Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարչապետը դարդ ու ցավը լսեց, ժպտաց, հեռացավ

Միքայել
Հեղինակ`
Միքայել
20:44, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Վարչապետը դարդ ու ցավը լսեց, ժպտաց, հեռացավ
    
«Հիմա ինձ ասում եք, որ ի՞նչ անեմ»

    
Գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ Շիրակի մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպեց մարզի համայնքապետերին, գործարարներին, ՀԿ ներկայացուցիչներին:

    
Հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը վարչապետին ներկայացրեց մարզի հիմնախնդիրները:

    
-Շիրակի մարզը աղքատության ցուցանիշով ամենաաղքատ մարզն է: Մեզ մոտ աղքատ է բնակչության 45 տոկոսից ավելին: 40, 7 միլիարդ դրամ կազմել է մարզի ձեռնարկությունների ընդհանուր արտադրանքը, որը հանրապետության արտադրանքի 3 տոկոսն է, -ասաց Շիկրակի մարզպետը` շեշտելով, որ մարզում անհապաղ պետք է ստեղծել աշխատատեղեր:

    
Հանդիպման ընթացքում մարզպետն անդրադարձավ նաեւ Շիրակի մարզի անօթեւանության խնդրին: Նշվեց, որ 2017 թվականին Գյումրիում 60 ընտանիքի կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր: Սրան զուգահեռ 2017 թվականին ոչ մի պետական ծրագիր չի իրականացվի գյուղական բնակավայրերի անօթեւանների համար:

    
Հովսեփ Սիմոնյանը թվարկած խնդիրները ցանկացավ եզրափակել ուրախ լուրով: Նշեց, որ մարզում հարկահավաքության կատարողականը հասել է 82 տոկոսի: Վարչապետին ցուցանիշը դուր չեկավ. «Մենք ասում ենք՝ 82 տոկոս հարկահավաքություն, բայց վստահ չենք, որ դա վերաբերվում է բոլոր հարկատեսակներին», -ասաց Կարեն Կարապետյանը եւ մարզի համայնքի ղեկավարներին հանձնարարեց, որ յուրաքանչյուրը հետեւողական լինի իր համայնքի բյուջեի ձեւավորմանը:

    
Այնուհետ վարչապետը ներկա համայնքի ղեկավարներին, գործարարներին խնդրեց ոլորտի զարգացման ծրագրեր առաջարկել:

    
Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն իր մտահոգությունները ներկայացրեց` ասելով, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական նախագծում եղած փոփոխություններից հետո մայրուղին անցնելու է Ազատանի, Արեւիկի, Կամոյի եւ մի քանի այլ գյուղական համայնքների ամենաբերրի հողերով. «Սա լուրջ խնդիր կստեղծի գյուղատնտեսության համար», -ասաց Վ. Իկիլիկյանը եւ առաջարկեց ստեղծել հատուկ հանձնախումբ, խնդիրը կարգավորելու համար հանձնախումբ ընգրկել որոշ գյուղապետերի:

    
-Տեղյակ եմ, խորհրդակցություն է գնում, Ձեզ կպատասխանեն, -հակիրճ պատասխանեց Կարեն Կարապետյանը, ապա, լսելով «Իգիթ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատիրոջ այն բողոքը, որ արտադրանքը չի իրացվում, ոլորտը մենաշնորհային է, նշեց. «Ինձ բիզնես ծրագրեր առաջարկեք, կքննարկենք»: Վարչապետի այս խոսքից հետո «Իգիթի» սեփականատերը ցածր տոկոսադրույքով 400 հազար ԱՄՆ դոլար վարկ խնդրեց: Կարեն Կարապետյանը ժպտաց եւ խոստացավ կառավարությունում գործարարի պահանջը քննարկել:

    
Որոշ համայնքապետեր բարձրաձայնեցին անասնապահությանը, հողագործությանն առնչվող հիմնախնդիրներ: Մասնավորապես, Բավրայի համայնքապետը նշեց, որ գյուղում այս գյուղատնտեսական տարում հնդկաձավարի մշակմամբ են զբաղվել: Բերքը առատ է եղել, բայց հնդկաձավարի հավաքման տեխնիկա չունեն: «Հիմա ինձ ասում եք, որ ի՞նչ անեմ: Դուրսը կոմբայն չկա, որ բանալին տամ, ասեմ՝ խոդի գցի գնա», -ծիծաղելով ասաց Կարեն Կարապետյանը եւ նորից բիզնես ծրագիր պահանջեց:

    
Հանդիպման ավարտին լրագրողները Կարեն Կարապետյանին հիշեցրին, որ որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր 500 աշխատատեղ ապահովել, բայց չարեց, միաժամանակ Կ.Կարապետյանից հետաքրքրվեցին, թե նա գյումրեցիներին ինչ է խոստանում. «Ես թիվ չեմ խոստանում, բայց ծրագիր կա», -եզրափակեց Կ.Կարապետյանը:

    
Ն. Կիրակոսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3029 | 0 | 0
Facebook