Հատկապես երբ մարդ է մահանում՝ շատերը տխրությամբ արտաբերում են այս արտահայտությունը: Ոմանք, անշուշտ, ճշգրիտ գիտեն, թե որտեղից է այն թև առել, ոմանք մոտավոր տեղեկություն ունեն, իսկ ոմանք էլ պարզապես չգիտեն ու կարծում են, թե արտահայտությունը աստվածային զորության ու կամքի ընկալման սովորական բանաձևումներից մեկն է:
Նախ՝ ասեմ, որ «Աստված տվեց, Աստված առավ» -ի ակունքը Հին կտակարանն է, միայն այն տարբերությամբ, որ Հին կտակարանում գործածված է «Տեր» եզրը:
Արդ՝ Հին կտակարանի Հոբի գրքում խոսվում է այն փորձությունների մասին, որոնք Աստված ուղարկում է Հոբին (ոչնչանում է նրա ամբողջ ունեցվածքը, կործանվում է նրա տունը, մահանում են նրա երեխաները. «Եվ ահա մի հողմ եկավ անապատի այն կողմից և դիպավ տան չորս անկյանը, և տունը ընկավ տղաների վրա, և նրանք մեռան»): Այս մեծ դժբախտությունները տեսնելով՝ Հոբը պատռում է իր վերարկուն, երկրպագություն է կատարում և ասում է. «Մերկ դուրս եկա իմ մոր արգանդից, և մերկ պիտի դառնամ այնտեղ: Տերը տվեց և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի»:
Գիրքն ասում է, թե Աստծո ուղարկած բոլոր փորձությունները Հոբն անտրտունջ տարավ՝ չկորցնելով հավատը: