Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

21:47, cuma, 07 mart, 2014

Մարտի 7-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Պոլիտեխնիկի ծննդյան տարեդարձին և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտած կամ բուհում աշխատած անվանի գիտնականներին։

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՊՃՀ Թանգարան-մշակութային կենտրոնի տնօրեն Արկադի Դուրինյանը և ՀՊՃՀ Ավտոմատացված համակարգերի և մոդելավորման բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, անվանի գիտնական, ակադեմիկոս Հարություն Թերզյանը։

Հ. Թերզյանը շնորհավորեց միջոցառման հյուրերին մարտի 1-ին լրացած Պոլիտեխնիկի ծննդյան տարեդարձի և գարնանային տոների առթիվ և իր խոսքն ուղղեց բոլոր նրանց, ովքեր երբևէ աշխատել կամ սովորել են Պոլիտեխնիկում: Ակադեմիկոսը խորին հարգանքով հիշատակեց այն պոլիտեխնիկցիների անունները, որոնց անտրտունջ աշխատանքի և գիտական արդյունքների շնորհիվ առաջ է մղվել հայ ճարտարագիտական միտքը, և որոնց գիտական նվաճումներով է պայմանավորվել Հայաստանի ճանաչելիությունը միջազգային գիտական շրջանակներում:

Որպես պարկեշտ ու ազնվաբարո գիտնականի օրինակ՝ Պարոն Թերզյանը ներկայացրեց Պոլիտեխնիկի երախտավորներից մեկի՝ հանճարեղ ֆիզիկոս, էլեկտրատեխնիկայի խոշորագույն տեսաբան, էլեկտրամեխանիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, խորհրդային հրթիռաշինության և տիեզերագնացության նախահայր Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանի անցած գիտական փառահեղ ուղին: «Սիրելի պոլիտեխնիկցիներ, անվանի հայ գիտնականների օրինակով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ ներդրում կարող է ունենալ մեկ գիտնականը իր երկրի բարգավաճման գործում։ Այդ անհատներից էր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը, ով համարվում է Հայաստանում էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և էլեկտրոնային գիտության հիմնադիրը: Նրա անմիջական ջանքերով են ստեղծվել և աշխատել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը և «Հայէլեկտրո» խոշոր գործարանը», -ասաց ակադեմիկոսը։

Նկատի ունենալով այս վառ օրինակը՝ նա կոչ արեց երիտասարդներին մի կողմ դնել դժգոհությունները և լծվել աշխատանքի` դառնալ լավ գիտնականներ և զարգացնել հայրենական գիտությունն ու արդյունաբերությունը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Պոլիտեխնիկի շրջանավարտ կամ Պոլիտեխնիկում աշխատած 56 ակադեմիկոսների և ակադեմիայի թղթակից անդամների կյանքից ուշագրավ դրվագներ և արխիվային լուսանկարներ:

Միջոցառման երկրորդ` համերգային մասն ապահովեցին «Ոսկե ձայներ», «HANA» և ՀՊՃՀ «Սասուն» երգի և պարի խմբերը, իսկ դահլիճի նախասրահում բացված ցուցահանդեսում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու պոլիտեխնիկցի անվանի գիտնականների կենսագրականներին, լուսանկարներին և գիտական աշխատություններին։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5126 | 0 | 0
Facebook