Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԻԵԶԵՐԱԼՈՒՅՍ ՀԱՅՐԵՐԸ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ

18:27, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
ՏԻԵԶԵՐԱԼՈՒՅՍ ՀԱՅՐԵՐԸ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ

Խաչի Նշանը պատկերում ենք և՛ տաճարների, և՛ պատերի, և՛ դռների վրա, և՛ երեսներին ու պատկերացնելով մեր մտքերում հատուկ ուշադրությամբ, որովհետև այդ մեր փրկության նշանն է, ընդհանուր ազատության և մեր Տիրոջ խոնարհության Նշանը։ Իսկ Կոնստանդին կայսրի ժամանակ Խաչի Նշանը դրվել է նաև զենքերի վրա։

«Ոչ ոք թող չամաչի Խաչի նշանից, որը մեր բոլոր բարության աղբյուրն է, որի շնորհիվ կանք ու ապրում ենք և կրենք այն, ինչպես փառքի պսակ, քանզի մեր բոլոր խորհուրդները, եթե վերստին ծնվել է պետք, եթե Երկնային Հաց ենք ուզում ճաշակել, եթե ուզում ենք ձեռնադրել, ամեն տեղ այդ Նշանն է դրվում ու Նրանով են իրականանում» ։

Երբ Խաչակնքվում ես, մտածիր Խաչի ահավոր զորության մասին և հանգցրու բարկությունդ ու մնացած մոլություններդ։ Երբ խաչակնքվում ես, հոգիդ թող ազատագրվի, իսկ դեմքդ համարձակությունով լցվի։ Խաչը միայն մատներով պետք է չպատկերվի, այլ դրանից առաջ ամուր հավատի կամքով հաստատվի։ Եվ եթե դու այդպես խաչակնքվես, ոչ մի պիղծ ոգի չի կարող քո մոտ կանգնել, որովհետև նա կտեսնի մի սուր, որն իրեն մահացու հարված է տվել։ Երբ մենք տեսնում ենք մահապարտների կառափնարանն ու դողում ենք վախից, մտածի՛ր, թե ինչպես են տանջվում սատանաներն ու դևերը՝ տեսնելով այն զենքը, որով Քրիստոսը հաղթեց նրանց բոլոր զորությունը, կտրեց հին օձի գլուխը։ Ու դու մի ամաչիր այդքան զորավոր Խաչից, որ Քրիստոսն էլ քեզ համար չամաչի վկայել, երբ գա Իր փառքով, երբ Իր առջևից երևա Խաչի նշանը՝ ավելի պայծառ, քան արևի ճառագայթները։ Այդ Նշանով բացվե-

ցին դժոխքի դռները, ոչնչացվում է թույնի զորությունը, քանզի այդ Խաչը մոլորակը փրկեց, հեռացրեց մոլորությունը, վերադարձրեց ճշմարտությունը և երկրից երկինք դարձրեց, մարդկանցից՝ հրեշտակներ։

Խաչի պատճառով դևերը այլևս սարսափելի չեն և արժանի են արհամարհանքի, Նրանով մահը այլևս մահ չէ, այլ երկարատև քուն, և մեր վրա իշխող ամեն զորություն ոտնատակ է տրված։

Խաչը նախկինում անվանվում էր դատապարտության գործիք, իսկ այժմ այն դարձավ ցանկալի և գովելի։ Նախկինում Խաչը խայտառակության ու տանջանքի առարկա էր, իսկ այժմ դարձավ փառքի և պատվի առարկա։ Իսկ որ իսկապես Խաչը փառավոր է, լսիր Քրիստոս Հիսուսին, որն ասում է. «Հայր, այժմ փառավորիր Ինձ այն փառքով, որ ունեի Քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17։5), Խաչը փառք անվանելով։

Խաչը մեր փրկության գլուխն է, Խաչը բազմաթիվ բարությունների պատճառն է։ Նրա միջոցով մենք, որ մերժված ու անփառունակ էինք, այժմ որդիների շարքն ենք ընդունվել, նրա միջոցով մենք, մոլորությունից դուրս գալով, ճանաչեցինք ճշմարտությունը, մենք, որ նախկինում երկրպագում էինք փայտին ու քարին, այժմ Խաչով ճանաչեցինք մեր Արարչին, նրա միջոցով մենք՝ մեղքի ստրուկներս, դարձանք ճշմարտության ազատությանը, և, վերջապես, Խաչով երկիրը երկինք դարձավ։

Նա կայացրեց Աստծո և մարդու միջև հաշտությունը, նա մեզ վեր հանելով անբարոյականության վիհից՝ բարձրացրեց մինչև առաքինության գագաթը։ Նա ոչնչացրեց դիվական մոլությունները և վերացրեց գայթակղությունը։ Նրա միջոցով այլևս դադարեց անբան անասունների արյան հեղումը, և ամենուր լսվեցին սաղմոսերգություններ և աղոթքներ, նրա միջոցով դևերը փախուստի մատնվեցին, սատանան հեռացվեց, նրա միջոցով մարդկային էությունը սկսեց մրցակցել հրեշտակային կյանքով, նրա միջոցով անարատություն հաստատվեց երկրի վրա։ Քանզի այն ժամանակից ի վեր, երբ Կույսից Ծնվածը եկավ, մարդկային սերունդը ճանաչեց ողջախոհության առաքինությունը։ Նա մեզ՝ խավարում նստածներիս, լուսավորեց՝ ազատելով նախկինում գերյալներիս, Նա մեզ՝ հեռավորներիս, մոտիկներ դարձրեց, Նա մեզ՝ նախկինում օտարականներիս,

երկնքի քաղաքացիներ դարձրեց, Նա մեզ աշխարհի սյուներ դարձրեց։ Խաչի միջոցով մենք այլևս չենք վախենում սատանայի կրակոտ նետերից, քանզի գտել ենք Կյանքի աղբյուրը, նրա միջոցով դադարեցինք այրիներ լինելուց, քանզի Փեսային գտանք, նրա միջոցով մենք այլևս չենք վախենում գայլից, որովհետև Բարի Հովվին ճանաչեցինք (Հովհ. 10։ 11) ։ Նրա միջոցով մենք այլևս չենք երկնչում տանջողից, որովհետև մոտեցանք Թագավորին։ Տեսնո՞ւմ ես ինչքան բարիքների է արժանացրել մեզ Խաչը։ Խաչի վրա զոհաբերություն է կատարվել, իսկ որտեղ զոհն է, այնտեղ մեղքերի թողությունն է, այնտեղ հաշտություն է Աստծո հետ, այնտեղ տոն ու ուրախություն է. «Քանզի Քրիստոս՝ մեր Զատիկը, մորթվեց» (Ա. Կորնթ. 5։7) ։ Եվ այսպես, Խաչը ճշմարտապես մեր տոնն է։ Նա բացեց դրախտը ու ավազակին այնտեղ մտցրեց։ Նա մեծագույն երկու գործ արեց. դրախտը բացեց և ավազակին այնտեղ մտցրեց՝ վերադարձնելով նրան հինավուրց հայրենիք։ Այդ պատճառով թող ոչ ոք չամաչի մեր փրկության պաշտելի ու երկրպագելի Խաչից, որով մենք ապրում ենք, և որը բոլոր բարիքների սկիզբն է։ Եվ ինչպես պսակ՝ կրենք Քրիստոսի Խաչը, որովհետև նրա միջոցով կատարվում է ամեն բան, ինչ-որ անհրաժեշտ է մեր փրկության համար։ Ուզո՞ւմ ենք նորից ծնվել մկրտությունով, մեզ Խաչն է առաջարկվում, ուզո՞ւմ ենք ըմբոշխնել խորհուրդներով, հարկավոր է ձեռնադրություն, կամ ուրիշ այլ բան անել, մեզ ամենուր Խաչի հաղթանակի նշանն է անհրաժեշտ։ Այդ պատճառով մենք ամենայն հավատով Խաչը պատկերում ենք տներին, պատերին, դռներին, մեր երեսներին, մեր սրտերին, որովհետև Խաչը մեր փրկության դրոշն է, մեր Տիրակալի ողորմությունը, որը մեզ համար մունջ ոչխարի նման մորթվելու տարվեց (Եսայի 53։7) ։

Այդ պատճառով, երբ խաչակնքվում ես, պատկերացրու Խաչի ամբողջ նշանակությունը, որ մարի բարկությունդ ու մնացած մոլություններդ։ Երբ խաչակնքվում ես, թող քո դեմքի վրա արտահայտվի կենդանի վստահությունը, իսկ հոգիդ ազատագրվի, ու ոչ միայն մատներով պատկերի Խաչի նշանը, այլև դրան թող նախորդի սրտի բարեհաճությունն ու լի հավատը։ Եթե այդպես պատկերես դեմքիդ Խաչի նշանը,

ապա ոչ մի չար զորություն չի կարող քեզ մոտենալ՝ տեսնելով այդ զենքը, որով նա խոցվել է ու մահացու վերք է ստացել։ Որովհետև ինչպես մենք ենք վախով նայում այն գործիքներին, որով մահապատժի են ենթարկում հանցագործներին, ապա պատկերացրու, ինչպես են դողում սատանան ու դևերը, տեսնելով այն զենքը, որով Քրիստոս Տերը ցրեց նրանց զորությունը ու կտրեց սատանայի գլուխը։

Եվ այսպես, մի ամաչիր այդ մեծ բարությունից, ու քեզ չի ամաչեցնի Հիսուսը, երբ Իր փառքով վերադառնա, ու այդ նույն Խաչի նշանը արևից էլ պայծառ պիտի երևա Իր գալուստից առաջ։

Այդ ժամանակ Խաչը իր հայտնությունով կարծես պիտի վկայի, որ Տիրոջ կողմից ամեն բան արվել է, ինչ որ հարկավոր է։

Այս նշանը, թե հնում և թե այս ժամանակներում, ազատել է բանտարկյալներին, խլել է մահացու զորությունների ուժը, ոչնչացրել է թույնի զորությունը։ Որովհետև եթե Խաչը բացել է դժոխքի դռները ու երկնքի հաստատությունը՝ նորից բացելով դրախտի դռները, քանդել է սատանայի ամրոցը, ապա ի՞նչ կա զարմանալու, որ այն ոչնչացնում է մահաբեր թույների ու գազանների և նման բաների զորությունը։

Եվ, այսպես, պատկերի՛ր Խաչը նախ մտքիդ և հոգուդ վրա, քանզի երբ Խաչը մեզ հետ է, ապա դևերը սարսափելի ու վտանգավոր չեն, իսկ մահը մահ չէ, այլ քուն։ Խաչով բոլոր թշնամիները պարտված ու կոխկրտված են։ Այդ պատճառով Խաչը մեր պարծանքն է, բոլոր բարիքների սկիզբը, մեր համարձակությունն ու զարդարանքը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5715 | 0 | 0
Facebook