Երևանի Ստ. Լիսիցյանի անվան հ. 34 հիմնական դպրոցում մարտի 7-ին վեցերորդ դասարանի (ուսուցչուհի՝ Ժ. Աղաքարյան) աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվին:
Միջոցառումը հագեցած էր բարձր գաղափարայնությամբ: Խորհրդանշական էր հատկապես սկիզբը. հանդիսավոր զանգերի ղողանջի ներքո աղոթքի նման հնչեց հայոց այբուբենը, ապա ներս բերվեց հայոց պետական դրոշը:
Ոսկեղենիկ հայոց լեզվին նվիրված բարձրարվեստ ստեղծագործությունների գեղեցիկ ասմունքով, երաժշտական կատարումներով ու բեմականացված փոքրիկ դրվագներով ներկայացվեց մայրենի լեզվի անցած ուղին:
Մասնակիցներն առանձնակի ջերմությամբ անդրադարձան Մ. Մաշտոցի կերպարին ու նրա սխրանքին:
Ցերեկույթի վերջում դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանը բարձր գնահատեց միջոցառման կարևորությունը մատաղ սերնդի բարոյական նկարագրի, արժեհամակարգի ձևավորման և սերն առ մայրենին միշտ վառ պահելու գործում: