ՍԻՐԱՎԵՊ Տասնյոթամյա հասակում լուրջ չի’ լինում ոչ մի մարդ.
- Ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն
Սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ,
- Դու գնում ես շրջելու լորիների պուրակում։
Լորենինե՜ր բուրաշատ... երեկոն է մեղմ ու ջերմ...
Հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա,
Քամին աղմուկ է բերում, ֊ քաղաքն այնքան հեռու չէ, –
Որթատունկն է օրորում, ու կքնես դու հիմա...
- Նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝
Փոքրիկ լաթի մի կտոր՝ շրջակարված ոսկեթել,
Ու պատռված՝ սպիտակ աստղի կողմից չարագույժ,
Որ սարսռում է համակ, ասես մահն է իր գտել...
Տասնյոթամյա պատանի... երեկոներ հունիսյան...
Հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում,
Թպրտում Է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան,
Համբույրը տաք ու թովիչ, ու լեզուդ կապ Է ընկնում։
Սիրտդ, որպես Ռոբինզոն, խենթանում Է անծանոթ
Վեպերում, երբ լապտերի լույսի միջով գունաթափ
Դանդաղ անցնում Է փոքրիկ, հիանալի մի օրիորդ՝
Հոր կոճկովի օձիքի ահաբեկիչ շուքի տակ։
Եվ քանի որ դուք նրան անչափ նաիվ եք թվում,
Նա հեռանում է արագ կոշիկներով իր պստիկ,
Հետո շրջվում Է կտրուկ, կարծես, ձեզ Է հետևում,
Եվ մահանում Է իսկույն ձեր շուրթերի մեղեդին։
Սիրահարված եք արդեն, վարձված մինչև սեպտեմբեր...
Ծիծաղեցնում են նրան ձեր սոնետներր հլու,
Ո՛չ ախորժակ Էլ ունեք, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր,
- Եվ մի օր էլ պաշտելին հաճում Է ձեզ գրելու։
Եվ այդ օրը դուք նորից պատվիրում եք լիմոնադ
Կամ գարեջուր՝ մտնելով մի սրճարան աղմկուն...
Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ,
Երբ գնում Է շրջելու լորիների պուրակում։