Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
23:27, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ
     ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
    

Լույսը

Եվ իմ մենության փութանցիկ ժամին
     աչքերիս շուրջը լույսն ահագնանում,
     լույսը շրջվում, գնում է երկինք:

Գնում է վարձ տա ու վերադառնա,
     գնում է աստղի ընթացքը իր մեջ կարգավորելու,
     գնում է հողին բազմաբեղուն օր հայցելու համար:

Նրան ուղեկցող աչքերիս շոգը
     պարզում է նրան
     առավոտների ու առատության գունանկարներ:

Նա գնաց հուշի ու պայծառացման մենանվագով-
     կանայք ասում են — զարդ ուներ կրծքին,
     նա գնաց ցավի ու թռչունների երգեցիկ ձայնով,
     կանայք ասում են -վիշտ ուներ դեմքին:

Նրան ուղեկցող ծառը նվիրեց խնձորի արյուն,
     կանայք ասում են — շատ էր գեղեցիկ,
     նրան ընդառաջ գնացող լեռը
     իր դեմքն հիշելու մոգություն տվեց —
     կանայք ասում են — շատ էր ահարկու,
     հյուրընկալելու պատրաստ խաղողը
     գինու թովչանքը նրա հետ դրեց —
     կանայք ասում են — շատ էր ոգելից:


    

Ժամն է հիմա

Ժամն է հիմա,
     ու դաշտից հեռանում է թուխ տղան
     իր հոգնությամբ զարդարուն ու արևով գինովցած,
     քամին նրա ծնկներից բաժանվել է իբրև քույր —
     նրա քիմքից դուրս թռած մենանվագ է տղան:

Նա գնում է, ու հոգին ծաղկող դաշտի է նման,
     նա գնում է, երկնքից զրնգացող ձայն է գալիս,
     ձայնը՝ փոքրիկ թագավոր — տերունական աղոթքից-
     ուշացել է ու հիմա տեսիլքի մեջ է տղան:
     Եվ թիթեռներ, որ ունեն գույների տաք բազմություն
     ու արևից ոսկեկար մաշիկներ են թռցրել.
     ոսկեզօծված է օրը, թևաբախում է շուրջը,
     և օրերի զարթոնքից —
     հիացքի մեջ է տղան:

Տղան անցնում է զուգված, ճառագայթները ձեռքին,
     ու երկվության շղարշե քողը գցած ձախ ուսին
     նա տանում է դափնիներ՝ առանձնացած շնորհից,
     ու հեռացող լույսերից-
     ցնորքի մեջ է տղան:


    

Անձրևների տոն

Իջեք մրգահոս, զուլալ անձրևներ,
     ձեր աչքը պետք է, որ հեռուն տեսնի,
     նայեք՝ ինչքան է մոլորված ու խեղճ
     այս տխրությունը, որ կոչվում է կին:

Նայեք նրա սառն ու գունատ դմքին,
     ինչ-որ մեկն անցել, ավերել է այն,
     նայեք մարմինը տանող ոտքերին,
     կարծես չեն գնում, սպառնում են լալ:

Նայեք մի քիչ էլ, ծիծաղով նայեք,
     ժիր է մարմինը անձրևին հենված,
     նրա մազերը ուզում են թռչել,
     կարծես թե ունեն թաքուն սանրվածք:

Իջեք մրգահոս, տաքուկ անձրևներ,
     ձեր աչքը պետք է, որ հեռուն տեսնի,
     լույսը ուռչում է, դառնում բլուրներ,
     միամիտ փլվում նրա մերկ կրծքին:


    

Ասեղնագործիր

Ասեղնագործիր մանկան անունը
     կանաչ դաշտի մեջ
     ու պսակազարդ դափնին մոտեցրու նրա մազերին:
     Նրան տուր ծաղկի գեղեցկությունը,
     ծաղկի անունը պահիր երկնքում,
     ու ծաղկի նման հավիտենության ներսում սրբացիր:

Տուր նրան բառը,
     որ զույգ ձեռքերով գրկելուց հետո միայն թոթովի,
     ու քեզ ընծայի այն հրաշք բառը,
     որ դու երազում ասեղնագործել ցանկացար մի պահ:

Ի՜նչ զնգուն ձայն է լցվել դաշտի մեջ,
     ի՜նչ մանրիկ ծիծաղ,
     շուրթերի խաղը տալիս է հիմա բազմաբեղուն օր,
     իսկ դու կարող ես ընթացքը որսալ գույների խաղով.
     ասել — կարմիրը շատ է կամակոր թռչունի ներսում,
     ասել — կապույտը շատ է լեզվանի ջրերի ձեռքում,
     ասել — ցորենը դեղնակտուց է ու շատ սիրելի,
     իսկ սևը՝ լեռան հավիտենության նշանն է միայն:
     Ասեղնագործիր մանկան շշուկը
     քո դեմքի վրա,
     ու ծառից խնդրիր՝ յոթերորդ ճյուղի պտուղը տա քեզ:


    

***
     Շռայլիր ինձ զուգերգի ձայն,
     հնչերգի մեջ թափառող գույն
     ու անհաշիվ օրերի մեջ թուլացող երգ,
     որ կրկնեմ բառեր զույգ-զույգ,
     աներևույթ լինեմ պահը վերծանելիս
     ու հնչերգի տողազարդը
     հրամցնեմ եկվորներին՝
     ուշացածին, տեսանողին ու ծնվողին:
     Որ եկվորը լինի ծաղկող երանելի,
     ուշացողը՝ զրուցասեր,
     տեսանողը՝ այր իմացյալ
     ու ծնվողը՝ որմնանկար առավոտի:
     Շռայլիր ինձ զուգերգի ձայն,
     որ հնչերգի արդուզարդով
     մտնեմ դռնից իմացության
     ու նորոգվեմ, ինչպես լույսը առավոտի:


    

անտիպ
     * * *

Եվ ծառերը հոգնած,
     Անդառնալի հոգնած,
     Պոռնիկների տխուր առավոտվա նման,
     Տարուբերվում, կքվում,
     շնկշնկում են կամաց,
     Սպասում են կանաչ երանության պահին՝
     Հավերժորեն խաբված:

Քամին, քամին, քամին,
     Ու քամիներ անսանձ,
     Փողոցներում շրջող ժամանակից խաբված,
     Հրկիզում են տագնապն իրեղենի, հողի,
     Թափառում են լույսի անփույթ իմաստությամբ,
     Հեգնանքի մեջ արթուն, արբեցումով հղի,
     Շիրիմներին հպվում,
     խենթանում են արյամբ:
     Քամին, քամին, քամին…


    

անտիպ
     ***

Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից,
     Այս էլ քանի դար ես ետ եմ դառնում ու չեմ հասնում տուն,
     Դեղնած խոտերը էլ չեն սպասում երկնքի դարձին,
     Խաղաղված ժայռեր, որոնք նման են իմ հոր շիրիմին:

Դատարկ փողոցներ, ինչքան էլ նայես՝ դատարկ կմնան,
     Խարխուլ տնակներ, որ բախտի նման էլ չեն նորոգվի,
     Եվ սպասումը այնքան պատրույգներ թաղեց սեղանին
     Լույսը կբավեր տաս բերան Նարեկ կարդալու համար:

Ինչո՞ւ անպտուղ այս խոտերի մեջ այդքան սեր դնել,
     Երբ առանց այդ էլ սերը պետք է մեզ ապրելու համար,
     Եվ մենք վաղուց ենք մեզ դրել հոգնած իրերի կողքին,
     Եվ ինքդ նայիր, խարխուլ տների հոգնությունն անցավ:

Ինքդ նայիր, խարխուլ տների հոգնությունն անցավ:
     Աստված հայտնվեց, Ավետարանից երկու թերթ պոկեց,
     Տեսի՞լք էր արդյոք, թե՞ տառապանքի մի նոր հիշատակ,
     Բայց դա եղել է, գուցե չի եղել, Աստված իրեն հետ:

Բայց ես գնում եմ իմ ազատության ոտնաձայնի հետ
     Ու հայտնվում եմ նույնիսկ խորշերում հավիտենության,
     Բայց ես հիշում եմ, որ իմ տան կողքին ուրիշ տուն էլ կար,
     Որ մի պառավ կին միշտ հայտնվում է իր հավերի հետ:

Իմ հայրենիքը ձեր ինչին է պետք, իմ տողն է ձեզ պետք,
     Եվ ես կապույտից երբ կշտանում էի, կարմիրն էի ուզում,
     Սա միայն խաղ էր, երբ ես վազում էի իմ մանկության հետ,
     Այն հիմա արդեն մի խաղալիք է իմ դեղնած հոգում:

Դատարկ փողոցներ, ինչքան էլ նայես՝ դատարկ կմնան,
     Խարխուլ տնակներ, որ բախտի նման էլ չեն նորոգվի,
     Դեղնած խոտերը էլ չեն սպասում երկնքի դարձին,
     Խաղաղված ժայրեր, որոնք նման են իմ հոր շիրիմին:


    

***
     Կարմիր է հողը վարդավառի տաք սրտերի նման:
     Ու կարմրում է երգի մեղեդին,
     Երջանկությունից հալվում է օրը,
     Եվ արեգակի կարմիր փեշերից
     Շղարշվում է ցած տաք երանություն:

Եվ աղջիկների մատաղ սրտերից
     Փախչում են կարմիր, տաք երիվարներ,
     Փախչում են, վազում, ծիծաղում կարմիր
     Հար անխոս, ինչպես աստվածուհիներ:

Եվ արեգակը հպվում է մի պահ
     Կարմիր հարսների կապույտ աչքերին,
     Կարմիր վարսերին, կանաչ փեշերին,
     Որ վարդավառի օրհնությունը տա:
     Կարմիր է հողը վարդավառի տաք երկնքի նման:

***
     Լույսի դարավոր հեզանքից արթուն,
     Ու քամիների ծափ-ծիծաղի հետ,
     Ծաղիկների մեջ, գիշերվա ծոցում
     Թափառում է դեռ
     Խենթ մեղուների հոգին քացրաբույր:

Եվ ծաղիկները լցվում են բույրով,
     Լցվում են կնոջ ստինքների պես,
     Թաթախվում հույսի անմեղ բերկրանքով,
     Որ մեղուն կգա, կանցնի ոչ այնպես:
     Լուսնի դարարվոր հեգնանքից արթուն,
     Բերկրանքի պայթող ալիքների հետ,
     Կարծես ուզում են այն մեկին խաբել
     Ոչ սրտով, այնպես, քամիների հետ:

Անդին 1, 2014

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2643 | 0 | 0
Facebook