Հուլյան օրացույցի Հուլիս ամիսը համապատասխանում է հայոց Սահմի ամսվան /հուլիսի 3-ից օգոստոսի 1-ը/ /ըստ Է.Բ.Աղայանի/:
Սահմ բառը փոխառություն է պրս. sahm «զարհուրելի, երկյուղալի», որից`
սահմավ «ազդու, պատկառելի»,
սըհմալի «երկյուղալի» /ըստ Հ. Աճառյանի/: Ուրեմն` Սահմի ամսանունը փոխառյալ
սահմ բառի սեռական հոլովն է:
Անշուշտ տարօրինակ է, որ վախ նշանակող բառը դարձել է ամսանուն, սակայն տարօրինակությունը կվերանա, եթե մի փոքրիկ շրջադարձ կատարենք:
Հին Հայաստանում աստղագիտությունը բավականին բարձր մակարդակի վրա է եղել: Հնագույն ժամանակներում հին հայաստանցիները երկնային մարմիններից շատերի պաշտամունքն են ունեցել. Արեգակի ու Լուսնի պաշտամունքի մասին հայտնի է, բայց տվյալներ կան նաև այլ լուսատուների մասին: Մեծամորի պեղումներից պարզվել է, որ մ. թ. 2500 տարի առաջ Մեծամորի բնակիչները երկրպագելիս են եղել Սիրիուսին: Հաշվի առնելով նաև այն, որ նրանք իրենց դարաշրջանի համար լավ պատկերացում են ունեցել արեգակնային համակարգի և մոլորակներից յուրաքանչյուրի մասին, հետևաբար կարելի է եզրակացնել, որ նրանք կարողացել են գաղափար կազմել նաև Մարսի արբանյակների` Ֆոբոսի «ահ» և Դեյմոսի «երկյուղ, սարսափ» մասին: Դժվար չէ գտնել դրանց նմանությունը հայոց Սահմի, ինչպես նաև Հոռի ամսանունների միջև, որոնք հավանաբար այդ արբանյակներին հայերի կողմից տրված անունների սեռական հոլովաձևերն են:
Սա, իհարկե, վարկած է միայն, բայց համաձայնեք, որ համոզիչ է:
Ծանոթություն: Վրացերենում ori, sami քանակական թվականներ են` երկու, երեք, որոնք, սակայն, երբևէ չեն գործածվել իբրև ամիս նշանակող բառեր: