Կարծում եմ, որ պատկանում եմ մարդկային ցեղի այն դժբախտ ներկայացուցիչների թվին, ովքեր ամբողջ կյանքում մտածելով իրենց երկրի, իրենց ժողովրդի և մարդկային տեսակի բարօրության, ինքնաճանաչման ու ինքնահաշտեցման մասին, ամբողջ կյանքում ինքս ապրել եմ ներքին խռովության ու ներքին անհաշտության մեջ:Միշտ փորձելով օգնել ու հաշտեցնել մարդկանց`ինքս անհաշտ եմ ապրել ինքս ինձ հետ:Միշտ մի ներքին կռիվ, մի տաժանակիր պատերազմ է տեղի ունեցել Իմ և Իմ միջև, որն ինձ հյուծել, իմ մտքերը ջլատել ու ինքս ինձ հյուծելով ինքս իմ դահիճն եմ եղել:Երբեմն ինքս ինձ հարցնում էի.«Ինչո՞ւ չեմ կարողանում հաշտվել այսպես կոչված մարդկանց ու նրանց հրամցրած գաղափարների հետ»:Հիմա արդեն գիտեմ`եթե ինքս իմ հետ անդադար կռվում եմ, ինքս ինձ դատապարտում ու հետո`արդարացնում եմ, ինքս ինձ հետ անհաշտ եմ, ինչպե՞ս կարող եմ հաշտ լինել այն բոլոր այսպես կոչված մարդկանց հետ, ովքեր իրենց գարշահոտ երախների մեջ պահում են այն ազնվական արյան վերջին կաթիլը, որ խոցելով գողացել են այն առասպելական փյունիկից, որը պիտի հարություն տար մեր տանջված, կոտորված, ջնջված երազներին, որոնք մեզ հասել էին զրկանքների ու ինքնազոհողությունների գնով:Ինչպե՞ս հաշտվել այն անհաշտ հասարակության հետ, որի համար վերացել է անցյալը, մոռացվել են մարդկային այն արժանիքները, որոնք մարդուն նմանեցնում էին մարդու ...
Իմ դժբախտությունը իմ ներսում է`ավելի հզոր բոլոր այն դժբախտություններից, որոնք մարդ արարածը կարող է ճաշակել իր կենցաղում…