս` խելապատառ դուրս վազեցի եկեղեցուց` կրկին քեզ թողնելով միայնակ:
     ՙՍիրում եմ քեզ: Ներիր ինձ, աղաչում եմ, ներիր: Հուսով եմ` մի օր կհասկանաս, թե ինչու ամեն ինչ այսպես եղավ: Այսօր ես մնացել եմ անքեզ, մնացել եմ անսեր, անկյանք ու… եկեղեցու վառվող մոմերն են վկա` թե ինչու՚:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4516 | 2 | 0
Facebook