Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ամատունիների շառավիղները

01:54, Пятница, 29 Ноября, 2019 года
Ամատունիների շառավիղները
     «Նիդերլանդական օրագրի» նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Ամատունիների մասին
    
     Հայոց պատմության մութ ու լուսավոր խորշերից առանձնակի պայծառությամբ ու շեշտադրությամբ փայլատակում ու առանձնանում է ազնվական ծագում ունեցող ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐԻ տոհմը:
     Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են հասնում նրանց շառավիղները...
     ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ: Որքան էլ պատմական տվյալները ժլատ լինեն, այնուամենայնիվ Ամատունիների մասին մեզ հասած տեղեկությունները խորհելու, վերլուծելու և հետագա եզրահանգումների տեղիք են տալիս, Այս տոհմը ներկայացնողներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ընդունակություններով, կողմնորոշվելու ու խելացի որոշումներ ընդունելու ունակաությամբ: Ովքե՞ր են Ամատունիները Նրանց մասին հայկական սովետական, Վիքիպեդիա ինտերնետային և այլ հանրագիտարաններում կարող ենք կարդալ հետևյալը՝ արիական ծագում ունեցող հայ նախարարական հնագույն տոհմ. ԱՐՏԱԶ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթներից է: Հայոց արքունիքում ունեցել են ազդեցիկ դիրք, վարել են հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես խորենացու՝ «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, որ եկել են արյաց երկրից, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել ըստ հույսի: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ» ։ (Պատմություն Հայոց, Վենետիկ, 1881, էջ 288-289)
    
Թովմա Արծրունին գրում է՝ «Իսկ զանուն քաղաքին կոչեցին Արտամատ, որ թարգմանեալ ստուգաբանի Արտաշէսի ձեռակերտ կամ թէ Արտաշէսի եկք, զի ըտ պարսիկ ձայնի Մատ եկք թարգմանի»: (Պատմություն Արծրունեաց, Կ.Պ., 1852, էջ 57)
Զարմանալին այն է, որ Խորենացին ԱՀՄԱՏԱՆ-ի նմանությունից չի ստուգաբանում նրանց անվան ծագումը, որը Ղուկաս Ինճիճյանի (1758-1833) համաձայն հնարավոր է (Հնախօսութիւն, Բ., էջ 164, ծն. 1): Կամ նույնիսկ չի բխեցնում ՄԱՆ բառից:
Ըստ Բարսեղ Սարգիսյանի (1852-1921), Մովսես Խորենացու «հնարագիտութիւնն» է Ամատունիների հրեական ծագումը: Այն միտված է ընդունելու թե «ի ժամանակս Տիգրանայ հանդիպեցաւ նոցա մուտքն ի Հայս ...» (Ագաթանգեղոս եւ իր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ, 1890, էջ 89):
Գրիգոր Ղափանցյանը (1887-1957) գրում է՝ «Խոռից Խորենացին կազմում է Խոռխոռունի նախարարությունը, այսինքն պիտի ընունենք, որ այդ ազդեցիկ իշխանությունը խուռիական ծագում ունի, ինչպես Մանդակունիները Manda ցեղից, Սլկունիները Sale ցեղից (Salak և Malak անուններից), Ամատունիները Mada (Մեդացի) ցեղից և այլն» (Պատմութիւն Ուրարտուի, Երևան, 1940, էջ 34-35):
Ամատունիները կարող են նաև «ուրարտական» սերունդ լինել: Բասմաջյանը Ամատունին նույնացնում է Ամադանի հետ, իսկ ուրիշները Շամատուանի հետ (Նիկոլսկի):
Ն. Ադոնցը նրանց անվան ծագումը կապում է Հերոդոտոսի հիշատակած մատիեններ ցեղանվան հետ։ Բազմաթիվ հետազոտողներ Ամատունի ազգանվան ծագումնաբանությունը հետևյալ կերպ են ներկայացնում՝ Ամո - վերածնունդ և տուն (ծուխ, տուն, օջախ): Այսպիսով ազգանվան հիմքում կա բարձր տան ներկայացուցիչ, նախարար, ազնվական բացատրությունը:
    
    
     3-րդ, 4-րդ դարերից հայտնի է Օտա Ամատունի իշխանի անունը: Նրա ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են: Տրդատ Գ թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Պարսից կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին: Իսկ երբ Տրդատ Գ-ն հաստատվել է գահին, Օտա Ամատունին նշանակվել է նախարարապետի պաշտոնին։ Ըստ Ագաթանգեղոսի` «...Թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով ավագ նախարարին ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել»: Խոսքը Գրիգոր լուսավորիչի մասին է, երբ քրիստոնեա ապստամբները ճնշում են գործադրել Տրդատ Գ Մեծ թագավորի վրա:
     Վարկած կա, և դա մասնավորապես հաստատում են Օտյան առանձնահատուկ ազգանվան կրողները, որ իրենց գերդաստանի ակունքները գալիս են Օտա Ամատունուց: Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը և էլի շատ ուրիշ անվանի մարդիկ:
    
     Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից տեղեկանում ենք. Սանեսան թագավորի զորքերի դեմ (336թ) Օշականի ճակատամարտում Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը, որն ստիպված հեռացել էր Կոգովիտ գավառի Դարույնք բերդը, փայլուն հաղթանակից հետո Ամատունի իշխան Վահանին է նվիրում Օշականը, որն այնուհետև Ամատունիների ավանդական նստավայրը դարձավ: Եվ ընդհանրապես Օշականը Ամատունիների համար այն բնակավայրն է, որ համեմատաբար անապական է մնացել, չի ասպատակվել օտար նվաճողների ավերվածություններից, հետևաբար հանդիսացել Ամատունիների շառավիղների մի ճյուղի պահպանման լավագույն նախապայմանը, ինչին դեռ կանրադառնանք:
     IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ. թագավորին: փորձը ձախողվում է Սասանյան պարսից Արտաշիր թագավորը Ամատունուն և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։
     Վահան Ամատունու շառավիղից, հաւանաբար` թոռը, Վահան Բ. Ամատունի իշխանը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, հայտնի իր իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ արժանիքներով իր ուսուցիչ Սեսրոպ Սաշտոցի դին էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի-դամբարան։ 439-ին Մաշտոցի վախճանվելուց հետո Վէճ ծագեց թէ ո՞ւր պիտի հանգչի վարդապետի մարմինը: Մեծ հեղինակություն վայելող Վահան իշխան Ամատունին կարողացավ բոլորին համոզել, որ Մաշտոցին տեղափոխեն իր նստավայր Օշական: 442-ին իշխանը նրա գերեզմանին կառուցում է գմբեթաւոր կլոր եկեղեցի: Ինքը' Վահան Ամատունին, Օշականում բնակվող իր հարազատներին կտակում է իրեն թաղել Մաշտոցի շիրիմից 40 բազուկ հեռավորությամբ:
     Ավարայրի պատերազմից առաջ, երբ պարսից Հազկերտ շահը փորձեց հայ ժողովրդի վզին փաթաթել զրադաշտականությունը, Տիզբոն գնացող նախարարների մէջ էր Վահան Ամատունի Հայոց Հազարապետը, որը մերժեց պարսից շահի ստորացուցիչ առաջարկը: Արտաշատում հրավիրված հատուկ ժողովովում Վահան Ամատունին վերհաստատվում է, որպես հազարապետ: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք
     հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված», - գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Պարսիկները ներխուժեցին Հայկական տարածք իշխան Առանձար Ամատունին հետախուզեց հակառակորդի տեղաշարժերը, զորքերի քանակը, կազմը և դիրքավորումը, ապա 2000 մարտիկով դարանակալեց և ոչնչացրեց շրջակա հայկական բնակավայրերն ասպատակող պարսկական զորամասը, իսկ մնացածներին հալածեց մինչև նրանց զորաճամբարը:
     VI-ից – VII դարերի Պտղնի գյուղում գտնվող վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական անզուգական ու եզակի` Պտղավանք հուշարձանից, հայտնի է դառնում, որ այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին, պատկերաքանդակներից մեկը փորագրված է «ՄԱՆՈԻԵԼ ԱՄԱՏՈԻՆԵԱՑ ՏԵՐ» մակագրությամբ։
     Մի կողմ թողնելով կիսավեր այս կառույցի եզակի ու վեհաշուք ճարտարապետական ոճին անդրադառնալը, նշենք, որ այն հարուստ է բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը, իսկ զարդակամարի աջ մասում` առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին ՝ Մանուելի որդին: Ուշագրավ է նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարը և արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը: Շատերն այն նույնացնում են Աստվածաշնչի Դանիելի` գբում պահվող առյուծներին: Այստեղ մեկ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել, որ ամատունիների իշխանական նշանակում (գերբում) առկա են թե արմավենին և թե խոցվող առյուծը, որ հզոր, բայց պարտվող թշնամու խորհրդանիշ է: Այս տեսանկյունով Պտղավանքի հիշյալ խորհրդանիշերը տարբերվում են մյուս վայրերի հին հուշարձանների զարդաքանդակներում պատկերվածներից:
    
     Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը մանրամասն վերլուծել է այս արձանագրությունը և իմի բերել Պտղնավանքի և Ամատունյաց տոհմի մասին եղած տեղեկությունները գրել է.
    
    
«Հինգերորդ դարի վերջում և 6-ի սկզբում Ամատունեաց նահապետն էր Մանդեն, որ մասնակից էր Բաբկեն կաթողիկոսի ժողովին, 505 թվին։ Այնուհետև Ամատունի իշխանի հիշատակություն չունենք մինչև 6-րդ դարի վերջը, երբ հանդես է գալիս Կոտիտ Ամատունեաց տէրը, որը պետք է ապրեր 590- 600 թթ հետո։ Պատկերաքանդակին հիշատակված Մանուել Ամատունեաց տերը պետք է ապրեր 510—590 թվերի մեջ»:

    
     Գիրք թղթոցի 552-53 թվականի մի այլ վավերականում Ներսես Բ-ի միաբանական թղթին ստորագրում են մի շարք իշխաններ, ոմանք իրենց տոհմական, և ոմանք միայն հայրանունով։ Դրացանից մեկը` «Սահակ Մանուելյան», որին պիտի համարել տաճարի հիմնադրի որդին։
Այս հավանական ենթադրությունների և տվյալների վրա Պտղավանքի շինության ժամանակր ենթադրվում է 6-րդ դարի երկրորդ քառորդը` Մանուել Ամատունեացին համարելով Մանդենի որդին, իսկ Կոտիտին Սահակ Մանուելի Ամատունու որդին:

     Ը
ստ հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկության` 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, 12 հազար հայ` տղամարդ, կին եւ երեխա, Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ` այլ հայ նախարարների եւ իշխանների, նաև` նրանց հեծելազորի հետ թողնում են Հայաստանի կենտրոնական շրջանները և ուղեւորւում հունաց աշխարհ, այսինքն` Բիուզանդիա: Արաբական զորքերը հետապնդում են երկրից հեռացող հայերին, որոնք Կոխ գավառում նրանց պարտության մատնեցին, իսկ իրենք, անցնելով Ակամսիս կամ Ճորոխ գետը, Եգերների երկրով մտան Պոնտոս: Բիուզանդական կայսր Կոնստանտինը նրանց ընդունեց բարեհոգաբար, հաստատեց նրանց նախարարական իրավունքները և նրանց բնակեցրեց բարեբեր երկրամասում:
     Ահա այսպեսի ճակատագրով հայ իշխանական տները կորցրել ու վերականգնել են իրենց իրավունքներն ու կոչումները: Այդ արտագաղթի առիթով հիշատակվում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլև` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788): Համշենի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թվագրել 789 կամ 790 տարեթվերով` Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ: Ցավոք վերջին դարերում, սկսած 1690-1700 թվականներից համշենահայությունը ենթարկվել է բռնի իսլամացման: Հր. Աճառեանի տվյալներով մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնյա համշենցի եւ մոտ նոյնքան էլ մուսուլման համշենցի: Քրիստոնյա համշենահայությունը հայոց ցեղասպանության ժամանակ դարձավ թուրք վանդալների զոհը: Բացառված չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը և առ այսօր բնակվում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորույթները: Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առավել զանգվածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո համշենահայերն սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածվեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Այսպիսով Ամատունիների մի ճյուղից ձևավորվում է համշենահայությունը, որի մասին հպանցիկ հակիրճ անրադարձ կատարեցինք:
    
     Դժբախտաբար պատմական անցյալից Ամատունիների մասին ամբողջական ու մանրամասն տեղեկություններ անհնար է հավաքել, քանզի հայոց պատմության ողբերգական էջերում, միշտ էլ թշնամու հետապնդման թիրախում հայտնվել են հայոց արքայական ու նախարարական տոհմերը ու նրանց ժառանգների մասին ժամանակագրությյան տրամադրած տվյալներն ընդհատվում են: Հայ միջնադարյան իշխանությունները բազմաթիվ հարվածներ են կրել, նաև մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք) ։ Այդ իսկ պատճառով Հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում ըստ արժանվույն իրենց դրսևորել են Ամատունիները:
    
