Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրո ֆենոմենը

Nane Adamyan
Հեղինակ`
Nane Adamyan
15:34, հինգշաբթի, 06 հունիսի, 2013 թ.
Սիրո ֆենոմենը
     «Սիրո» ֆենոմենի ուսումնասիրությունները հետաքրքրում են ոչ միայն փիլիսոփաներին, հոգեբաններին, այլև ակտուալ են յուրաքանչյուր մարդու համար: Մարդիկ սիրո քաղց են ապրում` առօրյա հոգսերի ու խնդիրների մեջ ժամանակ չունենալով մտածել կյանքում սիրո տեղի ու իմաստի մասին: Ժամանակակից մարդու համար սերը հանդես է գալիս` որպես անձնայինի պաշտպանություն, «Ես» պատկերին համապատասխան նրա կենսական մարմնավորում: Անձի հիմնային սոցիալական պահանջմունքներից է սիրելու և սիրված լինելու, կապվածության հարաբերություններ հաստատելու պահանջմունքը:
     Հնագույն ժամանակներում մարդկանց ընկալմամբ սերը մեղրի և թույնի խառնուրդ է: Սիրո հետ միասին մեծանում են ոչ միայն կյանքի ուրախությունները, այլև վշտերը, տխրությունները, ցավը: Սերը մարդկային ընկալման հզոր ուժեղարար է. այն մարդկանց աչքերում մեծացնում է երջանկությունը, դժբախտությունը: Թափանցելով մարդու աշխարհ` այն փոխում, վերակառուցում է մարդու արժեքների ողջ կառույցը: Սիրո ծնունդը մոլորեցնում, բարդացնում է անհատական կյանքը, անձին զրկում է հստակությունից ու ամբողջականությունից:
     Համաձայն Նիցշեի տեսակետի` սերը միշտ եսասիրական է, այլասիրությունն այս դեպքում անհնար է, ապրումակցումը սիրո մեջ հակաբնական է: Մարդու հոգեկանի մասին պատկերացումներում Զ. Ֆրեյդըսոցիալական մշակույթին հակակշիռ գերագնահատեց սիրո ֆիզիոլոգիական կողմը: Կ. Յունգի տեսանկյունից` սեռական հակումն արմատացած է կոլեկտիվ անգիտակցական կառույցների «արխետիպերում»: Սիրո առաջացման մեխանիզմները բացատրող ժամանակակից կոնցեպցիաները ևս ելակետային են ընդունում ֆիզիոլոգիական հակումը: Ըստ Ավստրիացի ֆիզիոլոգ Գ. Կրոմբախի` սերն ընդամենը քիմիա է:
     Նեոֆրեյդիստ Է. Ֆրոմմն իր «Սիրո արվեստը» աշխատանքում շեշտադրում է, որ սիրո իմաստն այլ մարդու հետ միանալու, միահյուսվելու մեջ է` առանց սեփական «Ես» -ը կորցնելու, միահյուսվածություն իրավահավասարության և բարության հիման վրա: Հենց այսպիսի սերն է նպաստում, որ մարդը լինի ստեղծագործ ու իսկապես երջանիկ: Սիրո ճանապարհին մարդը ձեռք է բերում ազատություն, կամք, ստեղծագործություն, իր էության գիտակցում: Միևնույն ժամանակ սերը պահանջում է մշտական, չդադարող և գիտակցված ջանքեր: Իսկական սերը ենթադրում է կատարելության ձգտում և այն դրված է մեր «Ես» -ի ամենաթանկ խորքերում` զարգանալով անքան ուժեղ, որքան ավելի կատարյալ է մեր սիրո օբյեկտը կամ գոնե այդպիսին թվում է մեզ:
     Եթե սերը դիտարկում ենք որպես հիմնային զգացմունք, այս դեպքում սիրո նկատմամբ հիմնայնության բնութագրիչներն ընդունում են այլ, առավել կոմպլեքսային հնչեղություն: Սերն իր մեջ ներառում է զգայական, մտածական բաղադրիչներ, իսկ սիրո որոշ տեսակներ լրացուցիչ ներառում են նաև սեռական հակում /Ք. Իզարդ/: Սերը էականորեն տարբերվում է մարդու մյուս հույզերից, այն չի կարելի վերագրել առանձին հույզերի, ինչպիսիք են ուրախությունը կամ տխրությունը, այսինքն` սերը չպետք է դիտարկել միայն հուզական գործընթացի տեսանկյունից: Սերն առավել բարդ հասկացություն է, բացի հուզական բաղադրիչից ներառում է սոցիալական հարաբերություն, անձնային գործոններ: Սերը կարելի է բնութագրել հետաքրքրությամբ և ուրախությամբ, իսկ սիրային հարաբերությունները կարող են առաջացնել հույզերի մի ողջ սպեկտր, ընդ որում սիրո տեսակներից յուրաքանչյուրում այն յուրատիպ է դրսևորվում:
     Յուրաքանչյուր մարդ սիրում է յուրովի և հնարավոր է, որ հենց սիրելու ընդունակությունն է մարդուն սոցիալական էակ դարձնում: Մարդու մոտ սիրո պատկերի ձևավորման կարևորագույն աղբյուրն ընտանիքում ձեռքբերված փորձն է, հոր և մոր վարքի ազդեցությունը, քանի որ սիրո պատկերը մեծապես որոշվում է այլ մարդկանց հետ համատեղ կյանքում հաղորդակցման յուրացված եղանակներով:
     Այսպիսով` իրական սերը փոխադարձ վստահության, ազնվության վրա կառուցված հուզական հարաբերություն է, որում զուգընկերները կարող են լիովին դրսևորել իրենց: Վերջինս նպաստում է նրանցից յուրաքանչյուրի անձնային զարգացմանը և կարող է արտահայտվել սիրելի մարդուն զարգացնելու և երջանկացնելու ցանկության մեջ: Սերը յուրաքանչյուրին կյանքում ինքնահաստատվելու և ամրապնդվելու գլխավոր եղանակն է, որն առանց սիրո անլիարժեք է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8000 | 0 | 0
Facebook