Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանկության հրաշքը

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
19:00, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2012 թ.
Մանկության հրաշքը

Ձեռքիցս գցեցի, գլորվեց գնաց ու տարիների ոլորաններում կորավ անհոգ ծիծաղս, կորան պարանն ու ռեզինը, գնդակն ու օղակը`կորավ մանկությունս:ՈՒ հիմա որքան շուրջս եմ նայում, փնտորում եմ ամենուր, միևնույնն է չկա այն, չկան այն անհոգ օրերը, չկան հին ընկերները:Այդ բոլոր օրերը մնացին օրացույցից կախված, հիշողությանս թևերին ու ալբոմիս էջերում:Այսօր միայն դրանք ունեմ, որպես անցյալի վկաներ, որոնք կարծես հուշում են, որ այս ամենն իրական է եղել, որ մի ժամանակ իրոք ամեն ինչ վարդագույն էր, կյանքը հեքիաթ, ամենամեծ ցավը ֆիզիկականն էր, իսկ ամենից մեծ հիասթափությունը Ձմեռ պապակի բացահայտումը:Միամիտ հարցեր, գիշերային երազներ, շոկոլադ ու բամբակ..ՈՒր են այդ օրերս, միթե ժամանակն այսչափ դաժան է բոլորիս հանդեպ, պատից կախված հայելին կարծես ծաղրանքով հուշում է, որ ժամանակը վազում է, իսկ դու չես էլ նկատում, թե ինչպես մեծացար, կյանքը հոսում է, տարիներն անցնում ու քեզանից ոչ ոք թույլտվություն չի էլ հարցնում, ուղղակի օրերը մթնում են, ձմեռները դառնում գարուն, ժպիտներն արցունքով մաքրվում ու երիտասարդ մաշկդ կնճիռներով է պատվում:
     Բայց սպասեք, թողեք, թողեք մի քիչ էլ երազով ապրեմ, անցյալի անուշ երազով`մանկության հուշերով:ՈՒզում եմ, որ էլի սրտիս փոխարեն այտս ցավա, հարազատի փոխարեն խաղալիքս կորցնեմ, իսկ արցունքներն էլ միայն տիկնիկիս աչքերում տեսնեմ:ՈՒզում եմ նորից վազքով բակ իջնել, կլաս գծել, թռչկոտել, գնդակ խաղալ, բամբակ ուտել, մոռանալ հոգումս տիրող քաոսն ու պարզապես ուրախանալ եղածով:Էլի ուզում եմ քնելուց առաջ հեքիաթներ լսել, ուր բարին հաղթում է չարին և ուր միշտ երկնքից ինձ խնձոր էր բաժին հասնում: ՈՒզում եմ էլի վախվորած մտնել դպրոց, հուսահատ նայել հեռացող մայրիկի ետևից ու անհամբերությամբ սպասել նրա գալստին:ՈՒզում եմ էլի նստեմ հայրիկիս ուսերն, որ բոլորից բարձրահասակը լինեմ...ուղղակի նորից ուզում եմ մանուկ լինել:
     Հիմա, երբ պատուհանից դուրս եմ նայում հասկանում եմ, որ իմն ուրիշ էր, մեր մանկությունն այլ էր, այսօրվա երեխաներն ամեն ինչ տեսնում են միայն համակարգչի մոնիտորի սահմաններում, քչերն են դրսում ֆուտբոլ կամ պարան խաղում կամ ձմռանը ձնեմարդ պատրաստում:Այսօր արդեն 5 տարեկանից սկսած ձմեռ պապիկին չեն հավատում, իսկ 12-13 տարեկան աղջիկներն արդեն երկրորդ կեսին են որոնում:Ախր նրանք չեն հասկանում, որ իրենց կյանքի լավագույն տարիներն են վատնում, միշտ էլ կհասցնեն մեծանալ, իսկ մանկությունը երբեք չի վերադառնում ու կգա մի օր, որ նրանք էլ ինձ նման կուզեն ետ տալ ժամանակն ու նորից մի քանի ժամով թեկուզ վերադառնան մանկություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4229 | 3 | 0
Facebook