Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերժ Սարգսյանի դեղին քարտը Տարոն Մարգարյանին

Միքայել
Հեղինակ`
Միքայել
16:24, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանի դեղին քարտը Տարոն Մարգարյանին
    
Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու համար ձերբակալել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետին: Հայաստանի կառավարման համակարգում դա իհարկե հերթական այդպիսի ձերբակալությունն է: Շաբաթներ առաջ էլ ձերբակալվել էր մի դատավոր, որի ձերբակալությունը առաջացրել էր մի շարք հարցեր` կապված անմեղության կանխավարկածի խախտման հետ:

    
Հետաքրքիր է, որ քաղաքապետարանի պաշտոնյայի ձերբակալությանն անմիջապես արձագանքել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտարարելով, թե «այժմ ընթանում է քննություն: Մենք դատապարտում ենք նման դեպքերը և բոլորս միասին պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այդպիսի աշխատակիցները տեղ չունեն մեր աշխատակազմում»:

    
Նախ, հարկ է հստակեցնել, որ կաշառակերությունը դեռ կոռուպցիա չէ: Կոռուպցիան ավելի լայն եւ խորը հասկացություն է եւ առնչվում է օրինակ այն մտահոգությանը, որ քաղաքապետարանի գործունեության, մասնավորապես հայտարարված մրցույթների կապակցությամբ ամիսներ առաջ արտահայտել էր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Այդ հանձնաժողովը ուսումնասիրել եւ եզրակացրել էր, որ քաղաքապետարանի անցկացրած ճանապարհային ասֆալտապատման մրցույթների զգալի մասը եղել է ոչ մրցակցային:

    
Կոռուպցիայի օրինակ է այն, երբ քաղաքապետարանը որոշում է նկարազարդել Երեւանի դալանները եւ ընդհանուր հատկացվող փողը ներկվելիք դալաններին բաժանելիս ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրը նկարազարդվում է մոտ 1 միլիոն 200 դրամով:

    
Բայց Տարոն Մարգարյանն իհարկե իրավացի է` պետք է պայքարել թե կաշառակերության, թե կոռուպցիայի դեմ, եւ այդպիսի պաշտոնյաները չպետք է տեղ ունենան պետական համակարգում: Միայն թե հետաքրքիր է, որ Մարգարյանն էլ կարծես թե չի փորձում հիշատակել անմեղության կանխավարկածն ու գոնե օգտագործել «եթե ապացուցվի» կամ այդօրինակ ինչ որ արտահայտություն:
Բանը երեւի թե շտապողականությունն է, իսկ Տարոն Մարգարյանը շտապել է արձագանքել, որովհետեւ լավ է հասկացել, թե ինչն է խնդիրը եւ որտեղից է գալիս հարվածը: Դրա համար արժե հիշել, թե ինչ խնդիր է դրել Սերժ Սարգսյանն ԱԱԾ վրա, եւ ընդհանրապես ինչ գործընթաց է ծավալել այդ կառույցում վերջին մեկ տարվա ընթացքում:

    
Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ԱԱԾ ինտենսիվ վերաձեւավորմանը: Դրա մեկնարկը տրվեց նախագահի օգնական, համակարգի հետ առնչություն չունեցած երիտասարդ կադր Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետ նշանակելով: Դրանից հետո Սերժ Սարգսյանը կատարեց մի շարք կադրային էական փոփոխություններ, այդ թվում հուլիսյան դեպքերից հետո, երբ տեղեկություն եղավ, որ ԱԱԾ ներսում եղել է նոր տնօրենի դեմ սաբոտաժի փորձ, ինչը նաեւ հանգեցրել է ՊՊԾ գնդի գրավման գործում իրավապահների աչքաթողության:

    
ԱԱԾ առաջ Սերժ Սարգսյանը 2016 թվականի փետրվարին նոր պետի նշանակմանը զուգահեռ դրել է կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու խնդիր:

    
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ն դարձրել է իր համար անձնապես վստահելի հենարան` ներքաղաքական եւ ներիշխանական գործընթացներում: Իշխող համակարգն անկասկած շատ լավ է հասկանում դա, եւ այդ համատեքստում էլ ընկալում, թե ինչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքար:
Այդ համատեքստում, Տարոն Մարգարյանն իհարկե անմիջապես ընկալել է, որ քաղաքապետարանի պաշտոնյայի ձերբակալմամբ գործ ունի Սերժ Սարգսյանի ցույց տված դեղին քարտի հետ:

    
Տարոն Մարգարյանին ՀՀԿ համագումարում բաժին էր ընկել կուսակցության նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու պատիվը: Դրանից հետո եղավ տեղեկություն, որ Մարգարյանը կստանձնի նաեւ ՀՀԿ Երեւանի կառույցի ղեկավարումը, ինչը անկասկած կուսակցական բավական շոշափելի գործառույթ է: Դրանից էլ բխում է այն, որ Մարգարյանը կլինի նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ թեկնածուն` հերթական անգամ:
Ահա այդ ամենից հետո ԱԱԾ-ն ձերբակալում է Տարոն Մարգարյանի ենթակայությամբ գործող պաշտոնյայի: Սերժ Սարգսյանը դրանով Տարոն Մարգարյանին ըստ երեւույթին փորձեց պահել «գետնի վրա», թույլ չտալով, որ նա իր խնդիրները համարի լուծած եւ հանկարծ մտածի արդեն այլ խնդիրներով զբաղվելու մասին:

    
Տարոն Մարգարյանի արագ արձագանքն էլ թերեւս ակնարկ էր Սերժ Սարգսյանին, որ հասկացել է նրան եւ չկա անհանգստանալու կարիք:

    
Իհարկե, Սարգսյանի ակնարկի նպատակը կարող էր նաեւ լինել ավելի լայն` ՀՀԿ ներսում Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ առկա որոշակի հավակնությունների մրցակցությունը ժամանակից շուտ ինտրիգից չզրկելու համար, ցույց տալով, որ Մարգարյանի ընտրության հարցում ամեն ինչ չէ, որ միարժեք է եւ որոշված:

    
Բանն այն է, որ Սարգսյանի համար այդ ինտրիգն ունի մարտավարական նշանակություն եւ ինչ որ առումով նպաստում է խորհրդարանի ընտրության շուրջ կուտակվելիք լարումը որոշակիորեն լիցքաթափելուն, երբ մի շարք շրջանակների հնարավոր կլինի «փոխհատուցել» Երեւանի քաղաքապետարանով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3352 | 0 | 0
Facebook