Այս տարի «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրին մասնակցած ավելի քան 400 աշակերտներից 26-ը ճանաչվել են «լավագույն» , իսկ 37-ը՝ «ակտիվ» ընթերցողներ:
Լավագույն ընթերցող են ճանաչվել Աբովյանի N2 հիմնական դպրոցի աշակերտներ Նատալի Համամջյանը, Լուսե Հակոբյանը և Նարե Գևորգյանը, ակտիվ ընթերցողներ՝ Արամե Գրիգորյանը, Նարե Հակոբյանը և Վիկա Եղիազարյանը:
«Ամառային ընթերցանություն-2018» ծրագիրը խրախուսական տարբեր արտոնություններից բացի «լավագույն» ընթերցողներին շնորհում է գլխավոր պարգև, ըստ որի «Ամառայի ընթերցանություն» ծրագրի տնակ-գրապահարանը 6 ամսով հյուրընկալվելու է Աբովյանի N2 հիմնական դպրոցի գրադարանում:
«Տնակ-գրապահարանները» ներկայացվելու են հանրապետության միայն 16 հանրակրթական դպրոցներում: Դպրոցի աշակերտները 6 ամիսների ընթացքում կարող են ընթերցել և փոխանակել տնակ-գրապահարանում ընդգրկված շուրջ երեք տասնյակ գրքերը, որոնք դասական և համաշխարհային մանկապատանեկան գրականության լավագույն նմուշներ են:
Աբովյանի N2 հիմնական դպրոցի տնօրենությունը խրախուսում է «Լավագույն ընթերցող» ճանաչված աշակերտների ընթերցասիրությունը և հույս հայտնում, որ առաջիկայում նրանց շարքերը կընդլայնվեն: