Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am

Makaleler

ԾԱՂԿՈՑ /պատմվածքաշար/

11:20, cuma, 11 оcak, 2019
ԾԱՂԿՈՑ /պատմվածքաշար/

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ՈՒ ՃՆՃՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ


    

Փոքրիկի հայացքը դիպավ պատուհանին: Թեթևակի քրտնած ապակիներից այն կողմ, լվացքի պարանին ճնճղուկ կար նստած: Աղջնակը լարվեց, չէր շնչում, որպեսզի չվախեցնի թռչնակին: Ճնճղուկը մի տեսակ փքված էր, երբ ավելի ուշադիր նայեց, տեսավ՝ դողդողում է: Առատորեն ձյուն էր թափվում:

-Վայ, մրսում ես, հա՞, ծիտի՛կ…

Թռչնակն ասես զգաց փոքրիկի հայացքը, լսեց կիսաշշուկ ասվածը: Ցատկեց ճաղաշարին, այնուհետ՝

-Տու՛կ, տու՛կ, -կտցահարեց ապակին:

-Ինձ է կանչում, -Տաթը ելավ հատակից, ուր խաղալիքներով շրջապատված՝ իր բանին էր:

Մոտեցավ պատուհանին, դեմքը հպեց ապակուն:

-Ի՞նչ ես ուզում:

Թևավորը բացուխուփ արեց բերանը:

-Ուզու՞մ ես ներս գալ:

Պատասխանը գլխի դրական շարժում էր: Երեխան մոտեցրեց աթոռը, ելավ վրան ու ձգվելով՝ դժվարությամբ բացեց օդանցքը:

-Արի, արի:

Թևերի մի քանի շարժում, և ճնճղուկը հայտնվեց օդանցքում, ապա՝ մահճակալի կողափայտին:

-Ես եկա…

-Եկ, սիրունս: Մրսա՞ծ ես, -աղջնակը փակեց օդանցքը:

-Շա՜տ, -հնչեց պատասխանը, որն այս անգամ ընդամենը ծլվլոց էր:

-Եվ սովա՞ծ, -վազեց խոհանոց, ետ եկավ՝ բռում բրինձ: -Կե՛ր:

Ճնճղուկն սկզբում դժվարությամբ, տաքանալուն զուգընթաց ավելի ու ավելի արագ էր կտցահարում հատիկը:

Հիմա խմիր, -Տաթն ընթացքում բերած գավաթով ջուրը դրեց հատակին:

Թռչնակը կում արեց, նայեց առաստաղին, դարձյալ կում արեց, թափահարեց մարմինը, թռավ պատուհանագոգին:

-Ու՞ր:

Ծիտիկն սկսեց ծլվլալ, ինչ-որ բան էր կամենում հասկացնել:

-Ուզում ես դու՞րս գալ. ինչու՞ չէ՝ կշտացար, տաքացար, -Տաթը դժկամ բացեց օդանցքը:

Ճնճղուկը թևին տվեց:

-Չուզեց Տաթի հետ խաղալ, -սրտնեղած՝ խաղալիքներին բողոքեց երեխան:

Նոր էր տրվել խաղին, երբ ապակին տկտկացրին: Տաթը բարձրացրեց գլուխը: Լվացքի պարանը, պատուհանի վանդակաճաղերը ծեփված էին ճնճղուկներով:

-Քաղցրիկնե՜րս...-աղջնակն այս անգամ ամբողջ փեղկը ետ տարավ:

Ճնճղուկները երամով տուն լցվելով՝ նստեցին՝ ով որտեղ կարող էր, հարմար: Տաթը վազեց խոհանոց: Հին հաց կար՝ գրեթե մի ամբողջ բոքոն: Փշրում էր, լցնում հատակին: Ճնճղուկները շրջապատել երեխային, հավաքում էին հացի մանրոնը: Համարձակներն անմիջապես ձեռքից էին կտցում, պատառիկ պոկում բոքոնհացից: Անպատմելի, անկարագրելի ճլվլոց էր սենյակում: Տեսարանը շունչ, ոգի էր տվել և խաղալիքներին: Ժպտում, ուրախ ծամածռություններ էին անում Արջուկը, Փիսոն, Իշուկը, Կոկոլիս-Կոկորդիլոսը, Ավեսիկ-Աղվեսը, Հաֆոն, Բադոն, մյուսները: Կիսաբաց Աբենին-Այբբենարանից ծիկրակում էին Ջայլամը, Գետաձին, Սարյակն ու Լորիկ-Փորիկը…

Հանպատրաստից հանդեսը երկար կշարունակվեր, եթե միջանցքում չլսվեր բանալու՝ փականքի մեջ մտնելն ու լեզվակի չրխկոցը:

-Մենք թռանք, -ծիտիկներից առավել վախվորածներն արդեն դիմացի բարդուն էին, մյուսները մեկմեկու առաջկտրուկ՝ հետևեցին նրանց:

-Էլի կգա՞ք, -Տաթը փաղաքուշ հարցրեց վերջին թռչնակին, որն իր ճնճղուկն էր, ամենա-ամենա-ամենալավը:

-Իհարկե: Դու ևս արի: Մենք միշտ դրսում քեզ կսպասենք:

Հայրը բացեց դուռը.

-Տա՛թ, ինչու՞ ես հատակին նստել, ձագուկ: Ցուրտ է, ձյուն է գալիս:

-Ցուրտ չէ, տաք է: Ճնճղուկը, տե՛ս, էլ չի մրսում, սոված չէ, -աղջիկը խաղալիք ճնճղուկը մեկնեց հորը: -Ճիշտ եմ ասում:

Ինչ խոսք…-գորովալից հաստատեց հայրը՝ գիրկն առնելով դստերը:


    
    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ԱՐՋՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Արևմտոց էր, ու արջուկը չկար: Ստվերները երկարել, կտրել էին կիրճը:

-Քոթո՜թ…

Լռություն:

-Քոթոթի՜կ…

Ձեն-ձուն չկար: Մութը լրիվ կոխեց:

-Քոթ, այ քոթ, -մոր ձայնում տագնապ կար, որը քիչ անց խուճապի փոխվեց:

-Որտե՜ղ ես…

-Հերիք գոռաս, բրդոտ, չես թողնում քնենք, -դժգոհեց սկյուռիկը, որ արջերի լեզուն բոլորովին չգիտեր ու չէր ըմբռնում մոր հուզմունքը:

-Ձագու՜կ, -հուսակտուր կանչում էր արջը:

Սկյուռը խծեց բնի բերանը, քուն մտավ: Մյուս չորքոտանիների, զեռունների, թևավորների պետքը չէր. որը կողակցին, որը ձագուկներին թևի տակ, գիրկն առած՝ մրափում էր, բացի բվեճից: Դե, նրան ի՞նչ քուն. որսի ժամ էր:

-Ի՞նչ է եղել, արջ եղբայր, -ձայնեց բուն:

-Ձագս չկա, չգիտեմ ուր է: Թե կարող ես, օգնիր: Մի օր էլ ես պետք կգամ:

-Գնամ փնտրեմ, -բուն անաղմուկ թևեց:

Առպահ անց վերադարձավ.

-Հետևիցս արի:

Մութ էր: Շատ էր մութ: Արջը, որ խավարի սովոր չէր, դժվարությամբ էր առաջանում: Բուն թփուտների վերևով էր գնում, ծուռթաթը՝ մացառները ջարդոտելով: Լավ էր, շուտ հասան պոպոքնոցին: Ծանոթ տեղ էր, բայց…

-Էս ի՞նչ է, -արջը լոք տվեց, անցավ:

-Ցավեցրիր, կամաց, -թնկթնկոց եկավ ցածից:

-Քոթո՞, -արջը կռացավ: -Քիչ մնաց տրորեի, դու՞ ես:

-Ես եմ:

-Քնով ես ընկել: Այ, այ: Բա որ հիվանդանայի՞ր. գետինը խոնավ է:

-Տաթն ու՞ր է:

-Ո՞վ է Տաթը, ձագ:

-Աղջիկը, չգիտե՞ս: Մենք իրար հետ խաղում էինք:

Մայրը հոտոտեց.

-Ճիշտ որ՝ մարդահոտ եմ առնում:

-Բնի մոտ, բնի, -վերևից հուշեց բուն:

-Էս, հո, լրիվ երեխա է: Ել, ել տեսնենք ի՞նչ ունես ծմակում:

Տաթն աչքերը բացեց, տեսավ կանգնած են մայր ու զավակ:

-Դու արջն ես, ինքը՝ քո ձագուկը: Ես ձեզ գրքերից գիտեմ, -հետո իր համարձակությունից շփոթվեց: -Բարև ձեզ:

-Բարև, աղջիկս: Դու ո՞նց ես այստեղ հասել:

-Հայրիկիս հետ:

-Իսկ որտե՞ղ է նա:

-Կորցրի, -լացակումեց աղջիկը:

-Ոչինչ, կգտնենք, հեռու գնացած չի լինի: Պատմիր, տեսնենք ինչպե՞ս եղավ:

-Ինքը մասուր էր քաղում, ես թիթեռի ետևից վազեցի, վազեցի՜…

-Վե՞րջը:

-Հետո տեսա, մենակ եմ: Ձայն տվեցի՝ հայրիկ, հայրի՜կ… Չպատասխանեց:

-Ախ, ախ, մեկմեկուց չեք տարբերվում, -մայրը գիրկն առավ երկուսին էլ: -Գնանք տուն, գնանք: Բու, Աստված բոլոր բվեճներին պահապան: Բարի գործ արիր: Բան է, թե տեսնես հորը, ասա՝ արջը տուն տարավ, թող չվախենա:

Ճամփա ընկան:

-Սպասիր, բա իրար ինչպե՞ս գտաք:

-Ես եկա աղբյուրը ջուր խմելու, տեսնեմ ընկուզենինների տակ կանգնել է:

-Լա՞ց էր լինում:

-Չէ, -ժխտեց քոթոթը:

Տաթը մտքում շնորհակալ եղավ:

-Է, քոթ, տուն ինչու՞ չառաջարկեցիր:

-Խոսեցինք, խաղացինք, մեկ էլ մութն ընկավ:

-Ձայնս ձեզ չէ՞ր հասնում:

-Չէ:

-Խաղով եք տարվել, այդպես էլ գիտեի, -գլուխն օրորեց ծուռթաթը:

Քիչ անց շողք երևաց, ապա՝ ուրվագծվեց տնակը:

-Էս, հո, գլուխս լրիվ կորցրել եմ: Ի՞նչ լույս է, -քրթմնջաց:

Վերևից թևերի շփթփոց լսվեց. բուն էր:

-Հյուր ունեք, աչքներդ լույս, -ու ժպտաց:

-Էդ ո՞նց:

-Չեմ ասի, -ինչ աղմուկով եկել էր, նույնով գնաց:

-Սպասիր, տնաշեն…-հետո մտքում, -տեսնես ո՞վ է: Էս ինչ խառնակ գիշեր է: Կարծոս մարդ լինի: Հա, էլի, ձեռքինը մարխ է: Չլինի՞…

Այդպես էլ կար: Տաթի հայրն էր: Մի ձեռքում այրվող խեժաճյուղը, մյուսում՝ տոպրակ, մտահոգ սպասում էր: Կիսաբաց դռան բարավորին թառած՝ ժպտում էր բուն. վաղ էր հասել:

-Տաթ, հայրդ…

-Ու՞ր է, -բրդոտի փափուկ գրկում ննջող աղջիկը ձգվեց.

-Հայրի՞կ…

-Տա՜թ, -հայրը ձայնի ուղղությամբ առաջացավ, հետո, տեսնելով խավարից դուրս լողացող գազանին՝ երկու թաթերի վրա, գրկում՝ դստերն ու քոթոթին, թեթևակի ընկրկեց, թեև բուն նախապատրաստել էր, ասել՝ ինչն ինչոց է:

-Վերցրու, -արջն աղջկան մեկնեց ծնողին, -իսկ դու, քոթ, իջիր: Տես, դարձյալ չկորչես:

Հայր ու դուստր գրկվեցին: Սրտաշարժ տեսարան էր:

-Դուք մեկմեկու կարոտ առեք, գնամ կրակը թեժեմ:

-Էդ մի հոգսից ազատել եմ, -մարդը ձեռքը երկարեց: -Չծանոթացանք էլ՝ Արամ:

-Դե, ես անուն չունեմ. կենդանիների մոտ նման սովորույթ չկա, -քիչ շփոթվեց արջը: -Ինչ կերպ ուզում ես, դիմիր, -հետո ուշքի եկավ: -Տուն համեցեք: Անուշանուն աղջիկս, ես քեզ շատ սիրեցի: Այսօր իմ հյուրն եք: Բու, դու նույնպես, -դարձավ թևավորին:

Առժամանակ անց սեղանին միրգ հայտնվեց: Դե, գիտեք, ծուռթաթն ինչ է սիրում՝ տանձ, ընկույզ նույնպես և կաղին, շագանակ ու մեղրահաց, որ հիվանդ, տոնական օրերի, մեկ էլ թանկ հյուրերի համար էր:

Ամեն մեկն իր վախի, այդ վերջին մեկ-երկու ժամում ապրածի մասին պատմեց, խոսքուզրույց եղավ մարդ ու գազանի հաշտ ապրելու, օրհնյալ արևի տակ, հողի վրա ապահով անկյուն ունենալու և էլի ուրիշ լուրջ բաների մասին: Ապա անցան ծիծաղ շարժող պատմությունների՝ եղած ու չեղած: Վերջը, գիշերը կես ընկավ և որոշեցին քնել, որպեսզի առավոտ կանուխ Տաթին հոր հետ քաղաք ճամփել կարողանան:

Բուն գնաց: Տանտերը մորթիներ բերեց՝ աղվեսի, սամույրի, ուրիշ գազանիկների: Փափուկ անկողին ստացվեց Տաթի, քոթոթի համար: Հոր համար նույնպես բան ճարվեց՝ ուղղակի կոպիտ մորթիներից:

Ու քնեցին՝ խաղաղված, ամեն մեկն իր երազի հետ՝ անջրպետված իրականությունից, շշուկներով, բուրումներով լի աշխարհից:


    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ԶԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ

Զատիկներից մեկի թևիկներին սև պուտիկներ չկային, և գույնը կարմիր չէր:

-Դու զատիկ չես, -ասում էին տեսնողները: -Ի՞նչ զատիկ՝ առանց պուտերի:

Ու քույր-եղբայրներն էին իրենց հեռու պահում, ասես արյունակից, հարազատ չլինեին:

Տխուր էր անցնում օրը զատիկի: Դարձյալ թևին էր տալիս, ծաղկից ծաղիկ թռչում, սակայն, ի տարբերություն մյուսների, ավելի հաճախ կուչ էր գալիս ծաղկաբաժակում: Աշխարհում Տաթև անվամբ մի աղջնակ կար, իսկը՝ զատիկ: Փամփլիկ թշիկներ ուներ՝ կարմրին տվող, որ ճերմակ մաշկի ու շեկլիկ ծամերի կողքին ավելի էին աչքի զարնում, նույնպիսի շրթունքներ, որ բացելիս կաթնագույն գառնատամներն էին ցուցանում: Հապա ժապավե՜նը, որ կապում էին քույրերը: Եվ շրջազգե՜ստը…

Հունիսյան մի արևոտ օր հայրը Տաթին դաշտ տարավ: Բզզյուն կար և բուրմունք: Գարուն ու ամառ գիրկընդխառն զուգել էին շրջակայքը: Հայրը երկարելով ձեռքը, զգուշորեն, որպեսզի մասրենին չծակի, մի ճերմակաթերթ ծաղիկ պոկեց:

-Տաթ, վերցրու, -ու բարալիկ կոթունի կողմից մեկնեց աղջկան:

Փոքրիկը հոտ քաշեց: Շարժումից կենդանին արթնացավ:

-Հայրի՛կ…

-Զատիկ է, աղջիկս, չգիտե՞ս:

-Չէ:

-Ինչպե՞ս թե… Քո գրքերում նկարը կա, ցույց եմ տվել, չե՞ս հիշում: Չալպղոճ են ասում, նաև՝ Աստծո եզնակ, Աստծո կով…

-Հիշում եմ, բայց ու՞ր են պուտիկները: Բա զատիկը կարմիր չի՞ լինում:

Կենդանին լսում էր հոր ու դստեր զրույցն ու վայրկյան վայրկյանի վրա առավել տխրում, կամենում էր թռչել վտանգից հեռու, սակայն թևիկները փայտացել, չէին բացվում:

-Ախ, հա՜, -հայրը տարուբերեց գլուխը, -Տաթ, զատիկ է, սակայն մոռացել են ներկել, երևի կարմիր գույն չեն ունեցել: Դե, որ կարմիր չի գտնվել, պուտիկները թողել են, որպեսզի հետո ներկեն:

-Վախ, զատիկս, ինչ մե՜ղք է, -երեխան հավատաց հոր խոսքին: -Արի, արի…

-Իսկ եթե մենք ներկե՞նք, -հայրը կոպերի տակից ժպտուն նայեց մանկանը: -Տուր կարմիրը:

-Վերցրու, -անմիջապես տրվելով երևակայական խաղին՝ երեխան մեկնեց մատիտը:

-Տես, ինչ հոյակապ եմ գունազարդելու, -հայրը ձեռքը երկարեց:

Աղջիկը համակ ուշադրություն էր:

-Հը՛, ստացվու՞մ է: Մնացին պուտիկները: Սա վերցրու, հիմա սևը տուր: Պուտերն ուզում՞ ես քեզ թողնեմ:

-Դու արա, -հրաժարվեց դուստրը:

-Լավ, -հայրը ջանում էր ամեն բան բնականին մոտ լինի՝ թե պուտիկների քանակը, թե ներկելու տևողությունը:

-Զգույշ, -աղջկա բիբերը լարումից լայնացել էին:

-Վերջ, -հայրն ուղղվեց, -ասում էի՝ չէ՞… Խոսի՛ր հետը:

Աղջիկը հմայված, մոռանալով անգամ հոր գոյությունը, դեմքը մոտեցրեց ծաղկին.

-Բարև:

Զատիկը կենդանության նշաններ ցույց չէր տալիս:

-Բարև, զատիկ, նեղացա՞ծ ես:

Միջատը հանկարծակիի եկավ.

-Ինձ որտեղի՞ց գիտես:

-Ես «Աբենին» ունեմ, -երեխան չէր կարողանում արտաբերել «այբբենարան» բառը, - այնտեղ քո նկարը կա:

-Հա՞, -տարակուսեց զատիկը:

Փոքրիկի տաք շունչը նրան էր առնում:

-Ըհը՛: Պուտիկներով՝ կարմիր-կարմիր…

Կենդանին, թե հնար լիներ, կշրջեր չեղած պարանոցը՝ տեսնելու. ճի՞շտ է լսածը, խաբկանք չէ՞:

-Բա ինչու՞ են ուրիշներն ասում, թե զատիկ չեմ:

-Չէ՜, -աղջիկը սովորություն ուներ առանձին բառեր երկարացնել, -դու սիրուն, պուպուշ զատիկ ես:

Կենդանին բացուխուփ արեց թևիկները, փորձեց ելնել ծաղկաթերթին:

-Ուզում ես թռչե՞լ: Ո՞ր կողմ:

Զատիկը ելավ թերթիկին, ուղղվեց:

-Արևի մո՞տ ես ուզում, հա՞: Դե, բաց թևիկներդ…

Զատիկը թափահարեց թևքերն ու մեկից թռավ:

-Բարև տար արևին, կարմիր զատի՜կ, -ետքից կանչեց աղջնակը:

-Եվ բարև բեր արևից, եզնակ Աստծո՜, -հաջորդեց հոր ձայնը:

Հունիսյան տաք, արևոտ օր էր: Բզզյուն կար ու բուրմունք:


    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ, ՆԱՊԱՍՏԱԿԻ ՈՒ ԳԱԶԱՐԻ ՄԱՍԻՆ

Բերքահավաքից hետո դաշտում մի գազար մնաց: Բախտ էր, բահի բերան չընկավ: Հողակտորին մերձ ձորակում էլ նապաստակն էր ապրում: Երբ ցրտերն ընկան, ու դաշտն ամայացավ, սա համարձակություն ձեռք բերելով՝ վճռեց կտրել ձորակը սևահողից բաժանող առվակը: Դես ման եկավ, դեն ման եկավ, մեկ էլ, հոպ, դեմը ելավ գազարը: Հողը թեթև ետ էր գնացել, ու նա, գլուխը ցից, սպասում էր շլդիկին: Դե, էլ ինչ նապաստակ, եթե քաղցր արմատ տեսնելով, չնվաղի. վրա ընկավ, սկսեց քաշքշել: Տռուզ մարմինը հողում խրած գազար էր, գետինը՝ պինդ, շուտ տեղի չտվեց:

Վերջապե՜ս: Այ քեզ գազար. Ուտելով չես պրծնի: Կողից մի քիչ կրծեց, հագեցավ: Հետո տեսավ, հեչ, ասես ատամ կպած չլինի, մտմտաց՝ ինչպես տուն տանի: Քիչ հեռվում պղնձալարի փափուկ կտոր կար: Գցեց գազարի մեջքով, պնդելուց հետո շալակն առավ ու հայդե՝ տուն:

Դու մի ասա, Տաթն այդ օրը հոր հետ դաշտ էր եկել: Ելել էին մաքուր օդի, համ էլ առիթ էր՝ մասուր պիտի քաղեին: Հավաքողը, պարզ է, հայրն էր, իսկ Տաթն իր քեֆին ման էր գալիս: Մեկ էլ աղջնակ ու երկարականջ իրար դեմ ելան:

-Վայ, -վախեցավ շլդոն:

-Բարև, նապաստակ, -ասաց Տաթը: -Ո՞նց ես:

-Լավ եմ, - ուշքի եկավ նապաստակը: -Դու ինձ որտեղի՞ց գիտես:

-Գրքերից: Բեռդ ծանր չէ՞, օգնեմ:

Կենդանին ցած դրեց գազարը: Շունչն իսկապես կտրվել էր, հևոցով էր խոսում:

-Ուզու՞մ ես քեզ տամ, -աղջկա ժպիտից գերված՝ իր համար իսկ անսպասելի առաջարկեց:

-Չէ, ի՜նչ ես ասում: Տար ձագուկներիդ: Քանի՞սն են:

-Ձագու՞կ… Չունեմ: Ձմռան ավարտին՝ գուցե, -հետո համարձակություն հավաքեց. -Քո անունն ի՞նչ է:

-Տաթև, բայց հայրիկը Տաթ է ասում, Տաթո, Ձագուկ…

Խոսքի վրա հայրը ձայնեց.

