Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կեցցե՛ չորրորդ հանրապետությունը (փողկապ, փուչիկ և պոնչիկ)

21:02, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2012 թ.
Կեցցե՛ չորրորդ հանրապետությունը (փողկապ, փուչիկ և պոնչիկ)

Ես չեմ կարող նշել ճշտված թվականը
     Եվ ժամանակը ճշգրիտ,
     Բայց և այնպես այս հանդեսը,
     Որ սկսվել է շա՜տ վաղուց,
     Ավարտին է հասնում արդեն...
     Պարույր ՍԵՎԱԿ, «Դիմակահանդեսի գլխավորը»


    

Թատերական հրապարակ, 21 սեպտեմբերի, 1991-2012 թթ.։
     Այցետոմս - դոսիեն հայոց ԶԱՐԶԱՆԴԻ
     Հասակը (բոյը) - նայած հանգամանքներին։
     Կենդանի քաշը - չնայած հանգամանքներին (տարերային աղետներ, տնտեսական երկնիշ նվնվոց և փուչիկապայթյուն) խիստ կայուն է` 1 ցենտներ, ճաշից առաջ։ Ճաշից հետո քաշը տատանվում է 130-140 կգ-ի միջև։
     Հոբբին - պետական գանձատան և սեփական «ջեբի» հաճախակի շփոթումը։
     Նախընտրած ուտեստը - լուլաքյաբաբի միջուկով հղփերշիկ։ (Հղփերշիկը սովորաբար սարդելկան է։ Մեր դեպքում` նրբերշիկը` գազազած վիճակում։ Երեք և ավելի անգամ կուսակցափոխ եղած հղփերշիկը մեխանիկորեն վերածվում է լրբերշիկի)։
     Նախընտրած խմիչքը - կանեփի «յաթրջի»։
     Զբաղմունքը - սեփական գազանանոցում ժողովրդական զբոսանքի կազմակերպում։

Գազանանոցի կենտրոնական հրապարակում հավաքված են բորենիները, արջամկները, եղնիկներն ու կենգուրուները։ Եվ հայ ժողովուրդը։ Հրապարակի կենտրոնում պատվանդանն է։ Պատվանդանին Զարզանդն է։ Զարզանդից աջ ընտրազանգվածի զանգուլակն է, կենսաթոշակառու Սրապը (Սրապ Սողոմոնի ***իկյան։ Խորհրդային տարիներին հայտնի էր որպես հանրահայտ գործ տվող, այսինքն` հաստիքային մատնիչ։ Անկախացումից հետո երկու տարի գործազուրկ էր։ 1995-ի ընտրությունների նախաշեմին վերաորակավորվեց ու դարձավ պրոֆեսիոնալ իշխանամետ)։
     Զարզանդից ձախ մտավորականության ներկայացուցիչ, կարկառուն կռավող Բաղդիկն է (Բաղդիկ Բաղդասարի Չատիկյան։ Երգահան, վաստակաշատ ռացիոնալիզատոր իշխանավորի և օլիգարխիկի անդրավարտիքին շուլալվելու բնագավառում)։


    

ԶԱՐԶԱՆԴԻ ՃԱՌԸ
     (սղագրություն)
     Էսօր ուզում եմ խոսալ անկախության թշնամիների մասին։ Էս անիրավներն ըտենց էլ չհասկացան անկախ ապրելու համն ու հոտը։ Անկախությունը, ախպերս, թթու յա, թան չի, ամեն մարդու բան չի։ Մազութի գործն եք հիշում։ Է, հետո՞։ Գլխի չընկաք, որ ազգային-պետական գործ էինք անում, դուք մրսում էիք, մենք` հարստանում։ Դժվա՞ր էր։ Բա ոնց։ Բա մեր համար հեշտ է՞ր։ Դուք ձեզի համար առոք-փառոք նստած էիք փեջերի կողքին, մոմը վառվում էր, հումանիտար լոբին էլ ոջիլի համ էր ստացել։ Փոխարենը կոփվեցիք ու դարձաք հավաքական ուժ։ Առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ հայերն ընդունակ են կարգապահ հերթ կանգնելու։ Նավթի հերթերում հայի նաիրյան տեսակը վերականգնվեց։ Մենք էլ հանրօգուտ աշխատանքով էինք զբաղվում, մազութ ու նավթ էինք հասցնում, որ միլիոնատեր դառնանք։ Թե չէ ինչ անկախություն առանց օլիգարխների ու բոմժերի։ Համ էլ, խոսքի օրինակ, ես ու իմ ցեղատեսակը որ միլիոնատեր, հետո էլ օլիգարխ չդառնայինք, ի՞նչ էինք անելու։ Պարզ չի՞, ձեզի էինք թալանելու։ Որովհետև, կրկնում եմ, անկախությունն առանց փողատերերի, ոնց որ, օրինակիս համար, պիվեն առանց փրփուրի, թուրքն առանց իրա օրհնված խոսքի, սապոնն էլ առանց պլստալու։
     Հիմիկ ասում եք, որ բյուջեն պարտք ունի, 4 միլիարդ, բայց տասնչորս միլիարդատեր ունենք։ Է, թող մեզի վարկեր տվողների գլուխը ցավա, ձեզի համար մեկ չի՞։
     Էն մեկելն էլ իսկականից կատաղել ա ու թերթում գրել ա տվել, թե Զարզանդիկներից մեկի օբյեկտ «Ջրահարսում» զարհուրելի բաներ են կատարվում։ Զորօրինակ, իբր թե քեֆի ժամանակ ով ընենց բառ ասի, որ մեջը «զ» տառը լինի ու էդ պահին չչոքի, ականջները քոքահան են անում։
     Հետո ինչի՞ եք ինձ մենակ տնտեսական բնույթի հարցեր տալում, ես քանի անգամ ասեմ ձեզի, ես քաքական, ներող, ժողովուրդ, քաղաքական գործիչ եմ։ Իմ 5 միլիարդ եվրո ունեցվածքը (դրա մեջ էս գազանանոցը չի մտնում, էսիկ բարեգործնական ակցիա յա) ձևակերպված ա իմ հարազատ կնգա, մանկապարտեզում դայակ աշխատող տիկին Բռլյանտուհու անունով։
     Հլա մի րոպե, էդիկ քաղաքական հարց ա՞։ Ոնց թե ինչ կապ ունեմ իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Լսի, աղջի ջան, դու քո սիրած տղու հետ էդքան լավ չես, ինչքան ես ու իշխանավորները։ Ասեմ քեզի, որ «Ջրահարսում» մենակ վերջին երկու ամսում չորսը դեպուտատի, յոթը նախարարի ու մեկ էլ հինգ գեներալի ծնունդ եմ իրականացրել իմ հաշվին։ ՈՒ հենց էդ էլ իմ ներարկումն ա իմ պետությանը։
     Հիմիկ ուզում եք գազի, պեսոկի, կարագի ու պինիցիլինի մենաշնորհները պետական դարձնե՞ք։ Այ անշնորհքներ, ես աշխարհի տակին ու մոլորակիս վրեն ինչքան կազինո կա խաղացել եմ ու հլա չեմ լսել, որ մեկը մի կծու խոսք ասի իրանց հայրենի օլիգարխների մասին։
     Ստոպ, էդ մեկը հաստատ կլյաուզա յա, ես էշին չեմ քցե առյուծի վանդակը, նամանավանդ զաստավիտով չեմ կռվցրել։ Պրոստո տղերքն էկեր էին, մարջ եկանք, որ հանձինս ավանակի պատկերացնում ենք օպոզիցիային, առյուծն էլ մենք ենք։ Հմեն բան կամավորական հիմունքներով։ Էդ ինչ ախմախ հարց էր, որ դու ինձի տվիր, բա իմ ելույթի տասը տոկոսը գրական հայերենով չէի ասո՞ւմ։ Ես քեզի համար գրականության դասատու ե՞մ, համ էլ, իրականում ես չորրորդ դասարանի կրթություն ունեմ սովետի տարիներին, հենց անկախացանք, երեք տարում չորս բանցրագույն ավարտիմ։ Անուններն ասե՞մ։ Նախ և առաջ ավարտիմ անասնաբուժական ակադեմյան։ Հետո պետհամալսարանը, ֆակուլտետը, ներող, չեմ հիշում։ Հա, ավարտիմ նաև ութնամյակն ու պովրական կուրսերը։
     Հա, ուրեմս ես գրազ եկամ, որ առյուծն իրեք րոպեում էշից ականջն ու պոչը կթողի։ Ստավկեն 1 միլիոն եվրո։ Ժողովուրդ ջան, առաջին անգամ եմ կրվում։ Էշը որ չզռաց հանպատրաստից (էս էլ ձեզիկ գրական հայերեն), առյուծս լեղաճաք եղավ ու դարձավ փիսո։ Գլխի ընկաք խի, վասնզի էշի զռռոցի մեջ լիքը «զ» կար։ Ձեզի հաջողություն։ Իմոնք թո մնան, բաժնելու ենք, մարդագլուխ հասնում ա կես պիցա, մե կուլոկ սեմուշկա, մեկ էլ կարաք ինձի կամա՜նց ձեռ տաք։ Բայց չքորեք, այլանդակ ղդիկ ունեմ»։

Թատերական հրապարակ, 21 սեպտեմբերի, 2012 թ.
     Հայոց հավաքականության ներկայացուցիչ Սեթ Վռամշապուհի Վարդերեսյան։
     Այցետոմս - դոսիեն Վարդերեսյան Սեթի
     Հասակը` անսասան։
     Քաշը` քաշված վիճակում։
     Նախընտրած ուտեստը` թանապուր, եղաձու և տոլմա։
     Պաշտելի խմիչքը` խորհրդային արդարության կոնյակ։
     Քաղաքական երանգը` ազգային-արմատական-անկախական։
     Սիրած զբաղմունքը` Զարզանդի առաջարկների մերժում, նրա արտադրանքի բոյկոտում և այլն։


    

ՍԵԹ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ՃԱՌԸ
     (սղագրությունը պահպանված չէ, ճառը վերականգնված է հիշողությամբ)
     Ահա տեսնում եք երրորդ հանրապետության վախճանը։ Քանզի եթե Զարզանդն է այս երկրի տերը, մեզ մնում է կա՛մ հեռանալ, կա՛մ էլ մոռանալ Զարզանդին և նրա նմաններին։ Մի՞թե պատահական է, որ մեր հանրահավաքին միացան եղնիկներն ու կենգուրուները, լքելով գազանանոցը։ Ինձանից աջ եղնիկների ներկայացուցիչ Երանուհին է, դեպի ձախ` կենգուրու Կիրակոսը։
     Սակայն ես հեղափոխության կամ հեղաշրջման կոչ չեմ անում։ Ոչ էլ բարեփոխումների։ Հեղափոխության արդյունքում Զարզանդներ հայտնվեցին, բարեփոխումներից հետո էլ նրանք գրավեցին հանրապետությունը, նրա լճերը, հանքերը, ոմանց սրտերը և այլն։ Դուք հասկացաք ոմանք ովքեր են։ Այո, դա միջազգային վարկատու կազմակերպություններն են և կեղծ ընդդիմությունը։ Բայց չմոռանանք, որ երրորդ հանրապետությունը մեզ նվիրեց երեք կարևոր բան. նախ ազատագրեցինք Արցախը։ Այնուհետև ազատագրեցինք մեր միտքն ու հոգին։ Եվ երրորդը` աշխարհն այսօր ճանաչում է Հայաստանը, երբեմն էլ սարսափում նրանից։ Սակայն սա այլ խոսակցության նյութ է, որին կանդրադառնանք, երբ կկայանա չորրորդ հանրապետությունը։
     Ինչ է մեզ այսօր անհրաժեշտ օդի և ջրի նման։ Վերցնում ենք երրորդ հանրապետությունից բոլոր դրական բաները և ոչնչացնում բացասականը։ Զորօրինակ, նախ ստուգում ենք կառավարության անդամի և ապագա պատգամավորի արյան բաղադրությունը, և եթե նրանց արյան մեջ 33 տոկոսից ավելի են սելջուկյան, բյուզանդական և արաբական արյունները, նրանց արտաքսում ենք հանրապետությունից։
     Այնուհետև պետությունն է դառնում մենաշնորհատեր գազի, ձեթի, դեղորայքի և շաքարավազի ներկրումների բնագավառում։ Օլիգարխներին մենք չենք պատժում, պարզապես ստիպում ենք լքել խորհրդարանը և հսկայական կապիտալի ուղիղ կեսը մուծել պետական գանձարան։ Այս դեպքում կենսաթոշակները կբարձրանան յոթ անգամ։ Եվս մեկ կարևոր բան. հայկական նորանկախ ընդդիմությունն ուղարկում ենք Հայաստանի պատմության թանգարան։ Այն այլևս անելիք չունի։ Զի երբ մարքսիստն ու կոմունիստը դաշինք են կնքում կապիտալիստի և բուրժուայի հետ, նշանակում է, որ մի բան հաստատ էնպես չի։
     Այնուհետև, կհռչակենք օրենք սակավապետության մասին։ Մեր կողմից հոշոտված ոչխարների և խոզերի միջին թվաբանական հաշվարկով մենք առաջինն ենք աշխարհում։ Մի խոսքով` կեցցե չորրորդ հանրապետությունը»։
    
     Նյութի հիմնական աղբյուրն է www.irates.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5360 | 0 | 0
Facebook