     Գրիգորը (Գեորգի) , Վահանը ծառայել են իրանական շահին և եղել են Նախիջևանի մելիքները, հենց նրանց հետնորդներն էլ, որոնց հետ կապ ենք գտել Օշականում ապրող Ամատունիների հետ, տեղափոխվել են Վրաստան: 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս (Սերգեյ) Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս, հաստատելով Ամատունիների գերբը: Վրացական թագավորների կողմից նման կարգի վավերացում պատմության մեջ աննախադեպ է և հայտնի չէ: իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա որդիներ Ռաֆայելին և Միխաիլին, ինչպես նաև եղբորորդի Իվան Գեորգիի Ամատունուն շնորհում է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: 1850թ. նոյեմբերի 30-ի, 1858թ.դեկտեմբերի 17-ի և 1859թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ էլ իշխանական տոհմի շնորհին է արժանանում նրանց որդիները' Պետրոս, Միխայիլ, Նապոլիոն Հովհաննեսի (Իվանի) , Գեորգի Միխայիլի և Նիկոլայ Ռաֆայելի Ամատունիները: Հիշյալ տվյալները, ինչպես նայև Ամատունիների այս տոհմածառը, ձեզ ենք ներկայացնում 1996թ Մոսկվայում հրատարակված «Дворянские роды российское империй» գրքի 4-րդ հատորից, որը հետագա հիմք հանդիսացավ մեր լրացուցիչ ուսումնասիրությունների:
     Եթե ուշադիր նայենք «Дворянские роды российское империй» գրքում հրապարակված այս տոհմածառին, ապա հստակ է, որ այն ամբողջական չէ: Ազարբեկի որդի Պետրոսը (Պյոտր) ունեցել է երեք որդի' Իվանը (Հովհաննես), Սերգեյը (Սարգիս) և Գասպարը: Թերևս այս տոհմածառում ընդգրկված են Սերգեյի (Սարգիսի) ժառանգորդները, ովքեր ազդեցիկ գործունեություն են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում, զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
     Թերևս այստեղ ամբողջական չեն Ազարբեկի որդի Պետրոսի մյուս որդիների' Իվանի (Հովհաննես) և Գասպարի ժառանգների մասին տեղեկությունները:
     Ամատունի Իվանի (Հովհաննեսի) մասին հետևյալը պարզեցինք, կրկին Վրաստանում ապրած ամատունիներից` խոշոր մեծահարուստ-բարերար է եղել, , ծնվել է Նունիս գյուղում, Պետրոս Ամատունի Ազարյանի որդին է: 1777-84 թթ. իր որդու հետ վերանորոգել է Ջգրաշենի եկեղեցին ու զանգակատունը, որի վերաբերյալ պահպանվել է համապատասխան վիմագիր: Բնակվել է Թիֆլիսին Չուղուրեթի պետական կալվածք-գյուղում, որը նրանց տոհմական սեփականությունն է եղել: Այս բնակավայրը հետագայում միացվել է Թիֆլիս քաղաքին՝ որպես արվարձանային թաղամաս: Նրա որդիներն են՝ Սարգիս, Կարապետ և Հակոբջան (Յակով), Ամատունիները:
     Վերջինս' Հակոբջանը (Յակով) ևս բարերար-մեծահարուստ է եղել և շարունակել է հոր գործը
     Ի դեպ Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին վրաստանի թագավոր Իրակլին 1795թ. մշտական վերահսկողության է հանձնել Ամատունիների տոհմաճյուղին, որի նախնիները, ինչպես արդեն նշեցինք եղել են Նախիջևանի մելիքներ: Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի հայկական եկեղեցի էր Հին Թբիլիսիում, Վրաստանում։ Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով` այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։
     Կրկին խնդրում ենք ուշադրություն դարձնել «Дворянские роды российское империй» 1998. том 4. գրքում զետեղված ամատունիների տոհմածառին:
     Ազարբեկի որդի Պետրոսի 3-րդ որդին Գասպարն է, այս ճյուղը Ղազարից (Լազար) ու Եսայուց (Իսայի) հետո հասնում է Նիկոդիմոս Ամատունուն: Նույնպես հստակ է, որ գրքում ներկայացված Գասպարի տոհմածառի ճյուղը լրիվ չէ, նրա 3 որդիներից նշված է Ղազարի (լազար), իսկ վերջինիս 5 որդիներից միայն Եսայու (Իսայի) անունը: Այս տոհմածառը սահմանափակվում է Եսայու 3 որդիներից ավագի` Նիկոդիմոս Ամատունու
     անունով: Թեև Նիկոդիմոս Ամատունին գործունեություն է ծավալել Վրաստանում, ապա և Ռուսաստանում, անվերապահորեն ճշտվեց այն կապը, որ նա ունեցել է Օշականի Ամատունիների հետ` հետևաբար Թբիլիսիի Ամատունիների հետ Օշականի Ամատունիների ազգակցական սերտ կապը:
     Այս կապն ամբողջությամբ բացահայտվեց, երբ Ամատունիներին նվիրյալ Օշական գյուղում Արամ Հայրապետյանը մեզ տրամադրեց Ամատունիների մեկ այլ տոհմածառ: ՈՒրախալին նա էր, որ այն համընկավ մեզ մոտ եղած «Дворянские роды российское империй» . 1998. том 4 գրքի տոհմածառի սխեմայի ձախ հատվածում նշված ճյուղին: Ազարյայի որդի Գասպարի ճյուղն այստեղ արդեն ամբողջական լրացված տեսքով էր, կային Գասպարի որդի Լազարի (Ղազարի) արդեն հինգ զավակների անունները' Թաթոսի, Գևորգի, Վարդանի, Ավագի և մեզ արդեն հայտնի' Նիկոդիմոսի հոր Եսայու անունները: Սա արդեն իսկական հայտնագործություն էր: Մեզ մնում էր բացահայտել և փնտրել Օշականում ծնված Նիկոդիմոսի հոր` Եսայի քահանայի, նրա եղբայրների ու հետնորդների մասին տեղեկությունները:
    
Ինքը` Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին, թաղված է Օշականի եկեղեցու բակում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի և Վահան Ամատունու գերեզմանի ճիշտ միջնամասում: Նա մեծ նպաստ է ունեցել 1879 թվականի Օշականի եկեղեցու նորոգման, նոր դպրոցի կառուցման ու 1884 թվականի եկեղեցու զանգակատան շինարարության աշխատանքներին: Միջնակ որդին` Գարեգինը եղել է դպրոցի հոգեբարձուների խորհուրդի նախագահը, գյուղի տանուտեր, այսպես ասած՝ Գլավնի, որն իր մեջ ներառում է ևս մի քանի գյուղերի վարչական ղեկավարումը: Մյուս որդին` Վահանը, Օշական գյուղի բանկի վարչության անդամն էր ու բանկի հաշվապահը: ՀՀԴ անդամ էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Եսայու եղբայրներից մեկի` Գևորգի որդին, հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր վարդապետ Սահակ Ամատունին է:
Դժբախտաբար, ինչպես վիքիպեդիայի հանրագիտարանում է նշված, Օշականում ապրող Ամատունիների մեծամասնությունը հեռացել են կյանքից, մյուսները տեղափոխվել են բնակության այլ վայրեր ու հայտնի այս գյուղում իրական Ամատունիների շառավիղից

     քիչ մարդ է մնացել, Մի մասն էլ այս ազգանունը փոխակերպել է պապական անուներով` ինչպես Ալավերդյանները (Ալավերդիենց), Կուրղինյաններ (Կուրղինենց), կամ հենց Ամատունիների տոհմածառը մեզ տրամադրած Արամի նախնիներն իրենց Ամատունի ազգանունը դարձրել են Հայրապետյաններ: Մինչդեռ այս մարդիկ մեզ հայտնի Գասպար Ամատունու ճյուղից են: Ազգանունների ձևափոխությունները ստալինյան դարաշրջանի հետևանք է, երբ մարդկանց ստիպել են կրել իրենց պապի անունը` ավելացնելով յան ածանցը:
    
Հ.Գ-Նիկոդիմոս Ամատունու մասին արդեն որոշ բացահայտումներով հանդես ենք եկել «Նիդերլանդական օրագիրի»` Ամատունիների իշխանական տոհմը նախագծի շրջանակներում:
Ըստ էության մենք նոր սկսում ենք նախագծի ընթացքը: Ամատունիների մասին պատմող հետաքրքիր նյութեր և լուսանկարներ կարող եք ուղարկել մեր էլ.փոստին.
dear.press@yandex.com կամ կապվել մեր ֆեյսբուքյան էջին:
Այս նախագծով շարունակելու ենք նորանոր տեղեկություններ հայտնել իշխանական այս տոհմի հետնորդների մասին:

    
Օշականին վերաբերվող լուսանկարները` Վ.Ամատունու

    
Պտղավանքին վերաբերվող լուսանկարները և Ամատունիների գերբը տրամադրել է Րաֆֆի Գևորգյանը
________________

    
ՈՒշադրություն

    
Հիմա կարելի է հակառակ դրսևորումների էլ հանդիպել: Ոմանց դուր է գալիս իշխանական այս ազգանունը և նորաձևության պատյանի քողի տակ պարզապես իրենց համարում են Ամատունի:
     Օշականում մենք հանդիպեցինք Գարեգին Ամատունուն, ում պապի հայրը` վերևում հիշատակված Եսայի քահանայի տղա Գարեգինն է եղել, գյուղի տանուտերն ու Նիկոդիմոսի եղբայրը: Այս փաստն էլ մեզ հարուստ տեղեկություններ հավաքելու հնարավորություն տվեց պարզելու և ուսումնասիրելու Օշականի Ամատունիների մասին մի քանի անհայտ ու հանրությանը հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մենք Գարեգինից ստացանք արժեքավոր լուսանկարներ, որ մինչև օրս հրատարակված չեն եղել որևէ տեղ և հրապարակման հեղինակային իրավունքը Նիդերլանդական Օրագրին է պատկանում:
     Հույս ունենք, որ մի օր Գարեգինին կհաջողվի իրականացնել իր երազանքը և հայրենի Օշական գյուղում իշխանական ծագում ունեցող իր նախնիների մասին պատմող թանգարան կհիմնադրի:
    
