Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ահա ձեզ խալաթ, ինքներդ հագեք». ՀՅԴ երիտասարդները խալաթ են փոխանցել ՌԴ դեսպանին

Julia Avetisyan
Հեղինակ`
Julia Avetisyan
22:46, երեքշաբթի, 16 հուլիսի, 2013 թ.

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ ակտիվիստներ, այսօր՝ հուլիսի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց. Նրանք ծաղկավոր խալաթ են փոխանցել Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին, որի վրա գրված էր. «Ահա ձեզ խալաթ, ինքներդ հագեք» գրությամբ: Այսկերպ հայ երիտասարդներն իրենց բողոքն են հայտնել «Նոր Մոսկվայում» 18 մարդու կյանք խլած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին կանացի ծաղկավոր խալաթով դատարան բերելու դեմ:

Ցուցարարները հայտարարել են, որ պահանջում են Հայաստանում ՌԴ դեսպանից հանդես գալ հրապարակային հայտարարությամբ եւ գնահատական տալ Ռուսաստանի իրավապահների գործողություններին:

Նրանց ցանկացել են նամակ հանձնել դեսպանատան աշխատակիցներին, սակայն ՌԴ դեսպանատնից ոչ ոք դուրս չի եկել նամակը վերցնելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները նամակը թողել են դեսպանատան փոստարկղում:

Երիտասարդները նշել են, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան կրավորական կեցվածքը համարում են ռուս իրավապահների «լկտի պահվածքի շարունակություն»:

Ցուցարարները ծաղկավոր խալաթը ամրացրել են դեսպանատան դիմացի այգու ճաղերին:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միեւնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին: Մենք իբրեւ հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, նման ցինիզմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրենց բողոքն են արտահայտելու ՌԴ դեսպանատան առջեւ՝ ժամը 17.00-ին: Դեսպանին հանձնելու ենք մաշված խալաթ՝ ի հիշեցում այն բանի, որ դարավոր «բարեկամությունը» հավերժ չէ, ոչ մի դեպքում եւ ոչ մի պատճառով արդարացված չէ «ժողովորդավար» Ռուսաստանի պահվածքը:

Կոչ ենք անում միանալ մեզ, յուրաքանչյուրիս պարտքն է գոնե այստեղից պաշտպանելու մեր հայրենակցի մարդկային իրավունքները»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:

Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել:

Նրան դատարանի դահլիճ են տեղափոխել կանացի խալաթով, ինչը բուռն հակազդցություն է առաջացրել Հայաստանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4813 | 0 | 0
Facebook