Սահակ Պարթեւ (348-439)
Ս. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ (348-439) Ս. Սահակ Պարթևը՝ ս. Ներսես Մեծի որդին, ծնվել է Կեսարիայում: Երկար տարիներ ուսանելով ծննդավայրի, այնուհետև Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր դպրոցներում՝ նա տիրապետել է հունարենին, պարսկերենին և ասորերենին: 387 թ. ձեռնադրվել է հայոց հայրապետ: Գրերի ստեղծումից հետո շուրջ քառորդ դար ս. Մեսրոպ Մաշտոցի հետ հայրապետը զբաղվել է իր հայրենիքի հոգևոր կյանքի բարենորոգմամբ և ամենուրեք տարածել հայոց դպրությունը. կարգավորել է Տոնացույցը, գրել բազմաթիվ կանոններ, եղանակավորել է Պատարագամատույցը, հորինել շարականներ, ծիսական աղոթքներ, ինչպես նաև մեծ դեր է ունեցել Աստվածաշունչ Մատյանի թարգմանության գործում:
Երբ Պարսկաստանը պատերազմ հայտարարեց Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանը, ս. Սահակը, ընդառաջ ելնելով, փորձեց կանխել արյունահեղությունը, սակայն ճանապարհին վախճանվեց Բագրևանդ գավառի Բլուր գյուղում: 4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ:
|