    
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում: Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Գերեզմանը անմխիթար վիճակում է և լավ կլիներ այն փրկելու համար գտնվեին հովանավորներ... Պետք է շնորհակալություն հայտնենք սփյուռքի նախարարությանը, քանի, որ «Նիդերլանդական օրագրին» որպես մրցանակ հանձնված 220 հազ դրամը ևս օգտագործվել է այդ նպատակին: Հիմնական ծախսերն իրականացվում է մեր սեփական միջոցներով: Երախտապարտ կլինենք նրանց, ովքեր տարբեր միջոցներով (նյութերը տարածելով) օգտակար կլինեն մեզ:

    
https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html
«Նիդերլանդական օրագիր»
     -----------------------------------
    
     Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
    

    
Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ.
     Նոր բացահայտումներ
    
     Մեզանում անտեսված ազնվականության դասը
Դարեր ի վեր Հայոց պետականության կորստի, այնուհետև օտար տիրակալների քմահաճ, զավթողական վերաբերմունքի պայմաններում հատկապես մեծ հարված հասցվեց հայ ազնվական դասին, շատ գերդաստաններ պարզապես կանգնեցին վերացման եզրին, նրանց մի մասից խլվեցին ունեցած իրավունքներն ու արտոնությունները, մյուսները չենթարկվելով անարդարությանը պարզապես հանգրվան գտան օտարության մեջ: Շատ քիչ ազնվական տոհմերի ներկայացուցիչներ կարողացան իրենց մենաշնորհն ու դիրքը մինչև վերջ օգտագործել՝ ընդհուպ բոլշևիկների Խորհրդային երկրի ստեղծումը, որով էլ խաչ քաշվեց և վերացվեց անգամ ԱԶՆՎԱԿԱՆ բառի գործածությունը: Ամատունի և մյուս հայտնի տոհմերի շատ անվանի զավակներ, հավատարմորեն ու անձնուրաց մինչև կյանքի վերջ ծառայեցին իրենց ժողովրդին: Թեև բոլշևիկների տիրապետությունը վերջ դրեց ազնվականության դասի գոյությանը՝ թեև նրա որոշ ներկայացուցիչներ, արդեն իրենց տիտղոսը պաշտոնապես՝ իրենց ազգանունից առաջ չեն կրել, բայց և այնպես շարունակել են իրենց նախնիների ավանդույթները, շարունակել են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական և այլ շրջանակներում: Ցավոք, նրանց մասին քչից-շատից ավելի հիշում են Ռուսաստանում և հարևան Վրաստանում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Առաջին անգամ հայ իրականության մեջ, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս նրանց համար անհայտ, բայց իր գործունեությամբ բավական հայտնի մի անուն` իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունի:

    
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) Իշխան, Ամատունիների ազնվական տոհմից՝ նրա ազգակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի հրովարտակով, ապա 1826 թ. Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարի հրամանով: Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

    
1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:

    

Հայկական հանրությանը անհայտ, բայց բավականին հայտնի մարդը


    
    
     Դժբախտաբար իրականություն է, որ հայ հասարակայնությանը հայտնի էլ չէ նրա անունը, մասամբ էլ՝ կորսված սոցիալիստական կեղծ ժամանակաշրջանի վակումի ու թանձր վարագույրի պատճառով: Նրա մասին, անգամ հայկական հանրագիտարաններում և պատմական աղբյուրներում ոչինչ չկա: Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավոր պատկերացում կազմել՝ թե ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ասենք, որ նա՝ հայ եկեղեցական, գրական կյանքում հայտնի, «Հայոց բառ ու բան» բառարանի և այլ աշխատությունների հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունու հորեղբոր տղան է, այն ժամանակ բավական հայտնի, Օշականի ավագ քահանա տեր Եսայու որդին` մի մարդ, որի եռանդուն նախաձեռնությամբ հիմքից վերականգնվեց Օշականի եկեղեցու շենքը:
    
    
    
Սահակ Վարդապետ Ամատունին՝ «Հայոց բառ ու բան» բառարանի հեղինակը: Ժամանակին հեղինակը գիրքը նվիրել է Նիկոդիմոս Ամատունուն:

    
    
    
Հիշյալ հոդվածի հեղինակ՝ Վահան Ամատունին` իր պապի եղբորորդի, Օշական գյուղի 60-ականների ավագ քահանա` Վազգեն Ամատունու հետ: Նիկոդիմոս Ամատունին նրանց պապի հորեղբոր և պապի եղբոր տղան է:

    
     Նիկոդիմոս Ամատունու մասին իմացել և լսել եմ մանկուց, ուրախ ու հպարտ եմ, որ նրա ազգականն եմ ու նրա անունը, գործն ու մարդկային հատկանիշները ուժերիս ու աջակիցներիս ջանքերով բացահայտելու եմ՝ ափսոս միայն այսքան ուշացումով, երբ ավելի վաղ շատ վկայություններ կարելի կլիներ հայթայթել: Միակ տեղեկություններ հավաքելու աղբյուրը նրա հարազատներն էին: Մտահաղացումը կար, լրագրող աշխատած տարիներին պետք է հանդիպեի Նիկոդիմոսի եղբոր թոռանը՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ՝ Իշխան Ամատունուն: Նա խոստացել էր հարուստ տեղեկություններ ու փաստեր տրամադրեր Նիկոդիմոս Ամատունու մասին: Ցավոք վաղաժամ մահը, այնուհետև խորհրդային երկրի փլուզումը տասնամյակներով հետ պահեց նպատակի իրագործումից: Միայն տարիներ անց, երբ ինտերնետում ժլատ կենսագրական տեղեկություններ հայտնվեց Նիկոդիմոս Ամատունու մասին, հնարավորություն ունեցա հանդիպել երջանկահիշատակ Իշխան Ամատունու որդուն՝ Գարեգին Իշխանի Ամատունուն: Նրա տրամադրած Նիկոդիմոս Ամատունու և Տեր Եսայի քահանայի ընտանիքի լուսանկարները անկրկնելի են ու արժեքավոր: Եթե հայ շրջանակներում չգիտեն թե ով է Նիկոդիմոս Ամատունին, ապա նրա անունը թեև ժլատ, բայց շրջանառվում էր վրացական և ռուսական աղբյուրներով: Հակիրճ շեշտվում է նրա ծննդյան, մահվան վայրերն ու տարեթվերը, զբաղեցրած դիրքը…
    
    
    

Երբ անհրաժեշտ է տեր կանգնել սեփական արմատներին

Գարեգին Իշխանի Ամատունին իր նախնիների լուսանկարների հետ

     Արդեն տարիներ առաջ առիթ եղել է Նրա կենսագրական որոշ տվյալներ ճշգրտելու և օտար աղբյուրներում իրենց վերագրվող մեր իշխանի ազգային պատկանելիությունը վերականգնելու հնարավորությունը:
    
     Առաջին անգամ նրա մասին կարդացի վրացական nobility.pro կայքում, որտեղ ի թիվս վրաց այլ իշխանների՝ առանց լուսանկարի, հիշատակվում էր նաև Նիկոդիմոս Ամատունու անունը՝ ծնված 3.05.1865, Թիֆլիս քաղաքում:
     Անմիջապես կապվեցի կայքը համակարգողի հետ, որի անունը Լևան էր և հայտնեցի, որ Նիկոդիմոս Ամատունին ազգությամբ հայ իշխան է և ծնվել է Օշական գյուղում, որպես ապացույց ուղարկեցի՝ ներկայումս իրենց կայք էջում տեղադրված և հետագայում վիքիպեդիա հանրագիտարանում շրջանառվող Նիկոդիմոս Ամատունու լուսանկարը: Լևանը խոստացավ, որ նամակը կփոխանցի կայքի տնօրենին՝ Յուրի Կոստանտինի Չիկովանուն, որը նույնպես ազնվական տոհմից է: Ի պատիվ Չիկովանու՝ նա տեղադրեց լուսանկարը, ճիշտ է ծննդյան տարեթիվն ու վայրը անփոփոխ թողեց, բայց լուսանկարի վերևում ավելացրեց որոշ փոփոխություններ՝մասնավորապես, որ նա ծնվել է Օշական գյուղում:
    
