Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգեվիճակ, որ կուլ է տալիս ապրելու ցանկությանը..

Any8
Հեղինակ`
Any8
01:49, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
Հոգեվիճակ, որ կուլ է տալիս ապրելու ցանկությանը..
     Մինչև այսօր մտածում էի, թե երազկոտ լինելս առավելություն է, որ այն մեջս արմատացնելով կկարողանամ կյանքի հորձանուտից թորել ամենագեղեցիկն ու ամենահրաշալին, իսկ երևակայությունս ու զգայունությունս իրենց հերթին կօգնեն թեթև ապրել: Բայց արի ու տես ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, հատկապես այն ժամանակ, երբ քեզ զգում ես հեքիաթի հերոսուհու դերում ու հանկարծ քեզ է դիպչում իրականության սև ամպը: Ուժեղ հարվածից կոտրվում ես, իսկ փոշիացած երազանքներդ թափվում են գլխիդ, սողոսկում կոպերիդ տակ, հաստ շերտով, փառի նման նստում բիբերիդ ու կուրացնում: Հիասթափությունը դառնում է ամենօրյա անցանկալի հյուր, տխրությունը` միակ հոգեվիճակ, ալարկոտությունը` սիրելի զբաղմունք...
    
Ու այդ ժամանակ զգում ես` ինչքա՜ն դժվար է ճոճվել կյանքի ունայնության ալիքների վրայով, ինչքա՜ն ճնշող է, երբ շրջապատող ամեն ինչ գերեզմանային մթություն է հիշեցնում, երբ ապագան սկսում ես տեսնել ամենամուգ գույներով, երբ ներսիդ Անհասկանալիի ճչոցը խլացնելու համար դիմում ես արհեստական միջոցների, երբ կաշվիցդ դուրս ես գալիս սիրտ ուղեղ, հոգի բանավեճից խուսափելու համար, բայց ապարդյուն, համառ հարցերն ավելի հզոր են, իսկ հոգեվիճակդ գցում է քեզ մանկական կիսագիտակցական մշուշ, ուր ծվարում ես իրականության ու երազանքի արանքում:
Մարդաշատ վայրերը, անփայլ, անօգնական ժպիտները, կեղծ ու անկեղծ խոսքերը ու մնացած ամեն ինչ դառնում է անտանելի ու ազդող:Գլխումդ իրար փաթաթված անիմաստ մտքերի շղթան սկսում է ամրանալ, ծանրանալ, փոխարենը ` թուլանում է ուղեղիդ երբեմնի եռանդուն աշխատանքը:Լսում ես երակներովդ թափառող արյան ճիչերը, որ անհանգիստ ու բորբոքված հոսում է, բայց ինքն էլ չգիտի ինչու: Լեզուդ, որ երբեմն առաջ էր վազում մտքերիցդ , քայլել չի կարողանում, չի կարողանում անգամ խոսք կոչվածին դուրս հրել բերանիցդ: Քեզ սկսում ես տարօրինակ, բարդ ու անհասկանալի համարել:Ինքնագնահատականդ նվազում է այն աստիճան, որ թուլությունը պահի ազդեցության տակ ընդգրկում է քեզ ամբողջությամբ ու համոզում, որ քեզ ավելի շատ է սազում, քան ուժեղությունը: Ու ամենավատը գիտե՞ք որն է, այն, որ նման դեպքերում միշտ ճնշող երգերն են հաճելի, տխուր, ճնշված մարդիկ, որ հետդ կլացեն, կկիսեն հոգեվիճակդ, իսկ սփոփանքի խոսքերն ուղղակի սպանում են կիսվելու ցանկությունդ ու մարում են այն վերջին հւյսերդ, թե քեզ գոնե մի փոքր հասկանում են:
Ոչինչ, ոչ ոք ....Գոռալ, լացել, փախչել, առանձնանալ...
     Է՜խխխխ իմ բարեկամ, Մենակությու՛ն, քեզնից ինչքա՜ն հեռու ենք փախչում, այնքա՜ն ավելի ու ավելի ենք մոտենում: Գիտե՞ս, ես որոշել եմ մտերմանալ քեզ հետ, քեզ դարձնել հավատարիմ, որ ներս քայքայող հոգեվիճակը միասին հաղթահարենք: Իհարկե կներես ինձ, որ խնայված գումարի նման եմ վերաբերվելու քեզ, բայց այլ ելք չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ: Կամքի ուժն ավելի հզոր ու զարգացած է ներսումս ու կկարողանամ նման հոգեվիճակում քեզ ընկերակցելուց հետո ուշքի գալ ու քեզ չկարոտել...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5370 | 5 | 0
Facebook