ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴ կամ ՊԱՏԱՀԱՐ ՄԻՋՕՐԵԻՆ /պատմվածք/
-Սրանից լավ տեղ չենք ճարի. աչքից հեռու է, քամուց պատսպարված: -Եթե լճից չփչի: -Պիտի կանաչ վրան վերցրած լինեինք, ընդհանրապես չէր նկատվի: -Վառ դեղինն ավելի հաճելի է: Գույների կոնտրաստը երբեմն լավագույն միջոցն է: Պայմանը՝ պայման. սեղան դնող-հավաքողն այսօր դու ես: -Ի՞նչ սխալ թույլ տվի: -Կոնտրաստ… հայերեն կլինի՝ հակադրություն, հակադիր գույներ, ցայտերանգություն: - Քեզ էլ հասկացող եղավ, մանավանդ վերջինի դեպքում՝ ցայտերանգ: -Մեղքն իրենցն է, ոչ լեզվինը: -Մերը նույնպես: -… -Չշոգեցի՞ր: -Չէ, բայց եթե նկարակալն այստեղ լիներ, կշարունակեի: Սիրտս վրձնել է ուզում: Կամ՝ նոր կտավ կսկսեի: Այստեղից լեռնապարը բոլորովին այլ տեսք ունի: -Մի օր կղզի կգնանք. տեսադաշտը նույնն է: -Վրա՞նն ում թողնենք: -Դեմներս քսան օր կա: Վերջին շաբաթն այնտեղ կգիշերենք: -Համաձայն եմ, բայց անմիջապես ծովից ուրիշ է: Հենց այս դիրքից: Տես ի՜նչ գույներ են: Այսպես էլ կնկարեմ, թեև գիտեմ, հետո կասեն՝ կապույտ լեռ չի լինում, հավաստի չէ: Դե եկ ու համոզիր, որ բոսորագույն էլ է լինում, նարնջի էլ, մանուշակագույն էլ: Անհեթեթություն… -Նույն միտքը Սարյանը ևս ունի: -Թե չէ՝ կղզուց. հազար մարդ այդ դիրքից նկարել է: -Կղզի էլ լինի՞, ամաչում են թերակղզի անվանել: -Ճերմակ երիզը նկատու՞մ ես: -Ինչպես չէ: -Խեղդամահ անելու հետքերն են գեղեցկուհու պարանոցին: Եվ դա կնկարեմ, իբրև պատասխան ապտակի հետք՝ անանցողիկ: -Քանի՞ նկար ես մտադիր անել: Շատ չեղա՞վ: -Որքան կարողացա: Արձակուրդն ինչու՞ որոշեցինք այս կերպ անցկացնել: -Հետ գնանք, շոգ է. Չայրվե՞նք հանկարծ: -Մի փոքր էլ: -Դե տես: * Կարենը բացեց աչքերը: Ներքնակները հեռացել էին, ու իրեն Վահեից ահագին տարածություն էր բաժանում: Թիկունքն այրվում էր, դաստակներն արյան կանգից ընդարմացել էին: նայեց ափի կողմը: Այնտեղ ամեն ինչ խաղաղ էր: Անդորր էր նաև լճի վրա: Հեռվում առագաստանավակներ էին երևում: -Վահե: Ընկերը չարձագանքեց: Կարենը գործի դնելով ձեռքերը՝ թիակելով մոտեցավ: Վահեն թիկունքին, լայնեզր գլխարկով դեմքը ծածկած՝ քնել էր: Ազդրերի շրջանում մաշկը կարմրին էր տալիս, թեթևակի փայլում: Արծաթե խաչը կրծքից սահել, կախ էր ընկել անութի մոտ: Կարենն ափով ջուր շպրտեց ընկերոջ վրա՝ մեկ, երկու: Ամեն ինչ ինքնաբերաբար եղավ՝ առանց հետևանքի մասին մտածելու: Պարզապես արթնացնել էր կամենում, ծիծաղել: Կատարվեց, սակայն, անսպասելին: Վահեն թափով ուղղվեց, անգիտակից հայացքը մի պահ հառեց ընկերոջը, հետո անհավասարակշիռ շարժումից ներքնակը շրջվեց, ու նա հայտնվեց ջրում: Սոսկումի ճիչը, ջրի աղմուկը միահյուսվեցին, և Կարենի աչքի առաջ ընկերը, լայնացած բիբերում մահվան սարսափ՝ ձղաձիգ մատներով մի կողմ թռած ներքնակը չանգռելով, օդը, ճերմակ փրփուրը սանրելով՝ անհետացավ ջրում: Բնազդով Կարենը պինդ սեղմվեց ներքնակին: Թվաց, ամենակուլ մի ուժ հիմա իրեն ևս տակով կանի՝ տանելով խորքերը: Ուշքի եկավ, երբ ամեն բան խաղաղվել էր: Ներքնակն անտերունչ տարուբերվում էր ջրում, տեղապտույտ տալիս: -Oգնեցե՜ք, -աղեկտուր կանչը ալիքվեց լճում, հասավ ափ: Հետո, ասես մղձավանջում, տեսավ դեպի ջուրը վազող մարդկանց: Ողջ ընթացքում չհստակված մի միտք անընդհատ շաղափում էր ուղեղը՝ մեղքն իրենն է, իրենը, տխմար կատակը եթե չլիներ… Ոչ մեկին չպետք է այդ մասին խոստովանել, եթե պատմեց՝ վերջ: Ոչ ոք չի տեսել, ճշմարտությունը չգիտի, բացի իրենից և… Վահեից, ով այլևս վկայություն տալ անկարող է: Քլայդն է ինքը, տարբերությամբ միայն, որ Դրայզերի հերոսն ամեն ինչ վաղօրոք էր մտմտացել, ամիսներ առաջ: Հեռու, հեռու պետք է քշել չար միտքը, այլապես հեռագայում ապրել չի կարողանա: Ինքն ընդամենը երկու բուռ ջուր շաղ տվեց ընկերոջ վրա, ի՞նչ իմանար, որ նա խելահեղ՝ լիճը կնետվի: Չէ. այդպես շատ է անհավանական: Պարզապես քնած ժամանակ շրջվելիս անզգուշաբար ընկավ: Արևահար, գերտաք մարմին և Սևանի պաղ ջուր… Իսկությունն էլ դա է, վկան՝ Աստված: Իսկ չօգնեց, որովհետև չհասցրեց, անկարող էր: Եվ վախեցավ, այո՛, երկյուղեց: Պատվաբեր չէ՞, թեկուզև: Քաջություն ակնկալողները հապա թող իրենց վրա բանաձևեն օրենքը, տեսնեմ կկարողանա՞ն: Վերջապես… վախը գիտակցությունից դուրս է՝ առավել զորեղ, անկառավարելի: * -Ինչու՞ էիք հատկապես Սևանն ընտրել, -արձանագրության ձևական կողմը լրացնելուց հետո խոսակցին դարձավ քննիչը: -Նկարելու, հանգստանալու առավել հարմար վայր կարո՞ղ եք ասել, -Կարենի ձայնում թեթևակի վիրավորանք կար: -Հարցեր տվողը ես եմ: Նկարի՞չ եք: -Գեղարվեստի ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող եմ: -Նկարում եք: -Այո: -Ուրեմն՝ նկարիչ եք: -Չեմ համարձակվում ինձ այդ բառով մկրտել: Հետագայում՝ գուցե: -Չեք աշխատում: -Ոչ, ինձ ազատ դիպլոմ տվեցին, դեռ չեմ ստացել: -Հըմ… Որերո՞րդ օրն է Սևանում եք: -Երրորդ: -Ինչո՞վ էիք եկել: -Միջքաղաքային ավտոբուսով: -Իսկ մնացած ճանապա՞րհը: Ձեր ընտրած վայրը քաղաքից հեռու է: -Ոտքով ենք անցել: -Վրանը, այլ իրեր շատ ունեք, ինչպե՞ս եք տարել: -Ուսապարկով: -Այդ երեք օրերին ինչո՞վ էիք զբաղվում: -Լողացել ենք, արևի լոգանք ընդունել: -Ուրի՞շ: Ամեն մանրուք հիմա կարևոր է, մեզ հետաքրքրում է: -Բարձրացել ենք դիմացի սարը: -Ինչու՞: Կարենը վերստին սրդողեց. համազգեստը մի՞թե իրավունք է տալիս խցկվել մարդու ներքին կյանքը, խառնել ներաշխարհը: Տխմա՞ր է, թե խաղում է, ցույց տալիս: -… -Պատասխանեք, ինչու՞: -Զբոսանքի: Վերևում աղբյուր կար, ջուր խմեցինք: Թերակղզին, լիճը հրաշալի են երևում, էսքիզ արեցինք՝ երկուական: -Զարմանալի է, մեկ օրում երկու նկա՞ր: -Դրանք ուրվանկարներ են, ընդամենը մատիտով արված, նախնական մտահղացում: -Հարկ կլինի նայել, -քննիչը սովոր չէր պարտության: -Պատմեք դեպքի մասին՝ սկզբից: -Նկարելուց հետո լողացանք, այնուհետ փչովի ներքնակներով որոշեցինք մի քիչ հեռանալով ափից՝ ջրի վրա լոգանք ընդունել: -Չգիտեի՞ք, որ Սևանում ներքնակով լողալն արգելված է: -Ոչ: -Ինչու՞: Կարենն ուսերը թոթվեց: -Այդ ինչպե՞ս է, ուրիշները գիտեն, դուք՝ ոչ: -Մենք մարդկանցից հեռու էինք վրան խփել: -Ձեր սխալներից մեկն էլ դա է: Թե՞ հատուկ էիք առանձնացել, որպեսզի խմելու տաք: -Հարբեցողի տպավորությու՞ն եմ թողնում: -Հարցեր տվողը ես եմ... Հետո՞: -Կես ժամից ավելի մնացինք: -Ինչի՞ շուրջ էիք ընթացքում զրուցում: -Նկարչության, հազար ու մի հարցի: -Ավելի կոնկրետ: -Հիմա չեմ կարող հիշել: -Վիճեցի՞ք: -Ամենևին: -Շարունակեք: -Վահեն առաջարկեց էլի մնալ: Ես ասացի՝ դե, տես, հանկարծ չարևահարվենք: -Հետո: -Այդ միջոցին նա, երևի, ննջեց, -Կարենը կանգ առավ, աջ ձեռքի մատներն սկսեցին մեքենաբար խաղալ վերնաշապկի կոճակի հետ: -Հապա՛, հապա՛… Զգույշ, կոճակը չպոկեք, -քննիչի աչքերում ժպիտ կար: -Ես ձեզ լսում եմ: -Ճիչ լսելով՝ գլուխս բարձրացրի. Տեսա՝ ներքնակը շրջվել է, իսկ Վահեի միայն մազերն ու չռված մատներն էին երևում: Հետո նա իջավ… -Չփորձեցի՞ք օգնել: -Ես հեռու էի: -Ինչքա՞ն, մետրով ասեք: -Երևի ութ-տասը մետր: -Քիչ առաջ ասացիք, որ զրուցում էիք: Այդքան հեռվի՞ց: -Դե, հավանաբար մեր լռելու միջոցին ալիքը ներքնակը հեռացրել էր: -Ընդունենք: Իսկ ինչու՞ չգցվեցիք, առանձնակի տարածություն չէր: -Չկողմնորոշվեցի, կարճ տևեց: -Գուցե վախեցա՞ք: -Հավանաբար, -Կարենի աչքերում երկյուղ հայտնվեց: -Դրա համար ինձ կդատե՞ն: -Եթե ճշմարտությունն եք ասում, ոչ: Կարենը թեթևացած շունչ քաշեց: -Դուք լողալ գիտե՞ք: -Մի փոքր: -Ավելի վատ, քան Վահե՞ն: -Այո՛: -Ըստ ձեզ ի՞նչ եղած կլինի: -Դժվարանում եմ ասել: * Ժիգուլու վարորդը, որին ձեռք բարձրացնելով կանգնեցրեց փողոցում, Սևան տանելու համար քսան ռուբլի ուզեց: Համաձայն էր ամեն բանի, միայն թե շուտ հասնի: Փայփայածը, հույսը մի միտք էր՝ ողջը սխալմունք, սուտ դուրս գա: Ճամփի կեսին, երբ համառ հարցերից նեղվելով՝ կեսբերան պատմեց զանգի մասին, վարորդը խորհուրդ տվեց ետ դառնալ, բարեկամներից մի քանիսին ևս վերցնել: Ճշմարիտը նա էր, բայց էլ չկամեցավ ժամանակ կորցնել: Եթե հարկ լինի, կզանգեմ, որոշեց: Սևան հասնելով՝ քշել տվեց թերակղզի: Լողափի հսկիչները տեղյակ էին պատահարից, սակայն կոնկրետ վայրը ոչ ոք չգիտեր: Մոթելից այն կողմ պետք է եղած լինի, -ասացին, հետո իմանալով՝ ով է, ուղեկցեցին մոտորանավակների կայան: Բակուրին հյուսիսային ափ հասցնելու ցանկություն շատերը հայտնեցին: «Ժիգուլու» վարորդը ևս պատրաստակամ՝ առաջարկեց շրջանցել լիճը: Շնորհակալություն հայտնեց մեքենայատիրոջը, վճարելու համար ձեռքը գրպանը տարավ: Վերջինս բռնեց դաստակից: -Փողը քեզ պետք կգա, թող մնա: Կարծեց քաղաքավարական ժեստ է: -Բա մարդս ո՞ր օրվա համար է: Եթե կուզես, կմնամ: Հուզմունքից փղձկաց: Մեկ անգամ ևս պինդ սեղմելով ձեռքն ու եղբոր հեռախոսահամարը տալով՝ խնդրեց զանգել: Հինգ-տասը րոպե անց մյուս ափին էին: Նավում էին երկայնքով: Մոթելից, «Երկնագույն Սևանից» հետո ամայի մի ելուստում ոստիկանության մեքենա նկատեցին: Մինչ կմոտենային, «Վիլիսը» շարժվեց: -Ի՞նչ կար, -գխով հեռացող մեքենան ցույց տալով՝ հարցրեց նավակավարը: -Ջրասուզակներին տարան, -կանգնածները, որ երեքն էին, թողեցին հագնվելը: -Ի՞նչ սուզակ, -Բակուրի սիրտն ուժգին տրոփեց: -Վահիկս, -ոտքը գցեց, որպեսզի իջնի, ջուր էր: -Հիմա, դուք նստեք, -շարժիչը հռնդաց, և վայրկյան անց նավակի քիթը դեմ առնելով ավազների՝ խշրտոցով խրվեց նրա մեջ: Ափին եղողներից մեկը ձեռքը մեկնեց, որպեսզի Բակուրն իջնի: -Զանգողը ես էի, -առանց նախաբանի, ընթացքում ասաց օգնողը: Բակուրն ասես համր լիներ, չարձագանքեց: -Դեպքն այստեղ է եղել, -տղան մատնացույց արեց վետվետուն ալիքները: -Գտա՞ն, -ընդմիջեց նավակավարը: Մյուս երկուսը տարուբերեցին գլուխները, մոտ կանգնածը շարունակեց. -Գիտեի, որ կգաք, կղզում էլ էի զգուշացրել: -Բա ինչու՞ գնացին, -հարցնողը վերստին լճի այս ափ բերողն էր: -Ուշ է, ջրի տակ բան չի երևում: Բակուրը շուրջը նայեց: Արևը մայր էր մտել: Ջուրը, շրջակա լեռները սևին էին տալիս: -Կարենն ու՞ր է, -նա ուշքի էր գալիս: -Հետի տղան: -Միլիցիայում էր, բաց են թողել: -Ինչու՞ էին տարել, -Բակուրը զսպանակվեց: -Որպեսզի գործ բացեն: -Այսի՞նքն, -չարագույժ մտքերը խուռներամ վրա տվին: -Դե, -տղան դժվարացավ պատասխանել, -նման դեպքերում նրանց հետաքրքիր է՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում: Ինձ էլ էին կանչել: -Դուք հետնե՞րն էիք, պատմեք, արագ: -Չէ, ճամփեզրով գնում էի, երբ լսեցի գոռոցը: Մինչև մացառուտներն անցա, -տղան ակամա շոշափեց այտի, ծնոտի քերծվածքները, -մինչև գցվեցի ջուրը, ամեն բան վերջացել էր: Եթե ափին մոտ լիներ, կհասցնեի: -Իսկ Կարե՞նը: -Երկուսով են եղել: Փչովի ներքնակներով մտել են ծովը, պառկել արևի տակ: Հետո, թե ինչպես, ձեր տղան շրջվել է ու մեկից… -Բայց նա լողալ գիտեր, -Բակուրը չգիտակցելով՝ գոռաց: -Կարենն էլ է դա հաստատում: -Խեղդել են տղայիս: Ո՞վ արած կլինի, -հարցը թեև ներկաներին էր ուղղված, սակայն պատասխան չէր ակնկալում: * Դահլիճ հիշեցնող սենյակում մինչև առաստաղ հասնող անկողիններից մահճակալն ազատելով՝ հյուրին քնելու տեղ բացեցին, և Բակուրը պառկեց: Պատշգամբ տանող դուռը բաց էր: Քամին, որ դեմից էր փչում, թեթև տարուբերում էր վարագույրը: Ստվերներ էին սենյակում խաղում. դրսի վառ թողած լամպի ճոճքից էր: Պատից անդին միալար աղմկում էր սառնարանը: Անհավատալի, անիրական էր ամեն ինչ, թեև միտքն արթուն էր, աչքերը կիսախավարում ջոկում էին իրերը՝ պատն ի կախ մեծադիր նկարը՝ սև շրջանակում, մեծղի սենյակից խեղճացած զարդահայելին, մինչևիսկ վիշապագորգի նախշերի ուրվագծերը հատակին: Ովքե՞ր են տանտերերը, ի՞նչ գործ ունի ինքն այստեղ, Հասմիկը լուրն առա՞վ, բարեկամները, եղբայրն ինչու՞ են ուշանում, ինքը, ինքն իրավունք ունի՞ այսպես անգործ թիկունքին տալու, երբ միամորիկ Վահեն ջրի տակ տանջվում է: Տանջվու՞մ: Ո՛չ, ո՛չ: Հոգեվարքը կարճ տևած կլինի՝ նախքան հատակին հասնելը: Հիմա նա խաղաղ մեկնվել է ջրիմուռներին, թույլ ծփանքից հարթված մազերը պսակել են, խավարում տեսնող վտառը, գայթակղված ճերմակությամբ, բոլորել որդուն, ակնապիշ հետևում է, լողակներն անշշուկ գնում են, գալիս… Բակուրն ընդոստ ուղղվեց: Սառնարանը լռել էր, շրջանակից գեղջկական մի խոժոռ հայացք շեղակի հետևում էր անհանգիստ հյուրին: Տպավորությունն այնպիսին էր, թե նա, ահա՛, ահա՛, այդպես կեսմարմին կիջնի պատից, հատակին խառնիխուռն կիտած անկողինները շրջանցելով կմոտենա մահճակալին ու, անքթիթ հայացքը Բակուրին, կասի՝ հայրը զավակին լքելու իրավունք չունի: Չունի՛: Խարխափելով գտավ կոշիկները, կիսահագնել դուրս եկավ պատշգամբ: Ծխեց, գնաց-եկավ, աչքերը հառեց խավարին, չկարողացավ ոչինչ տեսնել: Դիմացն ինչ-որ տեղ երկաթգիծն էր, հարևանությամբ՝ մայրուղին, ապա գալիս էր անտառաշերտը, որ մի քանի տարվա պատմություն ուներ, ջրերի հեռանալուց հետո էին հիմնել: Առանց այդ էլ Սևանից խուսափում էր. սիրտը ճմլվում էր մեռնող լճին նայելիս, իսկ հիմա խղճահարությանը փոխարինելու կգա ատելությունը, կդառնա քինախնդիր, սակայն Գեղամա ծովակն ի՞նչ անի, ի՞նչ մեղավոր է: Տարիներ առաջ էր: Վահիկը մանկան փչովի ներքնակը թողեց ջրում, ետ եկավ: Մինչև կելներ, քամին հեռացրեց: Գցվեց ջուրը, լողաց: Թվում էր, կհասնի: Ընդամենը չորս-հինգ մետր տարածություն էր բաժանում, բայց ավելի արագ անկարող էր: Դժվարը ներքնակին հասնելն է, կբռնվեմ, հանգստանալուց հետո կամաց-կամաց հետ կգամ, -մտածում էր: Ապա՝ ձայներ հասան ականջին: Շրջվեց. ափը հեռու-հեռու էր: Հասմիկը տագնապով կանչում էր, եղբայրը մտել ջուրը, իր կողմն էր թևում: Ափին գտնվողների անհանգստությունը, երկյուղը փոխանցվեց Բակուրին, հասկացավ, որ ներքնակին չի մոտենա: Ետդարձին եղբայրը հասավ: Չէր օգնում, բայց ներկայությունը ուժ էր տալիս, վստահություն ներշնչում: Երբ ջրից ելնելով՝ շրջվեց լճի կողմը, ներքնակը կորել էր աչքից, քշվել մյուս ափ: Տեսնես իսկությունը ո՞րն է: Էն գլխից լիճը թեթևամտություն չի հանդուրժում: Տարին քանի՞ ջրահեղձության դեպք է լինում: Կարենին գտնել, հետը զրուցել չհաջողվեց: Փոխարենը ոստիկականական բաժանմունքում կարդաց բացատրությունը: Եթե արձանագրվածը ճշմարտություն է, Վահեն քնով է ընկել: Արևահար մարմինը հանկարծաբար ողողվելով սառը ջրով՝ անդամալուծել է տղային, կամ թե վախից, անսպասելիությունից փուխր սիրտը չի դիմացել: Անհեթեթ մահ… Բակուրն զգույշ, որպեսզի տանտերերին չարթնացնի, մտավ սենյակ, առանց նկարի կողմը նայելու դիմեց դեպի մահճակալը: Հարկավոր է քնել, հանուն Վահիկի չպետք է կորցնի գլուխը: Բլրված բարձը խանգարում էր, կամաց սահեցրեց հատակին. այդպես առավել հանգիստ էր: Առավոտյան վեցին ջրասուզակները խոստացան գալ: Սևանցի տղան մեքենայով կապահովի: Մինչ այդ եղբայրը, քեռին կժամանեն, լուրը, երևի, գործընկերներին նույնպես հասած լինի: Վահե, զավակս, այս ի՞նչ արիր: Որքա՜ն կուզեի լճի հատակին պառկածը քո փոխարեն ես լինեի: Աստված, հո, տառապանքս տեսնում է, գիտի՝ չեմ կեղծում: Ներիր նվաստիս՝ քեզնից հետո ապրելու համար: Ի՞նչ անեմ, ամեն մարդ ինքն է հոգ տանում իր հոգու կացարանի մասին և իր խաչը կրում: Իր խաչը կրում… * -Հոր հետ խոսեցի՞ր, մտքին ի՞նչ կար, -կինը շրթներկը խցկեց պայուսակը: -Խուսափում է զրույցից: -Փողի մասին խոսք բացեիր, օգնելու: -Ասելը հեշտ է: Այնպես է նայում, ակամա վատ ես զգում: -Ինչու՞, որ քո տղա՞ն չէ խեղդվողը: -Ոչ միայն: Եվ հետո՝ եթե դրամի անուն տամ, կասկածներ կծնվեն: -Թող ինչքան ուզում են, կասկածեն: Ի՞նչ ունենք վախենալու: Ես Կարենիս հավատում եմ: -Եթե ցանկանան, չեղած տեղից էլ գործ կշինեն: -Այդ ինչպե՞ս: -Հասկանու՞մ ես, խեղդվելն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ մարդը ջրին սովոր է, լողալ գիտի: -Էհ, ես էլ կասեմ՝ ջրասուզակների արածն է: Երեխային տակն են քաշել, որպեսզի հետո փող աշխատեն: -Հո չասի՜ր: -Քի՞չ է եղել: -Նրանց մոտից եմ գալիս: Հետները զրուցեցի: Երեկվանից չարչարվում են: -Դիտմամբ չեն հանում, որպեսզի գինը բարձրացնեն: Ինչքա՞ն են տալու, որևէ մեկը խոսք բացե՞լ է: -Ո՞վ, Բակու՞րը. նրա վրա իբր հալ կա... -Թող բարեկամները խոսեն, եղբայրը: -Քեզ չվերաբերող բաների մեջ շատ չե՞ս խորանում, -ամուսինը շրջվեց դեպի կինը: -Ու՞ր քշեմ, ասա: -Քննիչին տեսնենք: -Ի՞նչ ենք ասելու: -Նոր դու էիր ասում՝ չեղած տեղից, եթե կամենան, գործ կբացեն: Գուցե մի բան գցե՞նք բերանը: -Քո կարծիքով՝ որքա՞ն: -Չգիտեմ, ինչքան պետք լինի: -Վախենում եմ գործն ավելի փչացնենք: Բակուրին, այ, պատրաստ եմ օգնել և կօգնեմ: -Եթե համաձայնի. իրասածի մարդ է: -Ճիշտ ես նկատել: Հավանաբար ընկերոջ հետ խոսեմ՝ Սուրեն է անունը: -Ճանաչու՞մ ես: -Մի թեթև: -Բա հիմա… -Ի՞նչը նկատի ունես: -Եթե դիակը չգտնեն… -Մտադիր են թոռ գցել: Վատն այն է, որ Կարենը կոնկրետ տեղը չի հիշում, չի ասել: -Երեխայիս վրա հա՞լ կար, բան հիշեր: Երևի վախը չափելու տանեմ: Խեղճս… * -Ովքե՞ր են, -մոտեցող ընկերոջ ոտնաձայները լսելով՝ հարցրեց Բակուրը: -էլի նրանք, -Սուրենը պպզեց ավազներին: Բակուրը գետնից կտրեց հայացքը: -Կարենի բարեկամները, հայրը, քեռին: -Ի՞նչ ես ուզում: -Առաջարկում են նստել մեքենան, -Սուրենը փախցրեց հայացքը: -Որ ի՞նչ, -Բակուրի ձայնում փոքր ինչ գրգռվածություն կար: -Ասի՝ պետք չէ: -Բայց երեկվանից… -Խնդրում եմ… -Լավ, լավ, -Սուրենը վհատ՝ լռեց: -Թող գնան: Ընկերը չարձագանքեց: -Սուրեն… -Ցուրտ է, գոնե մի քիչ կտաքանայինք: -Վերցրու, -Բակուրը մի շարժումով հանեց բաճկոնակը, մնաց անթև վերնաշապկով: -Չփորձես, -ընկերոջ ձայնը միանգամից դարձավ կտրուկ, -հագնվիր: Իմը երկարթև է, ոչինչ: Բակուրը հլու՝ ենթարկվեց շեշտ խոսքին: -Որ այդպես է, դու գնա տաքացիր, հետո կգաս: -Առանց քեզ՝ երբեք: -Լավ, բայց…-Բակուրի հայացքում պաղատանք հայտնվեց, -հանկարծ ուտելիքի անուն չտան, էլի չսկսեն: -Կասեմ, -Սուրենն օգնեց, որպեսզի ընկերը ելնի: -Սպասիր, երկրորդն ի՞նչ մեքենա է, -Բակուրը քայլ չարած՝ կանգնեց: -Իրենց հիմնարկի «Երազն» է, մեզ պետք կգա, -ասաց և փոշմանեց: Բակուրը փլվեց կոճղին, որ դեռ կեսօրին մացառուտից Սուրենն էր քարշ տվել լճափ: -Ի՞նչ եղավ: -Չգնանք: -Մի հուզվիր, -նա ձեռքը դրեց որդեկորույս հոր ուսին: -Չես կամենում, չենք գնա, -քիչ անց, շփելով բազուկները՝-արդեն անցավ, չեմ մրսում: -Չարչարում եմ: -էլ չասես: Բակուրը ձեռքը գրպանը տանելով՝ հանեց ծխատուփը: Դատարկ էր: -Պահիր, -ընկերը չբացած տուփ դեմ արեց: -Նրա՞նք տվին, -Բակուրի ձեռքը վարանքոտ կանգ առավ, ուզեց վերադարձնել, բայց ցանկությունը զորեղ էր, ու նա, չկամենալով, ձգեց կարմիրերիզ քուղը: Մեքենայից մեկը ելել, ետուառաջ էր քայլում: Թիկունքով նստած՝ Բակուրը չէր նկատում: * Մառախուղը լանջն ի վար սողաց, կտրելով ճանապարհը, խճողվեց բուսուտներում, ծվեն-ծվեն եղավ լճափին: -Ուշացան, -անհագստություն կար Բակուրի ձայնում: -Երկու ժամ կքաշի. իրենց խոսքն է: -Քանի՞սը եղավ: Կհասցնե՞ն: Սուրենը նայեց սարի թիկունքը գլորվող արևին, ջրում անշարժացած նավակներին. -Թեկուզև գիշեր լինի: -Հավատալս չի գալիս, -Բակուրը գլուխը հակել, գրեթե մտցրել էր շեքի արանքը: -Սուրեն, ի՞նչ ես կարծում, եթե Կարենը մոտ լիներ, կկարողանա՞ր: -Սևանցի տղան՝ գուցե, Կարենը՝ դժվար: -Անունը, երբ գան, կհարցնես: Եվ հասցեն: -Հիմնարկ զանգողը նա էր: -Գիշերն ու՞մ տանն էի - նրանց, բայց, հասկանու՞մ ես, ուղեղս անջատվել էր: Հոգնած գալիս եմ տուն, բացում դուռն ու այդ զանգը, -Բակուրը շրջվեց: -Սպասիր, իսկ հետախոսահամարնե՞րը… որտեղի՞ց գիտեր: Կարենից վերցրած կլինի: -Չէ, ծոցատետրը իրերի հետ է եղել՝ ուսապարկում: Բակուրը կոպերի տակ հայտնված արտասուքը թաքցնելու համար գոցեց աչքերը, երբ առպահ անց բացեց, արտևանունքները խոնավ էին: -Հագուստն ի՞նչ արիք: - «Երազում» է, մնացածը եղբորդ տղայի ավտոյով ճամփեցինք: -Հասմիկի՞ն, -սոսկաց Բակուրը. մտովի տեսավ կնոջը՝ իրերն ընդունելիս: -Զգացմունքներին աշխատիր չտրվել, -նկատելով ընկերոջ ադամախնձորի վերստին վերուվարելը՝ խորհուրդ տվեց Սուրենը: -Իմ արածն էլ երեկվանից ընդամենը դա է, -Բակուրն ուժով տրորեց քունքերը, ճակատը, վերջում մատները մազերը փոցխելուց հետո ջղաձիգ ագուցվեցին գլխին: -Ձայներ լսու՞մ ես, -ընկերը բարձրացավ տեղից: -Նրանք են, -Բակուրը ևս կանգնեց: -Եկան: Խավարը մառախուղի հետ պարուրել էր ափը, բռնել լճի երեսը: -Թերևս, ասես լույսերը վառե՞ն: -Շուտ պետք է գլխի ընկած լինեի, -ընկերն աճապարեց դեպի մեքենաները: Բակուրն իր հերթին գնաց ջրի կոմղը: Ճողփյունի մեջ զատվեց մեկի հստակ ձայնը. -Հավասա՛ր, հավասա՛ր, -հետո զայրացկոտ, -Գուգո՛, առաջ մի ընկիր: Քիչ անց ջրի վրա լապտեր շողարձակեց, գլուխներ ուրվագծվեցին, իսկ երբ մեքենաների հեռահար լույսերը ողողեցին ափամերձ շերտը, հայրըը տեսավ եռանկյունի կազմած նավակները, խմբված մարդկանց: Կենտրոնի ուղեցույց նավակը առաջ էր ընկել, մյուս երկուսը տարածություն բռնած էին գալիս: -Մի մոտեցեք: Ձիգ պահեք թոռը, -վերստին լսվեց մեջտեղի նավակից: Ջրում եղողները, ցանցի պատռվելուց վախենալով, անասելի դանդաղ էին առաջանում: Եղավ պահ, կանգնել, չէին առաջանում: -Ի՞նչ եղավ, -ափից հարցրին: Ծանոթ ձայն լսելով՝ Բակուրը շրջվեց. քննիչն էր, ում հետ առավոտյան էր առիթ ունեցել ծանոթանալու: Ցավակցեց, զրուցելուց, Վահեի կենսագրության մանրամասներին տեղեկանալուց հետո բացատրեց, որ կարգ է, ձևականություն, պիտի պահպանվի: -Հիմա՛: Պատրաստ եղեք, -ձայնեցին նավակից: -Ափի երկայնքո՜վ, -կարգադրեց քննիչը: Նրա հետ ժամանած ոստիկանները, Կարենի հայրը, էլի երկու-երեք անծանոթ ենթարկվեցին