     Հետո Նիկոդիմոս Ամատունու անունը՝ արդեն որպես ռուս իշխան՝ թեև որոշ տեղերում նշվում էր նրա հայազգի լինելը, հանդիպեցի ցարական Ռուսաստանի գրեթե բոլոր հանրագիտարաններում և պաշտոնյաների կատալոգային ցուցակներում, նույնիսկ գիտական աշխատություններում: Հետաքրքիր աշխատության հեղինակ է ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը իր՝ «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» 2011թ. հրապարակած ուսումնասիրությամբ: Այստեղ բացահայտվում են Նիկոդիմոս Ամատունու այդ ժամանակաշրջանի կենսագրական տվյալներ: Ափսոս, որ Սանկտ Պետերբուրգի ռուսական ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը անակնկալ կերպով՝ 2013 թվականին, պատմական տեղանքի ուսումնասիրման ժամանակ, անհետանում է Ղազախստանի տափաստաններում: մինչև օրս նրա մասին տեղեկություն չկա:
    
     Այլապես Նիկոդիմոս Ամատունու մասին ավելին իմանալու համար՝ մեծ կլիներ նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու և համագործակցելու խնդիրը:
    
     Դմիտրիևը գիտնականներին մատնացույց էր անում՝ լուրջ ուսումնասիրության ենթարկել Նիկոդիմոս Ամատունու գործունեությունը, նա Ամատունուն դասում էր այն արևելագետ-տեսաբանների շարքին, ովքեր թեև այս բնագավառում հատուկ աշխատություններ չեն թողել, բայց բացառիկ պրակտիկ գործունեություն են ծավալել, հսկայական ներդրում են ունեցել Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը:
    
     Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը, որտեղ աշխատել է Դիմիտրիևը, նախկինում կոչվել է` իմպերատոր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան: Այստեղ են պահվում Նիկոդիմոս Ամատունու Պարսից ծոց կատարած արշավանքի ամենատարբեր ցուցանմուշները՝ այդ թվում Նիկոդիմոս Ամատունու սեփական 250 նմուշի առարկաներ, որոնք այսօր էլ ցուցադրվում են:
    
     Մեզ համար ոչ պակաս արժեքավոր է 1996թ. Մոսկվայում հրատարակված «Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («Дворянские Роды Российской Империи» том 4) գիրքը:
    
«Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («Дворянские Роды Российской Империи» том 4) գրքից:

     Գրքի 4-րդ հատորը հետագա հիմք հանդիսացավ լրացուցիչ ուսումնասիրությունների համար: ՈՒշագրավն այստեղ ներկայացվող Ամատունիների տոհմածառն է, որը խստիվ համընկնում է Օշականում ամատունիների մոտ գտնվող տոհմածառին՝ տարբերությամբ, որ Նիկոդիմոս Ամատունին ներկայացված է ուղիղ ժառանգական գծով՝ Հայրը Եսային, պապը՝ Ղազարը, վերջինիս հայրը՝ Գասպարը: Գրքի մեջ ճյուղավորումներով ներկայացրած է Գասպարի եղբոր` Սարգիսի տոհմածառը: Վերջինս էլ հիմք է դրել Թիֆլիսում ապրող Ամատունիների ճյուղին, որը պակաս կարևոր չէ հետազոտման առումով: Ամատունիների արժանի զավակների մասին պատմելիս, անշուշտ հիմք կընդունենք այս գծագիրը:
    
     Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ
    
Նիկոդիմոս Ամատունու ծնողները՝ Մարգարիտը և Տեր Եսային

    
Այժմ որոշ էական ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրական տվյալներում: Նախ՝ անվան շուրջ որոշ բացատրություն: Աստվածաչնչում հանդիպող անուն է: Ռուսերեն գրվում է՝ Никодим: Հենց այս ձևով էլ՝ князь Никодим Аматуни, կամ Аматуни Никодим Исаевич ձևն առանց որևէ խնդրի շրջանառվում է ռուսական տարբեր աղբյուրներում: Ինչպես տեսնում եք՝ հայրանունը ռուսերեն գրությունում ևս փոփոխված է: Հայերեն ոչ թե Исаевич, այլ՝ Եսայու: Տոհմածառի հայկական շատ անուններ այս սկզբունքով փոփոխվել են: Այսպես. Ազարբեկը՝ Ազարյա, Հովհաննեսը՝ Իվան, Սարգիսը՝ Սերգեյ, Ղազարը՝ Լազար և այդպես շարունակ:

     Հունարեն ծագմամբ այս անունը՝ Νικόδημος, նշանակում է «հաղթանակած ժողովուրդ»: Էականը սակայն նա է, որ հայերեն Աստվածաշնչում անվան վերջին` ի տառը գրվում է՝ ե, այսինքն՝ ոչ թե Նիկոդիմ կամ Նիկոդիմոս, այլ՝ Նիկոդեմոս: Այս վերջին տարբերակով է Վիքիպեդիայում գրվել Նիկոդիմոսի անունը: Փաստն այն է, որ Օշականի ավագ քահանա Եսայի տեր Ամատունին իր որդուն անվանակոչել է, ոչ թե Նիկոդեմոս, այլ՝ Նիկոդիմոս:
     Նախքան ապացույց ներկայացնելը ճշտենք նրա բնակության վայրն ու տարեթիվը ևս, այնուհետև իմ այսքան տարիների ձեռք բերած համեստ տեղեկություններով կպատմեմ Ամատունի ազգանունը կրող ու մեզ անհայտ իսկական մտավորականի կյանքի մյուս դրվագների մասին:
    
     Ռուսական, վրացական ու նաև ֆրանսիական գրեթե բոլոր աղբյուրները վկայում են, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է 1865թ մայիսի 3-ին Թիֆլիսում և մահացել 1946թ. մարտի 4-ին Փարիզում:
    
     Հետաքրքիր է, որ նրա մասին ուսումնասիրություն կատարած Ռուսաստանի Սանկ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության մեջ գրել է, որ Նիկոդիմոս Իսայևիչ Ամատունին, հայ Առաքելական եկեղեցու հավատքի հետնորդ, ծնվել է 1862 թվականի մայիսի 3-ին: Ինչպես տեսնում եք, տարբերվող տարեթիվ: Հետաքրքրականը նաև այն է, որ գիտնականը չի նշել ծննդյան վայրը: Այն, որ Նիկոդիմոս Ամատունին Օշականում է ծնվել և այդ մասին ժամանակին անհերքելի կենդանի վկայություններ եմ լսել մեր բարեկամ-ազգակիցներից, կասկած չի հարուցում: Հենց այս փաստն էլ հանգիստ չտվեց երկարատև հետազոտություն կատարել Հայաստանի պետական արխիվում՝ մնում էր պարզել նրա ծննդյան տարեթիվը՝ ճիշտ է, թե՞ սխալ: Հայաստանի ազգային արխիվում բազմաթիվ օրերի պրպտումներից հետո, 1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանում՝ 1859 տարեթվի ներքո՝ գրված Օշական գյուղի մյուս քահանա Յոհակիմ Մելիքյանի ձեռամբ, հետևյալ արձանագրությանը հանդիպեցինք.
    
     «Եսայի Ղազարյան Ամատունի, օրինավոր կինը Մարգարիտ Գևորգի՝ ծնեց զավակ արու, ի հայոց դավանության» նշված է օրը՝ մայիսի 15, մկրտման օրը՝ 25: Գրանցված է մանկան անունը՝ Նիկոդիմոս, կողքի սյունակում գրված է՝ կնքահայրը «Նախիջևանից Գաբրիել տեր Աբրահամյան, վկա՝ տանուտեր Մկրտիչ տեր Մեսրոպյան»:
    
    
1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանի ձեռագրերը (ՀԱԱ, ֆ.47, ց.1, գործ773)

    
    
     Այսպիսով՝ Նիկոդիմոս Ամատունու ճշգրիտ ծննդյան տարեթիվն է, ոչ թե 1865-ը, կամ 1862-ը, այլ՝ 1859 թվականի մայիսի 15-ը, նոր տոմարով՝ ճիշտ մայիսի 3-ը (ՀԱԱ, ֆ.47, ց.1, գործ773): Դժվար է կռահել, ինչու՞ է փոխվել Նիկոդիմոս Ամատունու ծննդյան վայրն ու տարեթիվը, միգուցե՞ ուսումնառության, կամ այլ նկատառումներով այդպես հարմար է եղել:
    
     Մյուս փոքրիկ թյուրիմացությունը, որ պարզել ենք՝ կապված է նրա ծառայողական պաշտոնական դասին: Մասնավորապես հայկական վիքիպեդյայում և հետին թվով մի հուշագրությանը կցված ծանուցագրում՝ Ն.Ամատունուն վերջնականորեն ներկայացրել են Ռուսական կայսրության հինգերորդ կարգի իսկական պետական խորհրդական: Իհարկե, նա ժամանակին՝ սկսած 1890թ. անցել է ծառայողական տարբեր աստիճաններով, այդ թվում եղել է 5-րդ կարգի պետական խորհրդական՝ 1907-1911թվականներին: Պետք է նկատել, որ «պետական խորհրդականից» հետո, նրան շնորհվել է՝ «ԻՍԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ», ուրեմն՝ 5-րդ դասը դարձել է՝ 4-րդ: Ավելացնենք, որ միայն 4-րդ դասի խորհրդականներին էին հասու պետական այնպիսի պարգևների հանձնում, ինչպիսիք են Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Ստանիսլավի շքանշանները, որով Ամատունին պարգևատրվել է 1915-16թթ: Ի դեպ, 4-րդ կարգի խորհրդականներին՝ ըստ օրենքի, փոխանցվել է ազնվականության ժառանգական իրավունք:
    
     Նիկոդիմոս Ամատունու մասին մենք բավական հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքել՝ հենվելով ճշգրիտ աղբյուրներին:
    
     Այդ մասին մենք այս հոդվածում կանդրադառնանք հակիրճ՝ հետագայում հրապարակելու պայմանով:
    
     Այն ժամանակ, երբ ցարական պետության կենտրոնաձիգ քաղաքականությունը օրենքներ էր մշակում ռուսական ազդեցության գոտին ընդլայնելու և հակառակը՝ սահմանափակելու այլ ազգերի ինքնագիտակցության դրսևորումները, երբ այդ նպատակով փակվում էին ազգային դպրոցները, Նիկոդիմոս Ամատունին՝ հայրենի Օշական գյուղում, նոր ու շքեղ չորսդասյա գեղեցիկ դպրոցի կառուցման նախաձեռնողն ու նվիրատուն էր: Հայ իրականության մեջ սա բացառիկ երևույթ էր:
    
Օշականի դպրոցի շենքը (կառուցված՝1914թ.)

     Նրան հաճախ թույլատրում էին անթույլատրելին, քանզի նա ցարական պետության համար անում էր անկարելին: Ցարական պետությունը որտեղ նրան գործուղեր, ինչ աշխատանք հանձնարարեր՝ Ամատունին պատվով էր կատարում: Նրան գործուղում էին այնտեղ, որտեղ տվյալ ոլորտը կարգի պետք է բերվեր և գերակա էր պետական շահերի համար: Այդ էր պատճառը, որ նա աշխատանքային 20 տարվա ընթացքում պետական 14-րդ դասի ծառայողից՝ հասավ 4-րդին՝ «կոլեգիական ռեգիստրատորից» մինչև «պետական իսկական խորհրդականի» ՝ այն ժամանակվա պետական քաղաքականությունը ինքնուրույն մշակող պետական պաշտոնյայի. այն դեպքում, երբ «պետական խորհրդականից» ՝ «իսկական պետական խորհրդական» դառնալու համար 10 տարի է անհրաժեշտ: Ամատունին այդ ճանապարհն անցավ 4 տարում: Ի դեպ այս կարգն ստացողը ընդմիշտ ժառանգում էր ազնվական տիտղոս, որն արդեն վաղուց ուներ Ամատունին: Ամատունու մեզ հայտնի աշխատանքային դրվագների ու առանձին դետալների մասին առանձին-առանձին մենք կպատմենք մեր ընթերցողին: Կհամոզվեք թե ինչպիսի կազմակերպվածությամբ ու սրտացավությամբ է կարգի բերել իրեն վստահված ասպարեզը: Միևնույն ժամանակ Նիկոդիմոս Ամատունին անհանդուրժող էր կարգազանցներին և ուներ ազգային բարձր արժանապատվություն: Այս առնչությամբ, 1913 թ. Հայաստանում եղած ժամանակ, հետաքրքիր միջադեպ է գրանցվում Նիկոդիմոս Ամատունու և Երևանի նորանշանակ փոխնահանգապետ, Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևի միջև: Փոխնահանգապետը չի էլ պատկերացնում Ամատունու ազգային պատկանելիությունը և իր շանը արմյաշկա կանչելով՝ վիրավորում է վերջինիս ազգային ինքնասիրությունը: Արդյունքում ապտակ է ստանում Ամատունուց և գործը քննելուց հետո՝ զրկվում է պաշտոնից:
    
     Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Նրա հորեղբոր որդիներից մեկը՝ Գառնիկ Ավագի
    
    

     Նիկոդիմոս Ամատունու հորեղբոր որդին՝ իմ պապը, Գառնիկ Ավագի Ամատունին (ձախից) 1916թ. ռուսական բանակում:

    
     Ամատունին, որն այդ տարիներին ցարական ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել իրենց, իսկ 1917թվականին ռուս-հայկական զորամիավորումները պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը կանգնեցրեց Ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայեց Ռուսաստանի կովկասյան բանակը։
     Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1916 թ. մարտերում։ Ավելին՝ արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսները ազատագրել էին դեռ 1877 թվականին:
    
     Բոլշևիկներին այդպես էլ Նիկոդիմոս Ամատունին չկարողացավ ներել, նա կանգնեց սպիտակների կողքին:
    
     1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
     Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
     1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:
    
    
Նիկոդիմոս Ամատունու հուշաքարը (Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատուն)
    

     Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բոլշևիկյան կարգերին չհարմարված բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Եղբոր թոռան՝ իշխան Ամատունու և նրա որդի Գարեգինի հավաստմամբ, նա իր ունեցվածքը նվիրաբերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: Ցավոք նրա շիրմաքարը բարվոք վիճակում չէ և սպասում է իր բարերարին:
    
    
    
    
    

    
    

    
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ճշգրտված կենսագրությունը)
    
    

    
Նիկոդիմոս Եսայու Ամատունին

     Նիկոդիմոս Եսայու Ամատունի
    
     Նիկոդիմոս Եսայու Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) ռուսական կայսերության Երևանի նահանգի Օշական գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Չբավարարվելով նախնական կրթությամբ, հակառակ ծնողների կամքին, անակնկալ հեռանում է գյուղից և մեկնում Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին: Ապացուցելով Օշականի և Թիֆլիսի ամատունիների գենետիկ ազգակցական տոհմային կապը վերականգնում է իր իշխանաց տիտղոսը:
     Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը: Այստեղ նա ծանոթանում է թիֆլիսահայ կյանքին, մտերմանում է այն ժամանակվա հայ գրողների հետ, ընկերություն է անում գրող, թատերագետ, դերասան Պետրոս Ադամյանի հետ: Թատերական հայտնի գործիչ Նապոլեոն Ամատունին հետագայում իր դստեր՝ Եվգենյային կնություն է տալիս Նիկոդիմոսին: Մինչ այդ՝ վերջինս, ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ մեկնում է Պետերբուրգ:
    
     Այստեղ` սովորելուն և աշխատելուն զուգնթաց ակտիվ շփվում և մտերմանում է այն ժամանակների ակնառու գրեթե բոլոր մտավորականների, պետական ու քաղաքական դեմքերի հետ՝ բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի, պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու և շատ, շատերի հետ:
    
     1889թվականին ավարտել է Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավունքի գիտական աստիճան:
    
     1890 թ. Հունվարի 30-ին աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) նշանակվել է կառավարության սենատի քրեական վարչությունում և ունեցել է կոլեգիալ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտոնեայի կարգավիճակով:
    
     1893 թ. Փետրվարի 16-ից եղել է Եկատերինբուրգի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):
    
     1895 թվականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտուլյար խորհրդական է:
    
     1896 թ. ապրիլի 30-ից` Վիտեբսկի, 1898 թվականի մայիսի 26-ի հրամանով աշխատել է Սարատովի մարզային դատարանների դատական քննիչ (դատախազ):
    
     1903 թ. ապրիլի 17-ի հրամանով, սեփական հարցմամբ նշանակվել է Կամենեց-Պոդոլսկի մարզային դատարանի դատական քննիչը:
    
     1903 թ.օգոստոսի 11-ի առևտրային նավագնացության գլխավոր կառավարիչի` մեծն իշխան Ալեքսանդր Միխաելովիչի հրամանով նշանակվել է Ռուսաստանի նորաստեղծ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ) գլխավոր վարչության որպես VI կարգի հատուկ հանձնարարությունների գծով պետ:
    
     1904 թվականին շնորհվել է պետական կոլեգիական խորհրդականի կարգավիճակ և նշանակվել է դեպի Պարսից ծոց և շրջակա շրջաններ Առևտրային Ծովագնացության և Նավահանգիստների (ԱԾՆ) գլխավոր վարչության կողմից հանդերձավորվող նավի արշավախմբի ղեկավար:
    
     1905 թ. Օգոստոսից մինչև 1906 թ. Ապրիլը, Ամատունին, որպես Առեւտրի նախարարի հատուկ հանձնակատար գլխավորել է նույն ուղղությամբ իր երկրորդ գաղտնի արշավը դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ եւ հարեւան գավառներ` հույժ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող այս ռեգիոնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու նպատակով:
     1906 թվականին իշխան Ն. Ամատունին նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության ղեկավար կազմում (կենտրոնը` Պետերբուրգ):
    
     1907թ իշխան Նիկոդիմոս Ամատունուն շնորհվել է պետական խորհրդականի (статский советник) աստիճան:
    
     1908-1909 թթ. Ամատունին հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, մասնավորապես դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցների ապահովման աշխատանքներին, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքն ու ուղևորությունների ճշգրիտ ժամկետը: Նավատորմը համալրել է նոր նավերով: Բացահայտել է այս նավերի առևտրային նշանակությունը’ Ռուսաստանի համար:
    
     1909 թ. վստահվել է «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավում կազմակերպված ռուսական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդեսի ղեկավարումը՝ Մերձավոր Արևելքի երկրների նավահանգիստներ այցելության համար:
    
     1910 թվականին Ամատունուն այս անգամ վստահվել է 1911թ Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսարի պատասխանատու պարտավորությունը:
    
    
    
Լողացող ցուցահանդեսի անձնակազմը՝ Նիկոլայ 2-րդ (հետագայում նավն վերանվանվել է՝ Իլիչ) նավի վրա: Կենտրոնում Ամատունին է:

    
     1911 թվականին Ամատունին ստացել է պետական իսկական խորհրդականի աստիճան:
    
     1913թ. թվականին եղել է Հայաստանում: Նրա միջնորդությամբ ու նախաձերնությամբ հիմնադրվել է ծննդավայր Օշական գյուղի դպրոցը, այդ տարիների համար եզակի մի երևույթ, երբ ցարական կառավարությունն ամեն ջանք ներդնում էր ռուսական ազդեցության ամրապնդման և հայկական դպրոցների վերացման համար: Նախորդող տարիներին և ոչ մի անգամ չի դադարել գործել եկեղեցում գործող ծխական դպրոցը, որի ավագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղել մի քանի գյուղերի ղեկավար (գլավնի) և դպրոցի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Նիկոդիմոսի հորեղբոր տղան, բառարանագետ ՝ Սահակ վարդապետ Ամատունին ևս, իր ուժերին ներածի չափով, նպաստել է Օշականի նորակառույց դպրոցի կառուցմանը, իսկ Նիկոդիմոս Ամատունին դպրոցի շենքի կառուցման ոչ միայն գլխավոր նախաձեռնողն էր, այլև ամենախոշոր բարերարը:
    
     1914թ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հրամանով նշանակվել է հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:
    
    
    
Կարմիր Խաչի դաշտային պահեստների ղեկավարների համագումարում: Լուսանկարում Կարմիր խաչի պահեստների խորհրդի եւ համագումարի նախագահ Գոֆմեյստեր (միապետական պալատի 3-րդ դասի աստիճան) իսկական պետական խորհրդական Բ.Կ.Օրդինը (1): Անմիջապես նրա կողքին է նստած Կարմիր Խաչի Հյուսիս-Արևմտյան շրջանի պահեստի ղեկավար, Իսկական պետական Խորհրդական, իշխան Ն.Ի.Ամատունին (4), Խորհրդի նախագահի ուղեկից-օգնական, իսկական պետական խորհրդական, պրոֆեսոր Կոմս Օ.Վ. Պետերսենը (2): Կ.Խ-ի Դաշտային պահեստների հյուսիսային շրջանի ղեկավար, գեներալ Վ.Ս.Լվովը (5), Հարավ-Արևմտյան շրջանի ղեկավար, եգերմեյստեր (3-րդ դասի աստիճան), պետական իսկական խորհրդական Վ.Դ. Եվրեինովը (3), Հարավային շրջանի ղեկավար, պետական խորհրդական Ի.Յ.Էզաուն (7), Կովկասի շրջանի ղեկավար Ա.Յ. Միլլերը (6) Պետրոգրագյան պահեստի ղեկավար Ա.Ա.Սմիրնովը (, Մոսկվայի պահեստի ղեկավար, պետական խորհրդական Ա.Դ.Վինոգրադովը (9), Կովկասի շրջանի պահեստի Տրապեզոնի բաժանմունքի վարիչ Վ.Վ.Զախարովը (10)

    
     1916 թվականին նշանակվել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ:
     1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
     Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
     1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:
    
     1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:
     Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը, որին կից գործել է ռուսական եկեղեցին: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:
    
     Պարգևներ
    
     1914 թվականից կրել է 1899թ.հունիսի 24-ի բարձրագույն մարմնի սահմանած Կարմիր Խաչի կրծքանշան:
    
    
    
