Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-4/ Նույնասեռականության և սեքսի շաբաթ օր

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
19:47, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-4/ Նույնասեռականության և սեքսի շաբաթ օր
    

    
  • 7 июн, 2017 в 13: 39

     Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/
    
     -4-
     Նույնասեռականության և սեքսի շաբաթ օր
    
    

Շակի ասած «գեյերի մայրաքաղաք» արտահայտության ճշմարտացիության մեջ համոզվեցի միայն այն ժամանակ, երբ ներկա գտնվեցի գեյերի շքերթին:

Ամստերդամի կենտրոնում՝ կամուրջների վրա, ջրանցքներից մեկի շուրջ լիքը մարդիկ էին հավաքվել: Մենք՝ տարբեր երկրներից եկած մոտ 30 բժիշկ-ուսանողներս, հազիվ հարմար տեղ ճարեցինք, որ գոնե կիսով չափ կարողանանք տեսնել ջրում կատարվողը: Այս առումով բոյովների բախտը բերել էր. նրանք հանգիստ տեղավորվել էին մոտակա շենքի առաջին հարկի պատուհանագոգերին ու երևի ամբողջությամբ տեսնում էին շքերթը: Իսկ ես հազիվ մի ծակ գտա, խցկվեցի և կարողացա ոտքերիս թաթերի վրա կանգնած մի կերպ մի բան տեսնել:

Ջրանցքներով հերթով նավեր էին անցնում, որոնց վրա բազմաթիվ տղամարդիկ ու կանայք ու այլ սեռի ներկայացուցիչներ էին գտնվում: Մի մասը կիսամերկ էր, մյուսները՝ կարնավալային հագուստներով, զանազան համազգեստներով, զիզի-բիզի զարդարանքներով: Երաժշտությունն այնքան բարձր էր, որ իրար հետ գոռալով էինք խոսում: Նավերի վրա բոլորը պարում էին, ուրախանում: Բոլորը gay էին: Հանդիսատեսն էլ պասիվ չէր. բարձրահասակ հոլանդացիները չէին զլանում, միանում էին պարին, շարժում իրենց հոլանդական տուտուզները:

Սկզբում հետաքրքիր էր, հետո՝ զվարճալի, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զայրացնող. շքերթի պատճառով քաղաքում խցանում էր գոյացել: Չէ՛, ձեզ հայտնի երևանյան իրար գլխի լցված, հնարավոր բոլոր ուղղություններին նայող մեքենաները չէին, որ խանգարում էին: Ամստերդամում մարդկանց խցանում էր գոյացել. փողոցներով քայլելու համար հերթ պետք է կանգնեիր:

Երբ ձանձրացա, հանգիստ թողեցի ու հեռացա. այստեղ ազատ ես, ոչ ոք քեզ համար չի անհանգստանում: Դա մի կողմից լավ է. կարող ես ուզածդ անել, և ոչ ոք հանդիմանական տոնով քեզ չի ասի. «Ու՞ր էիր»: Մյուս կողմից էլ տխուր է, որ չկա մեկը, որ գիտես` քեզ համար պատասխանատվություն է զգում:

Ինչևէ, մի քիչ զբոսնեցի ու վերադարձա: Այդ ժամանակ աղջիկներից մեկն ինձ հարցրեց.

- Հայաստանում գեյեր կա՞ն:

- Հա՛, կան, բայց աշխատում են թաքցնել. հասարակությունը նրանց չի ընդունում:

- Քիչ առաջ հայկական նավ անցավ։

- Զարմանալի է:

- Երևի ձեզ մոտ չեն ընդունում, դրա համար էլ գալիս են այստեղ:

Ավելի ուշ Դավոն հաստատեց, որ եռագույնն է տեսել նավերից մեկի վրա:


    

Թեև սկզբում մոտ 30 հոգով էինք, բայց հետո այնքան իրար գտանք-կորցրինք, որ մնացինք ես, Աննան, հույն Նատաշան և Նիկոլասը: Դավոն էլ հասցրեց մեզ գտնել: Այնպես որ, հինգով էինք:

Աննան առաջարկեց Ռեմբրանդտի թանգարան գնալ: Մի քանի ժամ փնտրեցինք, քարտեզն անգիր արեցինք, մինչև գտանք: Բայց այդ օրն արվեստի օր չէր. թանգարանը փակ էր: Նատաշան գնաց, իսկ ես մյուսներին առաջարկեցի սեքսի թանգարան գնալ: Ի զարմանս ինձ, Աննան չմերժեց. երևի Ամստերդամի մարդաշատ փողոցներում նամուսը թռցրել էին նրա գրպանից։


    

Երբ արդեն ներս էինք մտել, ես փորձում էի գտնել լուսանկարելն արգելող նշանը: Չկար: Հետ վերադարձա ու տոմս վաճառողին դիմեցի.

- Լուսանկարել կարելի՞ է:

- Քեզ՝ այո:

Հետո հասկացա, թե ինչ էր նշանակում նրա դեմքի տարօրինակ արտահայտությունը. ասես ցանկանար ասել. «Թե էդքան համարձակություն ունես, լուսանկարիր. քեզ ոչ ոք չի արգելում»:

Իրոք, թանգարանի պարունակությունն այնպիսին էր, որ ինձ նման «համեստ» հայ աղջիկը չէր ցանկանա որևէ մեկի ցույց տալ, ավելին՝ չէր էլ ուզենա պատմել, որ նման տեղում է եղել:

Կային խուժան տիկնիկներ, առնանդամների արձաններ, ծաղրանկարներ և այլ տարօրինակ բաներ, որ ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի: Մի սենյակ կար, որն անգամ ինձ նման «ամեն ինչ տեսած» փչացած բժշկի համար էր սարսափ: Դռան վրա գրված էր, որ թույլ նյարդերով մարդիկ չմտնեն: Ես էլ, լինելով շատ զգայուն, բայց միևնույն ժամանակ ինադ անող, առանց երկար-բարակ մտածելու մտա:

Մի ամբողջ հարկաբաժնում Նոյի թվի սև ու սպիտակ ***** նկարներ էին: Դրանց իմաստը չհասկացա. չէ՞ որ այսօր ինտերնետը և Ամստերդամը լիքն է ավելի որակով, գունավոր պատկերներով: Լավ, մեկ-երկու պատմական նմուշը հասկանալի է. բա չիմանա՞նք, թե ինչի շուրջ էին հավաքվում 60-70-ականների տղամարդիկ… Բայց մի ամբողջ հարկաբաժինն ահավոր էր… սրտխառնոցի աստիճան: Իսկ ես այնքան էլ բարի պտուղ դուրս չեկա. մի քանի լուսանկարներ արել եմ:
    
     Չէ՛, դրանք էն «փչացածներից» չեն: Ավելի շուտ զվարճալի են ու հետաքրքիր: Մասնավորապես, ինձ վախեցրեց աչքով անող ու ծիծաղող հետույքը, որը մեկ-մեկ էլ թսում էր, բայց հոտ չէր գալիս (էդ մեկը չափից դուրս կլիներ), իսկ կարմիր լապտերների թաղամասի հին ու լավ ժամանակների մինի տարբերակում հավես էր զբոսնելը: Դրանք էլ հենց անմահացրի իմ լուսանկարչական սարքով:


    

Երբ տուն եկա, տանտիրոջս սենյակից տնքոցներ լսեցի: Հյուրասենյակում մոմեր էին վառված:

Շարունակելի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3579 | 0 | 0
Facebook