հրահանգին: -Ի՞նչ են կամենում, -Բակուրն անօգնական դարձավ Սուրենին: -Հետները բժիշկ կա, պետք է պարզվի՝ հարվածի հետք, թունավորության նշաններ չկա՞ն: Մինչ այդ նավակները մոտեցան: Մարդիկ ցատկեցին ջուրը: -Մտեք, դուք ևս մոտեցեք: Բռնում եք ցանցից՝ սպասելով իմ հրահանգին: Բակուրը ճանաչեց ձկնորսների բրիգադավարին, ում եղբայրը, աներորդին էին հրավիրել, երբ տեսան՝ սուզակները գլուխ չեն հանում: -Հավասարաչափ: Երբ զգաք, լռվում է, չզոռեք: Քաշեցինք՝ մեկ, երկու… Մի քանի ուռկան միացրել էին իրար, և ողջի երկայնքը կլիներ հարյուր հիսուն մետր: Ծայրի մարդիկ չէին երևում: Թիկունքով կանգնածների մեջ մեջ Բակուրը կարողացավ ճանաչել Հասմիկի եղբորը, սևանցի տղային: Քննիչը, Սուրենը միացել էին նրանց: Ուռկանը դանդաղ, բայց գալիս էր: Ի՞նչ էր բերում հետը՝ ձկնե՞ր, ջրիմու՞ռ, թե՞ ջրահեղձ զավակին: Սիրտն ասում էր, որ ցանցը սահմռկեցուցիչ խավարից դատարկ չէր գալիս: Ուռկանը ծանրացել էր, ու տեղ-տեղ գլորելով էին քաշում: Մինչև ափ քիչ էր մնացել՝ մեկ-երկու մետր: -Եզրերից, եզրերից քաշեք, կենտրոնում թող սպասեն, -հրահանգողը թողել էր ցանցը: Բակուրն ուզում էր մոտենալ, սակայն ի վիճակի չէր. ոտքերն իրենը չէին: -Հիմա բոլորս միասին միանգամից քաշում ենք: Ծայրի մարդիկ՝ Սահա՛կ, Արսե՛ն, դեպի կենտրոն՝ մեկ, երկու… Ջրից դուրս, բոլորդ ջրից դու՜րս… Ցանցված «վիշապը» ՝ միջնամասում ուռուցիկ, հաստ, կենդանի պարան, դեմ առավ ավազներին: Ձկները թպրտում էին, զարկվում ցանցին: Ոմանց հաջողվում էր գլուխը խցկել անցքը, փոքրերը, պատահում էր, մինչևիսկ փրկվում էին, մեծերը լռվում՝ անկարող բլթակն ազատել: -Ի՜նչ շատ են, -Բակուրը զարմացած էր: -Տեսնես քանի՞ տոննա կլինի: Տեսարանը, որին առաջին անգամ էր ականատես լինում, առպահ մոռացնել տվեց ցավը: -Հրե՛ս… Բակուրը շարունակությունը չլսեց: Տեսավ՝ մարդիկ իրար գլխի են կուտակվում: Ջանաց քայլ անել - անկարող էր: Մարմինը սարսռաց, փշաքաղվեց: Մրսել եմ, շատ մնացի դրսում, -մշուշվող ուղեղով որոշեց: Զգաց, մեկը վազքով իր կողմն է գալիս: Եղբայրն էր, հասավ, գոտկեց մեջքը: Մյուսներն ուղղվել, իրեն էին նայում: Ձկների կույտում Վահեն չէր նկատվում: այնուհետ աներորդին, Սուրենը, սևանցին մոտեցան: Քննիչն առաջինը խոսեց: -Սկզբում Սևան կտանենք: Կարգ է, պիտի ապահովվի: Եղբայրը, աներձագն ընդվզեցին. -Դիահերձել՝ ոչ մի դեպքում: -Առանց դրա չի լինի: -Ես ստորագրելու եմ բժշկական եզրակացության տակ: Պատասխանատու եմ, -դատական բժիշկը վճռական գնաց դեպի ջուրը: -Ասացի՝ կարգ է, պիտի արվի, թեև, -քննիչը հայացքը հառեց Կարենի հորը, որն իրեն շրջանից քիչ հեռու էր պահում, -կասկածելի ոչինչ չկա: Ես գործն ամենայն մանրամասներով հետաքննել եմ, -նա ուղղվեց դեպի «Վիլիսը» ՝ ընթացքում կարգադրություն անելով ոստիկաններին: Նրանցից մեկը մեքենայից մեծ պարկ հանելով մոտեցավ բրիգադավարին, ինչ-որ բան ասաց, ապա կռանալով՝ սկսեց ձուկ ընտրել: -Աշխատիր իշխան լինի, -քննիչն էր մեքենայից: -Դուք էլ վերցրեք, հոգեհացին պետք կգա: |
Abone ol ve malalelerin yayınla: