ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԻՎԱՆԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
11:13, երկուշաբթի, 22 հուլիսի, 2013 թ.
Վերջին օրերին լրատվամիջոցները լայնորեն անդրադարձան Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի կողմից Տ. Հակոբ քահանա Խաչատրյանին' Արարատ Միության նախագահի պաշտոնից ազատելու հարցին: Տ. Նավասարդ Արք. Կճոյանի հիշյալ որոշումը, սակայն, դժգոհությամբ ընդունվեց Արարատ Միության անդամների և աջակիցների կողմից և նրանց նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Առաջնորդական փոխանորդի հետ: Վերջինս կտրականապես հրաժարվեց բացատրություններ ներկայացնել' Միության անդամների ու աջակիցների խնդրանքին' Տ. Հակոբին Միությունից ազատվելու վերաբերյալ: Այնուհետև, Կճոյանը հաջորդ հանդիպման ժամանակ խոստացավ ընդառաջել խնդրանքին, բայց հետո պարզվեց, որ Միության անդամները «սխալ են հասկացել» Կճոյանին: Այս ամենից հետո Միության անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ ընդդեմ Կճոյանի' Տ. Հակոբին վերադարձնելու պահանջով: Որոշ լրատվամիջոցերում, սակայն, նաև փաստորեն նախաձեռնության որպես հեղինակներ նշեցին Տ. Հակոբին և նրա եղբորը' Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանին, անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս հարցերի շուրջ մենք մի քանի հարց ուղղեցինք Մայր Աթոռ դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ: Մեր այն հարցմանը, թե ինչպես է վերաբերվում իր եղբորը' Տ. Հակոբ քահանային Արարատ Միության հոգևոր հովվի և Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորի պաշտոնից ազատելուն և Սուրբ Երրորդություն եկեղեցում նշանակմանը, Սրբազանը պատասխանեց. -Առաջնորդական Փոխանորդը հոգևոր իր իշխանության սահմաններում կայացրել է որոշում, և ես այն գնահատում եմ որպես բնական: -Ուրեմն ի՞նչ է խնդիրը: -Ինձ վերաբերող խնդիր ես այստեղ չեմ տեսնում: Միության հավատացյալները միաժամանակ Արարատյան Հայրապետական Թեմի հավատացյալներն են և կարող են իրենց մտահոգություններով երբևէ ներկայանալ իրենց հոգևոր իշխանավորին: Այս ընթացքին տեղի ունեցան նաև ոչ հաճելի զարգացումներ, որոնք կարծում եմ, Առաջնորդական փոխանորդը ի վիճակի է ինքը լուծել: - Սկզբնական շրջանում լուրեր տարածվեցին, որ Տ. Հակոբի ազատման պատճառը Գագիկ Շամշյանի Տ. Հակոբը հազար Կճոյան արժի արտահայտությունն է: Նաև որոշ կարծիքներ կան, որ Կճոյանի որոշումը Տ. Հակոբի նկատմամբ պայմանավորված է Ձեր նկատմամբ վերաբերմունքով: -Չեմ կարծում, որ այս հարցը ինձ է վերաբերում: Կարծում եմ, որ պետք է բավարարվել թեմի կողմից տրված պարզաբանումներով: -Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքին, ըստ որի Դուք և Ձեր միջոցով Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Տ. Հակոբի և Միության անդամների գործողությունների ետևում: - Տ. Հակոբը կատարել է մեկ գործողություն, ըստ որի նշանակումից հետո ինքը հանձնել է գրասենյակը և ներկայիս, համաձայն կատարված տնօրինության, ծառայության մեջ է Սուրբ Երրորդություն եկեղեցում: Իսկ Արարատ միության անդամների բողոքի գործողությունների հետ Տ. Հակոբի, իմ կամ առավել ևս Վեհափառ Հայրապետի անունը կապելը զրպարտություն է և հերյուրանք, որը նսեմացնում է հենց հորինողներին: - Բայց չէ որ Ձեր կամ Տ. Հակոբի' բողոքի ցույցի հետևում կանգնած լինելու վերաբերյալ տեղեկատվությունը փաստորեն հաստատվեց նաև Շահե քհն. Հայրապետյանի' լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: - Ծանոթ չեմ այդ հարցազրույցին: Կծանոթանամ, և անհրաժեշտ հետևությունները կկատարվեն: - Նաև ասում են, որ Դուք ցանկանում եք Արարատյան թեմի ղեկավար դառնալ... - Նախ ես նման ցանկություն չունեմ և Եկեղեցում առհասարակ ցանկություններով չեն առաջնորդվում: Քանի դեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նպատակահարմար է գտնում իմ ծառայությունը որպես Մայր Աթոռի Դիվանապետ, ես սիրով ծառայում եմ Դիվանապետի հանգամանքի մեջ: Իսկ Վեհափառ Հայրապետի այլ տնօրինության դեպքում, բնականաբար, պիտի ծառայեմ որևէ այլ տեղում: |
Հավանել
1
Չհավանել
0
4232 | 0 | 1 | 0