«Կրակագույն պատմվածքներ»
Վերջերս «Հայաստան» հրատարակչությունը տպագրել է սերբ գրող, փիլիսոփա, երաժիշտ և թարգմանիչ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուի հայերեն թարգմանությունը։ Այն հեղինակի հայերեն թարգմանված երկրորդ գիրքն է՝ «Հայերը և սերբերը» գրքից հետո։ Գրքի թարգմանիչն է ուսուցչուհի, բանաստեղծուհի Անուշ Բալայանը։ Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Կրակագույն պատմվածքներ» ժողովածուի հեղինակ Լուկա Բարբաթի հետ։ Վերջինս պատմեց Հայաստան կատարած իր ճանապարհորդության մասին, խոսեց հայ և սերբ ժողովուրդների բարեկամության, գրական-մշակութային կապերի մասին։ ------------------------------------------------------------------------- -Լուկայի արձակը ճշգրիտ և զտված է արտահայտում միտքը։ Այդ պատճառով էլ հեշտությամբ և բավարարության զգացումով է այն ընթերցվում։ Աշխարհը, որ մեզ ներկայացնում է Բարբաթը, թվում է հայտնի, ինչու չէ՝ մտերմիկ։ Նրանում ամեն ինչ վստահելի է, հատկապես՝ հերոսները, որոնք ներկայացվում են պատկերավոր, - իր խոսքում ասաց գրքի խմբագիր և հրատարակիչ Վահագն Սարգսյանը։ «Հայերը և սերբերը» գրքի համահեղինակ բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը Բարբաթի արձակը լեզվական առումով չափազանց հարուստ և պատկերավոր բնութագրեց։ Անուշ Բալայանը գրքից օրինակներ նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին։ Լուկա Բարբաթը ծնվել է 1956 թվականին Սերբիայում՝ Բարբաթովացում։ Ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մագիստրատուրան՝ փիլիսոփայություն և մարդաբանություն մասնագիտությամբ։ Դոկտորանտուրան ավարտել է Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում` ստանալով արվեստի վարպետի կոչում։ Հումանիտար գիտությունների դոկտորի կոչումը ստացել է Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկոյի վարչական շրջանի Միջազգային համալսարանում։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է «Քննադատական մարդաբանության և փիլիսոփայության վերահաստատումը ժամանակակից պայմաններում» թեմայով։ Երաժշտությամբ զբաղվել է 1978-1987 թվականներին։ Աշխատել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում՝ որպես հետազոտող ։ 2010 թ.-ից Սերբիայի գրողների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են Սերբիայի գրական ամսագրերում և ժողովածուներում։ Զբաղվում է հասարակական աշխատանքներով և հումանիտար գործունեությամբ։ Սերբիայի «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագահն է։ Լուկա Բարբաթի մի քանի պատմվածքներ գերմաներեն թարգմանությամբ լույս են տեսել անթոլոգիաներում, իսկ մի շարք պատմվածքներ, բանաստեղծություններ և աֆորիզմներ թարգմանվել են հայերեն և սլովեներեն ։ |