Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:23, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
ՀՈՒՍԻԿ ԱՐԱ
     ՀՈՒՆՎԱՐ________
    
    
    

Կյանքից թանկ սերն է քո անունով.
     քանի՞ անգամ ուզել եմ մեռնել,
     բայց ապրում եմ,
     որ մեկ օր ավել զգամ համդ։

Նախ բարակ մարմնիդ նուրբ կարերը տեսա,
     հետո ճանաչեցի հայտնության պես հոգիդ.
     հայացքիս պատռված տեղերը հավաքվեցին,
     և մարմնիս ամեն բջիջը դարձար:
     Ու քեզ այնպես սիրեցի,
     որ ձմռան մեջ խոստացա մեկ օր գարուն,
     և հունվարի վերջին օրը գարուն էր արդեն:
     Դու անակնկալ ուրախ ցատկոտում էիր տաք լույսի մեջ,
     քեզ հետ` բոլոր ընկերուհիներդ զարմացած.
     արթնացած բնության ասվածուհին էիր,
     և այդ մեկ օր գարունը քոնն էր ձմռան կեսին:
     Նայում էի կատարված հրաշքին ու ասում`
     ի՞նչ հզոր է սիրո ուժը, Աստված իմ,
     որ կարող է բնության ընթացքը փոխել:

Իմ ապրելու բանաձևը դու ես տվել.
     երջանիկ եմ, երբ սեր կա մեջս
     ու բանաստեղծություն:
     Բայց այդ բառը` սեր,
     որ տիեզերքի այցեթուղթն է մարդու աշխարհ,
     այնպես նեղլիկ ու լղար է հիմա թվում
     և անկարող է տեղավորել ամբողջը`
     ինչ ես եմ զգում քո նկատմամբ.
     սիրուց առավել դու ես միայն,
     թող ների ինձ երկինքը, ոչ թե Աստված:

Մարմնիդ մոտենալով`
     ես քո դուռն եմ եկել որպես ուխտավոր,
     ոչ թե կրքից մոլեգնած կեսգիշերի սիրեկան:
     Քեզ սիրելով` ինձ եմ փրկել.
     քեզ ունեմ օդ, աշխարհ ու արև,
     իսկ թե ի՞նչ ես զգում դու, ներիր,
     այնքան էլ չի հուզում ինձ…
     ու թե կուզես սիրտս հանիր,
     ես չէ, նա է ինձ ուղղորդել` մատնելով հասցեդ:

Քեզ չեմ ասել այս պատմածից գոնե մի բառ.
     հանկարծ չավերես այն գեղեցիկը,
     որ իմ կյանքն է քո նվիրած օրերով:

Վերցրո՛ւ քեզ հետ, երակիդ մեջ առ
     սրտի գույն խոստովանությունն այս,
     որ կյանքիդ բոլոր օրերում
     չար ու փորձանքից քեզ կպաշտպանի թալիսմանի պես:

Հուսիկ Արա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3333 | 0 | 0
Facebook