Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերժ Սարգսյանի դաժան քայլը

Միքայել
Հեղինակ`
Միքայել
20:16, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանի դաժան քայլը
    
Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձով Սերժ Սարգսյանը բավական անխնա, նույնիսկ որոշակիորեն դաժան վերաբերմունք ցուցաբերեց այն ՀՀԿ-ականների հանդեպ, որոնց մինչեւ 2015 թվականի փետրվար «արգելել» էր օգտագործել «Դոդի Գագո» արտահայտությունը, իսկ 2015-ի փետրվարի 12-ին տվեց դրա «իրավունքը»:
Եվ նրանք բոլորը մեկ գիշերվա ընթացքում այդ «իրավունքը» օգտագործեցին այնքան` տեսախցիկների եւ խոսափողերի առաջ, որ հիշվում է արդեն մոտ երկու տարի: Հենց դրա հետ կապված հարցերով էլ լրագրողները ողողում են ՀՀԿ-ականներին, Ծառուկյանի վերադարձի գործընթացի ծավալմանը զուգահեռ:

    
ՀՀԿ անդամները լրագրողների այդ հարցերից հայտնվում են բավական անհարմար վիճակի մեջ, քանի որ ներկայում ստիպված են հանդես գալ Գագիկ Ծառուկյանի վերադարձի կապակցությամբ առնվազն «զգուշավոր չեզոքությամբ»: Ընդ որում, ժամանակի ընթացքում նրանց կարող է «արգելվել» չեզոքությունը, եւ նրանք ստիպված կլինեն ավելի ու ավելի բացահայտ ողջունել Ծառուկյանի վերադարձը եւ անգամ մտնել Ծառուկյանի եւ նրա գլխավորելիք բեւեռի հետ քաղաքական-գաղափարական բանավեճի մեջ, որպեսզի դրանով լեգիտիմություն հաղորդեն երկրորդ բեւեռին: Այսինքն, նրանց ճնշող մեծամասնության համար ամենածիծաղելին դեռ առջեւում է:

    
Կուսակցության նախագահն իսկապես բավական անգութ վերաբերմունք ցուցաբերեց իր կուսակիցների հանդեպ, թույլ տալով, որ իրականություն դառնա Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

    
Ինչ խոսք, դա արվում է հենց նրանց իսկ շահից ելնելով: Ի վերջո, առանց Ծառուկյանի Սերժ Սարգսյանի համար չափազանց բարդ կլինի լուծել այդ կուսակիցների վերարտադրության խնդիրը: Սերժ Սարգսյանը դրա համար տքնում է օր ու գիշեր, իր վրա վերցնում հանրության անխնա քննադատության բեռը, եւ այդ պայմաններում կուսակիցներից պահանջվում է շատ քիչ բան` ընդամենը հայտնվել ծիծաղելի վիճակում: Փոխարենը, նրանք կրկին կլինեն խորհրդարանական մեծամասնություն, այն դեպքում, երբ տրամաբանության եւ բանականության բոլոր կանոնները դեմ են դրան:

    
Առավել եւս, որ իրավիճակը կարող էր լինել շատ ավելի վատ, եւ Ծառուկյանը իր նախընտրական գործառույթի դիմաց կարող էր Սարգսյանից պահանջել փետրվարի 12-ի գիշերը զվարճացած ՀՀԿ-ականներին պատասխանատվության ենթարկելու «իրավունք», համաձայնելով վերադառնալ միայն այդ պայմանով: Բայց Ծառուկյանը հայտարարեց, որ ներողամիտ է, թող ոչ ոք չվախենա, նա չի պատժի ոչ ոքի: Այնպես որ, անհարմար, ծիծաղելի վիճակը, որում հայտնվել են հանրապետականները, թերեւս իսկապես ամենամեղմ եւ անվնաս վիճակն է այն ներհամակարգային ու ներքաղաքական բարդ գործընթացում, որ առկա է Հայաստանում 2017 թվականի խորհրդարանի ընտրության շեմին:

    
ՀՀԿ համար մտահոգիչը պետք է այլ բան լինի: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի վերադարձը մի շարք գործոնների ազդեցության պայմաններում Սերժ Սարգսյանին կտա նախընտրական իրավիճակը վերահսկելու գործում ՀՀԿ մեծամասնությունից հնարավորինս քիչ կախվածության հեռանկար: Իսկ եթե Սերժ Սարգսյանը քիչ կախված լինի այդ մեծամասնությունից, կնշանակի, որ այդ մեծամասնությունը շատ կախված կլինի օդից, կամ այդ մեծամասնությունից շաերը կախված կլինեն օդից, կամ «օդում կախված խոսակցություններից»:

    
Ի վերջո, ոչ մի երաշխիք չկա, որ ելնելով իր քաղաքական ծրագրերից, Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ փետրվարի էլ հայտարարի, թե ինքն էր Գագիկ Ծառուկյանին «արգելել» պատասխանատվություն պահանջել իր հասցեին արված արտահայտությունների համար:

    
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3417 | 0 | 0
Facebook