Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՊՃՀ-ում սկսվել է հեռակա ուսուցման դիմումների ընդունումը

16:05, cuma, 09 ağustos, 2013

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» թիվ 753-Ն հրամանի և ՀՀ ԿԳ նախարարի 2013թ. օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի 2013 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի հաստատելու մասին» թիվ 1011-Ա/Ք հրամանի՝ հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով 2013-2014 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն:

Համալսարան վճարովի մրցութային հիմունքներով հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Դիմորդներին տրվող արտոնությունները.
     ա) Նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար) իրավունքից՝
     • 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, համաձայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության.
     • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

բ) Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:

Մասնագիտությունների հայտագրումը, քննությունների կազմակերպումը և մրցույթի անցկացումը.
     ա) Դիմորդը Հաստատություն ընդունվելու համար կարող է հայտագրել և մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ բուհի մեկ մասնագիտության ուսուցման մրցույթին՝ հանձնելով այդ մասնագիտության համար սահմանված քննությունները:
     բ) Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ քննաթերթով նախատեսված օր (եր) ին համապատասխան:
     գ) Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 (7.5 միավորը հավասարվում է 8.0 միավորի) և բարձր միավորները: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանումով՝ տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:
     դ) Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
     ե) Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա «Քիմիա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության միասնական քննությունների դրական գնահատականները՝ իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև տվյալ տարվա կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկայի/ների գնահատականը/ները, տվյալ առարկայից/ներից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:
     զ) Այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ և երկու աստղանիշով, մրցույթին մասնակցելու համար մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի տվյալ առարկաների պետական ավարտական քննական գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը.
     է) Ընդունելության մրցույթը կատարում է յուրաքանչյուր բուհ՝ ըստ մասնագիտությունների հատկացված տեղերի և դիմորդի միավորների:
     ը) Մրցույթային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում.
     1) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,
     2) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
     3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
     4) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
     5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
     6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Մրցույթով անցած դիմորդների հետ պայմանագրերի կնքումը, մեկ կիսամյակի համար նախատեսված ուսման վարձավճարների գանձումները և որպես ուսանող հրամանագրման գործընթացը իրականացվելու է մինչև ս/թ. հոկտեմբերի 25-ը:

Փաստաթղթերի ընդունումը.
     Դիմորդը Հաստատության Ընդունող Հանձնաժողովին ներկայացնում է.

     1) դիմում,
     2) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթղթի բնօրինակը,
     3) 6 լուսանկար (3x4 չափսի),
     4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական,
     5) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
     6) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
     7) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան) մնացած լինելու մասին),
     8) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները,
     9) 2013թ.-ի (2012թ.) "Քիմիա", "Ֆիզիկա" և "Մաթեմատիկա" առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր,
     10) տվյալ մասնագիտությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:

Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2013թ. սեպտեմբերի 20-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10: 00-ից մինչև 17: 00-ն:
     Երևանում՝ Տերյան 105, ՀՊՃՀ-ի 2-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, Հեռ. 52-03-45, 54-76-85,
     Գյումրիում` Մ. Մկրտչյան փող. 2, Հեռ. (0312) 4-65-83,
     Վանաձորում՝ Մ. Մաշտոցի թող., թիվ 116, հեռ. (0322) 5-85-70,
     Կապանում` Գ. Արզումանյան փող. 11, Հեռ. (0285) 5-34-61:


    

Մասնագիտությունների ցանկին ծանոթանալու համար այցելեք ՀՊՃՀ պաշտոնական կայք` www.seua.am:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
16575 | 0 | 0
Facebook