Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոր տարին աշխարհում և մեր հայկական ամենամյա «մրցապայքարը»

15:15, pazar, 09 aralık, 2012
Նոր տարին աշխարհում և մեր հայկական ամենամյա «մրցապայքարը»
     Շուտով Ամանոր է. այն թերևս աշխարհի ամենաբարի տոնն է` լի լուսավոր ապագայի սպասումներով, երազանքների իրականացման նկատմամբ հավատով: Արդեն փողոցներում նկատելի են ամանորյա իրարանցումն ու եռուզեռը, շուտով արդեն խանութներում հերթեր կգոյանան, ամանորյա գնումների ցուցակները ձեռքներին հոգնատանջ ու «մունաթ» դեմքերով մարդիկ խանութից-խանութ կշտապեն` անընդհատ բողոքելով թանկացումներից, Նոր տարվա այդքան ծախսերի անիմաստությունից: Հայկական, թվում է, թե անփոփոխ իրականություն… ամեն տարեմուտին նույնը, նույն փնթփնթոցը, նույն բողոքը, նույն «Վա~յ, էս Նոր տարին ինչի՞ եկավ» արտահայտությունը: Բողոքում ենք ու ուզում հետ չմնալ ոչ-ոքից, զարմացնել մեր սեղանների առատությամբ, չենք խնայում վերջին խնայողություններն անգամ, վերջում էլի բողոքական դեմքով, վազվզոցից հոգնած սպասում, թե երբ պիտի գա ժամը տասներկուսը, տարին փոխվի ու սկսվի տնից-տուն գնալը. յուրաքանչյուրի համար մի-մի տուփ կոնֆետ, հայերեն խոսակցական տարբերակով «բոնբոներկա» վերցրած`գնանք հարազատ, բարեկամ, ընկեր, հարևան շնորհավորելու, նույն բարեմաղթանքները ասելու, լսելու… ու այսպես շարունակ ամեն տարի…
     Համեմատության համար ներկայացնենք, թե ինչպես են Ամանորը տոնում տարբեր երկրներում: Օրինակ` Իտալիայում Նոր Տարին սկսվում է հունվարի 6-ին: Իտալիացիները համարում են, որ տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով, ուստի Նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել հին իրերը: Պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ հնոտիք: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող` երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ: Չեխիայում և Սլովակիայում մեծ անհամբերությամբ են այդ տոնին սպասում երիտասարդ աղջիկները. չէ՞ որ հենց Ծննդյան օրվա գիշերն են իմանում կամուսնանա՞ն, թե ոչ: Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանք գլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթե հողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապա շուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպի սենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասել ևս մեկ տարի: Իռլանդիայում Նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը: 12-ն անց կեսին իռլանդացիները դուրս են գալիս քաղաքի կենտրոնական լուսավորված ու տոնական զարդարված հրապարակը: Բուլղարիայում, երբ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի շուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերը հանգչում են: Այդ րոպեներն անվանում են «ամանորյա համբույրների րոպեներ», որոնց գաղտնիքը պահպանում է մթությունը: Ավստրիացիների համար Ամանորյա գիշերը տարվա մեջ անլուրջ լինելու գրեթե միակ հնարավորությունն է. այդ երեկո մեծ, թե փոքր անագե արձանիկներ են գնում, որոնք հալեցնում են գդալի վրա, մոմի կրակով, այնուհետև հալոցքը լցնում են հատուկ նախապատրաստված փոքրիկ ափսեի մեջ: Նայած, թե ինչ գծագրություն կընդունի սառչող հեղուկը, կարելի է ենթադրել, թե ինչ է սպասում արձանիկի տիրոջը գալիք տարում: Վատ խորհուրդ ունի 13 թիվը, իսկ ահա արևը կամ սրածայր գլխարկը հիանալի են: Ճապոնիայում, քաղաքների և գյուղերի բոլոր բնակիչները փետրվարի 1-ին դուրս են գալիս փողոց` դիմավորելու արևածագը: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց Նոր տարվա առթիվ և նվերներ փոխանակում: Իսկ երեկոն հաճելի է անցկացնել ընտանիքում: Եվ որպեսզի չար ոգիներին տուն չթողնեն, նրանք տան շեմին կախում են ծղոտե պսակներ: Նրանք կարծում են, որ դա իրենց երջանկություն է բերում: Ճապոնացիները նաև սովորություն ունեն ծիծաղել նոր տարվա գալստյան պահին:
     Հին Հայաստանում Նոր տարին կոչվել է Նավասարդ: Այդ տոնակատարության օրերին հեթանոս հայերը հինավուրց նվագարանների մեղեդիների և ծիսական երգերի ուղեկցությամբ Արամազդ աստվածահոր և Անահիտ դիցամոր մեհյաններում երինջներ և ցուլեր էին զոհաբերում: Տոնախմբություններին մասնակցում էին ոչ միայն արքունիքը, նախարարությունն ու զինվորականությունը, այլև ողջ ժողովուրդը: Նավասարդը երգի ու պարի, որսորդության, խաղերի ու խրախճանքների տոն էր: Այդ օրը բոլորը հագնում էին տոնական զգեստներ, գերակշռում էր կարմիրը, որպես արևի, ուրախության, երջանկության խորհրդանիշ: Կարմիր թելերով էին զարդարում ընտանի կենդանիների եղջյուրները, սրբազան ծառերի ճյուղերը, որպեսզի տարին առատ լիներ: Պատանիներն ու աղջիկները տնից-տուն էին շրջում Ամանորի երգերով և իրենց բարեմաղթանքների դիմաց նվերներ ստանում: Տանտիրուհիները նվերներ էին ուղղարկում նորահարսներին և նորափեսաներին, պատրաստում էին մարդկանց, ընտանի կենդանիների, կենցաղային իրերի նմանությամբ ծիսական հացիկներ, թխում էին տարի կոչվող ավանդական կլոր գաթան, որի խորիզի մեջ դրված մետաղադրամը որոշում էր, թե ով է լինելու ընտանիքի ամենաբախտավոր անդամը եկող տարում: Ամանորի ծիսական 7 կերակուրների մեջ մեծ տեղ էր հատկացվում ցորենի հատիկից կորկոտ և չոր մրգերից պատրաստվող կերակուրներին:
     Ներկայումս, իհարկե, շատ ենք հեռացել Ամանորը նշելու մեր նախնիների սովորությունից: Պահպանված հայկական ավանդույթի համաձայն`ինչքան առատ սեղաններով դիմավորենք Նոր տարին, այնքան առատ ու հաջող տարի կլինի: Բայց փորձը ցույց է տալիս, որ չնայած բոլորն էլ ջանք ու գումար չեն խնայում սեղանների առատությունն ապահովելու համար, այնուամենայնիվ, տարին միշտ չէ, որ բարեհաճ է լինում բոլորիս նկատմամբ: Գուցե պատճառն այն է, որ մի տեսակ պարտավորված ենք դիմավորում Ամանորը, առանց անկեղծ ուրախության: Եկեք ուղղակի այս գեղեցիկ տոնը չվերածենք «մրցապայքարի», ուշադրություն չդարձնենք հարևանից կամ բարեկամից հետ չմնալու վրա, Ամանորը դիմավորենք մաքուր սրտով, խղճով, անկեղծ ուրախությամբ, ժպիտներով, բարությամբ, երգ ու պարով, հավատով, որ մեր բոլոր երազանքները իրականանալու են. չէ՞ որ Ամանորի գիշերն իրոք հրաշքները կատարվում են:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
11270 | 0 | 0
Facebook