Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ /նոթերի հանգույն/

07:20, cumartesi, 21 ekim, 2023
ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ /նոթերի հանգույն/

ՀԱՐՑ - Պատրա՞ստ ես նման զրույցի, մտահղացումը զավեշտ չի՞ թվում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Զավե՞շտ: Չէի ասի, բայց փաստը, որ միտքը ոչ միայն ծնվել է, այլև ստիպել մոտենալ գրասեղանին, անասելի ցավաբեր է: Նույնն է, թե անհուսությունից խոսես հայելային պատկերիդ հետ:

ՀԱՐՑ - Չեղավ, սկզբից ևեթ վատ ես տրամադրված, անհնազանդ արջառի պես կամը կալից դուրս ես քաշում: Ծայրահեղ մտքերը լավ են, բայց պայմանով, եթե տրամաբանություն կա հիմքում:

ՊԱՏ. - Տրամաբանված, չափած-կշռած շատ ենք խոսել՝ ձանձրալի լինելու չափ: Կշռադատել, չի՞ նշանակում կոկել ասելիքը, հարթել անկյունները, այնքան, որպեսզի ոչ ոք չնեղանա, բռնելու տեղ չլինի:

ՀԱՐՑ - Չէի ասի:

ՊԱՏ. - Առայժմ դոփում ենք տեղում: Չսկսե՞նք:

ՀԱՐՑ - Կամքը քոնն է: Հարց տվողն էլ ես դու, պատասխանողն էլ: Առաջինն ի՞նչ հարցի կկամենայիր պատասխանել:

ՊԱՏ. - Մի ուղղում՝ ոչ թե պատասխանել, այլ խորհել: Թե չէ՝ պատասխանել. առանց այդ էլ կյանքս եղել է սոսկում այն մտքից, որ պատասխան եմ տալու ծնված լինելու, ապրել-շնչելու, կեղծ ու պատիր /թեկուզև հազվադեպ/ ժպտալու, չուզելով խոսելու, չկամենալով հաճոյանալու և էլի հազար ու մի մեղքի համար, որոնց թվարկումը կպահանջեր առնվազն բացել «Նարեկ» -ը:

ՀԱՐՑ - Ի վերջո, քո ապրածն իմ աչքի առաջ է, գիտեմ, որ այնքան էլ վատը չես: Եվ ապա՝ ի՞նչ կարիք կա, քո ի՞նչ գործն է: Մարդկության, ցեղիդ արատների համար դու՞ պիտի պատասխան տաս, ո՞վ է պարտադրում:

ՊԱՏ. -Այդ դեպքում ինչու՞ եմ գրում, ո՞րն է իմաստը:

ՀԱՐՑ - Ահա և անդրանիկ հարցը:

ՊԱՏ. -Ամենաբարդից բռնեցիր, բայց կփորձեմ. ես մարդուն, կոնկրետ դեպքում՝ ինձ Երկիր մոլորակից, տիեզերքից դուրս չեմ պատկերացնում: Եվտուշենկոն ասում է՝ շնորհակալ եղիր, քանզի կարող էիր և չծնվել: Սիրուն խոհ է, գտնված, տեղում, տրամաբանության մեջ՝ ճիշտ: Բայց ես այդպես չեմ դատում: Ըստ իս, պետք է ծնվեի, քանզի ամեն պատահական պատճառաբանված է, այն պատահական է միայն մեզ համար, տվյալ պահի, վայրկյանի համար, հողագնդի վրա կեցող բանականի համար, իսկ Բացարձակի, Տիեզերականի օրենքներով… Թյու, ողջ կյանքում ջանացել եմ պարզ լինել, խելոք-խելոք չխաղալ, անըմբռնելիի, անիմանալիի շուրջ չդատել, բայց ահա… Ինչևէ, իմ անկրկնելիությունը գիտակցելով՝ կամեցել եմ հետագիծ, անսահմանությունում իմ տեղը գտնելու հնարավորություն թողնել: Ուրիշ բան, որ ընտրածս միջոցն անկատար է: Գուցե թե դրա կարիքը չկա, թերևս, տիեզերքն ամեն բան մտապահում է, և Դավոյանն իսկապես ճիշտ է. ձայները չեն մեռնում, չի մեռնում ոչինչ: Դա հրաշալի կլիներ, նշանակում է կորուստներ չկան, ամեն բան մնում է՝ մեզնից անկախ, մեր ուղեղից դուրս, և կա այն ամենազոր-գերզգայուն Էությունը, Գոյակը՝ ունակ հարկավորության ժամին թերթել, ունկնդրել, դիտել, ունենալ, կիրարկել: Իսկ ես աճապարանոք ճգնում եմ իմ զգացածը, ապրածը, տեսածը պահ տալ թղթերին, որպեսզի հանրույթը, ավելի մեծ չափաբաժնով՝ աշխարհ-տիեզերքը չկորցնի ինձ: Չէ՞ որ ծննդյան օրից ցայժմ երկինքն ինձ համար ուրիշ ձայնով է որոտացել, ցավն ապրել, տառապանքին հաղորդակցվել եմ ոչ այլոց պես, վերջապես շրջապատին, մարդկանց ու եղելություններին, անհունին նայել եմ միմիայն իմ դիտակով: Չթվա, թե մեծամտում եմ, չասեք՝ ու՞մ ես պետք դու քո խոհերով, ձգտումներով, ո՞վ ես… Ես մասն եմ ողջի, ամբողջի: Աշխարհին բոլորն են պետք, այդ թվում և դու, որ հիմա քամահրանքով ընթերցում ես սույնը /եթե վիճակվի/ ու քիչ անց, եթե անզոր լինեմ համակրանքդ շահել, դեն կշպրտես, որպես անպիտո հորինվածք: Մի շտապիր. ես իմ մասին եմ գրում, իսկ դու բանաձևիր: Դու ինձ չես համակրում, ես՝ քեզ, ու գիտե՞ս ինչու, քանզի ի մոտո մեկմեկու չգիտենք, անհաղորդ ենք, թիկունքած: Պատճառներից մեկն էլ դա է, որ հարկադրում է գրել, փաստել աշխարհի՝ ձույլ սիրով կանգուն լինել-մնալու պարագան: Դույնի մասին անդրանիկ գրքիս առաջաբանում թռուցիկ տողել եմ:

ՀԱՐՑ - Քանի որ խոսք բացվեց առաջին գրքի մասին, ասա՝ այն քո սրտո՞վ է, վերստին կտպեիր, եթե ժամանակի անիվը հետ պտտվեր, ու դու մնայիր նույնը՝ ինչպիսին հիմա ես:

ՊԱՏ. - Ես չապրեցի երախայրիք գրքից սպասվող բերկրանքը: Ասեմ՝ այն տարիքում չէի, որ կարծեի, թե լույս ընծայումից հետ արեգակն ուրիշ տեղից կծագի, երկիրը կցնծա, մարդիկ ապշանքով կշշնջան՝ այս լույսը որտեղի՞ց, ո՞վ սփռեց, հետո ուշքի գալով՝ վրա կտան գրախանութներին: Ամենևի՛ն: Անգամ ուրախություն չապրեցի, որովհետև երկար էի սպասել նրա ծնունդին, շատ խոչ ու խութ հաղթահարել, սև աշխատանք տարել: Նման զգացում ապրել եմ նաև բնակարան ստանալիս: Այն ինձ հասնում էր, պիտի տային, որովհետև վատառողջ էի, հյուծված, և իմ կենցաղը /օրենքի համաձայն/ բարելավման կարիք ուներ: Բայց գրասենյակային գորշուկներն այնքան ջղահան արին, որ վերջում օրդեր կոչվող թղթի կտորը կյանքի գարշության, միայնակի անզորության գիտակցումի ևս մի հավաստում դարձավ: Նույնը՝ գրքի պարագայում: Սկզբում՝ անտարբերություն, այնուհետ՝ զգուշավորություն, ամեն միտք, նախադասություն մանրադիտակի տակ առնել-զննելու պարտադիր կարգ, ապա՝ հերձող դանակ: Այդու շնորհակալ եմ, գտնվեցին մեկ-երկուսը, որ օգնեցին խավարի թագավորությունից այն լուսերես հանել, թեկուզ անկատար, ոչ այնպես, ինչպիսին կկամենայի:

Հետընթացի հնարավորության դեպքում... չէի տպի: Բանն այն է, որ ստեղծագործողը հազվադեպ է արդյունքից գոհ լինում: Ժամանակի ընթացքում դու ևս փոխվում ես՝ տրամաբանությամբ, տրամադրությամբ, երբեմն նույնիսկ՝ օրվա մեջ մի քանի անգամ, ըստ այդմ՝ անդրանիկ գիրքն անկատար է, թերի: Գրքի ճակատագիրն էր. պիտի այդպես լույս աշխարհ գար:

ՀԱՐՑ – Իսկ հետագա ընթա՞ցքը:

ՊԱՏ. - Ասվեց, որ ի սկզբանե հրաշքի չէի սպասում, Բայրոնի պես արթնանալով՝ ինձ չեմ տեսնի հանճարեղ դարձած: Հիմա սակավ են կարդում: Այնքա՜ն բան կա, այնքա՜ն գրքեր են լույս տեսնում, որպիսի՜ հայտնի անուններ կգտնես գրախանութում՝ կապուկներով, գունաթափ կազմով, վրան փոշի: Փաստը, որ միայն Չինաստանում տարեկան միլիոն անուն գիրք է տպվում, արդեն իսկ վկայում է, որ իմը կաթիլ է ծովում: Այդու ծալքը թեթևակի բացեմ. առաջին օրինակը գնեցի աղջիկներիս հետ: Աբովյան փողոցում բացօթյա վաճառասեղանին բազում այլոց կողքին դրված էր և իմը՝ դեղնակազմ: «Հայրիկ...», -դուստրերս հուզված՝ բարձրաձայն հարցեր էին ուղղում՝ ակնկալելով ոգեշունչ պատասխան, իսկ ես ամոթից մինչևիսկ վաճառասեղանին չէի նայում: Հինգ օրինակ գնեցի, հետո մեկ այլ խանութից՝ դարձյալ նույնքան: Երկու հարյուր օրինակ, երևի, տարբեր ժամանակահատվածում գնած լինեմ: Ինչ էի անում այդքա՞նը - նվիրում էի սրան-նրան: Ոմանց՝ սիրով, շատերին՝ ստիպյալ, որովհետև ակնարկում էին, պարտադրված էի: Պախարակել, հարկավ, չարժե: Զուտ բնավորության հարց է: Ասես նվաստանայի: Համոզված էի՝ մեծիմասամբ չեն ընթերցի, հենց այնպես են ուզում՝ իրենց ես-ը հաստատելու համար: Ամենադժվարն ընծայագրի հարցն էր: Ստացողը մեծարանք էր ակնկալում՝ կամենալով, որ մեկ նախադասությամբ, տողով իմ սերը, նվիրվածությունը վկայեմ, միաժամանակ բնութագրեմ, գնահատեմ իրենց: Առանձին ընծայագրերի համար ցայսօր չեմ ներում ինձ, թե հնար լիներ, կհրաժարվեի գրածիցս, կարմիրը կզարկի դեմքիս, եթե հաճոյախոսությունները վերընթերցելու առիթ ներկայանա, երանի պատռած, այրած լինեն նվիրածս, հետքն իսպառ կորցրած, քանզի նրանք գոնե հետո դարձի չեկան:

ՀԱՐՑ - Իսկ վերնագի՞րը՝ «Երկարող ստվերներ»: Ի՞նչ ստվերի մասին է խոսքը, և ինչու՞՝ երկարող:

ՊԱՏ.-Գրքին հետո ես այլ անուն գտա: Ճիշտը «Ցավի ակունքն» էր: Եվ եթե հաջողվի նորը տպագրել, այդ խորագրի ներքո լույս կտեսնի, իսկ «Երկարող ստվերները» ...

Տեսել եք, գիտեք ստվերն ինչպես է առաջանում, ինչից: Այդ կերպ իմ հայացքի տակ ուրվագծվում, առարկայանում են անձինք, կյանքը: Որքան խոր է հայացքը, այնքան երկար է ստվերը, տեսանելի՝ նաև այլոց համար: Իսկ ուրիշ ասվածն ընթերցողն է: Նկարագրված միջավայրը, եթե մնար միայն իմ հիշողության անձավում, մահիցս հետո կկորչեր, կդադարեր գոյություն ունենալ /նյութի օրենքով, համենայնդեպս, այդպես է/, իսկ գրքի թերթերում, թեև ընդամենը ստվերի տեսքով, առկա է: Սոսկ ստվերի, քանզի կյանքն ու՜ր, գրյալ, նկարյալն ուր, որովհետև, սուտ է՝ որքան էլ տքնես, բառերով վրձնածն անկատար է: Մի հանգամանք ևս՝ կապված խորագրի հետ. գրքի կերպարների մեծ մասը պատանի են, որոնք մի գրվածքից փոխադրվելով մյուսը՝ հասակ են առնում, զորանում, ձևավորվում որպես անհատ, էություն: Նրանց ընթերցողը հետագայում դարձյալ կհանդիպի այլ պատմվածքներում, վիպակներում, եթե գրելը չընդհատեմ:

ՀԱՐՑ - Հիմք ունի՞ մտավախությունը, հետագայի հանդեպ անվստահությունն ինչո՞վ է պայմանավորված:

ՊԱՏ.-Այն մշտակա է. նախ՝ տիեզերական չափանիշներով, ժամանակի անսահման հոլովույթում զուր են ջանքերը և ապա... Միջանկյալ բան ասեմ, հետո կշարունակեմ միտքը:

ՀԱՐՑ -Իրավունքը, հենց սկզբից պայմանավորվեցինք, քոնն է, եղանակ ստեղծողը դու ես:

ՊԱՏ.-Առաջին հայացքից մտածումներս հակասական են, սակայն դա առերևույթ է այդպես: Չարենցը չի՞ ասում՝ ամեն վայրկյան մենք այլ ենք: Այնպես որ՝ եթե ես սկզբում տիեզերքում իմ հետքը թողնելու մասին էի խոկում, իսկ այժմ ողջի՝ անիմաստ լինելու, անբնական չթվա: Պարտավոր եմ գրել, որովհետև չգրելիս խիղճս հանգիստ չի տալիս, ես պետք է վերջում կարողանամ ասել՝ արեցի, որքան ի վիճակի էի, մնացյալը թողնում եմ ժամանակին: Թեև մեկ այլ տրամաբանություն հորդորում է տողել՝ կգա օր, որ չի լինի Արև-Աստվածը, և խավար կիջնի երկրին՝ սահմռկեցուցիչ խավար, տիեզերական հողմերի բաժին կդառնա համայն մարդկության ստեղծած ամեն բան. և մեղեդին՝ հնչյունների այն հերթագայությունը, դաշինքը, որ արցունք կարող է քամել, շոյել լսելիքը՝ ստիպելով համակվել պայծառ խոհերով, տրմադրությամբ, և կտավները՝ երանգները որի հոգու ու աշխարհի գույներն են և պոեզիան, գյուտերը բոլոր, պատմությունները՝ լի վշտով, անկումներով ու վերելքներով, ստով ու կեղծիքով, շատ դեպքերում՝ հորինովի, և բուսական ու կենդանական աշխարհը, ինչի կորուստը մեծագույնը կլինի... Չեմ ցանկանում այս մտքի ետքից երկար գնալ, քանզի ով գիտի, ուր տանի: Ահա, այդ կերպ դատելիս է, որ ձեռքդ թուլանում է, միտքդ պաղում՝ նոր բան շարագրելու:

Հիմա մի փոքր՝ մտավախության մասին: Ամեն անգամ, մինչևիսկ կես էջանոց հաղորդագրություն պատրաստելիս նախքան սկսելն անհանգստություն եմ ապրել՝ կկարողանա՞մ: Երկմտանքի մյուս պատճառն զգացողությունն է, թե կրկնում եմ ինձ, ողջն ասվել է, ասել եմ արդեն: Դա թերություն է, բնավորությանս խոտելի գծերից, որովհետև նույնի շուրջ երկրորդ անգամ այլ կերպ ես մտածում, խոհերի տրվելիս ենթագիտակցությունիցդ, հիշողությանդ ծալքերից հառնում են բաներ, որոնց գոյության մասին գաղափար չունեիր: Հանդարտ, անգո, անգրգիռ կյանքով կենալիս դրանք խարամի տակ էլ կմնային, մինչդեռ ուղեղի ծալքերում ինչե՜ր կան: Մեր նախորդ սերունդներն իրենց կյանքը պահ են տվել մեզ: Նույնը մենք ենք փոխանցում մեր զավակաց: Ժառանգ ունենալը դրա համար է կարևոր, մարդկությունը դրա համար է հիշյալին կառչած: Կապը չպետք է կտրվի, հիշողության սափորը անփշուր պետք է փոխանցվի մյուսին: Մնում է գտնել խթան-բանալին, շնորհիվ որի կարելի կդառնա բացել բացառիկ զետեղարան-գանձանակը:

ՀԱՐՑ - Դա ի՞նչ է՝ գիտական վարկած, թե՞ ոտնկոխել ես իդեալիզմի սահմանը:

ՊԱՏ. - Երկուսն էլ իմ բանը չեն: Իմը փորձի վրա է խարսխած, մաշկիս վրա պիտի զգամ, թեև դրանից հետևություն չպետք է անել, թե ժխտում եմ մնացյալը: Կոնկրետ այս դեպքում իմ ապացույցները, խոհերիս հավաստիությունը փաստողը երազներն են: Երազներ շատ եմ տեսնում, մի գիշերում հնարավոր է հինգ-տասը՝ ամենատարբեր սյուժեներով, ամենանհեթեթներից մինչև ճշմարտագույնը: Պարբերաբար տեսնում եմ քաղաքներ, որոնց մասին ոչ մի գրքում չեմ կարդացել, ֆիլմերում այդպիսիք չեմ տեսել, ավելին՝ հողագնդի վրա ներկայումս չկան: Դրանք մինչևիսկ երևակայությունից դուրս են: Լինում եմ վայրերում, որոնց մասին պատկերացում չունեմ, հարթմնի չեմ երազել: Դրանք իմ նախնյաց կեցած վայրերն են, նրանց տեսածն է՝ այդ ահռելի տաճարները՝ ճարտարապետական գոնե ինձ հայտնի ոչ մի ոճի չհամընկնող, բացարձակ անբնակ, անոտնակոխ լեռնահովիտները, որոնց վրայով թևում, սավառնում եմ, փրփրադեզ գետերն ու թավուտ կաղնուտները, կիրճերն ու ծովերը, ուր կռվում եմ, գոտեմարտում հրեշների, մարդկանց հետ, որոնց ամենևին չգիտեմ: Ասածս նոր չէ, դույնի մասին գրել, գրում են, Ջեկ Լոնդոնն էլ գեղաշունչ գործեր ունի: Եվս մի միտք, և թեման փակենք. մարդը երազներում հազարիցս հարուստ կյանքով է ապրում, քան իրականում՝ գորշ, գաղջ: Երազները թաքնագրեր են՝ վերծանման կարոտ, մեր անցյալ ու ներկա կյանքի նեգատիվները՝ երևակման սպասող:

ՀԱՐՑ - Գրվածքներումդ այդ մասին խոսք չկա: Ընդհանրապես հորինովին, երևակայականը գրեթե տեղ չունեն:

ՊԱՏ. - Կյանքն այնքան բազմաշերտ է, տարազան, որ հորինելու հարկ չկա: Մնում է խորանալ, այլ ձևակերպմամբ՝ մտնել կերպարի մեջ: Եթե ընտրյալդ /հերոս բառից խորշում եմ/, ասենք, տնօրեն է, ուրեմն՝ նրա փոխարեն պիտի նստես բազկաթոռին, արմունկներով զգաս գրասեղանի ամրությունը, մատներով՝ ընկալուչի սառնությունը, ականջդ պիտի որսա փողոցով անցնող մեքենայի ազդանշանը, սառնարանի խուլ դռռոցը՝ թիկունքի հանգստասենյակում, պիտի ընկալես, թե բացվող երկշերտ դռնից ինչ տրամադրությամբ է մտնում այցվորը, հուզմունքից, սարսափի՞ց չի նստում, թե՞ բարեկիրթ լինելով՝ սպասում է հրավերի: Եթե կիրթ անձի կերպար ես կերտում, կառաջարկես նստել, թեթևակի վեր կկենաս: Եթե բիրտ անասունի նկատի ունես, ուրեմն՝ բթամտությունը պիտի վրայից ամեն պահ թափվի և կարողանաս նրա իսկ արարքով ստորացնել ինչ-ինչ հարցով դուռը բախած ձախողակին: Կյանքում տնօրեն չեմ եղել, բայց հարյուրներին հանդիպել եմ այս ու այն կերպ վարվելիս, ու բավական է մտովի հաստատվեմ այդ պաշտոնում, նկարագրվածը կդառնա հավաստի:

ՀԱՐՑ - Դա արդյո՞ք չի նշանակում միշտ նույն մարդու մասին գրել, նույնը գրել:

ՊԱՏ. - Ինչ-որ տեղ այդպես է: Եթե վստահելու լինենք Մարկեսին, յուրաքանչյուր գրող կյանքում մի գիրք է գրում, թեև այն լույս է տեսնում տարբեր անվանումներով: Մի բան հաստատ գիտեմ՝ եթե հեռանամ ինձնից, ձախողանքն անխուսափելի է: Ահա թե ինչու չեմ հորինում, թեև դժվար է զատորոշել, որտեղ է իրականությունը փոխակերպվում հորինվածքի, որն իրականում հորինվածք չէ, որովհետև երևութական աշխարհում արվեստագետը հաճախ շատ ավելի խորքային է ապրում անցքերը, քան փաստացի կյանքում։ Ապրել երկու կյանքով /վիրտուալ և իրական/, լինել բազմադեմ, ստեղծագործող մարդու առավելությունն է շարքայինից, թեև․․․ բանական էակը, համոզված եմ, ողջ կյանքում և անընդմեջ է ստեղծագործում․ պարզապես ոմանք ոգորումների որոշ մասը համակարգելով հանձնում են թղթին, եթե նկարիչ է՝ կտավին, երաժիշտ՝ նոթատետրին, մնացյալը ժամանակի մեջ բարձիթողի խունանում է, իսկ մահից հետո անեանում հավերժորեն։ Կարծում եմ։

ՀԱՐՑ - Ասել է, թե՝ այդ բազում անձինք դու ես՝ տարբեր անվանումներով, իրադրությունում, տարիքում:

ՊԱՏ. - Ես և ինձ շրջապատող մարդիկ՝ իմ մաշկի տակ, ում ճանաչել եմ այս երեսունինը տարիներին՝ եղբայրներս, քույրս, ծնողներս, արյունակից մյուս բարեկամները, գործընկեր, հարևան, բոլորովին պատահական մեկը, ում հպանցիկ տեսել եմ գնացքի պատուհանից, ավտոբուսում, ծովափին, այլուր: Նրանք շատ անգամ չեն էլ զգացել, որ ուշադրությունս բևեռել եմ իրենց վրա, կաևորել եմ, չգիտեն, որ պահ են տրվել թղթին: Մեկի հոնքերն են տպավորվել, մյուսի՝ թաշկինակում խնչելու կերպը /բառի համար ներողություն/, մյուսի վերնաշապկի սևացած օձիքը, երրորդի քմային ձայնը, չորրորդի վավաշոտ հայացքը, ոտնամանի քուղերը ու էլի հազար բան: Կերպար կերտելիս այդ ամենը, ներառյալ բազում դեպք, դիպված գլխումս եռ են գալիս: Վերցնում եմ այն, ինչ տվյալ պահին բնորոշ է, անձին բնութագրական:

Գրել-ստեղծագործելն ինքնին զարմանալի երևույթ է՝ պարզ, միաժամանակ անչափ խրթին, անմեկնելի մինչևիսկ հենց իր՝ գրողի համար: Քսան տարի առաջվա դիպվածը կարող է հայտնվել մի պատմվածքում, որտեղ նկարագրվում է հենց այդ առավոտ տեսածը: Մանուկ օրերի մի դեմք ունակ է, ասենք, կնոջդ երեսնամյակի առթիվ շուկայում կատարած գնումների ժամանակ դառնալ վաճառասեղանից այն կողմ խնձոր պլպլացնող նյութապաշտ: Եվ կյուսվի պատումը, կծնվեն երկխոսություններ, ասպարեզ կգան ճակատագրեր, որոնց մասին եթե գիտեիր էլ, ոչ այդպես համակարգված, ոչ այդ հերթագայությամբ: Ըստ էության, գեղարվեստը ոչ իրականություն է, ոչ էլ հորինվածք, այլ․․․ հաղորդակցվողին մոլորեցնելու բնազդական, մասամբ գիտակցական ձգտում։ Լավ գրել, նշանակում հրապուրելով թյուրել ընթերցողին, այնքան ու այնպես, որ հավատա ոչ թե տեսածին, այլ նկարագրվածին, որովհետև գրավիչ է խորհրդավորը, և ապա՝ պարզունակ է պատճենել այն, ինչը մեկ անգամ եղել է։ Միով բանիվ, բովանդակություն, սակայն ոչ իրադարձության ծանծաղ արձանագրում։

ՀԱՐՑ - Ինչի՞ հետ կարելի է համեմատել ստեղծագործելը:

ՊԱՏ. - Գրելը նման է ջրտուքի, անմշակ ստեղծագործությունը՝ ջրի, որը դեռ հուն չունի, իսկ գրողը մշակ է: Բահը միշտ պետք է ձեռքին լինի, եթե ոչ ջուրն այլ հունով կգնա, մտքի ընթացքը կշեղվի: Բառերն այն քարն ու ճիմերն են, որոնցով նա պետք է միտքը ցանկալի հունով տանի: Ու թե գուղձերը պակասեցին, հեղուկն այս ու այն կողմ փախավ, հորդ գետի փոխարեն վերջում առվակ կմտնի արտ կամ այն այդպես էլ տեղ չի հասնի, ասելիքը՝ ընթերցողին: Բերքառատ է այն այգին, ծաղկուն այն պարտեզը, որի ջրբաշխը ձեռքի տակ ճիմ, այն ի տեղի գործածելու շնորհք ունի, մի հունդը հազար կդառնա այն ակոսում, որին կապածն ի սկզբանե հորդ է: Վայ նրան, ով համբերություն չունի՝ բահը միշտ ձեռքին պահելու, գրելը պիտի թողնի նա, ով ճիմ ու քար, ասել է թե՝ լեզվի հարկավոր պաշար չունի:

Արվեստը սովորականում արտասովորը տեսնելու և ապրումը պատկերավոր ներկայացնելու ձիրք է, գրականության պարագայում՝ բառային զգեստավորմամբ, նկարչության՝ գույնի, երաժշտության՝ հնչյունի... Ըստ որում՝ գործիքներն առանձին-առանձին անկատար են՝ դիմացինին հույզերը, մտորումները, կյանք ասվածը լիովին փոխանցելու առումով: Ագամ կինոն, որ ամենամեծ հնարավորությունն ունի, լինելով արվեստների «սինթեզ», անթև թռչուն է՝ համեմատ ապրած-տեսած-հորինածի: Թերևս, դա է պատճառներից գլխավորը, որ անգամ արվեստագետներից ամենաօժտվածները հաճախ դժգոհ են մնացել իրենց տքնանքի արդյունքից, որովհետև ի զորու չեն եղել ընթերցողին, դիտողին, ունկնդրին ու ակնդրին փոխանցել ողջը...

ՀԱՐՑ - Լեզվի իմացությունը ոչ միայն գրողի համար է կարևոր:

ՊԱՏ. - Մեր հայրենակիցներից շատերի համար հայերենն ընդամենն առօրյա հաղորդակցման միջոց է, ընդ որում մի մասի համար՝ ոչ գլխավոր, այստեղից էլ ի միջի այլոց վերաբերմունքը: Եթե լիներ հստակ գիտակցում, որ լեզուն միաժամանակ մշակույթ է, սերունդների խտածո կենսագրություն, անցյալի բացահայտման թաքնագիր, երկրի ու նրա զավակաց որպիսության ցուցիչ, անսպառ ներուժի ստնտու, անխոցելի զրահաբաճկոն, մոտեցումը բոլորովին այլ կլիներ: Կարևորում եմ մաքուր հայերենով հաղորդակցվելը: Գիտեմ՝ մանրէազերծ կյանք հնարավոր չէ, բայց հայրենիք անվանյալ մեր մեծ տունը, մայրենին, որով հաղորդակցվում ենք, հնարավորինս մաքուր պահել, հո, կարելի՞ է: Տնից ելնելիս լվացվում, զգեստափոխվում ենք, այո՞, մեզ տեսքի բերում, քանզի հանրությանը մերկ, անխնամ, փնթի ներկայանալը պարկեշտ չէ, ուրեմն՝ նույն կերպ վարվենք նաև մտքեր շաղելիս՝ լինի գրավոր, բանավոր: Անցյալում գրական հայերենը հեռացել է խոսակցականից, որովհետև մատենագրի գործը մի քանիսն են ընթերցել, դուրս չի եկել արքայի, իշխանի, մեծահարուստի, մեհյանի, վանքի պահոցից: Այսօր հեռուստալրագրողին, ոմն արվեստագետին, գործչին ունկնդրում են տասնյակ հազարները, ծանուցող լուսագրերին մեծաքանակ աչք է հետևում, ըստ այդմ՝ խոսքը կարող է բազումների թե կրթել ու թե խեղել:

Հնարավորինս պարզ եմ գրում, բայց երբեմն հատուկ, միտումնաբար գործածում եմ խոսակցականից դուրս մղված բառեր, անգամ նորերը «ծեփում»: Մեղքն իրենցը չէ, որ լքյալ նիրհում, հանգչում են բառարաններում՝ կարոտ արևի, կենարար օդի:
     Կարծում եք՝ դրանից խոսքը գրքայի՞ն է դառնում: Ամենևին: Եթե նույնիսկ նման վտանգ կա, ո՞րն է գերադասելի՝ փնթի, թե՞ կոկիկ հագուկապը:
     Լեզվի անհատնում գանձարանից չօգտվելը նույնն է, ինչ արծաթից գդալ-պատառաքաղը, ճենապակյա ափսեն ու բյուրեղապակյա գավաթը սպասքապահարանում կողպած՝ կիրառել ալյումինից պատրաստվածը, քերծվածն ու ունկը թռածը, տեսակ-տեսակ որակյալ հագուստի փոխարեն անշուք, անլվա խալաթ կրելը, իսկ գրավոր խոսքին խնամքով չվերաբերվելը, այն առաձնակի չկարևորելը նման է տնային զգեստով, հողաթափերով համերգասրահ այցի:
     Բնական է դառնում այն, ինչին վարժում ես աչքդ, ականջդ, լեզուդ, միտքդ..․ Հավելում ասվածին՝ բառին էություն տվողը մարդն է․ մեկի համար այն մտքի ոստնակ է, մյուսի՝ սոսկ դաջվածք՝ ըմբռնելի կամ անըմբռնելի, բառը կտավ է, որին գույն անհատն է հաղորդում՝ լինի լսելիս, տեսնելիս։

ՀԱՐՑ - Նախօրոք գիտե՞ս ինչի մասին ես գրելու, հայտնի՞ է կառուցվածքը:

ՊԱՏ. - Ոչ մի անգամ հենց այնպես չեմ նստել գրասեղանի առաջ, թեև գիտեմ՝ կան նաև այդպես տքնողներ: Գոնե ընդհանուր գծերով ինձ պետք է հայտնի լինի գրելիքի կմախքը: Թերևս, մի օրինակով մեկնեմ միտքս: Գործավորներից մեկը տեսել էր, թե խանութում ինչպես են մի աղջկա բռնել գողության մեջ: Վաճառողուհիները ներկաների աչքի առաջ ծեծել են նրան, վերջում հանձնել օրենքի պահապաններին: Պատմելու ընթացքում ինձ մի պահ պատկերացնելով օրիորդի փոխարեն՝ սահմռկեցի: Գուցե նա իսկապես սովորական գող էր՝ արժանի ճաղաշարից այն կողմ հայտնվելու, բայց իմ համակրանքը նրա կողմն էր՝ ստորացվածի, պարտվածի, լլկվածի: Նստեցի գրելու՝ մտքումս ունենալով փաստը, կյանքից վերցրել էի պատահար՝ հետաքրքիր լուծումով: Առաջին իսկ տողից օրիորդը դարձավ տարիքն առած կին, ըստ որում գեղջկուհի՝ հացթուխ, աշխատավոր, ով աշխարհի չար ու բարուց անտեղյակ է, լավաշ է բերել քաղաք ծախելու և պիտի ավտոբուսով բան-ման առնելուց հետո տուն դառնա: Գտնվեց և անունը՝ Սրբուհի: Ձեռքին փող ունի, տղան ապահովված է, այն է՝ կարիքը չի դրդում այդ քայլին, ձեռնվարժ գող չէ: Շարունակում եմ գրել: Խանութում հերթ է, ճտքավոր կոշիկներ են վաճառում, և նա որոշում է հարսի համար /ուշադրություն դարձրեք՝ ոչ իր/ մի զույգ գնել: Բոլորը խառնվել են իրար, մտնում են, փորձում: Գեղջկուհին ևս հերթ է բռնում, թեև կոշիկի համարից պատկերացում իսկ չունի: Արդեն ներսում նկատում է, որ ոմանք գնում չկատարած են հեռանում, և ոչ ոք չի ստուգում: Սատանան գործն արել է: Սրբուհուն վերջին պահին հետ կանչելով՝ շաքարի, երշիկի, գլխաշորի տակից հայտնաբերում են պայուսակում թաքցրածը: Մի պահ գայթակղությունն այն աստիճան մեծ էր, որ քիչ էր մնում շարունակեի այլ տարբերակով. հաջողվում է անփորձանք տուն հասցնել գողոնը, և հետագայում խիղճը հանգիստ չի տալիս ու օրերից մի օր գումարը վերադարձնում է՝ հարուցելով խանութի աշխատողների զարմանքը: Սակայն գործընկերուհուս պատմածը խիստ էր տպավորվել, և ես շարունակեցի ծանոթ հունով ընթանալ: Ընթացա ու… դեմ առա: Տարիքն առած կնոջը «ծեծել» չէր լինում, շա՜տ էր անհավանական, տմարդի: Թեկուզ գող, ո՞վ կհավատար, թե ջահել վաճառողուհիները տասնյակ գնորդների աչքի առաջ ունակ են վայրագության: Ստորացնել, ա՛յ, կարող են: Ընթերցողը դրան կհավատա, որովհետև ամեն քայլափոխի նման խոտելի բանի առնչվում է:

Վերջաբանը ևս անկախ կամքիցս փոխվեց: Բաժնի վարիչը նրան ընդամենը ահաբեկում է և, կոշիկները ձեռքից առնելով, թույլատրում հեռանալ: Կալանելու համար քաղմաս զանգելու կարիք վերջնամասը շարագրելիս չզգացվեց, որովհետև նախ՝ խիստ սրտաճմլիկ կլիներ, և ապա՝ Սրբուհին այն բնավորությունն էր, մարդկային կերտվածքը, ով արդեն պատժված էր, նրա դեմքին էլ դժվար ժպիտ գար, ինքն էր իր ինքնադաստանը տեսնելու:

Այդպես ծնվեց «Դեպք հանրախանութում» պատումը, վերնագիրը որի հետո փոխեցի:

ՀԱՐՑ - Լրիվ չպատմեցիր: Չե՞ս հիշում, գրվածքի վերջաբանը ևս փոքր ինչ փոխվեց, թեև անգամ դա չօգնեց գործին:

ՊԱՏ.- Ինչպես չէ. այն «Գարուն» ամսագրին հանձնածս անդրանիկ պատմվածքն էր: Երեք տարի «քնցնելուց» հետո որոշեցին տպել, ավելի ստույգ՝ բաժինը նյութը հանձեց գլխավոր խմբագրին: Նա հավանել էր, սակայն դիտողություն արել, թե՝ ավարտը շատ է տխուր, հարկավոր է մի բան անել, շտկել: Խրտնեցրել էր եզրափակող նախադասությունը՝ ի՜նչ լեղի է աշխարհը: Տարակուսած՝ գրվածքը վերցրի: Սկզբում մտադիր էի մերժել առաջարկը, բայց ինձ ստիպեցի նստել գրասեղանի առաջ և տասը-տասներկու տող հավելում արի: Խոստովանում եմ, դրանից նյութը չտուժեց, սակայն հեղինակային վերաբերմունք մտավ: Այդուհանդերձ զիջումը չնպաստեց պատմվածքի արևերես ելնելուն: «Գլավլիտ» կոչվածը մերժել էր: Փոխանցեցին, թե քաղաքական գծից շեղում չի նկատվել, բան, որից երկյուղում էի: Պետության «վստահված» անձը գրվածքի սոցիալական կողմին մինչևիսկ «կարևորություն» չէր տվել, պարզապես, որպես հայ, վիրավորված էր: Ինչպե՜ս կարելի է, -ասել էր, - ի՞նչ կմտածեն մեր մասին: Հայ կին և՝ գողություն: ՈՒ հեղինակին պիտակել էր «ազգուրաց» մակդիրով: Նմաններին գրականությանը մոտ չպիտի թողնել, -վերջում խորհրդի կարգով հրահանգել էր: Ցանկացա զրուցել հետը: Խմբագրությունում երկյուղած՝ հրաժարվեցին անունը տալ, ասացին՝ տհաճ պատմություն կբացվի, քանզի իրենք ի պաշտոնե թղթակցի մոտ նույնիսկ չպետք է «գլավլիտի» անունը տային: Ասացին՝ մեղվի բույնը բզբզելը վտանգավոր է, մեկ էլ տեսար ցուցակն ընկար, ինչի դեպքում տպագրվելն ընդհանրապես կդառնա անհնար: Ցենզորի մկրատն այսօր էլ անդուլ գործում է՝ ինչպես հարյուր հիսուն տարի առաջ Տոլստոյի, Տուրգենևի, մյուսների օրոք՝ համազգայինի ու համամարդկայինի սին շղարշով բարուրված։

Հարց - Դա ո՞ր թիվն էր:

ՊԱՏ. - 1984: Լճացման ամենախոր տարիներն էին: Ճահճակալել էր ողջ կայսրությունը, բոլորեքյան՝ կեղծիք, գաղափարախոսությունը՝ փուչիկ, միահեծան էին բոլորը՝ ԲՇՏ-ի պետից մինչև ամենավերև:

ՀԱՐՑ -Կարևո՞ր է տպվելը: Այն որևէ բան տալի՞ս է գրողին:

ՊԱՏ. - Շա՜տ: Առաջին հերթին վստահություն է ներշնչում, թեև հակառակն էլ է լինում: Ասենք, հնարավոր է, հանդիպես անտարբերության կամ պնակալեզ քննադատների թիրախ դառնալով՝ թևաթափվես: Երկու պարագայում էլ խառնվածքը կարևոր դեր ունի: Նյարդերդ թու՞յլ են, ամու՞ր, որքանո՞վ ես ունակ չորը թացից, ընդհանուրը մասնավորից տարբերել, ի մոտո ճանաչու՞մ ես կյանքը, պատճառական կապ գտնու՞մ ես շրջապատի վերաբերմունքի և ժամանակի միջև ու դարձյալ բաներ: Կար պահ, որ գրում էի՝ չմտածելով տպագրվելու մասին: Դա լավագույն շրջանն էր: Գրել սկսել եմ բարձր դասարաններում: Ազդեցություններ էին հիմնականում, տափակություններ: Վերսկսեցի ուսանող ժամանակ, արդեն՝ պատմվածքներ: Արդյունքը դարձյալ աննշան էր: Նախ՝ չափազանց հոռետես էի, և ապա՝ անծրագիր: Չգիտեի ինչու եմ գրում, ինչը՝ ինչպես գրեմ: Հիմա եմ հասկանում, որ իբրև մարդ, քաղաքացի ձևավորված չէի: Մեծ մասը պատռել եմ, ինչ մնացել է, դարձյալ բանի պիտանի չէ, թեև գտնված տողեր, խոկմունք, մինչևիսկ ամբողջական հատվածներ առկա են: Լրջորեն սկսեցի երեսուն տարեկանում: Անդրանիկ պատմվածքը «Արջասարի լեգենդն էր», վերնագիրը որի ևս հետագայում փոխեցի՝ խորագրելով «Մռունչ»: Գրեցի Յալթայում: Զգում էի, որ ավարտուն գործ է: Երբ տանը կարդացի դուստրերիս /այն ժամանակ մեծը յոթ տարեկան էր, փոքրը վեց չկար/, տեսա՝ տարվել են: Պատմությունը հուզել էր, պարբերաբար վերընթերցել, գիշերները, ցրտից պատսպարվելու համար մեր ծոցն առած ժամանակ պատմել էին տալիս: Հետո մեկը մյուսին հաջորդեցին այլ գրվածքներ: Հասու էի՝ ինչ եմ անում, ինչպես սկսեմ շարադրանքը և դեպի ուր գնամ, տանեմ: Այդ տարիներին միակ ընթերցողը կինս էր, հետո նրա դրդմամբ Լևոն եղբորս տվի: Երախտապարտ եմ, չլիներ նա, հնարավոր է չշարունակեի: Ոգևորված՝ համեմատում էր Սթեյնբեկի, մերոնցից՝ Հրանտի հետ: Հիմա էլ կարմրում եմ համեմատություններից: Գիտեի՝ չափաբաժինը, օտար բառով՝ դոզան բարձր է վերցրել, բայց անկեղծություն կար. նախ՝ ընթերցեց մի շնչի՝ շարունակ պահանջելով նորերը և ապա՝ ճաշակ ուներ: Գրականությունից ու գրականագիտությունից հեռու լինելով՝ կողմնորոշվում էր ինչ կարդալ: Միջին Ասիայում էր ավարտել բժշկականը, Մոսկվայում թեկնածուական պաշտպանել: Մի բան էլ կար՝ հենց այնպես գովաբանելու պատճառ չուներ և չգոհացավ բարեկրթության սահմաններում մեկ-երկու ջերմ կամ ջրիկ խոսքով: Առիթ-անառիթ՝ լեզվին նույնն էր. տաղանդի կողքին ենք ապրում, բանից անտեղյակ:

ՀԱՐՑ - Հեռանում ես հարցից, նաև զգույշ՝ խոսքիդ շեշտը դառնում է հավակնոտ:

ՊԱՏ. - Միգուցե: Վեհերոտ, անվստահության բարդույթով կեցողի, ինքն իր հետ անվերջ կռիվ տվողի համար նման միջադեպերը էական են: Մի բառը բավական է՝ ընկճվելու, հոռետեսության գիրկն ընկնելու, շրջապատի հետ թշնամանալու, խրախույսը, ընդհակառակ, ունակ է խթանել, լիցքավորել՝ մղելով /թող բարձր չհնչի/ մեծամեծ գործերի: Այդ տեսակն եմ: Կամեցողները, ցավոք, սակավ են՝ գնալով ավելի ու ավելի են քչանում. դարի թելադրա՞նքն է, թե ինքս եմ տարի տարվա վրա հասունանում: Փրկում է այն, որ կարողանում եմ /ոչ միշտ/, փիլիսոփայորեն նայել իրողություններին՝ մարդ արարածի տքնարդյունքի չափումը թողնելով ժամականին, այլապես դժխեմ իրականությունն ամեն պահ մտրակում է, խռչափողիցդ հուպ տալիս, Հեմինգուեյի բառերով՝ փշրում կողդ:

Տպագրվելու մտադրանքով խմբագրությունների դռները բախելիս լավ հասկացա դա: Տեսա, որ ոչ ոք չի ցանկանում ձեռք մեկնել, ամեն մեկն իր գործի, շահ-օգուտի ետքից է աճապարում: Եթե վաղօրոք տեղեկանայի, որ ամբիոններից, հոդվածներից հնչող բարձրագոչ խոսքերը՝ գրական միջավայրի առողջացման, տաղանդներին նեցուկ լինելու և այլնի մասին սին, դատարկ հնչյուն են, գրվածքները մակերես հանելու փորձ չէի անի: Արդյունքն աննշան էր՝ համեմատ ավերքի: Այդ տարիներին պարզեցի, որ գրելը՝ աշխարհի մեծագույն տառապանքը, տաժանակիր աշխատանքը տասնապատիկ հեշտ է, քան տպագրվելը: Խմբագրությունում խաբում էին, կորցնում գրվածքը՝ ստիպելով նորը բերել, ժպտալով ստում էին, թե ուղարկել են տպարան, արդեն շարվել է, հրես, հրես կլինի, բայց... զետեղում էին իրենց ու մոտիկների գործերը, տպագրում էին՝ տպագրվելու հեռանկարով: «Ես՝ քեզ, դու՝ ինձ» օրենքն անսայթաք գործում էր: Համարյա նույն անուններն էին հրապարակի վրա: Բայց ես համառ էի: Չէի իջնում, նվաստանում, ժպտում, հաճոյախոսում, հրավիրում կերուխումի, ինչից մեծ մասը կատաղած՝ չնկատելու էր տալիս: Բացահայտ, ճիշտ է, չէին մերժում, որովհետև իմ լրջությունից, արժանապատիվ պահվածք-կեցվածքից, այդու, ազդվում էին: Գրածներս էլ, ըստ երևույթին, որոշակի մակարդակ ունեին, բայց շամփրելու, կասկածանքի, ուժերիս հանդեպ թերահավատւթյան սերմեր շաղելու անգերազանց վարպետների էին:

ՀԱՐՑ - Վիրավորանքն է խոսում: Համոզված չէի, թե նստվածքն այդչափ հաստաշերտ է, թանձր:

ՊԱՏ. - Եթե նկատեցիր, խոսքս կցկտուր դարձավ. Ջղերս միայն մտաբերելիս լարվում են: Պահի ողբերգականությունը տալու համար գրական ժանրի մեջ դնելու հարկ կա. պիտի անշտապ, քայլ առ քայլ ելնեմ սանդուղքներով, որպեսզի հետո դեմ առնելով պատին՝ փշուր-փշուր լինեմ, ջախջախվեմ հոգեպես, մարմնով: Թերևս, այդ դեպքում ընթերցողն զգա, թե ինչ եմ ապրել հիշյալ տարիներին, քանի-քանի ինձպեսներն են սպանվել այդ ճանապարհին: Ու դա այն դեպքում, երբ այնտեղ՝ անշուք սենյակներում նստածները համեմատաբար կիրթ անձինք էին, գրականությանը մոտ կանգնած, քչից-շատից հայրենապաշտ, մարդասեր, դիմացինի մասին հոգացող: Համենայնդեպս, այդ կերպ էին նրանք հանրույթին ներկայանում: Իսկ մյուսնե՞րը՝ այն հազար-հազար խեղճուկրակները, որոնք արդարության ակնկալիքով բնակարանի, օրվա հացի խնդրով բախում են դատարանների, կուսակցական, պետական մարմինների դռնե՞րը: Նրա՞նց ով պետք է նեցուկ լինի, ո՞վ պետք է ամենօրյա հունձքի դեմն առնի: Դրանք, հիրավի, չմոռացվող պահեր են: Օրերով խելքս գլուխս չէր գալիս, ի զորու չէի մի տող, էջ գրել: Մեղքում էի գրվածքներիս: Նրանք իմ զավակներն էին, ուստի մտորում էի՝ եթե կենդանությանս օրոք չկարողանամ տեր կանգնել, վաղը՝ մահիցս հետո ո՞վ սատար կլինի: Յուրաքանչյուր ծնող, հայր պարտավոր է հոգ տանել իր զավակի մասին, հանուն նրա պետք է զրկանքներ կրի, նվաստանա, ատամները կրճտելով դիմանա «տապարով տաշված» դեմքերի հայացքին, անտարբերությանը: Խնդիրն այլ կողմ էլ ուներ. եկել էր պահ, որ հենց այնպես՝ սոսկ ինձ համար գրելը դառնում էր անիմաստ: Մտքեր ունեի, ասելիք, կամենում էի բարության սերմեր շաղ տալ, ասել, որ ուրագի օրենքը լավ բանի չի տանում...

ՀԱՐՑ - Գրողի, արվեստի մարդու կոչումը ո՞րն է, եթե խոսքը դրան հասավ:

ՊԱՏ. - Ահազանգելը, տագնապի, բայց ոչ խուճապի փող փչելը: Վերջինս գործին միայն վնասել կարող է: Աշխարհում չարը շատ է, զորեղ: Բարին այսքան դար, հազարամյակ պահել է մարդկությանը, փխրուն հողագունդը, բայց կարծես թե իսկապես «ժամանակը դուրս է եկել շավղից»: Մարդը, հանրույթը դարձել են դժվար կառավարելի, բայց և՝ ավելի անազատ:

Թե ոգեղենի ու թե նյութի ոլորտում սխալները, կորուստները բազում են, թվում է, դարձի տեղ այլևս չկա: Հնարավոր է, իրոք, վախճանն անխուսափելի է, ջանքերը՝ ապարդյուն, այս քաղաքակրթությունը ևս պիտի կործանվի, դա սահմանված է ի վերուստ, մարդը բնույթով անուղղելի է և, չկամենալով հանդերձ, դրան է գնում, ինչը, սակայն, չի նշանակում, թե պետք է ձեռքերս ծալենք: «Մենքի» ներքո նկատի ունեմ նրանց, ովքեր քթից այն կողմ շատից-քչից տեսնում են:

Ինձ օրերս ծանոթացրին մի նկարչի հետ՝ Էդվարդ Ղազարյան: Եղա նրա արվեստանոցում: Երիտասարդ է, որևէ տեղ չի աշխատում, սակայն հասցրել է բավականաչափ վրձնել: Եթե էլ ոչինչ չանի, հավատացած եմ, նրա կտավներին գնահատանք է վիճակված: Ցուցահանդեսի դեռ չի մասնակցել, նրա մասին չի գրվել, բայց նա իր կիսանկուղում, ծխախոտի ու սուրճի պակասությունն ամեն պահ զգալով, քաշում է պարանը, և նրա զանգի ղողանջը նույն Պատի պայմաններում այդու ոմանց հասնում է: Համամարդկային, մոլորակային մտածողությամբ նրա կտավներն ունակ են թմբիրից հանել ամենանտարբեր ուղեղը: Նա Բրեդբերին է՝ նկարչության մեջ: Նա պարտադրում է խորհել, ստիպում է տագնապել, նա ահազանգում է՝ դարձի եկեք: Նրա ֆանտաստիկ նկարները՝ ճեղքելով ժամանակները, մոլորակը տեսնում են հոգեվարքի, կործանման փուլում, ավերքից հետո՝ առանց մարդ արարածի: Նրան պետք է դահլիճ տրամադրել, նրա գործերը պիտի ի տես ամենքի կախել փողոցն ի վար՝ մայթերի երկայնքով: Հենց հիմա աչքիս եկան Էդվարդի Մասիսները, Արարատյան դաշտը: Հողագնդի այդ անկյունը՝ իբրև ընծա ի վերուստ մեզ տրված, ինչպիսին եղել է աշխարհաստեղծման ժամանակ, ինչպիսին կլինի համայն շնչավորի անհետանալուց հետո: Գրողի, արվեստի մշակի կոչումը, գործի իմաստը խավարում լույսի որոնումն է, այն տեսնելը, դեպի նա ուղղորդելը: ճշմարտությանը ձգտելը, մոտենալը, հասնելը և նպաստելը, որպեսզի այն չմեռնի։ Միջոցներն են տարբեր: Մեկը դրան կարող է հասնել մեն միայն բարու, գեղեցիկի մասին պատմելով, մյուսը վերքին աղ ցփնելով, մեկի գործիքը բառն է, մյուսինը՝ գույնը, երրորդինը՝ հնչյունը... Ճշմարտություն փնտրելիս մեկը փաստերում է խորանում, մյուսը՝ երազանքներում: Առաջինին ճանապարհը կհասցնի գիտության, երկրորդին՝ արվեստի աշխարհ: Փառավոր կլինի արդյունքը, եթե անձն ի զորու է մեկտեղել երկուսը և հօգուտ հանուրի երևակել մտածումները...


    

ՀԱՐՑ - Պարտության անխուսափելիության գիտակցումով պայքար մղել դժվար է:

ՊԱՏ. - Բայց երբ այլ ելք չկա՞: Մեր պատմությունը, ճակատագիրը մի՞թե նույնը չէ: «Ողբը» գրելիս Խորենացին համոզված էր, թե այլևս նահանջի տեղ չկա, կործանումն անխուսափելի է, մինչդեռ դարերի հեռվից նրա ապրած ժամանակն իսկապես «ոսկեդար» է՝ անգամ քաղաքական, տարածքային առումով: Աստվածաշնչյան դրախտը մերն էր, պետականություն, ճիշտ է, չկար, բայց հայրենյաց հողի վրա կեցողը մենք էինք, գետերի, լեռների, շեների անունները հայերեն էին հնչում, միմիայն հայերեն:

Արշակունյաց արքայության անկումից հետո քանի՜ տասնամյակ պետականություն չունեցանք: Եկան Բագրատունիք, եղավ երբեմնի հզորության վերականգնման ճիգ՝ Կիլիկիայում: Խորշակները հաջորդեցին, ամայացավ ու ամայացավ բնօրրանը, մանրվեց, կոտորակվեց նրա տիրակալը: Քսաներորդ դարի սկիզբ, քանակայինից առավել սարսափելին՝ հողի կորուստ, բնօրրանից, նախնյաց մասունքներից զրկանք, և անանց ցավ, գիտակցում բանի, որ այս էլ որքա՜ն ժամանակ միայն պատմության ու մի բուռ մարդկանց հիշողության, խաղիկների մեջ, պատմական քարտեզներում է Մուշը՝ Մուշ, Նեմրութը՝ Նեմրութ, Արածանին՝ Արածանի...

Բժշկության ոլորտում հայտնի է, որ դիմադրողականության՝ իմունիտետի անկումը հետևանք է տարիքի և կամ որևէ լուրջ հիվանդության, թերսնման: Հիվանդացության պարագայում վերականգնելու ինչ-ինչ միջոցներ կան: Երևույթը անվարան կարելի է տարածել ժողովուրդների վրա: Ըստ իս, հայերիս դիմադրողականության խիստ անկումը ևս նույնով է պայմանավորված՝ կամ խիստ ծերացել ենք, կամ շատ ծանր հիվանդ ենք: Դիմադրողականությունը բարձրացնելու առավել արդյունավետ միջոցն առողջ, երիտասարդ արյան ներարկումն է: Ցավոք, մեր դեպքում այն բացասական արդյունք է հիմնականում տվել և տալիս. նկատի ունեմ այն, որ օտար արյան խառնվելիս հայերս մեծիմասամբ ձուլվում ենք, վկան՝ մեր թվաքանակը... գրեթե բոլոր ժամանակներում: Եթե այդպես չլիներ, հիմա աշխարհի ամենաբազմաքանակ ազգերից մեկը պիտի լինեինք և միալեզու, միադավան ու հոծ զանգվածով զբաղեցնեինք ոչ միայն ողջ Հայկական բարձրավանդակը: Այնքա՜ն կուզեի սխալված լինել...

Դույնի շուրջ տևաբար մտորելով խենթանալ կարելի է, բայց չենք խելագարվում, որովհետև իրավու՜նք չունենք: Մի հզոր, փառահեղ, ազնվական, արիական արյուն, այնուամենայնիվ, ճողփում է մեր երակներում: Դա Երերույքը, Զվարթնոցը կառուցողների, Ջոջանց էպոսն հեղինակողների արյունն է, որը բոլորի կողմից նենգորեն խաբվելուց, հայրենյաց հողից զրկվելուց հետո անգամ շառաչում է, թեև... որքա՜ն սև, թունոտ սերմ է խառնակել այն, վախի, սարսափի ի՜նչ բնազդներ են ներարկել նրան:

Չե՞ք նկատել՝ հայն այսօր էլ, հաշվի չառնելով վտանգը, իրականությունը, այն, որ աշխարհի բեմում աննշանի մեկն է, հավասար է կարծում բոլորին, մտովի չափվում է հողագնդի բախտը որոշող-տնօրինողների հետ՝ երբեմն նույնիսկ իրեն նրանցից բարձր դասելով, քանզի թիկունքում հազարամյակներով չափվող պատմություն ունի, ինչը շատերը չունեն: Սա ներուժի վկայություն է: Նրա հավաքական գիտակցության մեջ պարտությունը ժամանակավոր է:

Տարիներ առաջ էր: Գնացել էինք Անի-պեմզա՝ Երերույքի տաճարը նկարելու: Փլատակներում շրջում էի, ռեժիսորը մոտեցավ.

-Գիտե՞ս, ինձ թվում է, այս տաճարը կառուցողները հայ չեն եղել:

-Ինչու՞, -հարցրի:

-Չեմ զգում, կամ՝ մենք ենք փոխվել, մանրացել:

Հասկացա ինչ է ցանկանում ասել, սակայն անըմբռնելի մնաց չզգալը: Ամառային այդ փառահեղ օրվա, մինչևիսկ տնամերձերն իրարից զատող ցածրիկ պատերին հանդիպող սրբատաշ քարերից, ավելների կծվահոտից, կուլայի կտորտանքներից ու տապանաքարերի լռությունից, սահմանասյուների ու դեպի մեզ հակված փշալարերի փշաքաղող սառնությունից, Ախուրյանի կիրճի գորշ քարակարկառներից ու նրանից դենը ձգվող կանաչ հարթույթից, հեթանոսական տաճարի հիմքին նոր քար դրած և նոր ոգի հաղորդած արդեն քրիստոնյա նախնու ձգողականությունը, դարերի շունչն առնում էի, լեցուն էի ողջով, ըստ այնմ՝ զգալով աներեր Տերը նրա:

ՀԱՐՑ - Կամենում ես ասել՝ հավատու՞մ ես մեր ժողովրդի ապագային:

ՊԱՏ. - Անվարան: Երբ փոքր էի, գալիքի շուրջ երազելիս ինձ տեսնում էի Արևմտյան Հայաստանն ազատագրողների առաջին շարքերում: Այսօր էլ է այդպես: Կռվի եղանակն է միայն փոխվել: Գերագույն նպատակին հասնելու համար, Չարիքի դեմ ճակատելիս մենք հույսը պիտի ժամանակի վրա դնենք: Եթե կամեցար մի սերնդի կյանքի օրոք բոլոր խնդիրները լուծած տեսնել, ձախողանքն անխուսափելի է, շատ մտասևեռվեցիր, կխելագարվես: Մտածիր, սակայն մի մտատանջվիր, եթե կարող ես: Համոզմունքը, թե գլուխկախ ապրելիս մեծանում է փող գտնելու հավանականությունը, թյուրիմացություն է: Խաղաղ, երանավետ Հանգրվան տանող կարճ ու դյուրին ճանապարհ չկա: Լինելով հայություն կոչվող մարմնի սոսկ մեկ կենսաբջիջը՝ ես առայժմ ջանում եմ առողջ մնալ՝ չվնասելու համար մյուսներին: Կարծում եմ, եթե բոլորն այդ կերպ ապրեն, կենսալի կլինի ողջ օրգանիզմը՝ ունակ վերելքի, քանակական աճի, կորսված բնիկ տարածքներում վերահաստատվելու:

ՀԱՐՑ - Բայց, խոստովանիր, պատմության էջերը թերթելիս, վերջին հարյուրամյակինը՝ մանավանդ, ակամա ծնկներդ ծալվում են, հուսալքումից սիրտդ ճմլվում, և վրա է տալիս մաղձը:

ՊԱՏ. - Դե, նման պահերի էլ ապավինիր տրամաբանությանը, փիլիսոփայաբար նայիր հարցին, տիեզերական չափանիշներով, ու կտեսնես, անհամեմատ հեշտ է: Ժամանակի մեջ ի վերջո ունայն չէ՞ ողջը, տիեզերական փոշի՞ն չի տիրելու մոլորակին, բոլորին նու՞յնը չի սպասվում: Թե՞ դու այդպես չես կարծում: Այդ դեպքում այլ փիլիսոփայության հետևիր՝ Արևելքի: Ներշնչիր քեզ, որ հայրենիքը մտային երևույթ է: Լեռան, աղբյուրի համար ի՞նչ նշանակություն ունի անունը, կարևո՞ր է, թե ով է իրենից ջուր ըմպում: Եվ ապա՝ աշխարհում բոլոր մարդիկ եղբայրներ են: Դա նույնպե՞ս չի բավարարում: Եթե շատ-շատ ցանկանաս, մահից հետո ծառ, խոտ դարձած աշխարհ կգաս այն հողի վրա, որի կորստի համար մորմոքում ես, տենչում վերստին ունենալ: Դարձյա՞լ չգոհացրի, չխաղաղվեցի՞ր: Ուրեմն՝ շարունակիր կռվել, նույնը սովորեցրու զավակներիդ: Արդարությունը մի օր կհաղթի: Չարը, ճիշտ է, զորեղ է, սակայն բարությամբ է աշխարհը կանգուն, խավարին հաջորդում է լույսը: Իսկ լույսն ի սկզբանե է: Եվ կլինի: Մենք բոլորս լույսից ենք: Միլիոն տարի էլ թե անցնի, մեր փոխակերպումը ավարտվելու է նրանով: Նա մշտակա է:

ՀԱՐՑ - Մահվան մասին ի՞նչ կասես: Շա՞տ ես երկյուղում:

ՊԱՏ. - Մի ժամանակ՝ այո: Վախենալը քիչ է, սարսափում էի: Ինչպես բոլորը, չէի պատկերացնում աշխարհն առանց ինձ: Այն, որ արեգակն էլի կհասնի զենիթին, տրամավայները գավակները ճոճելով կանցնեն, մարդիկ հերթի կկանգնեն խանութի դռանը, նվագարկիչից երաժշտություն կհորդի… Հիմա այդպես չէ, երբ գիտես՝ այսօր, թե՞ վաղը, հինգ տարի պակաս, թե՞ ավել, ոչ էական է: Հանգելով այդ մտքին՝ հոգեբանորեն պատրաստ եմ մահվան, մանավանդ երբ հասու ես, որ ամեն արարած կյանքի դիմաց հատուցում է վերջում, և գինը մահն է: Թերևս, դա հիմնավորում ունի: Առաջինը՝ ահագին բան հասցրել եմ անել, գրել: Երկրորդ՝ ինչ-որ կետում հավատում եմ այլագոյությանը. կրիշնայականների ասածներում ճշմարտություն կա: Վեդաները, թվում է, այս հողագնդի վրա չեն արարվել: Բերել են այլք, իսկ նրանց բաներ էին հայտնի, որին մեր ուղեղը հասու չէ, վեր է մեր մտածողությունից: Ծայրահեղ դեպքում, եթե Վեդաները Երկիր մոլորակի վրա են ստեղծվել, ապա՝ ոչ այս քաղաքակրթության ձեռամբ: Մահից երկյուղ չունեմ նաև մի երրորդ պատճառով՝ ապրելը շատ ժամանակ բեռ է, ծանր բեռ: Մշտական խաղը հոգնեցնում է: Մեկ-մեկ ուզում եմ պառկել որևէ պատի տակ, ստվերոտ անկյունում ու մեռնել: Լուսավոր այնքա՜ն քիչ բան է մնացել: Չասեք՝ էությամբ հոռետես եմ, քչով չգոհացող: Ճիշտ հակառակն է: Ես չեմ կարող խաբել ինձ՝ տեսնելով կործանման գնացող մարդկությանը: Ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով են ժպտում, երբ չարն այդչափ շատ է, ինչպես են կարողանում բիրտ լինել, շարունակ մակերեսին մնալ:

ՀԱՐՑ – Իսկ ինքնասպանությա՞ն:

ՊԱՏ. – Քրիստոնեության տեսակետից եթե մոտենաս, մեղք է, անհատի ազատության՝ իրավունք: Հասարակությունը դատապարտում է, բայց նույն հանրույթն իր իսկ բարքերով, չգրված օրենքներով, նաև հիմնած պետության անմարդկային կառուցվածքով հաճախ պատճառ է ինքնասպանությունների: Հոգեբանական արգելակումներն հենց այնպես չեն առաջանում: Խոսքը, անշուշտ, ֆիզիկական հիմքով մահերի մասին չէ, երբ մարդու ինքնակառավարումը մթագնում է, ասենք, որպես ուղեղում ուռուցքի ճնշման հետևանք: Եվ ոչ իսկ այն դեպքերի, երբ հոգևոր բարձրագույն աստիճանի հասած անձն է գիտակցաբար գնում դրան: Կան ֆիզիկական բնածին ու պատահարի արդյունք արատներ, որոնց դեպքում կյանքը դառնում է մղձավանջ թե իր ու թե մերձավորների համար, և տառապանքից ազատվելու լավագույն ելք է մնում մահը...

ՀԱՐՑ – Հասանք սպանությանը։

ՊԱՏ․ - Նկատի ունես մարդու։

ՀԱՐՑ – Բնականաբար։

Պատ․–Ինչու՞ բնականաբար․ կենդանուն սպանելը մեղք չէ՞։ Որովհետև քրիստոնեությու՞նն է այդպես ավանդել։ Որովհետև մյուս էակները հոգի չունե՞ն։ Իսկ ո՞վ որոշեց։ Մա՞րդը։ Մի՞թե նա սխալական չէ։ Անգամ իրեն չի ճանաչում, ուր մնաց՝ մյուսներին։

Այդու պատասխանեմ՝ մտքում սպանում եմ, հանրության պարսավանքին չարժանանալու վախից՝ թաքցնում էությունս, օրենսգրքի համապատասխան հոդվածով չպատժվելու համար ի կատար չեմ ածում։ Իսկ ի զորու եմ սպանել, թե ոչ, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Գուցե և սպանեմ՝ կախված հանգամանքից։ Ճի՞շտ կլինի, եթե թողնեմ ինձ սպանեն։ Թոնեմ մեկ ուրիշը կյանքից զրկի զավակիս։ Անմեղ մեկին։ Անզոր մեկին։ Օգնության ձեռք չմեկնեմ և հետո ողջ կյանքում խղճի խայթից, ամոթից օրը մի քանի անգամ ինքնասպան լինեմ, ձեռքս պարանին տանեմ, ածելուն։ Դարձյալ ճամփաբաժանին մոտեցանք՝ չարի ու բարու, նաև՝ երկակի ստանդարտների, որոնք ուղեկիցներն են մարդկության։ Նույն հասարակությունն ինչու՞ է իր զինվորի, զորավարի արյունալի արարքները հերոսություն համարում, նրանց սրբոց դասը կարգում, արձան կանգեցնում, ձոներ շաղում։ Որովհետև անգթորեն շա՞տ են սպանել, թշնամու՞ են սպանել։ Բայց թշնամին, հակառակորդը նույնպես մարդ է, ծնող ունի, սպասող, դեռ սեր չի արել․․․

ՀԱՐՑ - Մարդը բարի ծնվում է, թե՞ դառնում:

ՊԱՏ. - Մտավախություն ծնվեց մեջս: Քաղքենու ձեռք չընկնե՞ն թղթերս: Նա սիրուն-սիրուն, շատ դեպքերում գողացած, յուրացրածն իբրև իրենը ներկայացված մտքերի է սովոր, իսկ ես նստել պարզ բաներից եմ խոսում: Բարին, չարը մեր մեջ են, շարունակ կան, մեզնից անբաժան են: Սա նոր միտք չէ և ոչ իմը: Ի վերջո, աշխարհում գոյություն ունի Աբելի ու Կայենի պատմությունը, Հուդա և Քրիստոս, Մսրա Մելիք և Ծռերի զարմ: Ի՞նչ է դա, եթե ոչ խորհուրդ բևեռների համաժամանակյա առկայություն: Փոքր տարիքում ճնճղուկ շատ եմ բռնել, բույն քանդել, պարսատիկ առած փշրել փողոցի լամպերը, միրգ թռցրել գյուղի գրեթե բոլոր այգիներից, Դաշտենցի «Խոդեդանն» ունենալու մտքից խելքահան՝ գրադարանից գողացել գիրքը: Մանր ու մեծ մեղքեր գրվածքներում կան խոստովանված, որոշ մասը պատմելն էլ պատշաճ չէ, հիշողությունիցս հազիվ եմ վտարել: Ի՞նչ եմ կամենում ասել. դրանք հոռի արարքներ են, Բարձրագույն Ճշմարտության օրենքով անընդունելի, խոտելի, մերժելի, ու էլի մակդիրներ, որոնք ուղեղս լարելու դեպքում կմտաբերեմ, և բոլորն ի տեղի կորակեն կատարածս հանցանքն ու զանցանքը: Ես այդպես էի վարվում, որովհետև ձեռքս բռնող չկար, չարին վանդակող չկար: Ականջս ոլորող, իհարկե, եղել է, արցունքն աչքերիցս ցայտել է, երբ ծանր ապտակն իջել է ծոծրակիս, այտս վառվել է, բայց պակասել է ամենժամյա հսկողությունը: Դպրոցում բարություն բառից խրտնում էին. այն կրոնի, եկեղեցու կողմն էր հրում: Հանրույթի համար պիտանի մարդ կապակցությունը փուչիկ էր, քանի որ ասողները, տեսնում էի, ելել են աշխարհի շալակը, գռեհիկ են, մարդավարի կեցվածքից մինչևիսկ զուրկ: Հայրս գործի մարդ էր, մթնով տուն եկող, ներփակ: Հասակակիցներս բոլորն ինձ պես՝ ինչպես ծնվել, այնպես էլ ապրում էին: Եկեղեցու դռանը կողպեք էր փակցված, Նախավկա մատուռն ու խաչքարերը պղծելու հրահանգ ունեինք… Շարունակե՞մ: Մոլախոտը ելել, խեղդում էր, ինքներս մոլախոտ դառնալու վտանգի մեջ էինք, բայց անգամ այդ բարոյալքված միջավայրում բարին ամեն քայլափոխի էր, շարունակ հիշեցնում էր առկայությունը:

Այժմ բարության՝ ձեռքբերովի, թե էության մեջ լինելու մասին. այսօրվա պես հիշում եմ՝ Արա եղբայրս կատվին թաթախել էր նավթի մեջ, այրվող լուցկի մոտեցնելով՝ բաց թողել: Հրո ճարակ կենդանին վազում էր ծառերի տակ, իրեն պատերով տալիս, հուսակտուր մլավում, այլ՝ անգրելի ձայնով մղկտում: Երեխաներս քարացել էինք: Արարքից գունատ՝ եղբայրս կարկամել էր, հետո ուշքի եկած՝ հասանք փրկելու, ինչը թշվառին ավելի վախեցրեց. փախավ մարագ: Հրդեհ բռնկվեց: «Կատուն Աստծո թաշկինակն է, կպատժի Տերը ձեզ», -բղավում էր այգու տիրուհին, ում պարտեզն էր գործողության վայրը: Երբ դեպքից տարիներ անց զանգեցին, և լուր առա, որ Արայի դուստր Նուարդը հրդեհից վնասվել է, անմիջապես մտաբերեցի աշնանային արևկա օրը: Քնից արթնացած էլեկտրասալիկի մոտ գիշերանոցով տաքանալիս՝ փեշը բռնկվել էր: Թե մայրը դրսում լվացք անելիս չլիներ, չէր փրկվի: Փոքրը հուզված՝ լուրը հասցրել է ծնողին, ու նա հասցրել է դույլով ջուրը կործել դստեր վրա: Փրկվեց, բազում ամիսներ հիվանդանոցում տառապելով՝ փրկվեց: Եվ դեմքին հետք չմնաց: Ես եղբորս նրբանկատորեն մտաբերել չտվեցի մանկության օրերի նրա արարքը, բայց, համոզված եմ, ինձնից լավ էր հիշում: Փրկեց այն, որ հասուն տարիքում բարությունը կոհակ էր տվել և նրա հոգում, ու անտես մի ուժ օգնության ձեռք պարզեց քառասուն աստիճան ջերմության մեջ տապակվող, գիտակցությունը կորցրած անմեղ աղջնակին, որը հատուցում էր հոր անգետ արարքի պատճառով: Եվ այսպես` բոլորս: Ուղղվում, դարձի ենք գալիս ամենքս, նայած ով՝ երբ, կա՝ աչքերը հավետ գոցելիս, կա՝ չի հասցնում: Դարձը որքան վաղ կայանա, այնքան լավ: Իսկ դրա համար ուղղորդող է պետք՝ ծնված օրից, ի սկզբանե: Անցյալում դա կատարում էր քրմաց, ապա՝ եկեղեցական դասը, կատարում էին հսկայական կենսափորձով տատիկներն ու պապիկները, իմաստնացած թափառական դերվիշներն ու աշուղները, ասացողներն ու մարգարեները, առաքյալները… Դրան է, է՜, այս էլ քանի հազարամյակ գնում մարդկությունը: Քաղաքակրթությունն ի՞նչ է, եթե ոչ բարության, ազնիվի, մարդկայինի, Բարձրագույն Ճշմարտության ձգտում, ճանաչում՝ բնության, Տիեզերական, Աստվածային օրենքների: Քաղաքակրթություն ասվածը մի՞թե պայքար չէ չարիքի դեմ, մարդու մեջ Դևին խեղդելու, սպանելու, խեղճացնելու ձգտում՝ տգեղի դեմ պարզելով գողտրիկը, շինծուի դեմ՝ անեղծը, անմշակի դեմ՝ մշակովին, տխեղծի դեմ՝ ճաշակավորը, բրտության դեմ՝ նրբինը: Հերիք է մի վայրկյան թուլացնես կամքդ, և չարը կարթնանա, կտիրի, կանես խոտելի արարքներ: Նույնը՝ հավաքական մարդկությունը: Բավական է թուլանա զգոնությունը, և նրա գոյությանը վտանգ կսպառնա: Չարը զորեղ է, եթե նրան չզսպես, կկործանի, թե պայքարը թուլանա, կթելադրի կամքը: Բայց նրա դեմ և անձը և հանրույթը դարեդար անդուլ, անպարտ մարտնչում են: Աշխարհում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի ուզում, որ իր զավակը ծառայի սատանային, նրա գործիք դառնա:

ՀԱՐՑ – Իսկապե՞ս հավատում ես Աստծո գոյությանը:

ՊԱՏ. – Կղերականի մատուցած արարչին՝ ոչ: Համատիեզերական ինքնակառավար ուժին՝ այո: Քանի՞ իսկապես հավատացյալ կմնա, եթե դիմակազերծելու որևէ միջոց գտնվի: Ի՞նչ են խնդրում, պահանջում հորինովի աստծուց, որ փոխի՞ իր որոշումները, մահկանացուի խելքի՞ն ընկնի, նրա չնչին ու մեծ ցանկություններո՞վ առաջնորդվի, եթե ամեն բան նրա կամքով է և անբեկանելի, ինչպես սիրում ենք շեշտել: Անկարող երկրի վրա փոխել իրականությունը, մարդկությունը հորինել և առօրս կառչած մնալով՝ շրջանառում է ամենազոր Աստծո ու երկնային կյանքի գաղափարը. իբր, հանդերձյալ աշխարհում անարժաններին սպասում է զարհուրելի պատիժ, անմեղներին՝ վերին արքայություն: Յուրատեսակ եսամոլություն է դրախտ ընկնելու, իբր, անմահ մնալու մոլուցքը: Կյանքն ամենաթանկ պարգևն է, ուստի հատուցում ենք երկրային չգոյանքով:

Մարդն ինքը պետք է փոխվի, իսկ դրա առաջին պայմանն իրեն ճանաչելն է, իր մարդ ու սխալական լինելն ընդունելը: Բազմաշերտությունն ընկալելը: Նրա մեջ տարվա բոլոր եղանակներն առկա են: Ծանիր զքեզ, և կգտնես արարքներիդ մեծ մասի պատճառը: Մարմնականով են մեծիմասամբ և կամ՝ լիովին պայմանավորված մեր մտածումներն ու հոգեվիճակը: Հոգևորը վիճակ է, որին հասնում են հարաճուն վարժությամբ, ինչպես ֆիզիկականի դեպքում, ընդսմին այն ընթացք է, որի վերջին կանգառը, ասվեց, մահն է և անկանգ՝ անմահության պարագայում...

ՀԱՐՑ – Ճակատի գիր կա՞, բախտ ասվածը մարդու հետ է ծնվում, թե՞ ինքն է կռողը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ծավալուն թեմա է, հաստափոր գրքի նյութ: Որտե՞ղ ես ծնվել, ովքե՞ր են ծնողներդ, նրանցից ի՞նչ է փոխանցվել քեզ… Նստվածք է թողնում ամեն բան՝ պատճառ դառնալով արարքների, մարդու պահվածքի՝ ընդհանրապես: Միսարյուն կառույցի կենսաբանությամբ է մեծապես պայմանավորված հոգեկերտվածքը: Չխորանամ:

Փորձանքի շատ եմ հանդիպել, բայց ողջ եմ: Դեպք հիշեցի. կլինեի տասը-տասներկու տարեկան: Տղաներով գյուղից հեռու թրևում էինք: Ճամփեզրին ժայռի պես բան էր: Թռչնի ձագերի ծվծվոց լսվեց: Անսպասելի որոշում կայացնելով՝ մագլցեցի: Որքան բարձրանում էի, ձայնն այնքան որոշակի էր դառնում: Լսելի էր նաև օդում անհանգիստ պտտվող ծնողների ժխորը: Համոզված՝ որ հասել եմ, մի ձեռքով կառչեցի քարի ելուստից, մյուսը մեկնեցի բնի կողմը: Մատներս դիպան փափուկ զանգվածի: Կյանքի փորձը հուշեց, որ օձ է: Նաև բնազդը գործեց. վայրկենաբար ձեռքս ետ քաշելով՝ գահավիժեցի: Քերծվածքներ ստացա, բայց հասցրի ոտքի ելնել ու փոքր ինչ հեռանալ: Կարծում էի՝ օձը վերևից կընկնի վրաս, որովհետև մատներս սանրել էին գալարները: Օձը՝ չէ, բայց ձագերից մեկն ընկավ: Քիչ անց անշարժ էր; Հիմա եմ մտածում. եթե թռչնակը սողունի բերանում չլիներ, անտարակույս, կհասցներ խայթել: Դուք որոշեք՝ հրեշտակները փրկեցին, թե՞ ես էի ճարպիկ: Անմիտ, անգութ, թռչնակի բույն քանդող տղեկին հրեշտակ ասվածն ինչու՞ պիտի պաշտպաներ…

Էլի մի դրվագ. բուհն ավարտելուց հետո Մարգահովիտ գյուղում հայոց լեզու և գրականություն էի ուսուցանում; Ջահել էի, ամուրի, և գիշերային դպրոցում էլ էին համոզել դասաժամ վերցնել: Աշակերտներիցս մեկը դասից հետո, երբ խոսք բացվեց մեքենա վարելու մասին, պատրաստակամություն հայտնեց սովորեցնել: Ասելն ու բակում կայանած բեռնատարի դռնակը բացելը մեկ եղան: Ինքը ղեկի դիմաց, ես՝ կողքին, ելանք Կիրովական տանող մայրուղին: Ի՜նչ սովորեցնել. հարբած էր, իսկ միամիտս չէի զգացել: Վարում էր սոսկալի արագությամբ, և խոսում, խոսում, ինչ-որ բան էր բացատրում: Ոլորանների վրա, թվում էր, անխուսափելիորեն կշրջվենք: Լավ է, ուշ ժամ էր, և հանդիպակաց եկողներ չկային, այլապես կբախվեինք, որովհետև ճամփան լայն չէր, ինքն էլ ասֆալտի կենտրոնով էր քշում: Ղեկն ինձ զիջելու մեկ-երկու հորդորից, ընթացքը դանդաղեցնելու խնդրանքից հետո ձեռք քաշեցի՝ զգալով, որ նյարդայնացնում եմ: Թե ինչ սատանա էր մտել, խմիչքն ինչու վարելիս գլխին տվեց, անհասկանալի էր: Քաղաքի մուտքի մոտ ավտոտեսուչները կանգնեցրին, մեքենայից նրան, պարզ է, իջեցրին: Իմանալով, որ ուսուցիչ եմ և Մարգահովտում եմ ապրում, մեկ այլ ավտո նստեցրին, թե՝ կտանես: «Մահից ես պրծել, կյանքդ նմաններին էլ չվստահես», -ասացին՝ մատնացույց անելով տեսչության ավտոյում քնած «դասատուիս»: Ինչևէ, կյանքի ամեն դրվագ միլիոն նրբածալ ունի, որը բացելու դեպքում պատմությունը կերկարի, ինչպես, օրինակ՝ այս մեկը. ինչու՞ առաջարկեց, ինչու՞ նստեցի… Հոգեբանական գրվածք դառնալու լավ նյութ է:

ՀԱՐՑ –Դժվա՞ր է չճանաչված, գրական շրջանակներում մերժված լինելը: Ամե՞ն բան ես թողել հետո-ին:

ՊԱՏ.–Մերժված լինելու օգուտը, հնարավոր է, ավելին է վնասից: Վստահ չեմ, հաջողության դեպքում կմնայի՞ նույնը, է՞լ ինչի մասին կգրեի, ինչպես կգրեի: Կարծեմ ասացի՝ գալիս է շրջան, երբ արածդ թվում է անպտուղ բան, շարունակելը՝ անիմաստ: Մարդու մեջ թաքնված ուժեր կան՝ շա՜տ: Հնարավոր է, խթանի դեպքում դրանք արթնանան, և ծնվեն հիրավի մնայուն գործեր: Չհեռանամ հարցից. մանկուց պատրաստ եմ եղել դիմանալ դժվարագույնին, ներշնչել եմ, որ ամենայն հավանականությամբ մահկանացուս կկնքեմ չգնահատված, համոզված, որ դա իմ մեղքը չէ, ստեղծածիս պակասավորության պատճառով չէ, այլ ժամանակի, հանրույթի: Իհարկե, կույր գրամոլներից, սիրամարգի պես պոչով հիացողներից, քթից դենը չտեսնողներից չեմ: Իմը մեծ կտավի, դարակազմիկ գործեր չեն, բայց դրանցում կյանք կա, սրտի բաբախ, ուստի ընթերցվող, ապրող բաներ են: Հարկավ, կարելի էր ավելի լավ գրել, եթե ժամանակ ունենայի, ուժերս չվատնեի լրագրության մեջ, կենցաղը եթե շարունակ չհրեր թիկունքից, եթե վախը ծվարած չլիներ արյանս մեջ:

ՀԱՐՑ - Այս էլ քանի՜ անգամ բառը գործածում ես: Ի՞նչ վախի մասին է խոսքը:

ՊԱՏ. - Վախ, որ մտնելով տուն՝ կսրբեն այն ամենը, ինչ գրել եմ: Եվ կոչնչացնեն: Վախ, որ ամենաանմեղ մտքերիս քաղաքական երանգ կտան՝ մեկընդմիշտ գոցելով նրանց լույս աշխարհ գալու դարպասը: Վախ՝ հանրույթի ցավալիորեն գռեհիկ շերտից, այնքան քստմնելի, որ ունակ չէ կողքին հանդուրժել ազնիվի գոյությունը, և պատեհ դեպքում ոտնատակ կառնի: Վախ՝ առ հայրենիք սերն ի բաց արտահայտելու համար, քանզի ազգայնականը քիչ է, ազգայնամոլի պիտակը գրպաններում պատրաստ պահածներն ամեն քայլափոխի են: Ուրի՞շ… Ճշմարտության խորքերը խորանալ եմ խուսափել, որովհետև կան բաներ, եթե գրես, ազգուտակդ կկորցնեն, ուր մնաց գրածներդ: Լավ է քիչ, քան ամենևին - սա է եղել սկզբունքը: Ցավում եմ, բայց դա է ճշմարտությունը՝ իմ ճշմարտությունը: Ինձ դրսում չեն հասկանա, ինչպես չեն հասկանա կացութաձևը, որում մենք գոյատևում ենք: Այստեղ շա՜տ է դժվար շնչելը, անհնար է մինչև վերջ ճշմարիտ լինել: Վախ ասվածն հաճախ անշոշափելի է, անըմբռնելի, դա իմ ողջակեզ պապերի՝ Գևորգի և Երվանդի, ձախողակ հորս` Թորգոմի, ցուրտ երկիր քշված և այնտեղ անհետ կորած հորեղբայր Լևոնի, իմ կենսափորձն է, դա մեզնից յուրաքանչյուրի մեջ նստած ուսադիրավորն է, պետության գլավլիտ կոչվող աչքը, Սիբիրի, երկաթյա ճաղաշարի, «սապոգի», քաղաքական հսկիչ ԿԳԲ-ի մշտակա ստվերն է: Այդ կեսբերանությունն է շատ ժամանակ թևաթափ արել: Վախն ինքնապաշտպանական բնազդ է, հատուկ՝ շնչավոր արարածին, այդու այն հաղթահարելի հույզ է: Խիղճս, իհարկե, մաքուր չէ: Համենայնդեպս, պիտի գրեի, պարտավոր էի՝ թեկուզ վտանգի տակ դնելով մյուս գրվածքները: Բայց դեռ կգրեմ. քառասունս չի լրել: Մնում է ազատվել հոգսերից, փոքր ինչ նյութապես ապահովվել, մնում է ժամանակի տերը դառնալ, մնում է գոնե աննշան ճեղք, պատուհան բացվի խավարում, լույսի շիթ թափանցի, մնում է հավատավորվել… Ինչի մասին կգրե՞մ – սույն հասարակարգի, մարդկությանը նրանից սպասվող վտանգի, միլիոնավոր սպանվածների, բարոյապես խեղվածների, կիսաքաղց կենողների, հոգով ճարպակալածների, փողկապավոր իմաստակների: Կգրեմ, որ հազար ու հազար տարի մարդկությունը զտվել էր՝ կեղտը թողնելով հատակում: Եկավ սինլքորների մի խումբ, որոնք թափահարեցին շիշը, և նստվածքը վերստին ջրերես ելավ: Գոնե մաքուրը հետը թողնեին: Թափեցին մաքուրը, պիտոն՝ թողնելով գաղջ-գարշելին: Դա մեր պատմությունն է՝ տասնյոթից հետո: Եվ մեր ցավի մասին, որն ահավոր է, անըմբռնելի, անմեկնելի ուրիշներին: Մերը կրկնակի ցավ է: Մեզ ու մեր լեզվին սպառնացող վտանգի, բարեկամ հորջորջվածների տմարդի պահվածքի, մեր կողը այս էլ քանի՜ դար դանակ խրածի մասին կաղաղակեմ, ով թույլ չի տալիս անգամ ցավից ճչալ, ապա՝ կախվելու համար պարանը բերելու մասին կհիշեմ: Նմանապես սիրուն բաներ հավանաբար գրեմ, որովհետև այս արյան ու մտքի հոշոտիչ խրախճանքում գեղեցիկը թեև սակավ, մնում է, կա: Կգրեմ բարու մասին, որի հետևորդ եմ:

ՀԱՐՑ - Կենցաղը կարևո՞ր է գրողի համար, փողն իսկապե՞ս ձեռքի կեղտ է:

ՊԱՏ. - Եթե ճիշտ է, որ ամեն գրող իր մասին է գրում, տեսած-ապրածի, միջավայրի, որը սնում է նրան, ուրեմն՝ կարևոր է, սակայն... եթե աղքատ ես, չի նշանակում, ազնիվ ես, այնպես, ինչպես՝ եթե տանն ես, չի նշանակում, բանտում չես, եթե այլոց դատափետում ես, չի նշանակում, համարձակ ես, անգամ եթե ուղի ես նշում, ամենևին չի նշանակում, թե այն Հանգրվան կհասցնի...

ՀԱՐՑ –-Կարևորություն տալի՞ս են հասարակական կարծիքին:

ՊԱՏ. - Բավական շատ, քանզի նրա անդամ եմ, բացի դա՝ գիտեմ ուժը: Պաշտպանական բնազդը երբեմն ստիպում է ենթարկվել նրան, գնալ առաջարկած հունով: Շտկել, վրան ազդել ջանում եմ, թեև՝ անարդյունք: Դա մեկի, մի սերնդի գործ չէ:

ՀԱՐՑ - Աշխատանքը, նկատի ունեմ՝ հեռուստատեսությունում, գրելուն նպաստու՞մ է:

ՊԱՏ. - Ավելի շատ խանգարել է: Սկզբում՝ նպաստի մասին: Այն ինձ օգնել է ճանաչել կյանքը: Գործի բերումով լինում եմ վայրերում, ինչն այլ դեպքում անհնար էր: Եղել է՝ իջել եմ թունելախոշ, տեսել, թե ինչպես են սանտիմետր առ սանտիմետր առաջանում: Մի անգամ լույսերը հանգան, տասնհինգ րոպե մնացինք խավարում, ու հասկացա, թե հեքիաթում որքան կարևոր է ճերմակ խոյը, ինչ ասել է Սև դևի թագավորություն: Գիտեմ, թե ինչպես է ծխախոտի տերևի հակը դառնում սիգարեթ, բրդյա նուրբ գործվածքների գործարանում ականջներս խլացել են աղմուկից, սոսկալի, անպատկերացնելի բաների եմ հանդիպել նամակների հետքերով գնալիս: Ինչպիսի՜ ճակատագրեր, բնակության ի՜նչ թշվառ պայմաններ: Առաջին ակնարկը, հիշում եմ «Շտապ օգնության» բժշկի մասին էր, ազգանունը՝ Բալայան: Բարի անձնավորություն էր՝ արժանավոր: Առաջարկեց հետը «կանչի» գնալ: Հիվանդը տղամարդ էր, սրտային: Մարդը մահանում էր, մեռնում… ուրիշի տանը: Ապրել էր յոթ տասնամյակ՝ չունենալով սեփական տուն: Չէին տվել, շարունակ խաբել էին, թեև ծառայություններ ուներ, Երկրորդ աշխարհամարտին եղել էր առաջին գծում, գերի ընկել, դարձել պարտիզան: Հաղթանակից հետո աքսորել էին: Դուստրը պատմեց՝ միակ հարազատը, ում, հավանաբար, նույն ճակատագիրն էր սպասում՝ անտունի, դատապարտյալի:

Ռադիոյում, հեռուստատեսությունում աշխատելիս սովորեցի սեղմ գրել: Շարադրանքն ունկնդրելու հնարավորություն ունեի, ինչը նպաստում էր անմիջապես հայտնաբերել ավելորդ բառերը, մտքերը, մանավանդ՝ բառային կրկնությունները: Լսելիս դյուրին է զգալ նախադասության, պարբերության միատոնությունը: Ի տարբերություն այլոց, ինձ համար էական է մինչևիսկ նույն նախադասության մեջ բայի որ հոլովման պատկանելը: Միապաղաղությունը ջարդելու նպատակով հնչողությամբ մոտ բայերը չեմ շարի իրար հետևից՝ «պառկեց», «բերեց», «մոտեցրեց», «կանգնեց»: «Պառկեց-ը» կփոխարինեմ «թեք ընկավ-ով», «կանգնեց-ը» ՝ «բարձացավ-ով», «ելավ-ով»: Շրջանցել նման բաները, նշանակում է կարևորություն չտալ մեղեդայնությանը, ռիթմին, որն արձակում ևս վճռորոշ է, ոչ այնքան, որքան չափածոյում, իհարկե: Եվ մարդուն ունկնդրելու, ի տեղի խոսքն ընդհատելու հմտություն ձեռք բերեցի, որը շա՜տ է օգնում արձակում երկխոսություններ կառուցելիս...

Կորուստը, հարկավ, ավելին է: Ստեղծագործողը չպետք է այլ մշտական զբաղմունք ունենա. Սա վաղուց է հայտնի: Գործատեղում գրասեղանի աչքերից մեկում լրագրողական հունձքիս երկրորդ օրինակներն են. սար է կուտակվել՝ ռեպորտաժ, հարցազրույց, ակնարկ… Ու դեռ բոլորը չէ: Երբեմն թղթերը խառնշտելու առիթ է լինում: Մերիկ իմ, -մտածում եմ, -այդ ե՞րբ հասցրի: Ինչի՞ մասին ասես չեմ գրել, ի՞նչ միտք ասես չեմ ներդրել այնտեղ: Դրանք խժռել են իմ երիտասարդ տարիների լավագույն ժամերը:

Ոմանք ասում են՝ ի՞նչ կա որ, ձեռքիդ հետ ի միջի այլոց արել ես՝ հիմնական ուժերը թողնելով գեղարվեստին: Ոչ: Տարիներ շարունակ ուղեղս մզել, լարել եմ, որպեսզի բան գրեմ, իսկ այդ բան ասվածը եթերում հնչել է մի քանի րոպե, ունկնդրող եղել է, թե ոչ, չգիտեմ: Հետո նյութն իջել է նկուղ՝ արխիվ, տարիներ անց՝ այրվելու: Պատանության տարիներին երբ կարդում էի, թե մեր այսինչ գրողը ժամանակ չի ունեցել հիմնավոր ստեղծագործելու, որովհետև ուժերն սպառել է օրվա հաց վաստակելու վրա, չէի ըմբռնում երևույթի ողբերգականությունը, իսկ հիմա… Թերևս ուրիշ է, ինչ-որ առումով տանելի, երբ հիմնական գործը կապված չէ գրելու հետ, մինչդեռ լրագրության դեպքում սպանիչ է, ուժասպառող, քանզի այն ևս մտքի լարում է պահանջում, բառի փնտրտուք, նախադասության սահունություն, երևակայություն: Այնքան եմ հոգնել, հակակրանքը ճերմակ թղթի, բառի, նախադասության հանդեպ այնպես է տիրել, որ հաճախ մերժել եմ հարևաններիս, բարեկամներիս, երբ անհանգստացրել են իրենց անունից դիմում գրելու խնդրանքով, զավակներիս եմ նեղացրել, կոպտել, երբ խնդրել են ստուգել շարադրությունները:

ՀԱՐՑ - Սովորաբար ո՞ր ժամերին ես գրում, վերը ասվածից ենթադրվում է՝ գիշերները:

ՊԱՏ. - Ոչ միայն: Լավագույն պահը առավոտն է՝ մինչև տասնմեկ-տասներկուսը: Եթե ասելիք կա, գրվում է, կարող եմ նստել ողջ օրը: Օրական հինգ-վեց էջն առավելագույն սահմանն է: Պատահել է, օրը կորցրել եմ, իսկ արդյունքը՝ կես կամ մի էջ, ըստ որում՝ բազմաթիվ ջնջումներով: Շրջան եղավ, սպասում էի բոլորը քնեն՝ նոր, բայց լարված ցերեկից հետո այդ կերպ դժվար էր. հոգնությունն զգացնել էր տալիս: Եղան ամիսներ, գիշերը՝ երեք-չորսի կողմերն էի արթնանալով աշխատում մինչև յոթ-ութը, այնուհետ գնում գործի: Միով բանիվ, ստեղծագործել եմ անկանոն: Օրական գոնե մեկ էջ - միշտ մտքումս ծրագրել եմ՝ օրինակ ունենալով Սարոյանին, սակայն, պատահել է, հինգ-վեց ամիս ոչ մի տող չեմ գրել: Ի դեպ, որքան քիչ ես գրում, այնքան վատ. ուղեղդ փառակալում է, գոհանում ես ընդհանուր խոհերով, տպավորություններով, միտքդ հանդարտ վիճակից, կասեի՝ թմբիրից դուրս չի գալիս, ինչը, սակայն, չի նշանակում, թե կողմ եմ հենց այնպես՝ ստիպյալ թղթին կռիվ հայտարարելուն: Մի գործից մյուսն ընկած ժամանակահատվածը տարբեր է. այն կարող է մի քանի օր, շաբաթ տևել, կարող է և, ինչպես քիչ վերևում ասացի, ամիսներ, տարի ձգվել: Ավարտից հետո, եթե մանավանդ ներքուստ համոզված ես, նյութն ստացվել է, մնում է բավարարվածության, գոհության զգացողություն: Քեզ լիարժեք մարդ ես զգում, անիմաստ չապրողի տրամադրությունն է իշխողը, որն աստիճանաբար անցնում է, և սկսվում անհանգստության շրջանը: Նյարդայնանում եմ, ընկճվում, դժգոհում ինքս ինձնից, շրջապատից: Ընդմիջումը շատ չերկարե՞ց, -հարցնում եմ: Այնուհետ գալիս է տագնապի փուլը, վերջում՝ խուճապի: Այդ ժամանակ էլ ուղեղս կառչում է որևէ պատմությունից, հուշից՝ մի կողմ նետելով մնացյալը, սկսում եմ պատումի շարադրանքի հենման կետեր որոնել, ու ծնվում են հարցերը՝ ի՞նչ, ինչու՞, ինչպե՞ս: Խառնվածքի պատճառով, թե այլ, սովորաբար ընտրում եմ առանցքային, ողբերգական տարր պարունակող միջադեպ, ուր վճռվում է անձի որպիսին լինելը՝ բարի է, չա՞ր, ասու՞նը կհաղթի ի վերջո, թե՞ անասունը:

ՀԱՐՑ - Գուցե դա՞ է պատճառը, որ գրվածքներումդ թախիծը շատ է: Վախ չունե՞ս, որ դա կարող է վանել ընթերցողին, առանց այդ էլ կյանքը տխուր է, հուսահատեցնող:

ՊԱՏ. - Եթե սրտաճմլիկ հանգուցալուծում կա էլ, բարությամբ է պայմանավորված: Կամեցել եմ ընթերցողին ասել՝ տե՛ս, ինչ ավարտ կարող է ունենալ չմտածված արարքը, և որքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար, բնության ամեն արարած քնքշանքի կարիք ունի, ուստի խոսիր, վարվիր այնպես, որպեսզի ցավ չպատճառես ուրիշին: Կարկեցանք արթնացնելը կարևոր է, ընթերցողին մղել բարության տիրույթ, որ գթալ սկսի ընկածին, կարոտյալին, անկար-տկարին, ունեզուրկին, խեղյալին։ Գրվածքներիս գործող անձինք զգայուն են, երևույթը խորքով ապրող: Դիպվածը, անզգույշ արտահայտությունը կարող է նրանց դժբախտացնել, աշխարհը կմթագնի նրանց համար, տվայտալից ապրումից, եթե սխալ են թույլ տվել, հոգիները կքրքրվի, սակայն բավական է լույսի շող, շիթ, և աշխարհը վերստին լուսավորվում է, գունավորվում: Մի օրինակ բերեմ: Երեխան արևածաղկի բաթաթ է գողացել: Բոստանատերը՝ անհոգի մարդ, հետապնդում է: Անպաշտպան երեխան հալածական գայլի պես վազում է դաշտամիջյան ճանապարհով՝ սարսափից ոչինչ չտեսնելով: Փրկութունը գալիս է հանկարծաբար. ցորեն տեղափոխող մեքենայի վարորդը, երբ զանցառուի ուժերն սպառվելու վրա էին, օգնության ձեռք է մեկնում: Արդեն հացահատիկ բարձած կալ դառնալիս՝ նկարագրվում նույն դաշտը: Տղայի տրամադրությունն այլ է, Աստծո մյուս արարծների պես նա ևս ընկալում է աշխարհը, հոգին փառավորվում է այդ ամենի մասը, տերը լինելու գիտակցումից: Ի դեպ, պատմվածքի երկրորդ հատվածը ցանկացել եմ կրճատել, սակայն վերջին պահին ձեռքս չի գնացել, քանզի կարևորել եմ հոր պահվածքը զավակի հանդեպ, բոստանատիրոջ վարմունքն այլոց ներկայութամբ, և կենցաղի նկարագրությունն է արժեք ստացել, մանավանդ օրավարտը՝ խաղաղ, պատից այն կողմ որոճող կովով, փեթակնոցի հոտով, Թորոսով ու նրա եղբայրներով, օրվա տպավորություններով, Օսկար Ուայլի հեքիաթի Հսկայով, Տաճատ փառահեղ անվամբ տմարդի բարեկամով, Վրեժ-անուն վարորդով… Պատմվածքը գութ չի՞ շարժում, սթափեցնում, մարդուն մտորել տալիս՝ չնչին բանի համար չմթագնել ուրիշի օրը, Աստծո օրը: Այդչափ եսամոլ չեմ, որպեսզի դրական հույզերով ապրեմ, երբ տիրապետողն ամենուր վիշտն է, անպարագիծ մենությունը՝ ծնված օրից մինչ մահ: Մարդը միայնակ է անցնում կյանքի՝ իրեն հատկացված ժամանակը, հանդիպում է անձանց, հետագիծ թողնում, բայց, միևնույն է՝ միայնակ է, թեև անգամ միայնակություն ասվածն է հարաբերական, որովհետև այդ դեպքում էլ ինքն իր հետ է, ինչպես հիմա՝ սույն հարցումներն ու պատասխանները շարակարգելիս։

ՀԱՐՑ - Գրելիս մինչև վե՞րջ ես անկեղծանում:

ՊԱՏ. - Մինչև վերջ անհնար է, թռուցիկ ասվեց արդեն: Կան բաներ, որոնք անգամ քեզ չես խոստովանում՝ ամաչելով քշում ես ուղեղիդ խոր անկյունները: Մարդը շատ է գարշելի իր մտածումներում: Եթե ամեն պահ չպայքարես հոռի ցանկությունների դեմ, թույլ կտաս արարքներ, որոնց համար ողջ կյանքում կափսոսաս, եթե չզղջաս էլ, շարունակ արդարացում կփնտրես ու չես գտնի: Տմարդի խոհերը բոլորին են այցի գալիս, բայց ոչ բոլորն են ու ոչ միշտ տուրք տալիս կրքին, հույզին, անչափուկշիռ քայլերի դիմում: Վստահ չեմ, իսկապես սրբեր, մաքրակրոն անձինք կա՞ն: Ո՜վ գիտի՝ աշխարհի մեղքերն ուսած Նարեկացին չի՞ կատարել արարք, որն այդպես էլ չխոստովանեց: Սովորական մահկանացուն, համենայնդեպս, մշտապես ենթակա է մոլորության: Անսխալ կենալ դժվար է, անպիղծ՝ առավել, մաքրախոհ՝ անկարելի, ըստ նվաստիս: Կարծեմ Սագանի մոտ եմ հանդիպել՝ ամուսնուն մտքով դավաճանել, թե իրականում, նույնն է: Մարդ արարածը բնույթով այնպիսին է, որ կարող է հանկարծաբար տրվել կենդանական հույզին: Նրա մեջ կարող է ցանկություն ծնվել մերձավորի հանդեպ, կարող է սարսափից դավաճանել հայրենիքին, սկզբունքներին, զայրագնած պահին դառնալ արյունարբու, սևակնած գազան: Վերջապես, կա խմիչք, կան թմրանյութեր, որոնց ազդեցության տակ բթանում է միտքը, թուլանում կամքը, և ստոր բնազդները, որոնք սթափ ժամանակ առնված են եղել զսպաշապկի մեջ, ազատ-արձակ ջրերես են ելնում: Վկան՝ երազները: Գրե՞լ դույնի մասին: Իսկ արդյո՞ք ամեն բան է արվեստի հումք դառնալու պիտո, եթե առկա է ենթագիտակցություն, ներքին ձայն, ինտուիցիա, որը հուշում է ինչ գրել և ինչու՝ ոչ:

Ամեն ճշմարտություն չէ, որ պետք է ընթերցողին, բայց ամեն միտք իրավունք ունի ապրելու: Բոլորս գիտենք՝ մարդը խնչում է, պետքարան գնում, բայց սիրեցյալի մասին երազելիս դա իսպառ մոռանում ենք: Եվ փողոցում չենք մեր պետքերին բավարարություն տալիս, քանզի հաշվի ենք առնում հանրային կարգը: Հնարավոր է, սխալ եմ, որպես գրող, վրիպել եմ և ստվերից կելնեի, եթե ուժ գտնելով՝ հատեի բարոյականի ու ապաբարոյի հենց այս սահմանը, սկսեի այնտեղից, ինչը բանականությունս մերժում է, արգելափակոցից անդին է, անոտնակոխ: Լև Տոլստոյը, օրինակ՝ շատ է կարևորում արվեստի գործի օգտակարությունը, նրա բերած նպաստը մարդու մարդկայնանալու ճանապարհին:

ՀԱՐՑ - Ուրեմն՝ արվեստի մշակը և՞ս փորձում է դուր գալ մարդկանց: Ինչպես կյանքում բոլորս, ենթարկվում է պայմանականությունների՞:

ՊԱՏ. - Դուր գալ-չգալու սահմանը զատորոշելը դժվար է: Դարերի ընթացքում են մշակվել վարվելակերպի գրյալ ու չգրյալ կանոնները: Բարեկրթությունն անհրաժեշտ պայման է, եթե հանրույթի անդամ ես, մարդկանց շրջապատում: Այն անհրաժեշտ է նախ՝ քեզ, ապա նոր՝ մյուսներին, այն ինքնապաշտպանության բնազդով է մասամբ նաև պայմանավորված: Դու պարտավոր ես, նաև՝ հարկադրված: Մյուս կողմից, բարեկրթությունը կյանքի փորձ է, այլոց փորձի իմացություն: Կարելի է և թքած ունենալ բոլորի վրա՝ փշրելով բոլոր կարծրատիպերը, շղթաները, քամահրել ամեն կարգ, կանոն՝ ասելով, որ այն կաշկանդում է, թույլ չի տալիս ազատ ապրել, բայց փորձիր նստել կինոդահլիճում, այցիր համերգասրահ և անմիջապես կզգաս, թե որքան տհաճ է, երբ երիտասարդ զույգը թիկունքը քեզ արած, կոպիտ ասեմ՝ գավակով դեմքդ շոշափելով՝ անցնում է շարքի միջով: Դեմքով նստածը շրջվելիս, ի՞նչ, տուրք է տալիս հանրային կարծիքի՞ն: Առաջին դեպքում նա ուղղակի տգետ է կամ՝ հատուկ է անում՝ քեզ ստորացնելու մտադրանքով: Նույնը՝ չսափրված հյուր գնալը: Թե՞ արվեստագետին կարելի է: Մորեմերկ շրջիր, արհամարհիր քեզ կաշկանդող հագուստը, պայմանով, եթե ձևի դեմ ձևով չես կռվում: Կողմ եմ ազատ վարքի, ազատախոհության, եթե այն անգիտության արդյունք չէ, հիմքում տրամաբանություն ունի, այլոց ազատության ոտնահարման գնով չէ: Եթե իմանամ աշխարհի իմաստուններից ես, բարձրագույն իմացության արդյունքում ես հանգել դույն քայլին, կխոնարհվեմ քո ազատության առաջ, բայց երբ դու թքում ես փողոցում, երբ երեխադ միզում է վերելակում, կինդ բարձակրունկ կոշիկներով տրորում է նոր ջրած դալուկ սիզախոտը, իսկ հետո ոտնամաններն հանած եք տանը ման գալիս, ինչ է, թե հատակը պլպլա... Հարբած ընկերախումբը ծննդատան բակում արու զավակի ծնունդը նշանավորում է աղմուկ-աղաղակով, երգով՝ չմտահոգվելով այլոց մասին, այն բանի, որ նույն հիվանդանոցում կան զավակին կորցրածներ, չբերությունից բուժվողներ, միայն դուստր ունեցողներ, դա էլ չէ՝ անգիտություն է հանրային վայրում կեսգիշերին մնացյալի քունը խանգարելը: Կարծես, շեղվեցի: Ես այլ զենք այս գոտեմարտում չունեմ, քան բարությունը: Քաղաքակրթությունն առ օրս կա շնորհիվ բարու: Հայ ժողովուրդն էությամբ բարի է: Ես գրքերից, մեր մեծերից այդ դասն եմ առել: Մարդկությունն այնքան է խրվել ճահճուտը, իր իսկ փորած փոսը, որ նրան ձեռք մեկնելու ուրիշ եղանակ չի մնացել: Ես պարտավորված եմ օժանդակել մարմնի մյուս բջիջներին՝ լինելով մեկը: Մի տարբերակով ճշմարիտը հոգու ազատության մասին հոգ տանելն է, նյութից, պայմանականությունից վեր կանգնելը, հողեղենից վեր մնալը, միանալը Տիեզերականին, Բացաձակին, Միակին, բայց այդ կերպ վարվելու պարագայում, թող ներեն ինձ Արևելքի բոլոր իմաստուններն ու իմաստասերները, եսասեր պիտի լինել: Եսապաշտ: Հապա մյուսնե՞րը, նրանց ինչպե՞ս թողնես ցավի ու արյան մեջ, կրքին, ինչքին գերի: Ես ցաքուցրիվ իմ որդեգրած փիլիսոփայության մասին ասացի, իսկ վարքի, խաղի կանոնները գործում են նաև գրականության մեջ, քանզի այնտեղ ևս կյանքն է: Մի դեպքում խոհը, արարքը թելադրված է՝ ելակետ ունենալով մարդու, բնության հանդեպ սերը, մի այլ տեղ ինքնապաշտպանական նպատակով է, երրորդ դեպքում՝ ենթագիտակցականի մղման արդյունք... Նայած խաղի մեջ որ դիմակն ես հարկադրված վերցրել, որին ես տիրապետում: Երանի նրան, ով ի զորու է գեղագետ լինել ոչ միայն գրավոր ու բանավոր խոսքում, այլև կեցությամբ։ Այնքա՜ն դժվար է անդիմակ ապրելը։ Ես, դու, նա, բոլորս դիմավոր ենք, դերակատար և կամ ընթացքում տրվում ենք խաղին, ապրում նրանով, երբեմն այնքան խոր, այնքան էորեն, որ մեզ համար իսկ, շրջապատի՝ առավել, այն դադարում է խաղ լինել: Արցունքն այլևս արցունք է, սերը՝ սեր: Սույն ճշմարտությունը վաղուց է նկատված, Ֆիրդուսուց էլ առաջ, ուստի իմաստ չունի շարունակելը:

ՀԱՐՑ - Գրող դառնալու համար պարտադի՞ր է շատ կարդացած լինելը, ամեն բան իմանալը:

ՊԱՏ. - Վերապահումով եմ մոտենում նրանց, ովքեր ամեն բան գիտեն: Նախ՝ թվում է, թե գիտեն: Այդպիսիք խոսքում տարազան իզմերի անուններ են նշում՝ մեջբերում կատարելով այսինչ-այնինչից, մտապահում են երգահանների, նկարիչների ծննդյան, մահվան թվերը, հաճախում համերգասրահ ու ցուցահանդես, ուղեղի գալարներում հանրահայտ ճշմարտություններ հանելով՝ կարողանում են տպավորություն ստեղծել: Մեզանում մասնավորապես խեղված է զարգացած մարդ հասկացությունը: Լավ է մի բան իմանալ, սակայն խորությամբ: Մինչդեռ մենք հակառակն ենք անում, հետևանքը՝ խորությամբ չտիրապետելով ոչնչի: Լիստի ու Դեբյուսիի, Բախի ու Բեթհովենի, Շումանի ու Շուբերտի, Գոգենի ու Գոյայի, Վան Գոգի ու Վան Դեյկի անունները շուրթերից չիջեցնողներին տեսել եմ համերգի ժամանակ, ցուցասրահներում: Ի՜նչ հիացական բացականչություններ, երազուն դեմքեր, ու դա այն դեպքում, երբ մեծ մասը սխալ նոտան չի ջոկում ճշտից, եթե մեկի անհայտ կտավի տակ հանրահայտ նկարչի անուն դնես, նույն ոգևորությամբ կսկսի փառաբանել: Մի՞թե հնարավոր է միաժամանակ թե թատրոն հասկանալ, թե նկարչություն, թե պոեզիա, թե երաժշտություն, կինո, ճարտարապետություն, փիլիսոփայություն, քաղաքականություն, տնտեսություն. ո՞ր մեկն ասեմ: Եվ այնքան կտրու՜կ. մի հայացքով ունակ են մերժել պատն ի կախ բոլոր կտավները, քանզի գիտեն, հանրահայտ նկարիչ չի մասնակցում: Կարդալ անհրաժեշտ է, աշխարհի անցուդարձին հասու լինել է պետք, բայց չափ կա, սահման կա: Իրականում այնքա՜ն սահմանափակ է մարդու հնարավորությունն այդ առումով. շաբաթվա ընթացքում միջին ծավալի 2 գիրք ընթերցելու դեպքում 60-70 տարի ապրողը կկարդա 5-6 հազար գիրք, եթե սկսի, ասենք, 10 տարեկանից, ինչը քիչ հավանական է: Ըստ այդմ որոշեք՝ ճի՞շտ է անձին որակելիս կիրառել «կարդացած» մակդիրը: Դա դեռ ոչինչ, չե՞ն հանդիպել մարդիկ, որոնք մեծամտում են՝ կարծելով, անչափ կարդացած են: Չէ՞ հարկ եղած դեպքում կարելի է հանրագիտարան բացել, գնալ գրադարան և տվյալ բնագավառի շուրջ այնքա՜ն տեղեկություն քաղել, որը լիուլի բավարար է հոդվածի, ելույթի, չգիտեմ ինչի համար: Կարևորը, էականը ճիշտ աշխարհայացք ունենալն է, մարդկային որակը: Լավ է, երբ մարդ շատ բան գիտի, սուր է հիշողությունը, եթե դրան գումարվեն այլ որակներ: Կտավը կարող է վրաս չազդել, դուր չգալ, բայց դա չի նշանակում, թե հեղինակողը վատն է: Ես մասնագետ չեմ, նույնիսկ գաղափար չունեմ տեխնիկային նրա տիրապետել-չտիրապետելու մասին, հասու չեմ՝ բնական չափերը խախտել է, որովհետև մարդակազմությունի՞ց է բոբիկ, թե՞ ասելիքի թելադրանքով է: Նույնը՝ երաժշտությունը, անգամ պոեզիան: Միշտ զարմացել եմ, երբ մարդիկ, ընթերցելով բանաստեղծությունը, մեկից որակել են՝ ապուշություն է, կամ հակառակ՝ հանճարեղ է, մինչդեռ չափածոն մի քանի անգամ պետք է կարդալ, տրամադրության տարբեր պահերի՝ յուրաքանչյուր բառի, տողի, մտքի վրա դադար տալով: Խոսքը, հարկավ, բացարձակապես անտաղանդ գործի մասին չէ:

Ուսանելու տարիներին փորձեր էինք անում. տղաներից մեկնումեկի ոտանավորի, մինչևիսկ պատահական չափածո ժողովածուի ցանկի տակ դնելով հանրահայտ հեղինակի անուն՝ տալիս էինք ընթերցելու: Տասնից ինն ասում էր՝ շշմեցուցիչ է, հրաշք, փառահեղություն: Այդչափ զորեղ է հոգեբանական ներգործությունը, այդքան խաբուսիկ են մեր գիտելիքներն ու զգայությունները: Արձակ գործի լավ ու վատը կարող եմ որոշել: Այդքան: Ընդսմին՝ կարող եմ, բայց դա չի նշանակում, թե վճիռս վերջնական է, և չկա հավանականություն վրիպանքի՝ ունենալով բանասիրական կրթություն, գրչի մշակի փորձ:

Դպրոցական տարիներին շատ եմ կարդացել, սակայն անկարգ: Գրականության ուսուցիչս հեղինակություն է նաև այսօր, թեև չեմ ներում: Ասեմ՝ ինչու: Նա հավասար սիրով էր պատմում թե Մեծարենցի ու թե Հակոբ Հակոբյանի մասին: Վախենում էր մեզնից, շրջապատից, թե՞ սխալն իր մեջ էր: Ուսուցչությանս չորս տարին այդ կերպ չեմ վարվել, և եթե սաներիցս շատերը բանասիրականն ընտրեցին, իմ ներդրումը կա: Ուսանելիս համակարգված էի կարդում, թեև այլ ծայրահեղության գիրկ ընկա: Հիմնականում ընթերցում էին արտասահմանյան հեղինակներին, ընդսմին՝ ժամանակակից, իսկ դասականներին՝ վերապահումով: Իսկապես կարդալ սկսեցի ավարտելուց հետո: Դպրոցում դասավանդելիս հասկացա, թե որքան բան եմ բաց թողել: Համալսարանը գրեթե ոչինչ չէր տվել, ընդամենը՝ ընդհանուր զարգացածություն: Այդ փուլում հայտնաբերեցի իսկական Խորենացուն, հիացա Ալիշանով, թովվեցի Մեծարենցով, ըմբռնեցի Աբովյանի տառապանքը, խոնարհվեցի Թումանյանի առաջ, չնչակտուր եղա Նարեկացու թափից, Չարենցի լայնախոհությունից, Սիամանթոյի ոլորապտույտներից, համաշխարհային մեծությունների անուններից նորովի ներկայացան Սերվանտեսը, Դոստոևսկին... Հիմա այդակարգ հեղինակների էլի եմ կարդում, բայց այլ սկզբունքով: Եթե Բյոլին ու Ռեմարկին ձեռքս եմ առնում իբրև գեղարվեստական հետաքրքիր գրքեր, Գոգոլին թերթում եմ՝ նրա մտածելու կերպը, տեխնիկան ըմբռնելու առումով: Արևելքի պոեզիա, եվրոպական դրամատուրգիա, ամերիկյան, արձակ, ժամանակ առ ժամանակ՝ Աստվածաշունչ, էլի ու էլի՝ Խորենացի, Նարեկացի և բառարաններ, մանավանդ բառարաններ՝ հոմանիշների, բացատրական, արմատական, անձնանունների, քանզի նրանցում մեր ժողովրդի խտածո, դարձդարձիկ կենսագրությունն է, Հայաստանն է: Կարդում եմ նաև հայ ժամանակակից արձակ՝ երբեմն ստիպելով, ռուս լավ գրողներ կան՝ Կուպրինի կիսատը շարունակող, ճապոնական, լատինամերիկյան արձակն է առինքնող: Ծավալուն նյութ ընթերցելը գնալով դժվարանում է, քանզի նյարդային լարվածությունն է մեծ, ժամանակն է արագացել, համբերությունդ հաճախ չի բավում նյութի մեջ մտնել, ու լավ հոդվածը, վերլուծությունը, գրվածքը երբեմն կողմ ես դնում:

Գրելու օրերին աշխատում եմ չընթերցել՝ վախենալով ազդեցությունից: Խոսքը միայն ոճի մասին չէ: Երբեմն ուրիշի մտածումն այն աստիճան է տպավորվում, որ ակամա դրան ես դեմ առնում: Եթե չկրկնես էլ, պտտվում ես շուրջը: Դա ազնիվ չէ: Խիղճդ հանգիստ չի տալիս, ջնջելու համար էլ կամք է պետք, երբեմն ուղղակի ուշ է լինում, քանզի հանրության դատին հանձելուց հետո ես նկատել: Գրվածքներումս հիմնավոր պեղելու դեպքում մի քանի նման խոհ, դատողություն կգտնեն, որոնց աղբյուրը նշված չէ: «Վերավաճառք» պատմվածքում արտահայտություն կա՝ «չեղած կրծքին սեղմել»: Հրանտինն է, նրա ճիշտ ձևակերպումը չեմ մտապահել, կարծեմ՝ «Անձրևած ամպեր» -ից է: «Միայնակ զինվորը» կրկնում է Հերվե Բազենին՝ մարդկանց մեջ ջանա տեսնել ոչ թե այն, ինչ կամենում ես, այլ ինչ կա: Հավանաբար այդ օրերին եմ կարդացել, սպրդել է, խուսափել չեմ կարողացել: Ահա, նման վտանգ է պարունակում կարդալն ստեղծագործելիս, երբ գլուխդ եփվում է, կառչում ամեն խոհից: Բեռնարդ Շոուի խոսքը մտաբերեցի՝ գրողները միշտ մեկը մյուսից թռցնում են։

Խորհուրդս պատանի ընթերցողին՝ մանավանդ․ որևէ տեղ գրանցիր կարդացածդ գիրքը՝ նշելով հեղինակին, վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, ինչ լեզվով լինելը, բնույթը /գիտական, գեղարվեստական, արձակ, չափածո/, մեկ-երկու նախադասությամբ նաև՝ ինչի մասին է, ծաղկաքաղ արա՝ խոհերի, փաստերի... Չծուլանաս: Ո՜վ իմանա, մի օր էլ հոդվածում, գիտական աշխատությունում ներառելու կարիք զգացվի: Մինչևիսկ այն, որ կիմանաս որքան ու ինչ գիրք է ձեռքիդ տակով անցել, արդեն իսկ հետաքրքիր է: Ես դա չեմ արել, և հիմա ընթերցածս գրքերի մեծ մասի ո՛չ հեղինակին եմ մտաբերում, ո՛չ անունը:

Այդ կերպ է ժամանակին վարվել, օրինակ, Ղևոնդ Ալիշանը՝ հազարավոր թղթիկներին պահ տալով բազում ու բազմալեզու մատյաններում Հայաստանին, հային վերաբերող ցանկացած տեղեկություն, դույնը պատվիրելով նաև սաներին...

ՀԱՐՑ – Իսկ խորհուրդդ սկսնակների՞ն:

ժՊԱՏ. - Մինչ այժմ խոստովանածս մի՞թե խորհուրդ չէ, համ էլ՝ ինքս եմ ամեն քայլափոխի խորհրդի կարիք զգում, էլ ինչպե՞ս... Որոշակի փորձ ունեմ՝ թե գրելու, թե կյանքի: Հեռուստատեսությունում աշխատելիս հասկացա՝ էկրանը մարդու ներքինը, նրան խորքով բացելու զարմանալի ուժ ունի: Պատկերի խոշորության դեպքում խոսողի դեմքին կարելի է կարդալ բոլոր ապրումները: Գրականության մեջ ևս այդպես է. ավելորդ բառը, շինծու խանդավառությունը չեն փրկի գործը, և չպետք է խելոք-խելոք խաղալ: Անկեղծ, անկեղծ, անկեղծ - ահա իմ խորհուրդը: Խոհերդ վստահիր ընթերցողին, նրան զինաթափիր քո շիտակությամբ, տար քո ետքից: Եթե կարգին մարդ ես, կարգին ծնունդ, եթե տիրապետում ես մայրենիին, կստացվի: Կարդում են թրթիռով գրածը, հոգուց պոկվածը, կյանքի կայծ պարունակողը: Պարտադրիր, ստիպիր քեզ գրել, ունեցիր գրելու կայուն ժամ: Եթե սպասես ժամանակին, նա չի գա, միշտ մի պատճառ, առիթ կգտնվի՝ խուսափելու գրասեղանից, այսօրվանը թողնելու վաղվան, իսկ վաղն, ավաղ, նույն այսօրը չի դառնա։ Գրածն է մնում: Նախքան գրականությանը տրվելը, չէի համակրում նրանց, ովքեր խորհուրդ էին տալիս չվատնել ժամանակը: Ա՛հ, ամեն բան ունայն է, ասում էի, խաչ քաշում: Նման կերպ կենալը հեշտ է, սակայն՝ առժամանակ: Հետո կբզկտես քեզ՝ չներելով անդարձ կորածի համար, բայց ուշ կլինի: Մի տեխնիկական խորհուրդ ևս՝ թուղթ, գրիչ պահիր մոտդ: Ամեն պահ կարող է պետք գալ: Ես չյուրացրի այդ կանոնը, և տուժեցի: Գնում ես գործի: Ավտոբուսում, քայլելիս ուղեղդ սկսում է տենդագին բանել: Մի խոհ է ծնվում, թեմա: Թվում է, եթե նստես, կգրվի, բայց դու աշխատանքի պիտի հասնես, գրելու միջոց չունես: Սփոփում ես՝ ոչինչ, կմտապահեմ, թող մնա իրիկունը, իսկ երեկոյան տեսնում ես՝ չկա՜, միտքը թռել է, մինչդեռ եթե մեկ, երկու բառով թղթին պահ տայիր, հերիք էր՝ գիշերը պոչից բռնած կգնայիր: Անլիարժեքության բարդույթը խանգարել է ոչ միայն կյանքում, այլև գրելիս: Թերահավատությունը կասկած է բերում, ձախողանքի երկյուղից ուսերդ կախվում են, միտքդ կեղևակալում՝ այլևս չջոկելով ճիշտը սխալից: Համարձակ, շարունակ համարձակ: Տրամադրիր քեզ, որ դու ճշմարիտ ուղու վրա ես, և սխալն այլք են: Մի խորհուրդ էլ կետադրության հետ կապված՝ կետադրելիս հեղինակը պետք է հարգի լեզվական կանոնները, բայց գերի չդառնա: Կետադրության իմաստը խոհը, տրամադրությունը հնարավորինս դյուրին ընթերցողին փոխանցելն է, որը գրողը, անկասկած, առավել հստակ է տեսնում-զգում, քան կողմնակի անձը, ուստի խիստ չպիտի լինել «մեղանչումներ» նկատելիս: Կա երկրորդ մոտեցումը ևս՝ չափածոն, արձակ բանաստեղծությունը ոմանք ընդհանրապես չեն կետադրում, ինչը նույնպես ընդունելի է, քանզի հեղինակը կարդացողին հնարավորություն է ընձեռում գրվածքի տրամադրությունն ու տրամաբանությունն ընկալել առանց հուշման... Իսկ ամենագլխավոր խորհուրդը՝ ոչ մի խորհուրդ չընդունես, արա, ինչ կթելադրի սիրտդ, ինչ ներքին ձայնդ կհուշի, ինչպես, որքան կկարողանաս:

ՀԱՐՑ - Իբրև ժուռնալիստ, ի՞նչ հարցեր են հիմա մտահոգում:

ՊԱՏ. - Հազար ու մի: «Գարունի» վերջին համարն էի ընթերցում, Ռաֆայել Աթայանի գրածը՝ Խանջյանի, մյուսների, երեսունյոթ թվի մասին: Սոսկալի ժամանակներ են եղել, մղձավանջային՝ սպանվել, խեղվել է ամեն բան՝ հոգևոր, ֆիզիկական: Անցած օրը երեխաներիս հետ Թումանյանի տուն-թանգարանում էի: Փշրված տրամադրությամբ դուրս եկա. ամենայն հայոց բանաստեղծի երեք զավակին դժնի տարիներին տարել են, անհետել՝ բարձրագույն կրթությամբ, Ամենայն հայոց բանաստեղծի հարկի տակ զորացած, Սիամանթո, Կոմիտաս, Իսահակյան տեսած... Հետո ասում ենք՝ մտավորական չի մնացել, կապը խզվել է: Ումից՞, ինչպես հոգևոր սնունդ ստանայինք, եթե Երկրում չխողխողվածների մի մասը հարկադրված կտրեց Արաքսը, մնացյալին Սիբիր ճամփեցին, ով խելոք էր, նվիրյալ հայրենիքին, արդարությանը, մարդուն, հողին, ով է՜ն գլխից ազնվական արյուն էր ժառանգել: Ֆիդայիները երևի թե «էրգրում» այդպես չեն հալածվել, ինչպես այստեղ: Սարդարապատում իսկապես կռվողներից քանի՞սը մնաց: Այս խոհերն են տանջում ինձ: Հուսահատ եմ. կշտկվի՞, ուշ չէ՞ արդյոք, երբ ինչի ձեռք ես զարնում, կեղտ է ջրի երես ելնում: Երբեմն այնքա՜ն հեշտ է հասկանալ, թե պատմության տարբեր փուլերում ինչու ենք շարունակաբար կորցրել անասելի ճիգերով ձեռք բերածը, ինչու աշխարհակալ տերություն մնալու, վերստին դառնալու փոխարեն տարածքներ ենք զիջել ու զիջել` ի զորու չլինելով օգտվել պատմության ընձեռած պատեհություններից... Աններելի սխալների, բացթողումների համար նախատել, նախատում ենք նախորդներին, մինչդեռ նույնը կրկնում ենք հիմա... Նոր Էհնաթոն է պետք, Աթոն աստծուն երկրպագող, աստված, որի տեսքից միայն Մեծ ծովը լույս էր տալիս: Եթե մերին դառնամ՝ Մհերի ելնելը թերևս փրկի, և քանի՜ սերունդ պիտի անդուլ բանի, որպեսզի ետ բերվի կորուսյալը:

Երբ բնության գործերին շատ են միջամտում, ինքնամաքրում-ինքնակարգավորումը դառնում է անհնար, ըստ այնմ՝ Սևանի խնդիր կա, ոչխարաբուծությունը դարձել է ահավոր չարիք, Երևանը պատվել է թունամշուշով, մտադիր են մայրաքաղաքն առավել մեծացնել: Այդ ինչպե՞ս, հարցնող լինի: Թերթում օրերս Հյուսիս-արևմտյան թաղամասի մանրակերտն էր. շուրջ երկու հարյուր հեկտարի վրա նոր բնակելիներ են հառնելու և ինչի՞ հաշվին - խաղողի այգիների, որ հանրապետության երկրորդ քաղաք տանող մայրուղուց ձախ են: Ասում են՝ աշխարհում ամենկարճատև լրագրողներն են ապրում: Հարկավ:

ՀԱՐՑ - Ամուսնացած լինելը, ընտանիքը խանգարե՞լ են:

ՊԱՏ. - Միանշանակ պատասխան տալը դժվար է, թեև հարյուր գրողից իննսունինը կասի՝ խանգարել է, չի թողել մինչև վերջ նվիրվել: Դա այդպես է, սակայն հարցն այլ երես էլ ունի. Տարակույս չկա, չամուսնանալու դեպքում կլինեի իմ գլխի տերը, սակայն ի՞նչ երաշխիք, որ այն բարենպաստ կլիներ: Թերևս ինձ տայի գինու՞ն, կանա՞նց, հուսհատությունից տեղափոխվեի այլ վա՞յր, ինքնասպա՞ն լինեի: Ո՞վ կարող է իր հետոն գուշակել, ճշտորեն ծրագրել: Հետին թվով է հեշտ ասելը՝ այլ կերպ կվարվեի: Ես՝ անտուն, թույլ նյարդերով, շնչուղիներով, վատառողջ, աշխարհը՝ բիրտ, անհոգի: Հիմա ծածկ ունեմ, զավակներ, իմ մասին հոգող կա: Կասկածում եմ, խիստ կասկածում եմ՝ կգրեի՞: Եվ պիտանի՞ բան, թե՞ մեն միայն մահի, ցավի, շուրջս տիրող խավարի, մենության: Գրվածքներումս կան թեմաներ, որոնք այդպես էլ փակ դուռ կմնային, եթե ամուսնացած չլինեի: Ընտանիք չունենալու դեպքում անհաղորդ կմնայի տնավորվածի կենցաղին, որն ամենօրյա վեճ է, պատերազմ, հոգս, մանրիկ ուրախությունների շարան, սեր է, անհանգստություն, պարտքի գիտակցում: Վերջապես կողակիցս թեմաներ է տվել՝ «Ճանապարհին», «Վերավաճառք», «Թեյի սպասք», էլի մի քանիսն այդ շարքից: Մի բան հաստատ է՝ կամ ցամաքում պիտի լինես, կամ՝ ջրում, ժողովրդի ձևակերպմամբ՝ երկու երանի մի տեղ չի լինում, թեև երկկենցաղները հակառակն են փաստում:

ՀԱՐՑ - Թույլ տուր ընդհատեմ և մի անպատշաճ հարց՝ նրան շարունակու՞մ ես սիրել, դեռ սիրու՞մ ես:

ՊԱՏ. - Հարաբերություններն այն փուլում են, որ չեմ վախենա, թե քիչ անց՝ սույն գրածն ընթերցելով, կփոխի վերաբերմունքն իմ հանդեպ: Հոգնություն, անշուշտ, կա՝ ինչպես ամեն ինչից, որը սակայն խաբուսիկ է: Գիտեմ, բավական է նրան կորցնելու վտանգ առաջանա, կխենթանամ, ինչպես համալսարանի վերջին կուրսում, երբ ծանոթացանք: Նա գեղեցիկ էր, նրբակազմ: Նույնն է և հիմա: Նրա տարիքի շատ կանայք, թող կոպիտ չհնչի, պառավել են, իսկ նա դպրոցահասակի մարմին ունի, մաշկ: Հիվանդանոցում եղածս ժամանակ պահակը հարցրել էր՝ հա՞յրդ է պառկածը: Ասել էր՝ չէ: Հա՜, -երկարացրել էր մարդը, -եղբայրդ է: Կինս դա պատմում էր ծիծաղելով, իսկ ես խանդում էի, որ այդքան ջահել է, այն աստիճան, որ պահակի մտքով չի անցել նրա՝ իմ կինը լինելը:

Քանի որ խոսքը հիվանդանալուն հասավ, շարունակեմ: Մեծ դուստրս երկուսուկես տարեկան էր, փոքրը՝ մեկ, երբ հյուծախտ ընկա: Կենում էինք վարձով: Ինձ տեղափոխեցին Աբովյանի հիվանդանոց: Կես տարի այնտեղ մնացի, ևս չորս ամիս՝ Դիլիջանում: Մոռանալու շրջան չէ: Կինս անտրտունջ դիմացավ այդ ամենին, երկու օրը մեկ տեսակցում էր, տանում բոլոր կամակորություններս: Ես դեմ էի նրա այցերին, բայց բավական է մի օր անցներ, մաղձոտում էի: Նա դա ըմբռնելով՝ լռիկ ծառայում էր: Երախտապարտ եմ: Հետագայում էլ կիսեց իմ ճակատագիրը:

ՀԱՐՑ - Թերություննե՞ր:

ՊԱՏ. - Ունի, ինչպես բոլորս, մյուս կանայք: Ո՞վ է անթերի: Ոչ ոք: Հեռվից է այդպես թվում: Փորձիր մոտենալ, ի մոտո ճանաչել և կտեսնես: Ես նրան շարունակ խանգարել եմ, նա ինձ՝ մասամբ: Հոգեբանորեն պարտադրել եմ ծառայել ինձ, ընտանիքիս, իրեն նույնը՝ չհաջողվեց: Եթե նա դա շուտ հասկանար, համատեղ կյանքն առավել հեշտ կլիներ: Նա այսօր էլ չի ընդունում իմ գրող լինելը, այն, որ լծակիցն անսովոր կերտվածք է: Տարօրինակություններ բոլորն ունեն, բայց սակավներն են օգտվում այդ շնորհից, ի սպաս դնում ընդհանուր գործին: Ես գրում եմ, ինչն արդեն ահագին բան է: Վատ եմ գրում, թե լավ, հետո կերևա: Հանրույթն ու կինս չպետք է ինձ այդ հնարավորությունից զրկեն, չհողեն շնորհքը: Ակնհայտ է, որ նա պատմելու ձիրք ունի, սակայն չջանաց այդ ուղղությամբ քայլ անել. մտքով չանցավ: Համալսարանի ֆրանսիական բաժինն է ավարտել, բայց ի՞նչ օգուտ, եթե մեջն ուժ չգտավ՝ թարգմանչությամբ զբաղվելու: Եթե կարդա, կառարկի՝ իսկ տունուտե՞ղը, դու՞: Եթե գրեր, եթե թարգմանությամբ զբաղվեր, անվարան տան հոգսը կառնեի ուսերիս՝ համոզված, որ հանրությանը նպաստ է բերում, ուստի աջակցել անհրաժեշտ է: Կնոջս բնավորության շատ գծեր բացել եմ պատմվածքներում, ներընտանեկան փոխահարաբերությունների շատ նկարագրություններ իրական են: Մենք ջանացինք ցավ չպատճառել մեկմեկու, սակայն չհաջողվեց. կյանքն էր դժվար, հոգսերն էին անհաշիվ, անզորության գիտակցումը հաճախ շրջվեց մեկմեկու դեմ: Այսքան:

ՀԱՐՑ - Իսկ փաստը, որ արու զավակ չունես, անլիարժեքության բարդույթին նոր շերտ հավելու՞մ է:

ՊԱՏ. - Անցյալում՝ ամուրի տարիներին, կարծում էի որդի չունեցողները դժբախտ են: Հիմա՝ չէ: Ամենևին: Զարմանում եմ, նեղսրտում, երբ մարդիկ ախուվախ են անում, իմ փոխարեն վատ զգում: Հնարավոր է, ինքնապաշտպանական բնազդն է պարտադրել հոգեբանորեն փոխվել: Ժողովրդական խոսքը մտաբերեցի աղվեսի ու խակ խաղողի մասին: Բայց, վստահեցնում եմ, այն ինձ համար չի ասվել: Հնարավոր է երրորդ երեխա ուենանք: Նույնիսկ անունն եմ որոշել՝ Սոսե: Տեսնու՞մ եք՝ տղայի անուն չէ՝ Սաթենիկ, Խանդութ, Սոսե: Ի՜նչ անուններ են: Այդպիսիք իրավունք չունեն վատ լինելու, հայրենիքը լքելու:

Տոհմի միակ արու զավակի համար, թերևս, կարևոր է տղան, որպեսզի շառավիղը երկարի, չկտրվի կապը: Ութ արու զավակ միայն հայրս է ունեցել: Մի միջադեպ մտաբերեցի: Պայքար եղբորս թաղման ժամանակ քույրս մղկտալիս մեր որբությունը մտաբերելով՝ հանկարծաբար անունս տվեց՝ Արամս էլ տղա չունեցա՜վ: Խոսքն անհեթեթ հնչեց՝ համենայնդեպս ինձ համար: Ժպտացի, հետո տեսա. հարազատներիցս էլի այլոց աչքերը թրջվեցին. խոսքում ողբերգական տարր այդու կար: Ակամա ինձ պատկերացրեցի եղբորս փոխարեն սեղանին մեկնված և հասկացա, որ արու զավակն առավել պետք է մնացողաց: Քեզնից հետո կսեղմեն ձեռքը, կասեն՝ դու ողջ լինես: Այդքան բան: Քրոջս ուրախություն պարգևելու համար արժե ևս մեկ փորձ անել:

ՀԱՐՑ - Իսկ շատ զավա՞կ:

ՊԱՏ. - Անկարևոր է: Չասեք՝ դա հայրենասիրություն չէ, մեր ժողովրդին մարդիկ են պետք, զինվոր է հարկավոր: Մեկն էլ, եթե արժանավոր զավակ է, ունակ է շատ բան անել, ավելին, քան հարյուրները, հազարները: Ապա՝ ժամանակն իրենն է պարտադրում: Հոգսեր կան, որոնք հոգալ է պետք: Երկու-երեքի դեպքում մի կերպ կարելի է, յոթ-ութի ժամանակ ինչպե՞ս վարվես, ո՞ր պատով տաս գլուխդ: Առարկությամբ հանդերձ, խոնարհվում եմ շատ զավակ ունեցողի առաջ, այդպիսիք մեծարանքի են արժանի, պետությունը, շրջապատը, մերձավորները պարտավոր են նեցուկ լինել նմաններին:

ՀԱՐՑ - Մի հարց ևս և փակենք թեման, չամուսնացածների, զավակ չունեցողների մասին ի՞նչ ես խորհում:

ՊԱՏ. - Դարձյալ գլխավոր գործոն է դառնում խառնվածքը: Եթե մտատանջության մեջ ընկած՝ դարձրեց հարցերի հարց, օր չի ունենա: Եթե գիտակից է, կդավանի փիլիսոփայություն, ինչը թույլ չի տա ապաբախտ զգալ: Նմանները հենց այնպես ապրելու իրավունք չունեն, զի հանրային օգտավետ գործի տրվելու, արվեստին, գիտությանը նվիրվելու հրաշալի հնարավորություն է բացվում՝ ուժերն այլ ասպարեզում սպառելու, իր անձն այդ եղանակով հաստատելու, հետագիծ թողնելու… Եթե ունակ է զավակ ծնել, բայց կողակից չունի, կողմ եմ արտամուսնական եղանակով հղիանալուն, պախարակելու ոչինչ չեմ տեսնում:

ՀԱՐՑ – Անունը էակա՞ն է: Գրվածքներում որոշակի վերաբերմունք կա, պատճառն անունդ փոխելու՝ դա՞ էր:

ՊԱՏ. – Անունը պատմություն ունի: Լավ, հեռվից եկող անունը բույր ունի, գույն: Թորգոմ հորս անունն է: Դե եկ ու դա փոխիր, ասենք, Յուրա-ով: Կլինի՞: Թորգոմն ու՞ր, Յուրին ու Յուրան ուր: Պատմվածքների, վիպակների շարք ունեմ, որտեղ նույն կերպարներն են, ամեն անգամ պատմությունը մեկի շուրջ, մասին է: Դա մեր ընտանիքի գեղարվեստական պատումն է Այնտեղ հորս՝ ընտանիքի մեծի անունը Համզե է՝ Համազասպ: Այն ես մեր եկեղեցու պատին եմ կարդացել: Մանկուց վիմագիր անունը տպավորվել է ուղեղումս՝ ամեն մտաբերելիս տանելով իշխանական ժամանակները, երբ Մաստարան փառահեղ շեն էր՝ եկեղեցիով, խաչքարերով, Անի մայրաքաղաքի հետ կապերով, վանքապատկան, եթե ավելի հեռու չգնամ՝ հասնելով վիշապաքարերի, անմշակ որձաքար բերդի ու արիական շրջան: «Տունը» գրվածքում բացասական անձը Տիգրան անունն էր կրում: Սովորաբար եղկելի խառնվածքվ կերպարին ես հայաշունչ անուն չեմ դնում, մանավանդ՝ պատմական: Իսկ այդ մեկը՝ նախատիպինը թողել էի. այդչափ մեծ էր հակակրանքը նրա հանդեպ /հորեղբորս Սիբիր անհետողներից էր/: Բայց հետո հասկացա՝ Տիգրան անունը չի մերվում կերպարին, և փոխելով՝ դարձրի Լենդրոշ:

Երբ ապագա կնոջս հետ ծանոթացա և տվեց անունը՝ Ժենյա, տրամադրությունս ընկավ: Այդքան նազուկ, նրբին և նման անուն՝ Ժենյա: Ապրումներիս մասին նույն, թե հաջորդ օրը անկեղծորեն խոստովանեցի: Մանրամասնեց, որ անձնագրով Եվգենյա է, կուրսում Ժենի են ասում: Իսկ ես Էժենի կասեմ, -որոշեցի: Էժենի Գրանդե, Փարիզ, Բալզակ… Դե, ուսանող էի, գավառական կյանքից փախուստ տալու համար պատրաստ վարագուրել, շղարշել կյանքը նման բաներով: Բարեկամներս, գործընկերներս, շրջապատս հիմա նրան այդ անունով գիտեն: Գոհ եմ: Ահա այդպես էլ քույրս՝ Ջուլիետան գրվածքներումս դարձավ Ծովո /Ծովինար/, Պայքարը՝ Պարույր, հորեղբորս որդի Մյասնիկը՝ Մասիս, Աննա մայրս՝ Արուս /Արուսյակ/: Նշանակություն ունի, թե ով է նախատիպը, ում հավաքական կերպարը նկատի ունեմ: Ասենք, գրում ես հարևանիդ մասին: Անունը փոխում ես, քանզի տպագրվելու հարց կա, կնեղանան: Ընտրելիս ջանում ես մերձ լինի նախնականին, ականջիդ խորթ չհնչի, այլապես նրա արտաբերած, նրա հետ կապված եղելությունը կթվա անբնական, անհեթեթ, ինչի պատճառով, հնարավոր է, չգրվի և կամ թվա թույլ: Եղբայրներիցս մեկի անունը Հեկտոր է: Ես նրան այդ անունով գրականություն չէի կարող բերել: Ի՞նչ կապ ունի Տրոյայի հերոսը մեզ, կոնկրետ՝ այն ընտանիքի հետ, որի ամեն անդամ ելնում է հողից, կապված է իր շենին, քար ու փշին, ավանդապահ է, սնվել է մեր առասպելներով, Համզե հայր ունի՝ ոտնիգլուխ հայ, Սաթենիկ տատ… Տանը մեր այդ եղբոր մականունը Գալա էր, և ահա Հեկտորը դարձավ Գալե /Գալուստ/: Սա արդեն այլ անուն է, հայի խառնվածքի ամեն գիծ նրան կփարի:

Հիմա՝ անվանս մասին: Մի շրջան անցյալի հետ կապն այնքան էր խզվել, որ մարդիկ անվանը /և ոչ միայն/ կարևորություն չէին տալիս, և սկսել էին ի հայտ գալ զարհուրելի անիմաստ, տգիտությամբ թելադրված անուններ: Հայրս՝ համեմատաբար կարդացած անձ, ընկել է մեկ այլ ծայրահեղության մեջ. ինչ գիրք ընթերցելիս է եղել, գրքի որ հերոսը՝ սրտով, հերթական զավակին կնքել է այդ անվամբ: Նա Րաֆֆու մասին մեծարանքով էր արտահայտվում, այն դժնդակ տարիներին «Կայծերը» պահել էր: Եվ ահա վեպի գլխավոր հերոսի անունն ինձ է շնորհել: Երբ արդեն ուսանող՝ դժգոհում էի, նկատում էր՝ Րաֆֆին քո չափ խելք չի՞ ունեցել, եթե վատ անուն լիներ, չէր դնի: Հետո, երբ փաստում էի, որ իրավացին ես եմ, խեղճանում էր: Մարդուն զարդարողն անունը չէ, - խուսանավում էր: Այսօր էլ համամիտ չեմ, թեկուզ ժողովուրդն ու հայրս այդ կարծիքի են: Անձին շուք հաղորդողը նաև անունն ու ազգանունն են: Տիգրան Պետրոսյանը, եթե չկամենար էլ, չէր կարող հայ չլինել: Նախորդ ՝ Ֆահրատ անունը, պարսկական ծագում ունենալով, տարածված է մահմեդական աշխարհում: Մկրտվածս ի՞նչ գործ ունեմ նրանց հետ: Դա՝ մեկ: Երկրորդ՝ անբարեհունչ էր. թե ուղղագրությունն էր դժվար, թե արտասանությունը: Տարբերակները բազում էին և են՝ Ֆահրադ, Ֆահրատ, Ֆարհադ, Ֆահրատ, ոմանք Ֆարատ են ասում, մյուսները՝ Ֆառատ: Ուսանելու տարիներին Դեբալին ազգանվամբ գնդապետ ունեինք, արտասանել ի զորու չլինելով՝ Фаграгат էր հնչեցնում: Պարզապես վաղ պետք է փոխած լինեի: Գոնե լավ էր, հասցրի նախքան տպագրվելը մաքրվել: Դա վերջին խթանն էր: Եթե պետք է գրականություն մտնեմ, պարտավոր եմ տանելի անվամբ հանդես գալ, -վճռեցի:

ՀԱՐՑ - Ինչու՞ հատկապես Արամ:

ՊԱՏ. - Լևոն եղբայրս հուշեց: Նա հիշյալ անվամբ զավակ ուներ, ումից բաժան էր կենում: Կինը՝ եսասեր, թույլ չէր տալիս անգամ երեխաների հետ շփվել: «Վթար» գրվածքում ճշտորեն այդ իրադարձություններն են ներկայացված: Կարոտը, ցավն ուղղակի խեղդում էին նրան: Ես ընդառաջ գնացի՝ կամենալով փոքրիշատե մեղմել մորմոքը, բացի դա՝ բարեհունչ անուն էր, հայոց զորավոր արքա ենք ունեցել՝ աշխարհակալ: Նահապետ: Դեր խաղաց նախորդի ու նորի հնչական մերձությունը: Ու էլի մի բան՝ գյուղում նույնանուն հարևան ունեինք: Ես նրան ի մոտո չեմ ճանաչել, չհասցրի, ու երբ հիմա հասուն մտքով վերլուծում եմ նրան առնչվող միջադեպերը, համոզվում եմ՝ հետաքրքիր անձավորություն է եղել, չափազանց յուրօրինակ պահվածքով, հնարամիտ, բնության սիրահար, բարի, ձեռնաշնորհ: «Տունը» վիպակում նրա մասին փոքր ինչ պատմել եմ: Եթե ընթերցելու լինեք, հիշեք Հովասին, կնոջը՝ Անուշ տատին: Նախատիպը Արամն է՝ Մալոների տոհմից:

ՀԱՐՑ - Քննադատի կարիք գրողն ունի՞:

ՊԱՏ. - Յուրաքանչյուրին է հետաքրքիր այլոց կարծիքն իր մասին: Մինչևիսկ շրջապատին կարևորություն չտալը յուրովի տուրք է շրջապատին, ինքնօրինակ երևալու ցանկանք՝ հանրությանը: Գրականության ոլորտում մարդիկ գիտեմ, ամեն կերպ ջանում են արժանանալ քննադատների ուշադրությանը. գիրք են մակագրում, խնդրում գրականագետներին կարծիք հայտնել, հանդես են կազմակրեպում՝ մտնելով ծախսի տակ, այլ լծակներ ի գործ դնում: Պիտի ենթադրել, նրանց միայն դրական կարծիք է պետք: Թե իրականում ինչպես են ընկալել գործը, անկարևոր է: Գուցե թե բոլո՞րն են հարյուր տոկոսով համոզված իրենց ստեղծագործության մեծարժեքության մեջ: Առաջին անգամ գրվածքիս մասին կարդացի «Գրական թերթ» -ում: Այդ տարի տպագրվել էի «Գարուն», «Սովետական գրող» ամսագրերում, «Գրական թերթ» -ում: Ընդամենը մեկ նախադասություն կար ինձ վերաբերող: Պատմվածքներից մեկը չէին ընթերցել, մյուս երկուսը դարձրել էին վիպակ: Քննադատը գտել էր, որ « «երկարաբանությունը, երկրորդական մանրամասներով հագեցվածությունը զգալիորեն խաթարում են «Երկարող ստվերներ» և «Խլրտուն հող» վիպակների գեղարվեստական կառույցը /18-ը ապրիլի, 1986 թ/: Առաջին զգացումը վիրավորանքն էր։ Ամեն բան սպասում էի, բայց ոչ նման վերաբերմունք: Թվում էր, նրանք ուշադիր հետևում են գրական կյանքի ընթացքին և փոքր ինչ կարժևորեն իմ մուտքը: Ընդամենը տասնվեց մեքենագիր էջ կազմող պատմվածքները երկարաշունչ վիպակ անվանելն առնվազն անտարբերության, եթե ոչ անգիտության վկայություն էր և կամ անտեղյակ ընթերցողին մոլորեցնելու, քանզի տպավորություն էր, թե խոսքը հարյուրավոր էջեր բռնող գրվածքի մասին է: Երկարաբանություն գուցե թե կար, բայց մանրամասները նրանցում, կարծում եմ, հիմնավորված լինելով, ավիշն էին և են՝ պատումների: Դրանով նրանք ինձ հուշում էին՝ գրական աշխարհը քո կարիքը չունի, ինչը գրողին ընկճելու, սպանելու միջոց է, չեմ ասում՝ միտումնավոր: Այդքան: Եթե «Գրքերի աշխարհի» փոքրածավալ գրախոսությունը չհաշվենք /հեղինակը գրքի խմբագիրն էր/, գրաքաննադատությունը համառորեն լռում է, մինչդեռ թացը չորից ջոկողը նրանք են: Արվեստագետը մշտապես գնահատվելու կարիք ունի, նրան պետք է նեցուկ, հովանի լինել՝ միաժամանակ ցուցելով թերությունը: Ավագ գրողի վերաբերմունքը ևս էական է: Ոչինչ այնքան չի ջլատում, ստեղծագործողին, որքան անտարբերությունը: Վերոգրյալ մեն մի նախադասությունը բավական էր, որպեսզի մի քանի ամիս ձեռքս գրիչ չառնեի: Որքան էլ ինձ սփոփում էի՝ վկայակոչելով Մարկեսին, ում գիրքը հրատարակչությունում ոչ միայն մերժել էին, այլև խորհուրդ տվել գրականությամբ չզբաղվել, դարձյալ նստվածքը մնում է, քանզի կասկածն արմատ էր գցել՝ գուցե ճիշտը նրա՞նք են, այդքանն էլ խնայելո՞վ են գրել, իսկ գրվածքներիս առաջ шлагбаум բարձրացնողնե՞րը՝ բոլո՞րն էին անգետ: Ինչ որ է: Իրողությունն այն է, որ գրականագետ-գրաքննադատների մի մասը թաքնվել է դասականների թիկունքում, մյուսները պնակալեզությամբ են տարված, երրորդներին հարկադրել են դառնալ անտարբեր, քանզի տևական մի շրջան թույլ չեն տվել մոտենալ մամուլին՝ մերժելով ազատ, համարձակ դատողությունը: Ժամանակին նկատել շնորհալիին՝ հանուն երկրի մտավոր ուժաճի - սա է իմ պահանջը բոլոր ոլորտներից: Թե չէ անպաշտպանին աքացի տալն ամենահեշտն է: Խնդիրը նաև ասելու ձևի մեջ է. վանող է, երբ ոմանք Աստծո դերն ստանձնած՝ անվերապահ, անբեկանելի դատողություններ են անում...

ՀԱՐՑ - Ազգից, հայրենիքից, հողից ու ծննդավայրից շատ չե՞ս խոսում: Գործերիդ մեծ մասում գյուղն է, մինչդեռ տարիներով չես այցում, խուսափում ես անգամ անունը նշել:

ՊԱՏ.- Ցավոտ տեղի կպար: Ճգնեմ բացատրել, թեև հարյուր պատճառ գտնել-բերելու դեպքում նույնիսկ մեղքս չի թեթևանա: Քաղաք գալը դավաճանություն է հողին: Պարզունակ մտածում չհամարեք: Խորությամբ ըմբռնում եմ քաղաքի դերը կյանքում: Մտքի կուտակումը նոր միտք է ծնում, նոր գաղափար, հոգևոր ուժերի աճ, գիտության թռիչք: Բայց այսպիսի՞ կուտակում: Սահմանին մերձ բնակեցնել մի բուռ ժողովրդի կեսին այն դեպքում, երբ քաղաքային կենցաղով ի զորու չես ապահովել, երբ չորս կողմդ թշնամական ուժեր են, որ վրա տալով խաղաղ նվաճում են հինավուրց շեներդ, մարգագետիններդ, արոտավայրերդ: Չշարունակեմ, քանզի սա մի քանի հրապարակախոսական հոդվածի նյութ է: Էլի կմնայի, կաշխատեի, բայց հավատացնում եմ, ուրիշները թույլ չտվեցին, չկամեցան: Չշարունակեցի մարտը, որովհետև ուժերն անհավասար էին, և պայքարն անիմաստ էր: Հասկացա, որ քաղաքում ևս կարող եմ օգտակար լինել, թերևս՝ ավելի: Անըմբռնելի չմնալու միտումով՝ մի փոքր բացվեմ: Գուքարքի շրջանում գործուղմամբ մեկ տարի աշխատելով՝ տեղափոխվեցի Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղի դպրոց: Աշխատում էի սիրով, սրտով: Ամուսնացել էի, ու կինս ևս շրջկենտրոնի դպրոցում էր աշխատում: Մենք դիմում էինք գրել Մաստարա փոխադրվելու, որովհետև այնտեղ ուսուցվող օտար լեզուն ֆրանսերենն էր: Չընդառաջեցին: Կինս՝ հղի, ամեն օր քսան կիլոմետրից ավելի ճամփա էր կտրում՝ Թալին-Բազմաբերդ: Իսկ ինձ սկսել էին ամեն կերպ խոչընդոտել՝ դպրոցի տնօրենը, ուսմասվարը, կրթության բաժինը: Կուսշրջկոմի առաջին քարտուղարն օգոստոսյան խորհրդակցության ժամանակ թափանցիկ խոսում էր Ն. Բազմաբերդի կրթօջախում տիրող մթնոլորտից, որ այնտեղ աշակերտները, իբր, հայերենի ուսուցչի ազդեցության տակ ընկել են հոռետեսության գիրկը՝ չնկատելով վարդագույն այսօրը, ռոմանտիկ հովերով են տարված, շարադրություններում թախիծ, անորոշություն, ինչ-ինչ հովեր են առկա: Բարձր դասարանցներից մի քանիսին պետանվտանգության աշխատակիցը հարցուփորձել էր իմ մասին, գյուղամիջում էին հոտոտել՝ ում հետ է նստում-ելնում, ովքեր են գնում-գալիս: Ժողկրթբաժնի տեսուչներից մեկը՝ համագյուղացի /Հրանտ Հովհաննիսյան/ մեկուսի մի պահի խորհուրդ տվեց, քանի դեռ ուշ չէ, հեռանալ, որովհետև, -ասաց, - ինչ-որ դավ է նյութվում: Գիտեին, որ մտերիմ եմ «Յոթնյակի» անդամ, պատիժը կրելուց հետո ծննդավայր վերադարձած Խաչիկ Սաֆարյանի հետ: Ու ես թողեցի մանկավարժությունը՝ չկամենալով մարտիրոսվել: Կարող էի էլի որոշ մնալ, բայց սթափ էի դատում, գիտեի ժամանակը, նորից շեշտեմ՝ ուժերի անհամապատասխանությունը: Չմոռանանք. լճացման տարիներ էին, դիմակավոր խաների ու մովրովների ժամանակն եր, միջակության ժամանակը, երբ ամեն շրջկոմի քարտուղար միապետ էր, ինքնիշխան, իսկ պետանվտանգության միայն անունը սոսկում էր հարուցում: Ստալինյան ժամանակները միայն գրքերից, այլոց նկարագրածից գիտեմ, սակայն համոզված եմ, վաթսունհինգից սկսած մինչև յոթանասունի կեսը նույն կեղտաջուրն էր՝ ընդամենը փոքր ինչ նստվածք տված:

Գյուղ Մաստարա գրեթե չեմ կամենում գնալ, մինչևիսկ ավտոբուսով անցնելիս աչքերս գոցում եմ: Նախկին Մաստարան չկա, ավերվել է: Չկան այն հուռթի արտերը, ուր արածող ուլը, -Վարուժանի բառերով, պիտի խեղդի: Ամայացել, խոտածածկից զրկվել են ալպյան հանդերը, աղբյուր չի մնացել: Եվ մարդն է փոխվել՝ դառնալով նյութապաշտ, անհոգի: Ցավում, տնքում է էությունս, ճմլվում սիրտս, հուսալքումը տիրում է, քանզի գիտեմ, կորուսյալն անդարձ է: Մի քանի գարշելիներ հազարներ են դիզում և քանդում, քանդում են շենը: Ցավն այն է, որ միայն ծննդավայրումս չէ այդպես: Էլ ու՞ր գնամ, ինչպե՞ս գնամ: Հեռվից հեշտ է, հեռվից քեզ խաբում ես՝ տրվելով հուշերին, տեսնում ծնկահար խոտ, ջրերի քչքչոց, թռչունների դայլայլ, թփի թիկունքից ակնապիշ նայող նապաստակ, հերկած դաշտից ելնող գոլ... Փրկել կլինի՞: Վախենամ՝ ոչ: Սխալ, սխալ ենք ապրում: Մինչդեռ տասը-տասնհինգ տարում հնարավոր է ետ բերել նախկինը, եթե բոլորը միանման գործեն, կեցության չափանիշ դառնա բնությանը պատճառած վնասի վերականգնումը: «Գարուն» -ին հոդված եմ տվել՝ «Չսխալվելու իրավունք»: Մանր եղջերավոր անասնապահության անհեռանկարայնության, շարունակվող ավերքի շուրջ է: Կյանքից հեռացած Պայքար եղբորս մտատանջող ցավը մնացել է ինձ, հոգու պարտքի պես բան է դարձել կռիվը շարունակելը: Դժվար ճակատագիր վիճակվեց նյութին: Դեռ ոչ ոքի չեմ ասում, որպեսզի աղմուկ չբարձրանա, վերստին արգելք չլինեն, խոստացել են 1988-ի անդրանիկ համարում տեղ տալ: Անդամահատել են, բայց կարևոր տեղերը, ըստ իս, պահել: Այն դեռ երկու տարի առաջ պետք է լույս աշխարհ գար «Գրական թերթում»: Խմբագիրը՝ Անժիկ Հակոբյան, յոթ ամիս տանել-բերելուց հետո հրաժարվեց տպել: «Սովետական Հայաստան» օրաթերթն ընդհանրապես մոտ չեկավ: Ստիպված վերջին փորձն արի՝ այցելով Վարդգես Պետրոսյանին /լինելով Գերագույն խորհրդի պատգամավոր, ընդունելության օր ուներ/։ Շատ սառը, չոր ընդունեց, կտրուկ մերժեց՝ ընդամենն ասելով՝ այժմ անհնար է: Հետո, երբ Գորբաչովյան հալոցքն սկսվեց, դիմեցի «Գարուն» -ին: Սա ինչու՞ պատմեցի - որպեսզի սխալ չհասկացվեմ: Ես շարունակում եմ հանուն հողվորի, ծննդավայրի մարտը՝ իմանալով ավարտը, չեմ դավաճանել հողին, թեև քաղաքում եմ բնակվում: Գրվածքներումս էլ, հո, սերն առ բուսական, կենդանական աշխարհ առկա ու առկա է:

Հիմա՝ թե ինչու Մաստարա տեղանունը չեմ գործածում: Պատճառն այնքա՜ն հասարակ է, որ շատաբանելու հարկ չկա: Կոնկրետությամբ հանդերձ, նկարագրածս Մաստարան չէ: Այդպիսի մարդիկ Հայաստանի բոլոր շեներում են ապրել, ապրում՝ թե հազար տարի առաջ ու թե այսօր, թե Արևմտյան Հայաստանում ու թե Արաքսից այս կողմ: Տեղայնացնելը, ըստ իս, մեկից կթուլացներ, կարժեզրկեր գաղափարը: Ընթերցողից հաճախ լսել եմ՝ կարծես մեր գյուղի մասին գրած լինես, իմ մասին, մեր տան, մանկությանս... Եվ սկսում են պատմել՝ մեզ մոտ մեկը կար, քո այս հերոսի պես...

Խոստովանեմ՝ Թալինի շրջանի ժողովուրդը, մաստարեցիք մի փոքր խրտնած են ինձնից, տարակուսած իմ պահվածքից: Բանն այն է, որ խուսափում եմ նրանցից, քանի որ մեծ մասի հայրենասիրությունը տեղային է, սահմանափակ՝ բնակավայրի շրջանակից չելնող: Գերադասի ու ստորադասի ըմբռնումն հայրենիքի հարցում աններելի է: Սխալ չմեկնեք խոսքս. ես վեր եմ մեծամտանքից: Հայրենիքն իր մեջ այնքան բան է պարփակում, խորքային է, որ մինչևիսկ մանրամասնելն ավելորդ է: Ես ինչպե՞ս ի սրտե զրուցեմ մեկի հետ, ժպտամ նրան, ով տարբերություն է դնում գաղթականի, հայրենադարձի ու տեղացու, արցախցու ու Գորիսում կեցողի, թիֆլիսահայի ու աշտարակցու, քաղաքաբնակի ու հողվորի միջև: Չէ՞ դա մենք ենք՝ հայրենիք, Հայաստան անվանյալ մեծատան զավակ, մի մարմնի տարբեր բջիջ, նույն ծառի սաղարթ: Որի՞ն ու ի՞նչ ասեմ: Երբ տարիներ առաջ երկու ամսով Մոսկվա վերապատրաստման էի գնացել, հրաժեշտի երեկույթին մի էստոնուհի ու մի մոլդավուհի հարցրին. «Արամ, դու իսկապե՞ս հայ ես»: Անկնկալի եկա: Խոստովանեցին, որ մերոնցից մեկն իմ հասցեին ասել է, թե, իբր, ազգությամբ քուրդ եմ:

-Եվ դուք հավատացի՞ք:

-Այո, որովհետև իրենց նման չես, -արդարացան:

-Ինչպե՞ս:

Իմ թախիծը, լրջությունը, ի՞նչու թաքցնեմ, բարեկրթությունը, նրանք դիտել էին հային ոչ բնորոշ գիծ, որակ: Թե ինչ ջանքեր գործադրեցի իմ վատ ռուսերենով, ինչպես կարողացա փոխել կարծիքները /եթե կարողացա/ հայերիս մասին, միայն ես գիտեմ: Մոլդավուհին, որ բավականաչափ տեղյակ էր մեր պատմությանը, ցանկություն ուներ լինել Հայաստանում, երբ գինին արել էր գործը, վերստին նույն հարցին դարձավ.

-Այնուամենայնիվ... Գուցե ճիշտը նրա՞նք են, դու հայ չե՞ս:

Վերջում ակնոցակիր աչքերը սևեռեց դեմքիս ու թե՝

-Իսկ չե՞ս խաղում: Գուցե դու էլ նրանց պես ես ու դիմա՞կ ես կրում:

Նկատի ուներ այն առևտրական-վերավաճառողներին, ում այդ երկու ամսում տեսել էր խանութներում, հերթերի մեջ, հողաթափերով Արբատում քայլելիս, փոստատանը՝ Երևանին սպասարկող հեռախոսախցիկի առաջ կռվել-աղմկելիս, տեսել էր ռեստորաններում լպիրշ պարելիս, լկստվելիս ամեն փողոցային աղջկա հետ, տեսել էր Վավիլով փողոցի մեր հյուրանոց-հանրակացարանում, որ մտավորական խավն էր ներկայացնում՝ հեռւստամեկնաբաններ, սցենարիստներ, օպերատորներ, ռեժիսորներ /որպիսի՜ հնչեղ մասնագիտություններ/: Ինչպե՜ս էին պահում իրենց, որքա՜ն լկտի, ինչու՞ էին մինչև գիշերվա երկուսն անիմաստ գինարբուքներ սարքում՝ խանգարելով այլոց, սարսափ ու ատելություն սփռելով շուրջը, վերջում կռվելով մեկմեկու հետ, ու դա այն դեպքում, երբ հիշյալ հասցեում էին կենում նաև կայսրության բոլոր ծայրերից եկած հեռուստաոլորտի աշխատողներ, վերին հարկերում արտասահմանցի ընտանիքավոր ժուռնալիստներ էին: Միով բանիվ, աշխարհ էին եկել ապրելու, ոչ թե մտածելու համար:

Ես մեր պատմությունն էի վկայակոչում, գիտության, արվեստի մշակների անուններ տալիս, փաստում, թե Մոսկվայում ու աշխարհի այլ անկյուններում ինչ շինություններ են հառնել շնորհիվ հայրենակիցներիս, բյուզանդացի քանի հայ կայսր է եղել ու դարձյալ բաներ, իսկ էստոնուհին, թե՝

-Դու ցեղակիցներիդ ես պաշտպանում, իսկ նրանք քեզ իրենցը չեն հաշվում:

Թե ինձ, թե նրանց շարունակեցի համոզել, որ ընդամենը կատակել են, բայց ո՞ր կատակի կեսը լուրջ չէ:

Էլի՞ մտաբերեմ. Յալթայում սեղանակիցներիցս մեկը Լվովից էր՝ ազգությամբ ռումին: Մի շաբաթ անցել էր, հետս չէր խոսում: Ի վերջո մտերմացանք, ընկերություն էինք անում և խոստովանեց, որ մինչ ինձ հետ ծանոթանալն ատել է հայերին: Նկարիչ էր, անունը՝ Պլատոն: Տա Աստված, հայտնի դառնա, իմ սույն տողերը հասնեն նրան, կհաստատի: Զգայուն անձնավորություն էր, բանիմաց, հրաշալի նկարչություն գիտեր, սակայն քամահրանքով էր արտահայտվում հայերի մասին և գիտե՞ք ինչու - Մինասի համար: Երկրպագելու աստիճան տարված էր Մինասով: Նրա պես նկարիչներ հարյուր տարին մեկ են ծնվում, -համոզված՝ համոզում էր: Պլատոնին կցկտուր լուրեր էին հասել, թե Մինասի արվեստանոցն այրել են հակառակորդները, վրաերթն էլ պատահաբար չի եղել: «Ինչպե՜ս կարելի է: Նա նկարչության մեջ Աստված է, իսկ ձերոնցից գտնվել են նախանձները, թեկուզ մեկը, ով կարողացել է լուցկի մոտեցնել կտավներին, բեռնատար է քշել մայթով լռիկ գնացող նկարչի վրա»: Շարունակե՞մ. ժխտում էի նրա բոլոր փաստարկները, համոզում, որ ճակատագրի խաղ է եղել ողջը, իսկ տականքներ բոլոր ժողովուրդներն ունեն: Եվ արդյունքի հասա: «Քո կոնկրետ օրինակը թե չլիներ, չէի հավատա», -ասաց: Հասցեներ փոխանակելով՝ բաժանվեցինք: Տարիներ են անցել, իսկ ներքին վախը շարունակում է մնալ, բա որ խոպանչի մեկը գնացքում, ինքնաթիռում հանդիպի՞, եթե Սևակի եղերական մահվան լուրը հասնի նրա՞ն…

ՀԱՐՑ - Դու ունես պատմվածքների շարք, որը մյուսներից խստիվ տարբերվում է:

ՊԱՏ. - Անսպասելի անցում էր: Նկատի ունես բնության, կենդանական աշխարհի մասին պատմողնե՞րը: Եթե կարողանամ լույս ընծայել, կլինի ամենասիրելի գիրքը: Գաղափարական առումով այն ավելի ձույլ է: Պատումներում շարունակում եմ արծարծել այն միտքը, որ աշխարհը սիրով է կանգուն, երկրագունդը, հայրենիքն ու կեցավայրն ընծա են, ու ոչ ոք իրավունք չունի այն կործանել: Հողագնդի վրա ամեն արարած տեղ ունի ապրելու, Արև աստծո շողերը հավասար ջերմացնում են թե մողեսին, թե մարդուն: Չաղճատենք, չստվերենք Օրը: Ծաղիկը, քարը, ծառը, ձուկն ու մեղուն, բոլորը, բոլորը նույնքան զգայուն են, գիտեն սիրել, տառապել, ցնծալ, ինչպես մարդը: Ո՞վ որոշեց, թե բանականը միմիայն երկոտանին է. նրանք էլ են որոշում կայացնում, հանրային կյանքով ու մեկուսի ապրում, լեզու ու փոխհարաբերվել գիտեն, հետո՞ ինչ, թե մենք հասու չենք: Աշխարհը, հո, միայն մեզնո՞վ չէ: Եթե մինչևիսկ բնույթով եսամոլ ենք, պահենք այն գոնե հանուն մեզ, հանուն մեր հաճույքի: Ինչի՞ է նման, դուրս ես գալիս դաշտ, բարձրանում լեռ, մտնում անտառ, իջնում կիրճ, ոչ մի ակնահաճո տեսարան, կենդանու խլշտորած աչք, օդում՝թևաբախում, ջրում՝ պոչահարված, փոխարենը փշրված ապակի է, փայլաթուղթ, էթիլենե տպրակ, ավտոդողից ծեծկված հող, խանդակ, խիպարի բլուր, հողմահար լանջ, յուղի կզղյակ ու դարձյալ բաներ: Հապա մարդկային հարաբերություններում... Մարդը ոչ մի գազանից, սողունից այնքան չի երկյուղում, որքան նմանից: Դրանով էլ, -ասում ես, -հետաքրքի՞ր է կյանքը: Ամենևին: Մշտական կասկած, անվստահություն, վախ, որոգայթ, բախում, զգուշավոր բառերի շարան, ազգերի, պետությունների միջև՝ նույնը, հավելած՝ արյուն, արյուն, բաներ, որոնք մշտական ուղեկիցն են մարդկության: Բայց եկել է մի սահման, երբ, թվում է, վախճանը մոտ է: Իմը բարին սերմելու փորձ, ճիգ է, ինչը, է՜, երբվանից է գալիս… Պարզապես հիմա զգուշացնելու հերթն իմն է, ժամանակի այս թարթոցում ապրողներիս հերթն է: Միջուկային վտանգից շատ են խոսում: Ես, ճիշտն ասած, երկյուղ չունեմ: Ինձ մտահոգողը բնությունն է: Բնության մեջ իշխողը հավասարակշռության օրենքն է, ոչ թե հավասարության, մինչդեռ շատերը /օրինակ՝սոցիալիստները / արդարության փոխարեն հարդարման կողմնակից են: Ամեն բան բնականոն ընթացքից շեղվել է, մոլորակի բնույթն է փոխվում: Աստված մի արասցե, կատարվի անխուսափելին: Տիեզերքն իր օրենքներով, ասենք, պատժեց մարդուն, նա արժանի է դրան, քանզի գոյության երկար ու ձիգ ճանապարհին այդպես էլ չուղղվեց: Հապա մյուս արարածնե՞րը, խոտ, ծառ ու ծաղի՞կ, նրանք ո՞ր մեղքի համար ոչնչանան: Եղե՞լ եք ամռանը այգում, լսե՞լ եք ինչպես են սոսափում ծառերը, ծիրանն ինչպես է կաթում, անդորրի մեջ քայլե՞լ եք եղյամապատ ամայի դաշտով, քամու սույլը հասե՞լ է ձեզ լեռնակատարին, տեսե՞լ եք ինչպես է հուշիկ թափվում ձյունը՝ ծածկելով արար աշխարհ, ձորում շնչե՞լ եք հողի, խոնավության, հիրիկի ու մամռի հոտը, անտառում դունչը ձեզ պարզած փախչող աղվես հանդիպե՞լ է, ջրում ձկների վտա՞ռ, երկնքում ամպերի ճերմա՞կ… Կյանքն է դա, մեր բնակատեղին՝ օրհնյալ, անձկալի, որ էլ չկա, երազներում է միայն և է՝ խաբկանք: «Տուր, ինձի Տեր, ուրախությունն անանձնական», - Մեծարենցն է ասում, իսկ ես նրան երկրորդում եմ՝

-Այլևս փորձության մի ենթարկիր մեզ և փրկիր Չարից, տես Տվայտանքը և հեռացրու Վախճանը: Եթե կաս, պարզիր ամենակարող ձեռքդ և շրջիր սխալ պտտվող անիվը: Մի թող մեզ միայնակ, քանզի փառակալել են մեր աչքերը և, վախենամ, այլևս անզոր են տեսնել Լույսը: Բայց... եթե սերմածդ որոմ է, ցորենի բերք մի ակնկալիր...

ՀԱՐՑ - Հավատում ես, որ քո ձայնը կլսե՞ն:

ՊԱՏ. - Ուրիշ ելք չունե՜մ: Ցավոք, զգալի մասի համար էականը ոչ թե ասվածն է, այլ հեղինակը. եթե, օրինակ` Բիսմարկն է, Բորխեսը, Բուկովսկին կամ Բեքետը, պարտադիր հանճարեղ է...

ՀԱՐՑ - Տեսնում եմ, տրամադրությունդ ընկավ: Եթե այդչափ դժվար է բանական էակ լինելը, վերստին ի՞նչ տեսքով կկամենայիր աշխարհ գալ:

ՊԱՏ. - Խորքով մարդը միայն իրեն գիտի, իր խոհերին է հասու, դրա համար է իր մասին այդքան մեծ կարծիքի: Գուցե դա էլ կործանման պատճա՞ռ է: Կրկնեմ՝ հարց է, ո՞վ է առավել ճիշտ ապրում, մեղու՞ն, մրջյու՞նը, թե՞ մարդը, թեև ինձ համար միանշանակ է՝ առաջինները: «Վայելք» պատմվածքը գրելիս բացել եմ խնձորենու կեղևը, մտել մաշկի տակ և, հավատացեք, դարձել ծառ: Զգում էի, թե ինչպես են վրայովս իծաշարուկ բարձրանում մրջյունները, ինչպես են պտկել ընձյուղներս, ծաղկաբողբոջն ինչպես բացվեց, ես հասու էի նրա հույզերին, պատասխանատու էի նրա համար և մեծ, ծնողական բերկրանք ապրեցի, երբ մեղուն վերջալույսի շողերի հետ նստեց վերջնեկիս թերթերուքներին: «Մռունչ» պատմվածքում արջ էի՝ Կարմիր քարի մոտերքում կենող և Գեայի համար պատրաստ էի ըմպել ծովի ողջ աղաջուրը: Նույն կերպ «Դիպուկ կրակոց» -ում դարձա Կախականջ անունով նապաստակ, սոսկումով թաքնվեցի մասրենու թփում, երբ գամփռը վրա եկավ, ձյունը ճեղքելով Դևնոց հասա, հոտոտեցի մատուռի հալված մոմը, ահուդողով կտրեցի խոտնոց տանող ճամփան և իսկապես մեռա, երբ կրակոցից հետո մարմինս օդ թռչելով՝ անշարժացավ ձյուներում: Միայն ես գիտեմ, թե ինչ ապրեցի ջրափոսում, երբ արթնանալով տեսա Ճերմակփորիկը գնացել է՝ ինձ Տերտերի ձորում թողնելով մենակ: Կուրացա լույսից, երբ մարդը լապտերի լուսաշիթն ուղղեց վրաս, իսկ առավոտյան քարծեծ լինելով սատկեցի՝ հայացքս Նախավկա մատուռի խաչին: Ճստլոյին հիշու՞մ եք. այդ ես էի խողովակն ի վեր սուրալով հասնում հինգերորդ հարկ, ես կրծելով շրիշակը՝ մտա բնակարան: Ի՜նչ հաճույք էր դաշնամուրի մեջ քնելը, մեղեդին, որ նինջ էր բերում, ինչպե՜ս փոխվեց կյանքը դաշնակահարի ամուսնանալով: Աստված իմ, ինչու՞ լոգատաշտ մտա: Օհ, դարձյալ խեղդվում եմ, ջուրը կոկորդիս է հասել, մարմինս ընկմվում է: Որբուկներս, ձագուկներս ու՞ր մնացին…

Ինչ կերպարանքով էլ վերստին աշխարհ գամ, կջանամ ուրիշին ցավ չպատճառել, կճգնեմ օգտակար լինել շրջապատիս, սխալ արարքներով չաղճատել բնության դաշնությունը:

ՀԱՐՑ - Մտադի՞ր ես այդակարգ պատմություններ էլի գրել:

ՊԱՏ. - Եթե կարողանամ: Եղբորս հետ գալիս էինք ամռանոցից: Գիշեր էր, դաշտամիջյան ճանապարհ: Քամին կեռել էր ճամփամերձ ծառերի սաղարթը: Ավտոյի դեմով անսպասելի բան անցավ: Կանգնեցինք, իջա: Տեսնեմ ոզնի է՝ մեծ, փառահեղ բան: Լաթի կտորով բռնած բերի խցիկ: Դրել գոգս, նայում եմ: Հանեց դնչիկը՝ սուրուլիկ, աչքերը՝ բզով ծակած:

-Տար, թող երեխաները տեսնեն, -եղբայրս ասաց:

Առպահ գայթակղվեցի, բայց արագ ուշքի եկա:

-Չէ…

Վերստին թողեցի խոտերի մեջ, գնաց: Ճամփին թե ես, թե եղբայրս թողություն ստացածի պես էինք, գիշերը բարությամբ էր ողողուն, և ակունքը մեր սրտերն էին: Եթե ստացվի, կգրեմ: Կարճառոտ պատումը այսպես կլինի՝ տանում եմ տուն, ուրախություն պատճառում երեխաներիս, իսկ այնտեղ՝ դաշտում քամու սույլն ականջներում՝ մոր որջդարձին են սպասում կակղափուշ ձագուկները: Ի՞նչ է վիճակվելու նրանց: Նույնը չէ՞, եթե, ընդունենք, ես վթարի ենթարկվեմ, իսկ իմ փոքրիկների աչքը մնա ճամփին: Ահա այդպես, դիտմամբ սրում, ողբերգական երանգ եմ հաղորդում դիպվածին, որպեսզի ընթերցողը ցնցվի, իր արարքը դիտի այլ դիտակով: Մարկեսի օգնությանը դիմեմ՝ կարևորն այն չէ, թե ինչ ես ապրում, այլ, թե ինչպես ես այն հիշում և պատմում:

ՀԱՐԶ - Տանը թռչուններ ես պահում: Ինչու՞:

ՊԱՏ. - Խոստովանեցի՝ փոքր տարիքում թռչնաբույն շատ եմ քանդել: Խիղճս եթե ասեմ տանջում է, ոչ, բայց հիմա նման բան չեմ անի: Երբե՛ք: Եվ այլոց թույլ չեմ տա: Չի կարելի: Պարզապես այդ չի կարելին պետք է լավ ասել, ազդու՝ հասցնելով երեխային: Նա պետք է գիտակցի, որ միտումով ներբանը մրջնաբնին դնել, բզեզին կոխոտել, նշանակում է մի էակով, հարյուրով աղքատացնել բնությունը: Խանդութ դուստրս ծաղիկ չի պոկում, ծայրահեղ զգայուն է: Նկատել եմ, նույնիսկ ոտքն այնպես է դնում, որ խոտը չտրորի: Դա արդեն չափազանց է, սակայն պատկերացրեք բոլորն այդ կերպ վարվեն, որքա՜ն լավ կլինի. չարը կօտարվի մեզնից, կքշվի անկյուն: Տանու թռչուն պահելը կարոտին փոքր ինչ գոհացում տալ է, երևութական բնության ստեղծում: Մարդ կա, կտրուկ դեմ է դրան՝ համոզված, որ բարբարոսություն է կենդանուն վանդակելը: Թերևս, նրանք ճիշտ են, բայց իմ ունեցածները տաք, արևադարձային գոտու թևավորներ են և ազատ արձակելու դեպքում անխուսափելիորեն ձմռանը կոչնչանան, ապա՝ նրանց լավ եմ պահում. ժամանակի կերակրում եմ, ամեն օր մաքրում վանդակները, փոխում ջուրը, պարբերաբար բաց թողնում պատշգամբ: Մեզ ընտելացել, ընդունում են: Թռչելուց, թևերը բացելուց հետո /մանավանդ ավստրալական թութակները/ վերադառնում են բույն: Նրանք պատշգամբում սերունդ են տալիս, ու ես սիրով բոլորը բաժանում եմ՝ մերձավորներիս, գործընկերներիս, ով ցանկանում է: Կենդանի պահողները, նկատել եմ, սրտացավ են, նրանցից չար արարք դժվար է ակնկալել: Խոստովանեմ նաև՝ շատ եմ կապվել: Գործից հետո շտապում եմ տուն՝ գիտենալով, որ կա մի անկյուն, որտեղ կարելի է խաղաղվել, թոթափել ներքին լարումը: Կարող եմ ժամերով պառկել /այնտեղ բազմոց ունեմ/ և հետևել նրանց վարքին: Այնքա՜ն նման եմ մարդկանց: Նրանց կռիվները, սիրելու կերպը, նախանձը, անհանգստությունը, սերունդ թողնելու բնազդը… Երազանքս պարտեզով տուն ունենալն է, որ չիրականացավ: Կապրեի կենդանիների ընկերակցությամբ, սիրուն այգի կհիմնեի, ծաղկանոց: Երբ գյուղում ուսուցիչ էի, աշակերտներիցս մեկը ճագար նվիրեց: Դարձել էր իմ ընկերը: Հեռուստացույց, ռադիո չկար, ու մենությունը լցնում էի նրանով: Մի սերունդ տվեց՝ յոթ ձագ: Ամսական էին. բերում էի սենյակ, հանում անկողնուս: Խաղում էին, վազվզում, ելնում ուսիս, մտնում վերմակի տակ: Երկրորդ սերունդն այդպես էլ լույս աշխարհ չեկավ: Վերջին օրերն էին, երբ անսպասելիորեն հիվանդացավ: Տեսնելու բան էր, թե ինչպես էի խառվել իրար: Գնացի գյուղական բժշկի ետքից: Խոստացավ գալ: Մինչ տուն կհասնեի, սատկել էր: Աշակերտներիս հետ դպրոցամերձ այգում /կից շենքում էի կենում/ թաղեցինք: Հետո, երբ Երևանում «Դիպուկ կրակոցը» գրելիս նապաստակների, ճագարների մասին գրքեր էի թերթում, կարդացի. նրանց թաց խոտով չի կարելի կերակրել: Իսկ այն անձրևոտ օրը թարմ առվույտ էի քաղել:

ՀԱՐՑ - Արարքներիցդ ամենավատը, որի համար մինչ օրս կարմրում ես:

ՊԱՏ. - էլի երեխա ժամանակ եմ թույլ տվել: Տղաներով Նախավկա մատուռին անուններս փորագրեցինք: Ամոթ, շա՜տ ամոթ: Սրբատաշ պատերին ազատ տեղ չկար, մեզնից առաջ մեծերն ապականել էին: Ի վերջո արևելյան պատի ձախ անկյունում տեղ ճարվեց: Քանի՜ տարի Նախավկա մատուռ չեմ ելել զուտ այդ պատճառով: Վերջերս լսեցի մեր բարեկամներից մեկը /գյուղում ապրող/ բրոնզով անունս թարմացրել է. պատիվ է արել: Նշանակում է, ժամանակները դեպի լավը չեն փոխվել, վերաբերմունքը հանդեպ անցյալը, մշակույթը, սրբատեղին մնացել է նույնը: Հարց՝ ինչու՞ հազար-երկու հազար տարի մարդիկ նման արարք թույլ չէին տալիս, իսկ հիմա… Անգամ նվաճողի, պարսիկի, թաթարի, թուրքի ձեռքը ոչ միշտ է գնացել, իսկ մենք… Ես այդ մասին «Տունը» վիպակում նույն տրամադրությամբ փոքր ինչ գրել եմ: Ամո՛թ, դարձյա՛լ ամոթ, հազար ամոթ…

ՀԱՐՑ - Զրուցելիս մարդկանց երեսին գրեթե չես նայում: Դա ի՞նչ է. սովորությու՞ն, ամաչու՞մ ես, թե՞ մեղքերդ են բազում:

ՊԱՏ. - Բոլորը մեկտեղ, հավելած՝ այլոց մեղքերը: Իմ ապրած միջավայրը խիստ է եղել: Խորթ մոր ձեռքի տակ եմ մեծացել: Մորս մահից հետո Ամենակարողը մեզնից կարծես երես թեքեց: Կով այդպես էլ նորից չունեցանք, հայրս ամիսներով հիվանդանոցից դուրս չէր գալիս: Կիսաքաղց օրեր, ասվածին գումարեք վատառողջությունս. քանիցս գնացել եմ այն աշխարհը, եկել /այլոց պատմելով/: Մորից տարբեր եղբայր՝ տարիքով մոտ: Ամեն պահ զգում էի վերբերմունքի տարբերությունը, մայրական սիրուց փշրանքներ էին բաժին հասնում, ինչը հիմա բնական եմ համարում, բայց երբ ուղեղդ կակուղ է, տրամաբանություն չի ընդունում: Անլիարժեքության բարդույթն այդ տարիներին արմատ երկարեց: Դպրոց գնալով վիճակը չփոխվեց: Վատ էի հագնվում: Հընթացս հիշեմ՝ առաջին բաճկոնը գնել եմ տասնմեկերորդ դասարանում՝ ամառն աշխատածս փողով, անդրանիկ վերարկուն հագել առաջին կուրսում /եղբայրս նորն էր գնել, հինն ինձ հասավ/: Դպրոցի ճամփին, աղբյուրից ջուր բերելիս, սառնամանիքին սառույցին սղալիս /չմուշկ որտեղի՞ց, առնողն ո՞վ էր/, մրսում էի, օրերով ընկնում անկողին: Այդ շրջանում են ականջներս բորբոքվել, պատռվել թմբկաթաղանթներս: Անմոռաց են պայթող ցավերը, լքված գիշերները: Ոչ ոքի ոչինչ չէի ասում՝ ատամներս սեղմած կուլ տալով ցավը, արցունքը, բարձի միջից հանած կեղտոտ բամբակով մաքրում էի անցքը խցանած ժահրը, որպեսզի գոնե ի վիճակի լինեմ լսել: Ժամանակին հիմնավոր չբուժվեցի, ու մինչ օրս, եթե լողալիս, լողանալիս զգույշ չլինեմ, ջուր կլցվի ականջս, և մղձավանջը կկրկնվի: Դևնոցում, Չռիկում, Հողլճում, հասուն տարիքում տարանուն լողափերում որքա՜ն է պատահել: Այդպես մեծանում էի: Չորրորդ դասարանից սկսած ամառներն աշխատել եմ, մասնակցել խոտքաղին, բարձր դասարաններում բեռնատարով հասել Դալարիկի այգեգործական տնտեսություն: Անապատ, ջուր չկար, օտար մարդիկ… Թաշկինակը փռում էի ճահճակալած պղտոր ջրի երեսը, ծծում, քայլ այն կողմ գորտը չլմփոցով գցվում էր առուն, գլխավերևումս մոծակի պարսը խնջույքի նստում: Տոպրակումս սովորաբար հացից բացի այլ ուտելիք չէր լինում: Խուսափում էի բանվորների հետ կեսօրին սեղան նստել, որպեսզի չիմանան ինչն ինչոց է: «Ցավի ակունք», «Խակ պտուղ», էլի մի քանիսն այդ ապրումների ծնունդ են: Բարձրագույնում ուսանելու, հանրակացարանային տարիները նույնքան հոգսաշատ էին: Չկարծեք հեշտ է ամեն մեծուփոքր արձակուրդից վերադառնալ հանրակացարան դատարկաձեռն, երբ ընկերներդ պաշարով ծանրաբեռ են դուռը թակում: «Երկփեղկ դուռը» մասամբ չպատմածիս գեղարվեստական վկայություն է: Ես կցկտուր պատմեցի, իսկ դրանք անքանակ էին: Էլ ինչպե՞ս մարդամոտ լինեի, կարողանայի ժպտուն նայել զրուցակիցներիս դեմքին, ինչպե՞ս չմեկուսանայի և կամ՝ վստահեի: Դրանով հանդերձ, հպարտ էի, շատ հպարտ, մի ազնիվ արյուն թույլ չէր տալիս տկար, թույլ լինել: Եվ հաղթեցի, հաղթահարեցի:

Զրուցակցի աչքերին չնայելու մյուս պատճառը, ինչպես ասացի, այլոց մեղքերն են: Մարդկանց մեծ մասը կարողանում է աչքերը գամելով ստել, կարող է հայացքը բևեռել վրադ՝ լինելով լկտի, լպիրշ, անկիրթ, գռեհիկ, մեկի ներկայությամբ հաճոյախոսել, ոտքը չփոխած՝ հայհոյել, բամբասել… Ես նմանների փոխարեն եմ ամաչում: Գործի բերումով շատ եմ տեսել՝ ստորանում են, շողոքորթում, իրենց ուժեղ զգալու դեպքում՝ բրտորեն ստորացնում, անգետ լինելով՝ դասեր տալիս, տգեղ լինելով՝ երևակայում: Խոսել, քայլել, ուտել չգիտեն, բայց աշխարհն ասես իրենցը լինի: Կարծես հայ չեն, ազգի անսփոփ վիշտն իրենց արյան մեջ նստած չէ, ասես այս բռնատիրությունից չեն, ուր միտքը մորթվել, մորթվում է, այս հողագնդից չեն, որ կործանում է գլորվում: «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով…»: Իսահակյան Ավետիքն է մարգարեացել:

ՀԱՐՑ - Դժվար է հավատալ, թե կողքիդ լավ մարդիկ չեն եղել. այդքան էլ դժնի, անհոգի չէ աշխարհը:

ՊԱՏ. - Ինչու՞: Լավ մարդիկ ամեն քայլափոխի են: Եվ ապա՝ ամեն վատի մեջ լավն առկա է: Նույն արարքը մեկին չարիք է պատճառում, մյուսի համար մեծագույն բարիք է: Խնդիրը շատ ավելի խորն է: Ես երևույթին մի կողմից նայեցի, բայց առարկան կողմեր ունի, միջուկ, էլի հատկություններ, որին անհաղորդ ենք: Ընտանիքի գլուխը երջանիկ է ուրիշի գրկում, բայց խնդրին նայիր նրա կողակցի, զավակի աչքերով, եղջյուրավոր ամուսնու աչքերով, և կհառնի ողբերգությունը: Կարծեմ, հասկացանք իրար: Տպավորություն չստեղծվի, թե թշնամաբար եմ տրամադրված աշխարհի հանդեպ, ոչ մեկին մոտ չեմ թողնում, հոգիս չեմ բացում: Եվ ոչ էլ երկչոտ եմ։ Զգուշավոր՝ գուցե, քանզի մարդու մեջ նստած գազանին տեսնում եմ, ում չպետք է արթնացնել, ջանում եմ տարածություն թողնել իմ ու նրա միջև, շնորհիվ որի երկուստեք շահում ենք, փորձում եմ բանը վեճի, կռվի չհասցնել, թեև երբեմն նյարդերս պրկվում են ու բռնկվում եմ՝ բոլորովին անպատեհ, ի զարմանս շրջապատի: Ընկերներ, ում հետ մինչև վերջ բացվեմ, չունեմ: Մտերիմներ եղել են, կան, ընկեր՝ չէ, քանզի ընկերությունը մի սահման ունի, որն անցնելու դեպքում խաղն ավարտվում է, ըմբռնվում մեկզմեկու օտար լինելը: Եղբայրների շատությունը ընկերներ ունենալուն ևս մասամբ խանգարել է: Իրար երես լպստող հարևանների, հարազատների, գործի մարդկանց գիտեմ, ովքեր չնչին բանից թշնամացել են՝ ահավոր, ասես հազար անգամ բարի լույս չեն առել, պատառ չեն կիսել, կենաց չի հնչել: Երախտապարտ եմ շատերին: Ոսկան քեռուն, օրինակ՝ Մարգահովիտ գյուղից, ով տանը մի տարի տեղ տվեց, Վահանին, որ Երևանում է մնում, Զանգվի ձորում ժայռերի մեջ սենյակներ է բացել, պատերին քանդակել, այգի հիմնել խաղողի… Էլի՞: «Եթեր» սրճարանում Սրապ անունով մեկը կար՝ բեռնակիր, պարզ մարդ էր: Ժամանակ մեռցնելու համար նստում, հետը զրուցում էի: Զավակ չուներ, բայց պինդ էր պահում իրեն: Կնոջ մահից հետո չապրեց. չուզեց ապրել: Հանգիստ իրեն: Ով մի պատառ հաց է տվել, գիշերելու տեղ, ով դժվար ժամերիս ժպտացել է, հիվանդ ժամանակ այցել ինձ, գրկանոց հասակում փոխել տակաշորս, գդալը մոտեցրել բերանիս, սնարիս մոտ գիշեր լուսացրել, հավատացեք, հիշում, շնորհակալ եմ, ու եթե հիմա անուններ չեմ տալիս, չի նշանակում երախտամոռ եմ, եղբայրներ իմ, հարազատներ, կուրսեցիք ու համերկրացիք, գործընկերներ ու հարևաններ, մարդիկ՝ ծանոթ, անծանոթ… Կփորձեմ վերադառնալ այս նախադասությանը: Եթե սենտիմենտալ հնչեց ականջիս, կջնջեմ, չջնջելու դեպքում՝ Աստված ու ձեր խիղճը - չփնովեք:

ՀԱՐՑ - Սպասելիք ունե՞ս զավակներիցդ: Ի՞նչ կկամենայիր, նրանք դառնային:

ՊԱՏ. - Սկզբում մեծ դստերս համար շատ էի անհանգստանում, կարծում էի չի կարողանա այս արևի տակ իր համար տեղ ապահովել: Հիմա տեսնում եմ՝ չէ, գործնական է, չի խեղճանում, իր արժեքը գիտի և չարանալ, խռով պահել կարող է: Խանդութն զգայուն է: Նրա համար մեծ վախ ունեմ. տառապանքս, որքան էլ չկամենամ, նրան է անցել, նա պիտի կրի Ցավը: Ինչ դառնալու մասին հոգ չեմ տանում, թող մարդ մեծանա: Գրող, համոզված եմ, դուրս կգա, եթե կամք դրսևորի, նվիրվի, այդ ուղղությամբ լարի ուղեղը: Առայժմ թույլ է գրում, ինչն անկարևոր է: Էականը խառնվածքն է, կյանքին նայելու կերպը: Մինչև չորրորդ դասարան ես էլ նախադասություն կազմել չգիտեի, դասերը սովորում էի ասես ջերմի մեջ՝ ոչինչ չհասկանալով, չպատկերացնելով: Տարբեր անձնանց հասունացումը տարբեր տարիքում է կայանում: Իզուր չէին սպարտացիները մինչև երեսունը տղամարդկանց արգելում ամուսնանալ՝ համոզված, թե պատրաստ չէ ընտանիք կազմել, թերխաշություն էին տեսնում: Եվ ճիշտ էին:

Այսօր առավոտյան Խանդութին հարցրի.

-Արե՞լ ես արարք, որի համար քեզ չես ներում:

-Կրիան, -պատասխանեց, և աչքերը լցվեցին:

Սուրենը՝ զարմանալի անչար, բարի մարդ, ում անունը հարկ էր վերևում հիշեի, կրիա էր նվիրել գործատեղի աղջիկներից մեկին: Չէին կարողացել պահել: Բերել էր հետը, իսկ Սուրենը չկար: Ստիպված տուն տարա: Մի շաբաթ պահեցինք, հետո, երբ նա հրաժարվեց ետ վերցնել, տարանք մեր կողքի անտառակը. որոշել էինք թողնել բնության մեջ: Մեկ էլ հաչոց լսվեց: Քսանի չափ անտերունչ, կիսավայրի շուն հեռվում գզվռտում էին, ոռնում, մեկմեկու հետապնդում: Եթե թողնեինք, հաստատ նրանց բաժին կդառնար: Երեքնուկով էինք կերակրում, հանում զբոսանքի: Ամեն բան լավ էր, հետո աշնան կողմերը խեղճացավ. չէր ուտում, շարժվում: Կարծում էի, պատրաստվում է ձմեռել: Մի օր էլ կինս զանգեց, թե՝ կրիայի տակ արյուն կա: Գործը թողած՝ վազեցի տուն: Մարգանցովկայի թույլ լուծույթով լողացրի, կաթեցրի բերանը: Սուրենին հարցրի, չկարողացավ պատճառն ասել: Երկու օր անց նույնը կրկնվեց: Վերջը, կնոջս խնդրեցի տանել կենդանաբանական այգի: Տնօրենը տեսնելուց հետո ասել էր՝ գցել են, խեցին ճաք ունի: Անմիջապես մտաբերեցի ոտքի քերծվածքը, որ մեկ ամիս առաջ էր եղել: Խանդութն այն ժամանակ առանց ինձնից թույլտվություն առնելու կրիային տվել էր հարևանի հասակակից աղջկան, որպեսզի խաղա: Նրանք էլ հանել էին դուրս, ինչպես հետո պարզվեց, նստել վրան, չարչարել, ապա մեկն անզգուշորեն գցել էր սանդուղքին: Ճաքը չէր երևում, բայց ներսից սև գործն արել էր: Տնօրենը, ում մասին այդ օրերին հեռուստատեսային ակնարկ էի պատրաստել, կնոջս խոստացել էր ձագեր ծնվելու դեպքում նորը տալ, ինչից, իհարկե, հրաժարվեցի. մեկն էլ հերիք էր: Պատմությունը երկար ստացվեց: Ցանկացա դստերս խառնվածքը մեկնել, ապա խոստովանել՝ մեղք բան է տանը կենդանի պահելը, մի օր մի տեղ ձախողում ես, անգամ բնական կորստի դեպքում մոռանալ չի լինում, ինչպես հարազատին:

ՀԱՐՑ - Տարվա ո՞ր եղանակն ես սիրում:

ՊԱՏ. - Ձմեռը: Ձյունը մաղում է, ծածկում ամեն աղտեղություն, մարդկային անհոգի ավերքի հետքերը, սար ու քար, և շրջակայքը գրեթե նախաստեղծ տեսքն է ստանում՝ ստեղծելով խաբուսիկ տպավորություն, թե գարնանն ամեն բան նորոգ կլինի, անթերի, հազար տեղից աղբյուր կբխի, կանաչ կլինի ամենուր, տնկին չի չորանա, փոշին չի պարուրի քաղաքը, քամին թղթերը շաղ չի տա փողոցում, աղբատնակից չի թռցնի տոպրակները: Ձյունառատ ձմռանը, թերևս, նաև տևական անձրևի ժամանակ զգում եմ բնության ամենակարող ուժը, համոզվում, որ նա է տիրակալը հողագնդի և առավել հզոր է մարդուց: Երանի միշտ այդպես լինի, քանզի մարդը սխալական է, որոշման հանգելիս՝ համառ, անգիտության պատճառով՝ աներեր: Ձյունը նաև երաշխիք է լավ բերքի, տարվա ջրառատության, փարթամ կանաչի:

ՀԱՐՑ - Ծաղիկների նկատմամբ վերաբերմունքդ ինչպիսի՞ն է:

ՊԱՏ. - Նվիրելու՞ - վատ: Խուսափում եմ: Ձեռքս ծաղկեփունջ բռնած երեք-չորս անգամ չկամ: Ձևը շատ է. այդ ժպիտների, փնջերի տակ սքող նպատակ եմ տեսել: Ծաղիկները լավ են բնության մեջ: Ուշադրություն դարձրե՞լ եք ծաղկած դեղձենուն: Ավանը կենտրոնին կապող ձորում ամեն մայիսի լերկ լանջերին կակաչներ են առատորեն բացվում: Ինչպիսի՜ շքեղ տեսարան: Նույն այդ կակաչը ցողունը կտրած՝ մեկ ժամվա կյանք չունի, էլ ու՞ր քաղես, ինչու՞ բնությունը զրկես զարդից: Դպրոցականները Հանքավանից, Աղվերանից խրձերով ծաղիկներ են բերում: Կեսը ճամփին թափում են, որովհետև նախ՝ շատ են փնջած լինում և ապա՝ սկսում է թարշամել: Դա ի՞նչ սեր է: Եթե ամեն դաշտ մտնող մի խուրձ քաղի, պարզ չէ՞, բնություն չի մնա: Ոչ ծնողն է արգելում, ոչ զբոսանքի տարած ուսուցչուհին, կողմնակի անձի դիտողությունից էլ կնեղսրտեն. երեխաներին չէ՞ որ ամեն բան թույլատրելի է:

Տանը ծաղիկներ ենք աճեցնում: Պատշգամբն ամբողջ ծաղկանոց է: Կինս մանուշակի սիրահար է՝ տասնյակ տեսակներ ունի: Բակում հարևաններից մեկ-երկուսի հետ հարյուրի չափ ծառ եմ տնկել: Առաջին երկու տարին ոռոգման ջուր չկար: Դույլով վերևից իջեցնում էի, մեկիկ-մեկիկ ջրում: Հիմա ահագին հասակ են նետել, ստվերում են բակը, հողազուրկ թմբերին խոտ է հայտնվել, երեքնուկը ծաղկում է, մասրենի կա: Եթե մյուսների պես սպասեինք գործադիր իշխանությանը, այսօր էլ աղբանոց կլիներ: Ուզում եմ ասել՝ մեխակ չնվիրելը չի նշանակում, թե անհաղորդ եմ գեղեցկությանը: Տեսել եմ Լուսինե Զաքարյանին համերգից հետո ծաղկեփունջը կրծքին սեղմած: «Հայհամերգի» մեծ դահլիճում էր: Կանգնել էր երջանիկ: Հեռադիտակով հետևում էի. աչքերը ճողփում էին արցունքից, և այնպիսի՜ դաշնություն կար երգի, ծաղկի, ժպիտի, տիրող տրամադրության: Ա՛յ, հանուն նման երանելի, երջանիկ պահերի արժե ծաղիկ պոկել, գնել, նվիրել:

ՀԱՐՑ - Երջանկություն բառը գործածեցիր: Հավատու՞մ ես վերջինիս գոյությանը:

ՊԱՏ. - Տևական երջանկությանը՝ ոչ: Երջանիկ պահեր բոլորն են ապրում, նմանապես՝ ցավի: Ափսոս երանելին վաղանցիկ է, կարճատև: Մեր կյանքն ի՞նչ է - կեսը՝ քուն, մնացածը՝ հացի ետքից վազք, վեճ, մարմնի տկարություն, հոգու տվայտանք... Երջանիկ պահերն այնքան սակավ են, որ հետո թվում է՝ բոլորովին չեն եղել: Մարդը բնույթով այնպիսին է, որ չի գոհանում ունեցածով. շարունակ նպատակներ, երազանքներ, հասնելու դեպքում՝ աճապարանք նորի ետքից՝ չգնահատելով, հավուր պատշաճի չարժևորելով ունեցածը: Հետևանքը՝ մշտավազք, նյարդային անբավարարավածություն: Ասենք՝ սիրահարված ես: Քանի դեռ չեք բացատրվել, զգացմունքների փոխադարձություն չկա, երջանիկ կլինեիր, եթե թույլ տար ձեռքը բռնել, եթե ժպիտը միմիայն քեզ հասցեագրեր: Հետո՞: Տիրելով՝ վերաբերմունքդ փոխվում է, խոհերդ այլ են դառնում: Զավակ չունեցողի համար երջանկություն է երեխա ունենալը, ունեցողը նեղսիրտ պահի նախանձում է ամուրիներին: Ճաղատը մազ ունեցողին է մատնացույց անում, ընչազուրկը՝ հարուստին, ունևորի համար չքավորի ազատությունն ամեն ինչ է: Չշարունակեմ. բոլորը գիտեն, ապրել են: Հարկ է գնահատել ունեցածը, գոհանալ առկայով, շնորհակալ լինել տրվածի համար, քանզի դա էլ կարող էր չլինել, դա ևս կարող ես վայրկենաբար կորցնել: Տունուտեղ ունես, աշխատանք, շրջապատված ես բարեկամներով, զավակներդ առողջ են, ինչու՞ ես նեղսրտում, -երբեմն նախատում եմ նեղսրտած կնոջս: Ինձ է մեղադրում՝ միշտ քչով ես բավարարվել, որ այդ հալին ենք: Իսկ այն օրը կինոյի տանը գոյապահպանական միջոցառման էինք մասնակցում: Բժիշկներից մեկը սլայդներ էր բերել: Սահմռկեցուցիչ պատկերներ էին՝ արատավոր ծնունդներ - մեկի գլուխն էր մեծ, մյուսը երեք ձեռք ուներ, երրորդը՝ պոչ, չորրորդը՝ յոթ մատ, հինգերորդը ոչ կին էր, ոչ տղամարդ: Կինս խավարում բռնել ձեռքս, սեղմում էր: Ընդհատ շնչառությունը հասնում էր լսելիքիս: Երբ լույսերը վառվեցին, ականջիս շշնջաց՝ մենք բախտավոր ենք: Այդքան՝ մի վերապահումով. արդյունքով չգոհանալը մի դրական կողմ ևս ունի՝ խթան է առաջընթացի, տևական հաջողությունը, երջանկության, բավարավածության զգացումը՝ նեղմտելու վտանգ: Մի բան էլ՝ ներդաշնակություն մտածումի ու արարքի – խաղաղություն բերող պայման է։

ՀԱՐՑ -Աշխարհում բոլորից շատ ի՞նչ ես սիրում:

-ՊԱՏ. - Հարցի պատասխանը քանիցս անուղղակի խոստովանել եմ՝ երեխաներ և անաղարտ բնություն: Փոքրիկների շրջապատում ինձ ազատ եմ զգում, կարող եմ բացվել, երեխայի պես պահել, տարիքային տարբերությունը վերանում է, վստահել են սկսում, գաղտնիքներին հաղորդակից դարձնել: Ափսոս, կյանքը հետագայում նրանց փոխում է, կեղծ արժեքների վրա խարսխված դաստիարակությունը՝ փչացնում:

ՀԱՐՑ. - Իսկ ատում ես...

ՊԱՏ. – Հարևանիս հետ նույն ավտոբուսից իջել, տուն էինք գալիս: Օգոստոս ամիսն էր, թե՞ սեպտեմբերը: Երեք-չորս ամիս անձրև չէր եկել: Ճամփից այն կողմ մատղաշ ծառուտը խանձվել էր, հսկայական տարածք էլ հրդեհել էին:

-Վառել են, տեսնու՞մ ես, -խոսքի մեջ ուշադրությունը բևեռեցի տմարդի արարքին:

-Գրողի ծոցին չեն վառել, ինձ ի՞նչ:

Իսկ բնակարանն առաջին հարկում է: Քամու ժամանակ փոշին, աղբն իր տունն են լցվում: Հանդուրժե՞մ նման մարդուն, կամ մյուսներին, որ ցայտաղբյուրը բակում դրել, գիշերվա մինչև մեկը-երկուսը նարդի են խաղում: Ի՞նչ փույթ, թե վերևի հարկ ջուր չի հասնում, փոխարենը իրենք ցանկացած պահի հագեցնում են ծարավը, ծորակն էլ չեն փակում, որպեսզի միշտ սառը լինի: Ուրագի փիլիսոփայությունը դավանողներին եմ ատում. ափերից հանում են՝ միշտ դեպի իրենց: Ըստ իս, մարդու, հանրույթի կրթվածության ամենաճշգրիտ ցուցիչը բնության հանդեպ վերաբերմունքն է...

ՀԱՐՑ - Ձախլիկությունն առավելությու՞ն է, թե

ՊԱՏ. - Դպրոցում շատ եմ տանջվել. մեր ժամանակ քանոնով ձախլիկների մատներին խփում էին՝ պարտադրելով աջով գրել: Պատանության շրջանում ընկճվում էի՝ բոլոր գործիքներն աջլիկների համար էին: Գերանդուն դժվար վարժվեցի, մանգաղին՝ էլ ավելի: Մտածում էի՝ երբևէ ավտո վարել չեմ կարողանա, ի վիճակի չեմ լինի աջով ակնթարթային շարժում կատարել, բայց երբ տասներորդում խոտ տեղափոխող էի աշխատում, բեռնատար քշել սովորեցի, ճիշտ է, պետտնտեսության արտում, կալում, դաշտամիջյան ճամփին ընդամենը, այդու համոզվեցի՝ առաձնակի բարդ չէ: Հիմա՝ չէ, բարդույթ չունեմ, թեև թունդերից եմ և տանը դանակը ձախով եմ բռնում: Ասում են, ստեղծագործող մարդկանց թվում զգալի քանակ են կազմում ինձ նմանները, հանճարների անուններ են տալիս: Չեմ հավատում, բայց ո՞վ գիտի: Ձախը պատմականորեն բացասական երանգավորում ունի՝ ձախ գնալ, ձախավեր քայլ, ձախողակ մարդ, Աստծո ձեռքի համար էլ չեն ասում՝ ամենակարողի ձախը քեզ պահապան:

ՀԱՐՑ - Գուցե վերստին դառնանք գրվածքների՞դ. հույս ունե՞ս, որ նրանք կապրեն: Ընդհանրապես ճանաչման կարժանանա՞ս, ի՞նչ ես կարծում:

ՊԱՏ. – Թողոնիցս մի լավ գիրք՝ հինգ-վեց հարյուր էջանոց, հույս ունեմ վերջում դուրս կգա, կմնա: Դա էլ հերիք է, շատ է: Արդեն քանիցս ասացի՝ նրանցում կյանք կա, ապրում կա, տառապանք կա: Եվ գրիչս վատ չէ, տանելի է: Ուրեմն՝ հետո կկարդան: Երկու-երեք հարյուր տարի անց կյանքն անճանաչելիորեն կփոխվի /եթե հողագունդը մնա/, մարդուս կենցաղը՝ հիմնովին, և նրան՝ մեր հետնորդին, պիտի ենթադրել, խիստ կհետաքրքրի, այս լեռնոտ աշխարհի նախորդ բնակիչն ինչո՞վ է ապրել, ինչու՞ է տանջվել, ինչ կերպ է մեկնել իր լավ ու վատ արարքը, ինչպես է հարաբերվել իր տեսակի, բնության մյուս արարածների, հողի, խոտ ու ծաղկի, ծառի հետ, միով բանիվ՝ քսաներորդ դարի հայն իր ներաշխարհով, հոգեբանությամբ, միջավայրով: Հնարավոր է, նրանք հոգեբանական դիտարկումներով անսպասելի հետևությունների հանգեն, գտնեն այս ու այն քայլի կենսաբանական պատճառը, որին հիմա էլ են մոտեմոտ անում: Իսկ ինչ վերաբերում է կենդանության օրոք ճանաչմանը, հույս՝ չէ, չունեմ, բայց ոչինչ՝ «հարդը գնում է, ցորենն է մնում»:

Այսօր գրողների միության արտահերթ պլենումն էր /ի՜նչ զազրելի, կուսակցության գարշ շնչով հագեցած բառ/: Ինքս ինձ ստիպեցի գնալ, մասնակցեցի՝ հարսնահանդեսի չհրավիրվածի տրամադրությամբ և... հերթական հիսաթափությունն ապրեցի: Ամոթ, երիցս ամոթ նրանց, ովքեր թողած Հրանտի նման գրողին, նոր նախագահ ընտրեցին թամադային: Վարչության վաթսուն անդամից քսանն էր Մաթևոսյանին ձայն տվել: Վերջում նշանակյալ-ընտրյալը ճառ ասաց, մոտավորապես այսպիսին՝ ես չեմ մոռանա, հավատարիմ կմնամ իմ ընկերական շրջապատին: Մեկը հարցներ՝ իսկ ովքե՞ր են նրանք: Քանի՜ տարի միասին մսխեցիք, դարձյա՞լ... Իսկ խեղճ, լքյալ հայ գրականությու՞նը, նրան ո՞վ պետք է հավատարիմ մնա, հովանի լինի: Մի մանրուք ևս. ընտրաթերթիկը նա ցուցադրաբար նետեց արկղը՝ ի լուր ներկաների բարձրաձայնելով՝ ձեռքս չի գնում ոչ մեկին ջնջել: Եվ, ասես, մեծ բան արած լիներ, հիշյալ փաստին անդրադարձավ նաև ելույթում՝ ընտրվելուց հետո: Որպիսի՜ մեծահոգություն: Մինչդեռ Համո Սահյանը հանեց իր թեկնածությունը: Այսօր մեկ անգամ ևս մոտիկից տեսա Հրանտին, լսեցի: Երեք-չորս նախադասություն ասաց՝ դադարներով, շնչատ, թափահարելով երկար, չորուկ ձեռքերը: Ճաղատը պսպղում էր, աչքերը փոս էին ընկած, ողջ էությամբ թրթիռ էր, նյարդակծիկ, բան ստեղծող էր, հիրավի տառապյալ, հեղինակ մնայուն գրի:

Էլի, մեկ անգամ ևս հիշեմ երկրացուս՝ Խաչիկ Դաշտենցին՝ հարդը գնում է, ցորենն է մնում: Հուսանք, այդպես կլինի և այս անգամ, ամենակարող ժամանակը քարմաղով կանցկացնի բոլորին, այդ թվում և այսօրվա խառնաժողովի մեծ մասին: Ինձ՝ նմանապես։

ՀԱՐՑ - Ժամանակն իր գործը, հարկավ, կանի, բայց մարդն էլ պիտի նպաստի, նրա չուշանալուն: Մարտնչել է պետք:

ՊԱՏ. - Անտարակույս:

ՀԱՐՑ - Հոգնել ես, այլևս կրքով չես արձագանքում: Գո՞հ ես զրույցից:

ՊԱՏ. - Գրածներիցս ե՞րբ եմ գոհ եղել: Նախ՝ ոչ թե զրույց ստացվեց, այլ մենախոսություն և ապա՝ ժուռնալիստ-հրապարակագիրը խանգարեց գրողին, ճնշեց: Միջոց գտնելու, տրամադրություն ունենալու դեպքում կվերանայեմ: Կրկնություններ կան, գիտեմ, պարզունակ մտքեր, շատ բան, հավանաբար, գրվածքներում այլևայլորեն ձևակերպել եմ: Ինչևէ: Քանի որ խոսքը մեծերին հասավ, Ալիշանին ևս մտաբերեմ, որ տող ունի. «Ճանաչել և պահել անվթար զսեփական շնորհս ազգիս, զլեզուն նորա, զպատմութիւն նորա, զսովորություն և զախորժակս նորա անվնաս, զհարազատ դպրություն նորա: Զայսպիսի կամիմ հայրենասիրություն»: Ես ջանացի հավատարիմ մնալ սույն պատգամին: Եթե խոտորումներ եղան էլ, ոչ իմ մեղքով, քանզի սերմը որոմից ջոկող չկար:

ՀԱՐՑ - Զրույցի սկզբում «եղերաշունչ» բառը գործածեցիր, ինչու՞:

ՊԱՏ. – Մեզնից ու՞մ կյանքն այդպիսին չէ: Փորձիր թերթել մեկնումեկինը և կհամոզվես, որ տպավորությունը թյուր է եղել, բոլորն էլ ինչ-որ պահի ապաբախտ են, կարեկցանքի կարոտ: Մեղավորը և իրենք են և՝ ոչ: Վերջերս նամակ ստացա: Անձամբ ինձ էր հասցեագված: Հայկ Ամատունի՝ գրված էր ծրարի ստորին հատվածում: Սրտաշարժ գրություն էր, որից մի տող մեխվել է ուղեղումս. «Ի՞նչ անենք, որ պաշտոն չունեմ, մեղավո՞ր եմ, որ լուսատու աստղի տակ չեմ ծնվել, չեմ կանգնել բախտավոր անձանց շարքում»: Նույն օրն այցեցի: Փշաքաղող կենսագրություն էր: Խոսել գրեթե ի վիճակի չէր: Երկու տարի առաջ վթարի էր ենթարկվել՝ այգաբաց, մշուշ փողոցում, սլացող ավտոբուս, որ կողքանց հարվածելով գործի աճապարող անցորդին, անհետանում է փողոցի անկյունադարձում, վիրահատություն, մեկ տարուց ավելի անկողնային կյանք... Այդքանից հետո վարորդը պատիժ չի ստանում, ձևակերպում են, իբր, տեսանելիությունը վատ է եղել: Հայկը զրկվել էր աշխատանքից քիչ է, զլացել էին թոշակ նշանակել:

Դառնամ ինձ. ամենօրյա վազք՝ հացի համար, ստվերի պես անբաժան հոգս, պատնեշ-պատ, որին շարունակ դեմ առա, ինձնից ուժեր խլեցին, հոգեպես ընկճեցին, չարի այն, ինչ կարող, ունակ էի: Քանի՜ պատմվածք, վեպ, վիպակ չգրվեց, որքա՜ն մտքեր խեղյալ ծնվեցին, քանի՜սը ծիլ չտվին... Թումանյանի տողը մտաբերելն էլ թողնում եմ ընթերցողին..

ՀԱՐՑ - Ավարտից առաջ՝ ինչու՞ գրեցիր այս տարօրինակ նյութը։

ՊԱՏԱՍԽԱՆ – Պիտի պարպվեի:


    

Արամ Հովհաննիսյան, 1987, Երևան:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ - Քսանյոթ տարի անց վերընթերցեցի վերոգրյալը: Խառնակ զգացողություն է: Մի պահ ցանկացա նորովի շարադրել, շարունակել, ինչ-ինչ մտքեր ձևել, հետո ճիշտ համարեցի գոհանալ կարճառոտ հետգրով:

Հսկայական են փոփոխությունները թե անձնական, թե հանրային ու թե պետական կյանքում: Երրորդ զավակս դարձյալ աղջիկ է՝ կնքել եմ Տաթև անվամբ: Ցավոք, այդ օրերին մտքիցս թռել էր Սոսեն, և զգալի կամուկացից հետո քույրերի խորհրդով կանգ առա հիշյալ անվան վրա: Սաթենիկը երկու արու զավակ ունի՝ Բագրատ, Արամ, Խանդութը՝ մեկ - Արեգ, Տաթն առայժմ հեռու է ընտանիք հիմնելու մտքից: Ցանկանքներիցս մի մասն ի կատար է ածվել: Ամառանոց ունեմ՝ փոքրիկ պարտեզով: Մինչև վերջերս հաճույքով տարվա մեծ մասն այնտեղ էի անցկացնում, հիմա առողջությունս չի ներում. շնչուղիների տկարությունն զգացնել է տալիս, մինչևիսկ վիրահատությունը չօգնեց: Տպագրվելը, մանավանդ՝ գիրք, այլևս խնդիր չէ, միայն դրամ ունեցիր: Վեցերորդ գիրքս 2012-ին լույս տեսավ: Ամենակարևորը հանրային կյանքում շրջադարձային եղելություններն են: Հայաստանն անկախ է, Ադրբեջանի ճիրաններից թանկագին զոհերի գնով հնարավոր դարձավ կորզել Արցախը, բայց չլուծված է մնում ճանաչման հարցը, նոր արյունալի բախման վտանգն առկա է: Ռուսաստանը համառորեն կամենում է հայրենիքս իր գիրկը վերադարձնել, ցավոք, իշխանության ամենավերին մակարդակում օտարի փեշի տակ ծվարելու ցանկություն կա, ինչը բազում վտանգներ է պարունակում: Իմ երազած Հայաստանի կայացումն օր օրվա վրա դառնում է ավելի ու ավելի անկարելի՝ պայմանավորված մեծածավալ արտագաղթով, ընդերքի անգութ շահագործմամբ, բնության հանդեպ անհոգի վերաբերմունքով, մարդկային հարաբերություններում օտարացմամբ, արժեքային կայուն հասկացությունների խեղմամբ, հարստության բևեռացմամբ, մյուս ոլորտներում ևս ջլատող անարդարության խորացմամբ… Չերկարաբանեմ:

10-ը մարտի, 2014 թվական:

ՀԵՏԳԻՐ 2 – Որոշ հատվածներ հարմարեցումով զետեղել եմ ֆեյսբուք կոչվող հանրային տիրույթում: Հաղորդակցվելու առայժմ ամենամատչելի և հարմար հարթակն է: Թերևս, մի օր վճռեմ դարձյալ հատվածաբար ողջը դնել իմ դիմէջին, ամբողջականը՝ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿՈՒՄ, այլապես իմաստ ունե՞ր տքնանքը...

11. 02. 2016

ՀԵՏԳԻՐ 3 - Թոռնուհիներ էլ ունեցա, տարբերությունը երկու ամիս է, Խանդութինի անունը Անի է, Տաթևինը՝ Աշխեն։ Երկարարև լինեն․․․

17. 11. 2017

ՀԵՏԳԻՐ 4 - Եվ եղավ աներևակայելին։ Հայաստանում վիճակ փոխվեց։ Եթե դրական շարժը կանգ չունենա, ավելին՝ արագանա, կունենանանք ֆիզիկապես ու բարոյահոգեբանորեն առողջ հանրություն։ Եղիցի, եղիցի ցանկություն բազմաց․․․

09. 07. 2018

ՀԵՏԳԻՐ 5 – Փլուզվեց․ հի՞մքն էր հում, մե՞նք էինք խակ։ Արցախը՝ կորուսյալ․․․

23․ 02․ 2022

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3694 | 0 | 0
Facebook