Սուֆիական մի հայտնի պատմություն ասում է, թե մի թագավոր իր ամենաօրյա առավոտյան զբոսանքի ճանապարհին մի մուրացկանի է տեսնում ցցված:
-Ի՞նչ ես ուզում, - հարցնում է թագավորը մուրացկանին:
-Այդ հարցը տալով` կարծես ուզում ես ասել, թե դու հնարավորություն ունես ինձ գոհացնե՞լ, - արձագանքում է մուրացկանը:
Խղճուկ մուրացկանը խոցել էր թագավորի ամբարտավանությունը.
-Կասկած լինել չի կարող, որ ես ի վիճակի եմ կատարել քո ցանկությունները: Ի՞նչ ես ուզում, ասա':
Մուրացկանը նրան զգուշացնում է.
-Պատասխանելուց առաջ երկու անգամ մտածիր:
Մուրացկանի հայտնվելը թագավորի ճանապարհին պատահականություն չէր: Նախկին կյանքում նա եղել էր թագավորի հոգևոր ուսուցիչը և խոստացել էր նրան արթնացնել հաջորդ կյանքում. «Դու այս անգամ չհաջողեցիր, բայց ես նորից քո ճամփան կկտրեմ», - հայտարարել էր նա:
Թագավորն իր նախկին կյանքում տեղի ունեցած այդ խոսակցությունը չէր հիշում և շարունակեց պնդել իր պահանջը.
-Ես հարուստ եմ ու հզոր, դու ի՞նչ կարող ես խնդրել, որ ես չկարողանամ քեզ տալ:
-Հասարակ բան, - պատասխանում է մուրացկանը, - գավաթս լիքը լից:
Թագավորը կանչում է իր վեզիրներին և կարգադրում նրա գավաթը լցնել ոսկեդրամներով: Բայց որքա~ն մեծ է լինում նրանց բոլորի զարմանքը, երբ նկատում են, որ գավաթի մեջ ընկնող դրամներն անհետանում են: Լուրն այն մասին, որ թագավորը չի կարողանում լցնել մի խղճուկ մուրացիկի գավաթը, կայծակի արագությամբ տարածվում է: Թագավորն անհանգստանում է ու վեզիրներին ասում.
-Եթե նույնիսկ ամբողջ թագավորությունս արժենա, պիտի գավաթը լցնել. ես չեմ կարող համակերպվել այս բոկոտնի ծաղրի առարկան դառնալու մտքի հետ:
Վեզիրները գավաթի մեջ են լցնում մարգարիտներ, զմրուխտներ և այն ամեն ակնեղենը, որ կար թագավորի գանձարանում: Բայց գավաթը դարձյալ դատարկ է մնում:
Երեկոն վրա է հասնում, ամբոխը լուռ ու մունջ սպասում է հետագա ընթացքին: Թագավորն հանկարծ զգում է, որ իրեն լքում է գերազանցության զգացումն այդ թշվառականի նկատմամբ: Նա խոնարհվում է մուրացկանի առաջ և ասում.
-Դու հաղթեցիր, ընդունում եմ: Բայց ասա ինձ, այս կախարդական գավաթը ինչի՞ց է պատրաստված:
-Մարդու գանգից, - պատասխանում է մուրացկանը, այն շինված է մտքերից, ցանկություններից, և դրանում է նրա գաղտնիքը: