Идет загрузка...
Сегодня:  Пятница, 23 Августа, 2019 года

Статьи

«…նրանք գողանալու արտասովոր ունակությամբ են օժտված»

10:23, Четверг, 18 Июля, 2019 года
«…նրանք գողանալու արտասովոր ունակությամբ են օժտված»

Ֆրանսիացի աստղագետ ու ճանապարհորդ Ժան Շապ դ՛Օտրոշը (1722 - 1769), Փարիզի ակադեմիայի հանձնարարությամբ, 1761 թվականին գալիս է Ռուսաստան, որպեսզի Տոբոլսկում դիտի Վեներայի անցումը Արևի սկավառակի առջևով, որը պիտի տեղի ունենար հիշյալ թվականի հունիսի 6-ին: Դիտարկումից բացի, նա նաև ճանապարհորդում է Ռուսաստանում, լինում է Ռիգայում, Պետերբուրգում, Տվերում, Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Կոլմոդեմյանսկում, Վյատկայում, Սոլիկամսկում, Եկատերինբուրգում, Տյումենում: Հայրենիք վերադառնալով՝ նա գրում է «Ճանապարհորդություն Սիբիրում՝ թագավորի հրամանով, 1761 թվականին» ուղեգրությունը, որը տպագրվում է նրա մահվանից մեկ տարի առաջ:

Ներկայացնում եմ մի փոքրիկ հատված այդ աշխատությունից:

Ռուս գյուղացիները շատ վատ են սնվում, հեշտությամբ տրվում են անգործության, նստելով տնակում` այլասերական գործողություններ են կատարում, չարաշահում են օղին, որը, ի դեպ, միշտ չեն կարող ձեռք բերել: Եթե դատենք միայն նրանց քնկոտ կենսակերպով, ապա կարելի է ենթադրել, որ նրանք շատ կարճամիտ են, բայց և այնպես նրանք ցանկացած այլ ժողովրդից ավելի խորամանկ են ու խաբեբա: Բացի այդ, նրանք գողանալու արտասովոր ունակությամբ են օժտված: Նրանք այն խիզախությունը չունեն, որը որոշ փիլիսոփաներ վերագրում են հյուսիսային ժողովուրդներին. ընդհակառակը, ռուս գյուղացուն հատուկ են աներևակայելի վախկոտությունն ու փոքրոգությունը: Նրանք ոչ մի բարոյական սկզբունք չունեն. նրանք ավելի շատ վախենում են Մեծ Պահքին արգելված կերակուրն ուտել, քան մարդ սպանել` հատկապես օտարերկրացու: Ըստ նրանց հավատքի ու համոզման՝ օտարերկրացիներն իրենց եղբայրները չեն…

Այդպիսի կենսակերպը ռուսներին դաժան բարբարոսներ է դարձրել. Դրանք կենդանիներ են, որոնց տերերին թվում է, թե անհրաժեշտ է նրանց երկաթե մահակով քոթակել: Ռուս ազնվականները, միշտ իրենց աչքի առջև ունենալով իրենց դաժան ու չար ստրուկներին, վարակված են ազնվականներին ոչ բնորոշ դաժանությամբ: Բռնակալի, վերադասի և բոլոր պետքական անձանց առջև այդ սողացողները անասելի դաժանությամբ են վերաբերվում նրանց հետ, ովքեր իրենց իշխանության տակ են, ովքեր դիմադրելու ուժ չունեն: Քանի որ Ռուսաստանում ժողովուրդը թագավորի հետ «կիսելիք չունի», կարող է թվալ, թե առնվազն գոնե հաճույքներում կարող է շունչ առնել: Այլ երկրներում գյուղացիները տոներին հավաքվում են. ընտանիքների հայրերը հանգստանում են գինետանը կամ էլ ծառի տակ` գինու շշով, խոսակցություն են վարում աշխատավարձի մասին, երբեմն քաղաքականության մասին, իսկ այդ ժամանակ տակառին նստած վատ ջութակահարն ուրախացնում է նրանց երեխաներին: Այսպիսի հաճույքները Ռուսաստանում անհայտ են. ժողովուրդը հազվադեպ է պարում, բայց մարդիկ տրվում են հարբեցողության ու այլասերության: Այդ ժամանակ չես համարձակվի ճանապարհ ընկնել` վախենալով, թե քեզ կպչելու է այդ տականքը: Տոներին ռուս գյուղացիները սովորաբար իրենց տնակից դուրս չեն գալիս, կանգնում են դռան շեմին և տեղից չեն շարժվում: Անգործությունը, խմելուց ու կանանցից հետո, նրանց համար բարձրագույն հաճույքն է: Եթե ռուս գյուղացու ձեռքը փող է ընկնում, ապա նա միայնակ գինետուն է գնում, հաշված րոպեներում հարբում է, ու այլևս չի վախենում, որ փողերը կարող են թռցնել, որովհետև նա այն մինչև վերջին լուման մսխում է:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1912 | 0 | 0
Facebook
COMMENT.am