-Տաթ, ձագս, արի…

-Ես գնամ: Նապաստակ, օգնե՞մ շալակդ առնես:

-Չէ, մենակ էլ կարող եմ: Շնորհակալություն:

-Դու որտե՞ղ ես ապրում: Գարնանը եթե գամ, կթողնե՞ս ձագերիդ հետ խաղամ, սիրեմ: Ճիշտ եմ ասում՝ չեմ վնասի:

-Ոնց չէ…Այ, է՜ն ձորակում:

-Տա՜թ, -վերստին լսվեց հոր ձայնը:

-Գալիս եմ, հայրի՜կ…

Աղջիկը քայլ արեց հոր կողմը, իսկ երկարականջը, մի քիչ տխուր, որ բաժանվեցին, ուրախ, որ բարեկամ գտավ, ուսը դեմ արած կարմիր արմատին, հետևում էր հեռացող երեխային:

Պաղ, սակայն արևոտ աշուն էր, Աստծո խաղաղիկ օր:


    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ՇԱՏ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատուհանի տակ ծաղկանոցն էր: Թեթև քամուց ամոթխած զանգակներն օրորում էին գլխիկները, մեխակները վզիկները երկարել, ձգտում էին դուրս պրծնել վարդենիների գրկից: Ծաղկանց զգլխիչ բույրը բռնել էր օդը:

Տաթի ուշադրությունը գրավեց թիթեռը, որը ծաղիկների շատությունից խելքահան՝ շունչ քաշելու համար դրսից թառեց ապակուն, անշարժացավ: Աղջիկը թեթևակի մատնահարեց ապակին: Թիթեռը թևին տալով անհետացավ բազմագույն ծովում:

-Տաթ, փակիր փեղկը:

Բնագիտության ուսուցիչն էր: Գոցելով, աղջիկը, գոցելով պատուհանը, հայացքը հառեց դասվարին:

-Կրկնում եմ, -Մելքոնյանը դարձավ դասարանին, -բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունը բոլորիս գործն է: Մարդիկ, այդ թվում երեխաները պարտավոր են իրենց արարքներով, գործունեությամբ հարստացնել բնությունը, նեցուկ լինեն նրան: Տաթի ուշադրությունը վերստին շեղվեց: Բնագիտության կաբինետի պահարանների դարակները բռնել էին թռչունների, մողեսների, միջատների խրտվիլակ ցուցանմուշները. ոզնին՝ փշերի խիտ անտառը մեջքին, գորտը՝դուրս պրծած աչքերով, բազեն՝ կեռքիթ, թևերը տիրաբար պարզած, պատրաստ թռչելու, թիթեռները՝ նախշկեն, բայց չորացած, անկենդան:

Զանգի ղողանջը նրան իրականություն վերադարձրեց:

-Շտապիր, չենք հասցնի:

Տաթը հարցական հայացքն ուղղվեց Գայանեին:

-Չլսեցի՞ր, Մելքոնյանն ասաց, որ գազանանոց ենք գնալու:

Ի՜նչ լավ է. վաղուց այնտեղ չի եղել: Մորից պաղպաղակի փող էլ կխնդրի:

-Չուշանաս, ավտոբուսը չի սպասի, -Գայանեն վազեց՝ հասնելու ընկերուհուն:

Նա ևս արագացրեց քայլերը: Տուն տանող ճանապարհն անցնում էր զբոսայգով: Խոնավ, նորցող ծառուղիներում զով էր: Շքեղ հագնված մի կին ձգում էր սիզախոտերի մեջ մտած շնիկի կաշեթոկը: Կենդանին համառում էր. առջևի թաթերը հենել գետնին, լարվել էր մարմնով: Նա անօգնական՝ մի պահ նայեց Տաթին, կարծես օգնություն աղերսելիս լիներ: Ի վերջո ուժերն սպառվեցին, և կինը, զայրույթը ժպիտով քողարկած, չորքոտանուն գետնից պոկելով՝ դրեց սալարկած ճեմուղուն: Շնիկը թույլ վնգստալով՝ հարկադրյալ հետևեց տիրուհուն:

Տաթն արագ-արագ ճաշեց, փորձեց աշխուժացնել դեղձանիկներին, հետո տեսնելով թռչնակների անտրամադիր լինելը՝ ելավ պատշգամբ:

-Մամ, դասարանով գազանանոց ենք գնալու, - Մելքոնյանն է ասել, -վրա բերեց, չսպասելով մոր թույլտվությանը, շտապեց դուրս՝ ետքից մոռանալով դուռը ծածկել:

-Ավտոներից զգույշ կլինես, -ելնելով ընդհանուր բացօթյա պատշգամբ՝ սանդուղքն ի վար գլորվող դստերն ապսպրեց մայրը: Չէր հասցրել գոցել դուռը, աղջնակը շնչակտուր վերադարձավ:

-Փողը մոռացա: Պաղպաղակի համար էլ:

Մայրը դրամ տվեց, աղջիկը պոկվեց տեղից:

Կենդանաբանական այգում գլուխների ծով էր: Շատերը փոքրիկներին առել էին ուսերին. այլ կերպ հնարավոր չէր, ոտքի տակ կգնային: Շուտով կորցրեց խմբին: Նախքան մտնելը, պայմանավորվել էին՝ եթե նման բան պատահի, հավաքվեն սպիտակ արջի մոտ, այնպես որ անհանգստանալու հարկ չկար: Վանդակներին մերձենալ գրեթե հնարավոր չէր. այդչափ շատ էին խմբվածները: Նախկին ոգևորությունից բան չէր մնացել: Մեղքում էր կենդանիներին: Բոլորի հայացքում թախիծ կար, արձակ դաշտերի, թավ անտառների, խորախոր կիրճերի, շառաչուն գետերի, տիղմաշատ եղեգնուտների կարոտ: Մարդկանց ներկայությունը ևս ակնհայտորեն նրանց ճնշում էր: Արծիվների վանդակի մոտ երկար կանգնեց: Բարձունքի, լեռնակատարի տիրակալները տանու թռչուններից վատթար տեսք ունեին. թառերին ծվարած և անցուդարձին անտարբեր՝ ննջում էին: Միայն մեկը, մտաբերելով ծերպերում թողած ազատությունը, փորձեց թռչել, սակայն զարկվելով վանդակի վերին հորիզոնական ճաղերին, ընկավ՝ օդում տարուբեր փետուրներ թողնելով:

Կապիկների վանդակները բառացիորեն պաշարված էին: Տղան սկզբում չնկատեց կենդանիներին՝ կարծելով ներսում դատարկություն է: Հետո, երբ մեկը կոնֆետ շպրտեց, նայելով այդ ուղղությամբ, տեսավ ամենավերին ու հեռավոր անկյունում կծկված կապկին: Կենդանին ճաղերից բռնված՝ դուրսպրծուկ հայացքը հառել էր պարզած ձեռքերին: Ներսում համատարած աղտեղություն էր՝ կոնֆետ, հացի, բուլկու կտորտանք, կիսակեր տարատեսակ մրգեր, եգիպտացորենի ձողիկ: Ահա և բևեռային արջը: Բրդոտը համաչափ ճոճվում էր, գնում գալիս՝ երեք քայլ առաջ, երեք՝ ետ...

Աղջիկը ձայնեց մոտեցող դասարանցիներին: Մինչ կմոտենային, կարդաց ցուցանակի բացատրագիրը:

-Սառուցյալ օվկիանոսի կողմերից է, -գիտելիքների պաշարն ի ցույց հանեց Գայանեն:

-Սա ի՞նչ արջ է, -դժգոհողը Ծովինարն էր, -մորթու վրա գույն չի մնացել: Գոնե կարգին ջուր լիներ, կլողանար:

Իսկ Տաթը մտովի հասել էր Հյուսիսային բևեռ: Սառցաճեղքից գլուխն է հանում ճերմակաթույր ծուռթաթը՝ բերանում ձուկ, մյուսը՝ սառցեզրին կանգնածը շրմփոցով գցվում է սևին տվող ջուրը, շուրջը ճերմակ-ճերմակ է, հեռվում աղվես է պպզել՝ սպասելով սառցաշխարհի տիրակալների ճաշկերույթի ավարտին. գուցե մի բան մնա:

-Շոգ է, -Գայանեն էր:

-Խեղճ ա՞րջն ինչ անի, -երևակայական աշխարհից ետ եկավ Տաթը: -Ինչու՞ միայն արջը. իսկ արծիվնե՞րը, եղնիկնե՞րը, կենգուրունե՞րը, գետաձի՞ն: Ջունգլիներից, լայնարձակ տափաստաններից, պրերիաներից հետո պատկերացրեք նրանց վիճակը:

Ծուռթաթը ետուառաջ էր քայլում՝ մտախոհ, տխուր, անասելի թախծոտ...

-Հը՛, լավ անցա՞վ:

-Էլ չեմ գնա:

Մայրը հացական նայեց դստերը:

-Մա, մեղք չե՞ն կենդանիները: Անընդհատ վանդակում են, մի օր չէ, մի ամիս չէ. ամբողջ մի կյանք:

-Բայց մենք ի՞նչ կարող ենք անել, մոռացիր:

Գիշերը երկար աչք չփակեց: Քունը նմանապես անհանգիստ էր. մղձավանջային պատկերները հաջորդում էին իրար: «Կանաչ բացատում անտառի բնակիչներն են՝ նապաստակներ, ոզնիներ, սկյուռիկներ, սիրամարգեր, նաև՝ վագրեր, լուսաններ… Կենտրոնում վանդակն է, ներսում՝ Տաթը: Կենդանիները բոլորած՝ իրենց լեզվով խոսում են, քրքջում՝ մատնացույց անելով աղջկան: Որքան էլ զարմանալի է, նրանց հետ է սիզամարգից շնիկին հանող տիկինը, միայն թե աչքերն անշարժ են, ինչպես բնագիտության խրտվիլակներինը: Տաթը ճնշվում է նրանց ներկայությունից. ի՜նչ անտանելի, դժվար բան է բանտված լինելը: Բոլորն ազատության մեջ են, մինչդեռ ինքը… Նա զարկվում է ճաղերին՝ ջանալով դուրս պրծնել: Ձողերն ամուր են, նույնը՝ փականքը: Տաթն անզորությունից հեկեկում է»:

Հեկեկում է և արթնանում: Մայրը, լսելով զավակի ձայնը, մտնում է ննջասենյակ: Աղջիկը, որպեսզի արցունքները չտեսնեն, սսկվում է: Մոր ներկայությունը, փաղաքշանքը խաղաղեցնում են. թմբիր է իջնում վրան, վերստին քնում:

«Գիշեր է: Կենդանաբանական այգում ոչ ոք չկա: Սպասարկող անձնակազմը վաղուց տուն է գնացել, պահակները քնած են: Ճեմուղիներն ու նստարանները ցերերկվա ճիչ-աղմուկից հետո հանգստանում են: Միայն կենդանիներն են զարթուն. խեղճուկրակ կուչ են եկել վանդակներում: Սպիտակ արջն էլի ետուառաջ է քայլում՝ հավերժական շարժիչ: Բուի կռինչ է լսվում, ինչ-որ տեղ խոխոջում է առվակը: Աղջիկը հուշիկ բացում է առաջին դռնակը: Եղնիկը երկչոտ քայլերով, չհավատալով աչքերին, դուրս է գալիս: Մեկը մյուսի ետևից բացում է մյուս վանդակները: Կենգուրուի ձագը ցատկում է պարկը, մայրը մի թռիչքով ոստնում է պարսպի վրայով: Առյուծը կորյունին ատամներով բռնած է տանում: Անգամ կոկորդիլոսներն ու կրիաներն են թև առել: Բոլորը, բոլորը լուսնի լույսի տակ աճապարում են հեռանալ հիմնական մուտքով: Աղմուկ է: Թևավորները դարպասի վրայով են թռչում, սողունները՝ ճաղերի արանքով, մնացածը՝ դռնով: Տաթին մոտենալիս նրանք ժպտում են, մնաս բարով ասում: Վերջինը բևեռային արջն է հայտնվում: Հասնելով աղջկան՝ թաթով թփթփացնում է ուսին.

-Դե, պինդ կաց, առանց մեզ չտխրես:

-Ոչինչ, ոչինչ, իսկ դու շտապիր. երկար ճամփա ունես անցնելու:

-Դու բարի աղջիկ ես: Ես մերոնց կպատմեմ քո մասին:

-Կարևորը դա չէ:

Արջը մեկ անգամ ևս մտերմաբար զարկելով թիկունքին՝ հեռանում է հաստատուն քայլերով, հետույքը տարուբեր: Երկնքում լուսինն է, աստղերը կայծլտում են: Տաթը լալիս է, այս անգամ՝ հրճվանքից»:

Առավոտյան ճմլկոտելով ելավ անկողնուց: Սենյակը ողողված էր արևի ճառագայթներով: Տրամադրությունը բարձր էր, թե ինչու, չէր ըմբռնում: Ինչ-որ փոփոխություն էր զգում, բայց ի՞նչ: Հա՜, երազը: Հիշեց, հիշե՜ց՝ այգուց ելնող կենդանիներ, աստղազարդ երկինք, թփթփոց թիկունքին…

Նա վազքով անցավ մյուս սենյակ, իջեցնելով պատն ի կախ վանդակը, դիմեց ապակեպատ պատշգամբ: Լայն բացեց փեղկը: Բնակարանը լցվեց թռչունների ծլվլոցով, ծաղիկների բույրով, վաղորդայն սառը օդով: Ձեռքը տանելով վանդակը՝ հանեց դեղձանիկներին: Մատների տակ տրոփում էին տաք սրտիկները: Համա թե հսկա է ինքը նրանց աչքին: Մի երկյուղեք, սիրունիկներս: Հսկան մամլիչը գործի դնելու մտադրանք չունի: Ձեր թևիկներն աքցանած, ձեզ բանտած մատները շուտով կբացվեն, ու դուք թևին կտաք, կճախրեք երկնքում:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ՈՒ ՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ:

Իրանն ու ձեռքերը պարզելով՝ նա բացեց մատները: Դեղձանիկներն օդ սլացան:


    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ՊՂՆՁԱՏԱՄԻԿ ԱՆՈՒՆՈՎ ԲԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Պղնձատամիկը քույրերից վերջինն էր: Կորելու մտադրություն, իրավունք չուներ: Ամենևին: Բայց կորավ՝ ոչ իր կամքով և ոչ Տաթի: Խե՜ղճ աղջիկ, տեսնես ու՞ր է հիմա, հասավ տուն, թե՞ դեռ կանգառում սպասում է՝ ցրտին, ձյուն-ձմռնեցով… Բուքը չսաստկանա՞ հանկարծ, ծածկի իրեն, հույսն էլ հետը թաղի: Իսկ որ աղջիկը հետ կգա, համոզված է, ավելի շուտ, կանխազգում է: Իր պարտքը ոտքի տակ չընկնելն է, սպասելը, եթե պետք լինի՝ մինչև առավոտ, մինչև Տաթի դպրոց գալը: Թև առած կթչի գիրկը: Որտեղի՞ց - թեկուզև երկնքից, ի՞նչ կա որ. կարևորը ցանկությունն է, բարի նպատակը:

Մտքով իսկ չէր անցնում, թե աղջիկն այդպես հանկարծաբար կցնցի պայուսակը: Ուսե՞րն էր ուզում շտկել, գոտի՞ն թիկունքին հարմար չէր նստում… Մինչ գլխի կընկներ, հայտնվեց առմուտքի սադղահարթակին: Գոնե ձյուն եկած չլիներ. Տաթը ձայնը կլսեր, ճիչը կհասներ ականջին: Իբր, դա քիչ էր, ետքից եկողները ներբանի տակ առան, կոխկրտեցին, իսկ մի պատահական հարված, որ կողին դիպավ, թռցրեց օդ, գլորեց աստիճաններն ի վար: Ինքը թպրտաց սառույցին, առպահ դես-դեն ընկավ, բայց էլ ուշ էր. աղջնակը թեքվել անկյունը, չէր նկատվում:

Մեղավորը վուշաթելն էր: Ասա ինչու՞ կտրվեցիր: Միասին էին երկու տարի: Թե՞ դա քիչ էր: Ճերմակ պարանոցը, մաքրամաքուր կուրծքը, երեխայից արտածվող տաքուկ, խելքահան անող բուրմունքը՝ լի խորհրդով, կյանքի անտես, մշտագո կայծով, որ ժամանակի հետ, ասում են, փոխվում է, մահից հետո, իբր, անէանում օդում, տիեզերքում, որպեսզի վերստին ետ գա, նոր կացարան գտնի նյութեղեն աշխարհում՝ խոտի տեսքով, ձկան, միջատի, մարդու:

Պղնձատամիկը քույրերին վաղուց չէր տեսել, լուր չկար: Գրեթե համոզված էր, որ էլ չի տեսնի, որ մենակ է մնացել:

Մինչ դիպվածը գոհ էր ճակատագրից: Այն էլ ինչպե՜ս: Երեք քույր էին՝ պղնձե երեք շերտիկ. Թե փայլն էր նույնը, թե գլխիկները՝ վրան դաջվածք, թե իրանները՝ հետզհետե նեղացող ու թե ատամնաշարը՝ մեծ, փոքր, ապա մի թմբիկ ու դարձյալ ելուստ՝ հազիվ նշմարելի, այն էլ՝ շոշափելու դեպքում: Հարահոսի վրա բավական երկար դեգերելուց, մամլիչների, խարտոցների, տակ ձև, կերպ ստանալուց հետո պարանոցները նույն օղակի մեջ առնելով՝ օծեցին քսուկով, յուղաթղթով վիրակապեցին՝ դնելով ստվարաթղթե տուփը: Եվ էլի տարուբերումներ՝ գնացքի վագոնում, անորոշ սպասողական վիճակ՝ պահեստում, ուր խոնավ էր, վաճառքից առաջ, տեղադրելիս՝ փականքը բացուխուփ անելու պարտադիր արարողություն…

Քույրերին բաժանեցին երեկոյան: Պատահականության բերումով, թե ինչպես, ինքը Տաթին հասավ: Յուղերը հեռացրեց անձեռոցիկով, օճառելուց հետո գործի դրեց սպունգը: Մաքրությունից ինչպե՜ս էր փայլում: Իսկ երբ անցկացրեց վուշի թելով և կախեց վզից, շողշողում էր, ինչպես մանյակ: Ոչ պակաս հրճվանքի մեջ աղջիկն էր. պահում էր լույսի տակ՝ փորձելով տեսնել բեկվող ճառագայթների աննշմար խաղը: Պղնձատամիկ անունը ևս այդ գիշեր ստացավ, երբ անկողնում էին: Աղջիկը երկա՜ր, անգամ քնի մեջ մատներով խաղում էր հետը՝ ստեպ-ստեպ մոտեցնելով շրթունքներին: Ի՜նչ գիշեր էր՝ աղջկան մնչոցը, քրտինքի մանրիկ կաթիլները, ժամացույցի համաչափ զարկերը, սառնարանի թույլ դռռոցը՝ խոհանոցից… Երազ էր, էլ կկրկնվի՞ որ: Ա՛խ, ա՛խ, վուշաթել, ի՞նչ արիր: Հենց դպրոցու՞մ պիտի կտրվեիր: Խեղճ Տաթ, ուրիշ ի՞նչ կերպ վարվեր. պայուսակից ապահով տե՞ղ:

Եթե բախտը երես թեքի, չգտնեն իրար, տանտերը կփոխի կողպեքը: Այդ դեպքում՝ մնաս բարով, Տաթ աղջիկ և դուք՝ գգվանքով լի, նվաղուն գիշերներ: Աստված ոչ անի, գա այդ ժամը. քույրերի օրը կընկնի:

…Իրար այդպես էլ չտեսան: Մեծ քրոջից անընդհատ բենզինի հոտ էր գալիս, անդուր խմիչքի: Նրա վիճակը, ըստ երևույթին, ամենավատն էր: Հենց սկզբից, երբ տեսավ, թե տանտերն ինչպես առանց մաքրելու նրան անցկացրեց օղակից ներս՝ խառնելով բանալիների խրձին, հասկացավ՝ քույրն օր ու արև չի ունենա: Մյուսից եկողը տարօրինակ բուրմունք էր, երբեմն հաճելի, երբեմն՝ գլխապտույտ, փսխուք առաջացնելու աստիճան սուր: Հոտերը նա առնում էր կողպեքի անցքից՝ ըստ այդմ որոշելով, թե իրենից առաջ ով, որ քույրն է բացել դուռը: Այդ կերպ իմացավ նաև մեծի գլխին եկածը: Անցքի բերանին, ներսում քերծվածքներ կային, պղնձափոշի: Տանտերը հարբած ժամանակ չէր կարողացել բացել փականքը, քաշքշել էր, սողնակը դեսուդեն տվել՝ վերջում կոտրելով բանալին: Միջնեկին, որքան հասկացավ Պղնձատամիկը, Տաթի մոր դրամապանակի հետ էին թռցրել, որովհետև երբ նա տուն գալով՝ շրջեց պայուսակը, դիմափոշու, շրթներկի սրվակից, սանրից, թաշկինակից զատ ոչինչ չթափվեց օթոցին:

Իր բախտից՝ Տաթին նոր դպրոց տեղափոխեցին: Միահերթ էին դասերն այստեղ, ու նա մեկն անց կեսի, երկուսի կողմերը տուն գալով՝ առաջինն էր բացում դուռը: Ճիշտ է, այնքան էլ հաճելի գործ չէ սողնակը հրելը, ստիպված ես ուժ գործադրել, ցավեցնել ուսերդ, ատամիկներդ, բայց հանուն Տաթի…


    

Պղնձատամիկը մղձավանջի պես էր մտաբերում այն օրերը, երբ աղջկան բաժանեցին իրենից: Տաթը Ծաղկաձոր էր գնացել՝ ճամբար: Ինչե՜ր տեսավ, ինչե՜ր քաշեց: Կնոջ պայուսակում խեղդվում, սրտխառնոց էր ունենում օծանելիքի հոտից, մեքենայի խցիկում, երբ տղամարդու մոտ էր՝ բենզինից, խրձից կախ մյուս բանալիներին զարկվելուց: Հետո վերադարձավ Տաթը, և ամեն բան տեղն ընկավ: Տանը, դրսում դարձյալ միասին էին՝ կուրծքն ի կախ, երջանիկ: Եթե խաղի ժամանակ, մանավանդ պարանի վրայով ցատկելիս նվաղում էլ էր՝ խուտուտից:

Տաթը հիմա հաստատ հասել է շենք: Ցուրտ է, ոտքով չի ելնի, կկանչի վերելակը, հետո ցած կբերի պայուսակը, կբացի… Վախ, վախ, Տաթ, ամո՛թ երկուսիս, վուշաթել: Մի փնտրիր, զուր տեղը գրքերդ մի դիր սառը բետոնին: Պղնձատամիկը ոչ առաջին խորշում է, ոչ երկրորդ, ոչ էլ տետրերի, գրքերի արանքում: Նա սառույցին անտեր ու դուրս ընկած՝ ճամփադ է պահում: Կապտել է, ատամները կափկափում են, դպրոցականներ, անցորդներ չկան: Թե չլիներ պարտքի զգացումը, հիմա ձյան տակ կմնար՝ կտրված աշխարհից, քեզնից, այլևս անպիտան: Բայց հեռանալ ասպարեզից վաղաժամ, գրեթե բան չարած, ցավալի է անչափ: Էհ, չեղավ, սկսեցի նվնվալ: Դու էլ այդտեղ ես աչքերդ լցրել: Հապա հավաքիր գրքերդ: Այդպե՛ս: Դրեցի՞ր: Հիմա փակիր պայուսակը, գցիր ուսդ: Լաց չլինես, լսու՞մ ես. արգելվու՜մ է: Վերելակը չի՞ գնացել: Ավելի լավ: Ապրե՛ս, շա՛տ ապրես: Իսկ այժմ կանգառ շտապիր: Բու՞ք է, ոչինչ, որպեսզի քթիկդ չմրսի, բարձրացրու վզնոցը: Տե՛ս, ավտոբուսը երևաց: Զգույշ, սանդղակին սառույց կա կպած, չսահի ոտքդ: Գերազանց է, խոսք չունեմ: Հիմա կարող ես ազատ շունչ քաշել: Առանց ընկճվելու: Մի խորհուրդ տամ քեզ. ուժեղ կամքի տեր մարդկանց, նաև մեր՝ մետաղներիս օրենքն է: Հավատի մասին է խոսքս, ամուր հավատի: Թե այդ կերպ՝ անվհատ նայեցիր կյանքին, աշխարհը գեղեցիկ կներկայանա և կլինի գեղեցիկ: Դա կարևոր է, շա՜տ կարևոր:

Հապա մաքրի՛ր ապակին, քրտնած է: Նայիր, ինչ մաքուր ձյուն է, որքա՜ն առատ: Լավ գարուն կլինի, լավ տարի, խոտը, ծաղիկը՝ շատ, գույներով հարուստ: Ծաղկաձոր էլ չե՞ս գնա, այստե՞ղ էլ վատ չէ: Իհարկե, եթե սեր լինի, այնտեղ, ուր մենք ենք, առավել ցանկալի է չեղած-չտեսածից: Սա էլ մեր փիլիսոփայությունն է, մեր կյանքի, ապրելու կերպը: Իջիր, իջիր, քո կանգառն է, շու՜տ, քանի դռները չեն գոցվել: Ու՛յ, քիչ էր մնում հուզմունքից շունչս կտրվի:

Պղնձատամիկը ականջը հպելով սառույցին՝ լարվեց: Տրամվայի հեռավոր դղիրդի մեջ լսողությանը ոտնաձայն հասավ: Ահա՛, էլի՛, էլի՛, այժմ պարզ լսվում է: Մեկը գալիս է...

Զգալի չէին ցուրտը, բուքը: Ականջում միայն մոտեցող քայլերն էին, այնուհետ ոտքեր երևացին, վերարկուի ձյունածեծ փեշ, կնգուղի տակից փախած ծամեր և ժպտուն, հրճվանքից լայն բացված դեմք:

Տաթն էր:


    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՂՎԵՍԻ, ՈՐՍՈՐԴԻ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ՇԱՆ ՄԱՍԻՆ

Մի աղվեսիկ կար: Ձորում էր ապրում. Դրա համար Ձորի աղվես էին ասում: Սա հավի միս շատ էր սիրում: Դե, հավն էլ, գիտեք, որտեղ է լինում - գյուղում, որ խորխորատի շարունակությունն էր: Էս շատակեր, նրբաքիմք աղվեսիկի պատճառով թռչուն համարյա չէր մնացել, ու գյուղացիք, հատկապես կանայք, գնացին որսորդի դուռը, թե՝ մի ճար արա: Սա թակարդ ուներ: Յուղեց, մի կտոր ճարպ թղթում փաթաթած՝ իրիկնադեմին գնաց ձորաբերանը, տներից հեռու: Ձյունը մի կողմ տարավ, ճարպը հարմարեցրեց թակարդին, ամրացրեց ու ձյունով երկաթի հատվածը ծածկելուց, գազփշով տրորածը լավ հարթելուց հետո՝ ոտնատեղերը խառնելով, կորցնելով՝ ետ եկավ:

Մութը լրիվ վրա տվեց, աստղերը ելան: Բնից գլուխը հանեց և աղվեսիկը: Լուռ էր ու թեթև լուսնկա, իսկը հավ թռցնելու գիշեր: Գյուղի ճամփան բռնած՝ հուշիկ գնում էր, մեկ էլ անուշ հոտ ընկավ քիթը:

-Էս ի՞նչ հոտ է, -ինքն իրեն ասաց:

Հետո, երբ բուրմունքը չկտրվեց, հավելեց.

-Միսն ո՞վ է թողել ճամփին:

Զգույշ մոտեցավ: Շրթունքները դիպել, չէին դիպել, մի բան շրխկալով՝ ոտքն աքցանեց: Ցատկ արեց մի կողմ, չկարողացավ, ավելի ուժգին նետվեց այս անգամ հակառակ կողմի վրա… Զարհուրելի բանը պոկվեց ձյունից, կախ ընկավ ոտքից: Այդպես թակարդը քարշ տալով, կաղին տալով էլ դարձավ ձոր: Նստեց մի քարի, ջանաց ատամներով, ազատ թաթով պոկել մետաղը: Չստացվեց: Ջղայնացած, զայրույթից ուժ առած ու հետևանքի մասին ամնեևին չմտածելով՝ ժանիքներով կրծեց, կտրեց թաթիկը:

Շուրջբոլորը կարմիր էր: Աղվեսիկը վիրաբույժ չէր, արյան դեմն առնելու համար ձեռքի տակ լեզվից զատ ոչինչ չուներ: Լիզեց, ցավից արցունք կաթեցնելով թարմ վերքին՝ այնքան լպստեց, մինչև դադարեց արյան հոսքը: Լավ է՝ մութ էր, թե չէ վարդագույն մսի, ճերմակ ոսկորի տեսքից կզարհուրեր:

Խեղճ աղվեսիկ: Գրեթե ուշակորույս հասավ հասավ որջը, մի կերպ խցկվեց ու մի շաբաթ դուրս չեկավ: Բախտից՝ գիշերն ամպերը խտացան, ծրարեցին լուսինը, աստղերը, և ձյուն տեղաց, ծածկեց հետքերը:

Առավոտյան որսորդը գնաց տեսնելու՝ թակարդում աղվես կա՞, ընկե՞լ է: Տեղանքը լավ գիտեր, ուստի դժվարություն չկրեց, համ էլ դահուկներով էր: Սակայն… Այ քեզ բան. ոչ թակարդ կար, ոչ աղվես: Փորձեց նոր նստած ձյան շերտի տակ որոնել հետքերը, մինչև Մեծ քար հասավ, նույնիսկ կոշիկով խառնշտորեց ձյունը, արյան ցփոնքը նկատեց, դեմ առավ թակարդում մնացած թաթին, բայց ավելին չհաջողվեց: Իբրև սփոփանք ու պատմածը հաստատող փաստ, ուսապարկը խոթելով արյունոտ գտածոն՝ դարձավ գյուղ:

Պատմությունը բերնեբերան շրջեց, մեծ ու փոքր իմացան, ու գյուղացիք փոխեցին աղվեսիկի անունը, հիմա Կաղ աղվես էին ասում: Կարծիք եղավ, թե գազանիկը սատկել է, այլ վայր տեղափոխվել, բայց իրականում այդպես չէր:

Անոթի, ընդամենը բնի մուտքի մոտ եղած ձյունը բերանն առնելով՝ աղվեսիկը դիմացավ հինգ օր: Վեց, թե յոթերորդ օրը սովը նեղեց, ստիպված եղավ լքել կացարանը:

Ուտելիք կար միայն գյուղում: Ձյուների մեջ թաղվելով, ճամփի շատը՝ փորսող, հասավ այգի-բանջարանոցներին: Հևոց կար, աչքերի դեմ հաճախ սևանում էր, բնակավայրի ճրագները չէին երևում: Մոտեցավ առաջին տանը: Ուզեց ելնել գոմի տանիք, չկարողացավ: Պատի տակ աղբ կար կիտած: Գլուխը մտցրեց շեղջի մեջ. ոսկորի հոտ էր ընկել քիթը: Ավաղ, թղթերի խշրտոցի պատճառով ականջը չորսաց շան մոտենալը: Շրջվեց, սակայն այլևս ուշ էր. մեկը հաչոցով մեջքի կողմից ցատկեց վրան: Ուղղությունն ահարկու գազանը փոքր ինչ սխալ էր բռնել: Կփախչեր, երևի ազատվեր էլ, բայց անդամահատ ոտքը…

Ձայնը, որ հասավ ականջին, աղջնակի էր.

-Անար, հեքիաթի աղվեսիկն է, զգույշ:


    
    

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԿՅՈՒՌԻԿԻ, ԱՐՋԻ ՈՒ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Խզխզոցը ծառաբնով հասավ սկյուռիկին:

-Սա ինչ բան է, -գլուխը երկարեց բնից, ցած նայեց: Ներքևում երկուսը սղոցում էին ծառը՝ մեկ-երկու, մեկ-երկու, թեքությամբ գնում-գալիս էր մետաղը՝ ատամների մոտ փայլուն, սառցակեղև հիշեցնող:

Ի՞նչ անել: Վերևից կորիզ, ընկույզի կճեպ, մասուր շպրտելը չի օգնի. գործով տարված՝ աղմուկի մեջ ոչ ուշադրություն կդարձնեն, ոչ կլսեն: Հարկավոր է օգնություն կանչել: Ու՞մ: Իհարկե՝ բրդոտին: Քնա՞ծ է, ոչինչ… Տեղը գիտի, թավուտի մեծ կաղնու արմատի տակ է, էն, որ հողը գնացել է, խոռոչ բացվել:

Սկյուռիկն այդպես էլ արեց. ճյուղից ճյուղ ցատկոտելով՝ հասավ արջի կացարանին:

-Հը՞, -բրդոտը շրջվեց լույսի կողմը: -Չլինի՞ գարուն է:

-Չէ, ի՞նչ գարուն: Ծառը… Ծառը մարդիկ կտրում են: Բույնս…

-Հասկացա, -արջը դուրս սողաց նեղլիկ անցքից՝ ճամփան վերևից փակող ձյան շերտը փլելով, հետո թափ տվեց իրեն՝ կուչուձիգ անելով մորթը: -Կարող ենք գնալ, -քունը լրիվ թոթափած՝ քայլ արեց: -Դու վերևով արի:

Սկյուռիկն առաջ ընկած էր գնում՝ ուշադրություն չդարձնելով շիթով թափվող ձնահյուսքերին, արջը ճեղքում էր փորատակը հասնող ձյունը: Այսուայնտեղ անկանոն թափված ճյուղերը փակում էին ճամփան, դժվարացնում գնացքը: Կոխոտում էր, առաջ անցնում: Սղոցած, կացնած ծառեր էին հանդիպում, որը՝ հիմքից, որը բարձրից կտրած:

-Էս, հո, անտառ չեն թողել…

-Հրեն, -սկյուռիկը կանգ առավ: -Նա, որի կատարը տարուբերվում է:

-Տեսնում եմ: Երկուսն են, ես հիմա դրանց…

-Զգույշ, կացին էլ ունեն:

-Հա՞, ուզում ես վախենա՞մ, -արջը կանգնեց ետևի թաթերին, բացեց երախն ու մի գոռոց հանեց…

Մարդիկ շրջվեցին, տեսան մի վիթխարի, հսկայահասակ ծառաբուն դեպի իրենց է գալիս: Ի՞նչ անեին: Պարզ է՝ սղոց, կացին, ուտելիք թողած՝ վազեցին ճանապարհի կողմը: Ընկնում էին, ելնում, սարսափից, երևի, արջից ոչ պակաս բարձր բղավում, բայց դա վախկոտ, անսիրտ մարդու բղավոց էր… Իսկ արջն այդպես հաղթական մռնչոցով էլ հասավ ծառին, զայրագնած պոկեց բնին մնացած սղոցը, ոտքի տակ առավ, տրորեց ինչ կար, ինչից մարդու հոտ էր առնում:

-Այդպես որ գնա, մեզ դռնեդուռ կգցեն, -քրջմնջում էր՝ չհանդարտվելով: Ապա դարձավ սկյուռիկին: -Հարկավոր է մեծ ընկուզենու տակ հավաքել բոլորին: Ձայն տուր, թող գան:

Ու հավաքվեցին՝ գայլերը, աղվեսները, նապաստակները, կաչաղակները, վարազը, վագրը, եղնիկը, ճնճղուկները՝ ազգուտակով, մեծ ու փոքր, ով կար: Նախագահում էր ծուռթաթը: Դա մենախոսություն էր, որ արժեր արձանագրել, տեղ տալ ճարտասանական բոլոր գրքերում: Նա կարճ միջոցում կարողացավ հուզմունքը, զայրույթը փոխանցել մյուսներին, վարակեց.

-Ոչ մի զիջում, ներում… Արգելեք մարդու մուտքն անտառ՝ ով ինչ կերպ կարող է:

Եվ սկսվե՜ց: Հերիք է մեկը ծառուտին մոտենար, ճնճղուկները, ագռավներն ու կաչաղակները վերևից էին աղմկում, մյուսները… Մեկը, բնույթին հավատարիմ, մարդուց թաքուն գետնին դրած կացինն էր բերանն առած աներևութանում, մյուսն ուտելիքի կապոցն էր մաղ դարձնում, երրորդը սուրում էր բացատով… Շաբաթը չլրած՝ մարդու ոտքը կտրվեց դարաստանից, մեկը տասն արած՝ պատմում էին գլուխներով եկածը. էլ կին, երեխա կամ թե մե՞ծ կհանդգներ ծառուտին մոտենալ:

Մեծ շրջափակման տարին այդ կերպ փրկվեց Տաթի ննջարանից նշմարվող հեքիաթային անտառը:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2601 | 0 | 0
Facebook