Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծխական խորհրդի ժողով և Ծաղկազարդի տոն Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:05, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
Ծխական խորհրդի ժողով և Ծաղկազարդի տոն Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում
    

    

Tuesday 26 March 2024


    

Անցած շաբաթ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանն այցելեց Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցին։

—————

Սրբազան Հոր բարձր հովանու ներքո Ծխական Խորհրդի հետ կայացան երկու կարևոր ժողովներ, որոնց ընթացքին քննարկվեցին Ծխական կանոնադրության մշակման, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աստվածատուր քհն. Սարգսյանի նշանակման և հետագա հովվական ծառայությանը Սուրբ Կարապետ եկեղեցում։

Ժողովներն սկսվեցին աղոթքով և ընթացան ջերմ և կառուցողական քննարկումների մթնոլորտում։ Ժողովների ավարտին Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ժողովականներին՝ մաղթելով հաջողություն ձեռնարկված կարևորագույն աշխատանքներին։

Հաջորդ օրը՝ Ծաղկազարդի տոնին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ, որի ընթացքին պատարագիչ Խաժակ Սրբազանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Տեր Աստվածատուր քահանային, որպես Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ՝ վստահություն հայտնելով, որ հոգևոր հովվի հետ միասին եկեղեցու հավատավոր համայնքը պիտի զորանա և ծաղկի։

Պատարագի ավարտին՝ մանուկների օրհնության կարգով օրհնվեցին և Սրբազան Հոր կողմից փոքրիկ նվերներ ստացան եկեղեցում ներկա բոլոր մանուկները, ովքեր խոստում տվեցին, որ տարիներ անց՝ արդեն ծնողներ դարձած, իրենց զավակներին պիտի բերեն եկեղեցի՝ ստանալու Աստծո օրհնությունը։

Ի վերջո կատարվեց նաև Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ Դռնբացեքի կարգը, որի ընթացքին, որպես Երկնային Արքայության դռան խորհրդանիշ, բացվեց եկեղեցու վարագույրը՝ ազդարարելով մուտքը դեպի Ավագ Շաբաթ։


    
    

Տեր Աստվածատուր քահանա Սարգսյանը նշանակում է ստացել Մաստրիխտի Սբ Կարապետ եկեղեցում


    

Նորանշանակ հոգևոր հովիվը հետևյալ ուղերձն է հղել իր հավատարիմ հոտին։

«Ողջույն Մաստրիխտ,

Ես՝ Տեր Աստվածատուր քհն. Սարգսյանս, Աստծո կամոք և բարձր տնօրինությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանի, նշանակված եմ հոգևոր ծառայությունս բերելու Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում, որպես Մաստրիխտի և Լիմբուրգի շրջանի հոգևոր հովիվ։ Լինելով քահանայի որդի և մանկուց ի վեր դպրական ծառայությունը բերելով Հայաստանում՝ Ջրվեժ և Առինջ գյուղերի եկեղեցիներում ի վերջո քայլերը ինձ տարան դեպի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ Ճեմարանում 6 տարի ուսանելով և 2016 թվականին այն ավարտելով, մոտ 3 տարի ծառայությունս եմ բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը։ Աստվածային նախախնամությամբ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Գերաշնորհ Տ. Առաքել արք. Քարամյանի ձեռամբ օծվեցի քահանա և անվանվեցի Տեր Աստվածատուր։ Նույն թվականին Նորին Սուրբ Օծություն Տ․ Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակում ստացա՝ ծառայելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ ընդ իշխանությամբ Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանի։ Ի վերջո Եվրոպա մուտքի արտոնագիր ստանալուց հետո ահա սկսում եմ իմ ծառայությունը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում՝ պատրաստակամ ծառայելու տեղի հայության հոգևոր և ազգային պետքերին։ Վստահ եմ, որ Աստծո կամոք և օրհնությամբ հայ համայնքի հետ միասին պիտի ընթանանք առաջ, որպես Հայ Ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ճշմարիտ զավակներ՝ զորացնելու և գալիք սերունդներին ավանդելու մեր մաքուր հավատքը և մեր գեղեցիկ մշակույթը։

Սիրով պիտի սպասեմ բոլորիդ՝ կիրակնօրյա Սուրբ Պատարագներին, ազգային-եկեղեցական տոնախմբություններին, առաջիկայում նախատեսվող տարատեսակ միջոցառումներին, ինչպես նաև անհատական հանդիպումներին» ։

Եկեղեցու հասցեն է Potterieplein 50, Maastricht

Իմ հեռախոսահամարն է +31 6 27 866 299

-----

Նիդերլանդական օրագիրը հաջողություն և հոգևոր արգասաբեր գործունեություն է մաղթում արժանապատիվ տեր հորը` նիդերլանդահայերին ծառայելու իր հաստատակամության համար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
319 | 0 | 0
Facebook