Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն.Մաս 1

17:00, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Մենախոսություն երկուսով կամ միայնակ երկխոսություն.Մաս 1
    
    

Արդեն 10-15 րոպե է այստեղ եմ, եկել եմ նստել և ... Չգիտեմ թե ին՞չից ու ոնց սկսեմ զրույցս, որտեղից՞ սկսեմ... ասելու լուրջ բան ունեմ... կիսվելու և թեթևանալու կարիք ունեմ քո առջև... հարգանքի տուրք տալու եմ եկել, բայց ոչ միայն տարիքիդ և մնացած բոլոր վեհ արժանիքներիդ, այլ.... Այլ երբևէ քո արտահայտած խորը և իմաստուն մտքերիդ, քո խորհուրդներով, քո ճշմարիտ խրատներով մեծանալուց հետո եկել եմ կիսվեմ հետդ և պատմեմ քեզ թէ ասածներդ ինչպես են իրականություն դարձել և դառնում: Ախր սա սովորական այց չէ, կամ հերթական հարգանքի տուրք քո շիրիմին, անգամ տարրական կրթություն չստացած մեր ինքնուս փիլիսոփա և անսխալ «գուշակ» , իմ անսխալ խորհրդատու, հրաշք մարդ....
     Բայց կսկսեմ հենց ամենասովորական բառից և խոսքից:
     Բարև... Տատ՝ բարև:
     Տատ եկել եմ հետդ զրուցեմ, թեթևանամ, մի պահ կտրվեմ այս բազմադեմ և անօրեն աշխարհից, շատ լուրջ բան ունեմ քեզ ասելու, բայց մեկ մեկ էլ ինձ թույլ պիտի տամ քեզ հետ հիշելու մեր անցած գնացած օրերից, մեր իրար հետ ապրած և չապրած տարիներից հետաքրքիր, զավեշտալի և հիշարժան դեպքեր, որպեսզի մեր զրույցը շատ ծանր չստացվի:
     Գիտեմ հիմա դու ինձ լսում ես, դու կաս, միգուցե և դիմացս կանգնած նայում ես աչքերիս, կամ գուցե կողկիս նստած բռնել ես դաստակիցս և շոյում ես գլուխս, դա կապ չունի, կարևորը գիտեմ որ դու ինձ հիմա լսում ես, գիտեմ... ուղղակի այս աշխարհի և Աստծո օրենքով դու չես կարող կողքիս լինել ֆիզիկապես, սակայն հոգով գիտեմ որ կողքիս ես, հենց այստեղ, այս պահին:
     Ասում էիր որ դու 1901 թվականի դեկտեմբեր ամսի ծնունդ էիր, նշում էիր անգամ ծննդյանդ օրը, դեկտեմբերի 15_ը, դու ինքդ էլ հաստատ չգիտեիր այդ օրն ու ամիսը հստակ է թե՞ ոչ, սակայն տարեթվի համար վիճում էիր հետս երբ ասում էի, թե հայրս, հորեղբայրս կամ հորաքույրներս ասում են, որ դու ոչ թե 1901 այլ 1900 թվականի ծնված ես, Տատ ջան ու երկուսս էլ այդ ժամանակ գիտեինք, թե ինչու էիր քեզ մեկ տարով անպայման դու ցանկանում երիտասարդացնել: Ախր մեր լուսահոգի Մինաս պապը, քո ամուսինը 1902 թվ. ծնունդ էր, դու չէիր ցանկանում, որ մենք հավատանք դու մեր պապիկից 2 տարով ես մեծ եղել, անպայման ուզում էիր վստահեցնել մեզ, որ ընդհամենը 1 տարի ես մեծ մեր պա****... Ըստ քո տրամադրած ոչ հաստատուն տեղեկության իմ 115 տարեկան, անուս, ինքնուս «պայծառատես» Մեծ մայր, մեր անփոխարինելի Տատ ջան..... Վայ Տատ, Տատ, մեր միամիտ և «խորամանկ» Տատ ջան.... Անգամ անունդ ուներ մեծ իմաստ. Յուղաբեր, մեր Յուղաբեր, յուղ բերող, հաց տվող տատ ջան, հիմա գիտեմ, շատերը չեն հասկանա և չեն ընկալի անվանդ իմաստը, բայց ես ու դու հո գիտենք, որ հին ժամանակներում Յուղաբերը պատվարժան անուն էր, այդ ժամանակներում յուղն ու հացը սրբության խորհրդանիշներն էին աշխատավորի, ռանչպարի համար Տատ ջան:
     Մասնագիտությամբ հացթուխ էիր, քո ժամանակին մեծ ճանաչում ունեցած և անուն վաստակած հացթուխ, ասում են անգամ ղեկավար անձինք Մոսկվայից եկած պաշտոնավոր հյուրերին բերել են քո թոնրի հացը համտես անելու, գիտենք որ անգամ Մոսկովյան առաջին հեռուստաալիքն է նկարել ու ցուցադրել հաց արարելու Աստվածահաճո քո աշխատանքը Տատ ջան: Իսկ հասուն տարիքում նունպեսի սրբությամբ պահեցիր անունդ և անվանդ իմաստը:
     Հիշում եմ երբ գյուղից աշնան վերջին գալիս էիր քաղաք, մեր տուն, մեր տանը անցկացնելու ցուրտ ձմեռը, մի բեռնատար մեքենա բարձած, գյուղից հետդ պարկերով բերում էիր զանազան գյուղամթերքներ, ինչպես նաև ալյուր և փոխինձ, որը ամբողջ ձմեռ յուղով դու կամ մայրս պատրաստում էիք և վայելում էինք: Մասնագիտությամբ սուրբ գործի վարպետ էիր, իսկ անունդ էլ աշխատավոր և ռանչպար մարդու համար սուրբ անուն էր մեր սրբացած Տատ, Մայր, Քույր և պահապան մեր հրեշտակ ջան: Հիշում եմ երբ երկուսով էինք լինում տանը, երբ հարսդ՝ իմ մայրը ճաշ էր եփում և թողնում էր գազօջախի վրա որ մենք ուտեինք, մինչև իրենց աշխատանքից վերադառնալը, դու բարձրացնում էիր ճաշի կաթսայի կափարիչը և ասում էիր խոյեցու քո բարբառով.... _Բալա ջան էսի բա ճաշ ի՞, մէ ըստա ըշկա, մեջը յեղ չկա, ես տ...եմ էտ ճաշի մեջը, բա ճաշի վրա որ էրկու մատ եղ չբռնի, էն ճաշը կուտվի:
     Տատ հիմա եմ հասկանում որ սով տեսած մարդկանց համար կշտանալու բանաձևը .դա շատ հացով և յուղալի կերակուրով սնվելն էր: Հիշում եմ թե ինչպես էիր նեղվում և ջղայնանում իմ չուտելուս համար, իսկ ես այն ժամանակ հիվանդությանս պատճառով միշտ քիչ, շատ քիչ էի ուտում, ջղայնանում էիր և նեղվում էիր, ամեն մի հանդիպած ծանոթի ու անծանոթի մոտ սիրտդ բացում և բողոքում էիր իմ չուտելուս համար... _Էտ գյադան չի ապրի չէ, պան չի ուտելի, կմեռնի:
     Տատ ջան երանի հիմա տեսնեիր թէ այդ «գյադատ» , քո 20 թոռներից նախավերջին և ամենից սիրելի թոռդ, ինչպիսին է դարձել: Երբ ինձ հաց ու պանիրով բրդուճ էիր տալիս որ ուտեի, չէի ուտում ու ասում էի թե _Տատ կուշտ եմ, նոր եմ կերել. հիշում եմ ինչ էիր ասում, խոսքերդ մինչ հիմա ականջներիս մեջ են... _Բալա ջան, կուշտ մարդը, որ քառասուն բրդուճ խաց ու պանիր չուտի ուրեմն էնի խիվանդ ի, ընդա ջանի մեջ ցավ կա:
     Իմ հրաշք Տատ, իմ մեծատառով մարդ, դու յուրօրինակ մի մայր Թերեզա ես եղել քո հարազատների և հասարակության համար, ինքդ ունենալով լիքը տուն երեխաներ, գիտեմ որ սովի տարիներին շատ- շատ երեխաներ և ընտանիքներ եք սովից փրկել դուք, հացթուխ տատս, և ամուսինդ, ֆերմայի վարիչ ու այնուհետև ջրաղացպան պապս: Անգամ բերել ու ձեր տանը պահել- մեծացրել եք և ձեր տանից էլ ամուսնացրել եք որբ երեխաների:
     Իմ հումանիստ փրկարարներ ջան: Հիշում եմ հուղարկավորությանդ ժամանակ որքան շատ մարդ կար, բոլորն էլ քեզ և պապիկիս հարգելով էին եկել, նեղ տարիներին ձեր բարի հոգով ու սրտով, ձեր փրկած երեխաների զավակներ ու թոռներն էլ էին եկել քեզ վերջին հրաժեշտը տալու Տատ ջան, անգամ հորդառատ անձրևը չխանգարեց մարդկանց հոծ բազմությանը, որ քեզ ոտքով ուղեկցեին մինչև քո վերջին հանգրվանը: Այդ ժամանակ ամբողջ բազմության մեջ միայն քո և Տեր հոր վրա էին անձրևանոց պահել: Այդպեսի հարգանքի տուրքը միայն հերոսներին է արժանի, իմ հերոս Տատ ջան:
     Իսկ հիմա ուզում եմ հետտ զրուցեմ այն ամենի մասին ինչն ինձ երկար ժամանակ հուզում է, դրա համար եմ եկել այսօր իմ պահապան հրեշտակ ջան, ախր հիշում եմ, թե ժամանակին ինչպեսի խրատներ, խորհուրդներ էիր տալիս ինձ Տատ ջան, ինչպիսի պատմություններ էիր պատմում ու օրինակներ էիր բերում իմ համար, որպեսզի ես լավ հասկանամ կյանքն ու քո խոսքով ասած, որ ոտքս քարին չառնի: Իմ սրբության սրբոց, նոր եմ հասկանում քո բազմաթիվ խոսքերիդ իմաստը, Տատ այսպիսի մի գրական խոսք կա....
     Ոգու սով:
    
    
     Սամվել Ստեփանյան
    
«Արահետ» պրոդյուսերական կենտրոն
ի հիմնադիր
    
     Շ
արունակելի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9639 | 0 | 0
Facebook