Նիկոդիմոս Եսայու Ամատունի

     1915 թ Ամատունին պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:
     1916 թ հունիսի 22-ին արժանացել է Սուրբ Ստանիսլավի առաջին կարգի շքանշանի՝ պատերազմական իրավիճակում Ռուսական Կարմիր Խաչի միավորումում կատարած աշխատանքի համար:
     Պարգևատրվել է Ալեքսանդր Երրորդ կայսեր հիշատակի արծաթե մեդալով:
     Պարգևատրվել է Ռոմանովների Տան 300 ամյակի բրոնզե մեդալով:
     Տիրոջ Սուրբ Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանության անդամ է:
     Քաղաքացիական արժանիքների համար պարգևատրվել է Բուլղարական երրորդ կարգի շքանշանով:
    
     Վահան Ամատունի
     Hay Azian
     «Նիդերլանդական օրագիր»
    
    
Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն

    
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում: Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
     ------------------------------
    
    

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու ծննդյան 160-ամյակի առթիվ


     Պատմական նշանակալի իրողություններն ու դեպքերը, պատմաճարտարապետական եզակի կոթողներն ու կառույցներն ավելի հաճախ վերագրվում են տվյալ ժամանակաշրջանի պետական ու կրոնական առաջնորդների մտքի ու գաղափարի արգասիքին, մինչդեռ լինում է, որ դրա առանցքում նախաձեռնողական ու կազմակերպչական աշխատանքների ողջ բեռն ընկած է լինում առանձին ազդեցիկ անհատների ուսերին: Բացառություն չէ Օշականի եկեղեցու, նրա գմբեթի, իշխան Վահան Ամատունու հուշաքարի ու միջնադարյան նոր դպրոցի կառուցման աշխատանքների իրագործումը, որոնց նախձեռնողներն ու իրականացնողները եղել են Ամատունիները: Օշականում գտնվող այս հուշարձանների կառուցման ու դրանց ավարտի ժամկետներին գահակալել են վեց կաթողիկոսներ` Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի (Չուհաճյան, 1858-1865), Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի (Քերեստեճյան, 1866-1882), Մակար Ա Թեղուտցի (Տեր-Պետրոսյան, 1885-1891), Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ, 1893-1907), Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան, 1908-1910), Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի, 1911-1930): Եթե մի գահակալի օրոք այն ծրագրվել ու նախագծվել է, ապա մյուսների օրոք այն կառուցվել ու ավարտվել է: Նաև շատ կարևոր է հաշվի առնել` թե ինչպիսի բարդ ու դժվարին պատմական ժամանակաշրջանում է դրանք կյանքի կոչվել: Նիդերլանդական օրագրի ազնվական տոհմերից ամատունիներին նվիրված այս բացառիկ նախագծում, փաստերի ու ականատեսների վկայությունների լեզվով առաջին անգամ մեր ընթերցողը հնարավորություն կունենա մոտիկից ծանոթանալու պատմական այս իրողություններին:
     Անգամ Օշական գյուղում, որն հայտնի է որպես Ամատունիների շառավիղների բնակատեղի, այդ մասին ոչ մեկը չի պատմի:
    
    
    
Օշականի դպրոցը` որպես թանգարան, բայց Ամատունիների մասին ոչինչ չես գտնի այստեղ:

     Հենց Ամատունիների վերակառուցած դպրոցում, որն այսօր թանգարան է ծառայում` չկա ամատունիների մասին որևէ պատմական ժամանակագրական տեղեկություն, կամ որևէ մասունք: Այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալի Օշականի երկու ավագ քահանաները ամատունիների շառավիղից են և Առաքելական եկեղեցու միաբան, հայագետ` մեծն Կոմիտասի ուսուցիչ Սահակ Վարդապետ Ամատունու, և անմահ Մեսրոպ Մաշտոցի աշակերտ` մեծն իշխան, Վահան Ամատունու հետ միասին թաղված են Օշականի սուրբ հողում: Այդ մասին քչերը գիտեն, ինչպես որ քչերը գիտեն ամատունիների տոհմի կոչումով վերջին իշխանի` Նիկոդիմոս Ամատունու հայանպաստ գործունեության մասին:
     Ցավոք վերջերս Օշականի մասին լույս տեսած գրքերը ևս զուրկ են նրանց մասին տեղեկություններից, քանզի դրանք գրվել են այլ շահեր հաշվի առնելով` անտեսելով Օշականի հետ ամատունիների անքակտելի կապը:
    
    

Ամատունիները և Օշականը


    
Նիկոդիմոս Ամատունի
Նիկոդիմոս Ամատունին և նրա ընտանիքի անդամները հսկայական ավանդ ունեն Օշականի եկեղեցու և դպրոցի վերակառուցմանը և շինարարության օժանդակությանը: Դա տարիներ տևած քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Եթե սկզբնական շրջանում՝ եկեղեցու (1879) և զանգակատան (1884) կառուցման հսկայածավալ աշխատանքի գրեթե ողջ հոգսը բաժին էր ընկել Նիկոդիմոս Ամատունու հորը՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Տեր Եսայի Ամատունուն (1829-1913), ապա դրանց հիմնավոր վերանորոգումից հետո և մեծն իշխան հայոց Վահան Ամատունու գերեզմանին 1880թ. հուշաքար տեղադրելուց հետո, Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրոցի կառուցման թույլտվության ու նյութական աջակցությանը անգնահատելի ծառայություն մատուցեց նրա որդին՝ Ցարական Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, մարդկանց շրջանում Նիկոլայ 2-րդի մտերիմ ընկերը համարվող` Նիկոդիմոս Եսայի Ամատունին: Գևորգ Դ կաթողիկոսի 1872թ գրված կոնդակից հետո` 1875թ. սկսվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը նախատեսվելիք դրամահավաքի ու միաժամանակյա վերանորոգման աշխատանքները: Այդ պահից ի վեր, իր մտահաղացումը կյանքի կոչելու համար, Տեր Եսայի քահանա Ամատունին մինչև կյանքի վերջը ձեռնամուխ եղավ հարազատ եկեղեցու, ապա և դպրոցի վերակառուցման գործին: Նա քուն ու դադար չուներ և այս նվիրական գործի իրականացման համար ներգրավում է բոլորին` համագյուղացիներին, ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին, անգամ Թիֆլիսում գտնվող իր բարեկամներին է այցելում` օգտագործում է նրանց բոլոր հնարավոր կապերը: Հայտնի է, որ այդ թվականների մի քանի եկեղեցիներ պատկանել, կամ հովանավորվել են տեղի Ամատունիների կողմից: Ահա նա այնտեղ դրամահավաք էր կազմակերպում, միայն թե հասներ իր նվիրական երազանքին:
    
    
Եսայի Տեր Ամատունի

    
     Թիֆլիսում լույս տեսնող «Նոր Դար» թերթի 154 համարում (1890 թ.հոկտեմբերի 10), արդեն վերակառուցված եկեղեցու մասին հետևյալն ենք կարդում. «Օշական այցելելով, աւելորդ չենք համարում տեղիս նորակառոյց եկեղեցու պատվին մի քանի խօսք ասելու: Այս եկեղեցին սրբատաշ և մեծադիր մի շինութիւն է, որ մի մեծ քաղաքի էլ պատիւ կարող է բերել: Եկեղեցին նոյնպէս սրբատաշ և մեծադիր մի զանգակատուն ունի: Թէ եկեղեցին և թէ զանգակատունը շինուած է տեղիս Ամատունի աւագ-քահանայի աշխատանքով.գուցէ թիֆլիսեցոց յայտնի լինի, որ 1879 թուին յիշեալ քահանան դրա համար ժողովարարութիւն էր անում այդ քաղաքում...»
    
     1879 թվականին եկեղեցու օծման արարողությունից հետո էլ շարունակվել են նվիրատվությունները: 1884 թվականին ավարտվում է զանգակատան կառուցումը: Սա ևս բացառիկ գեղեցիկ կառույց է, որը տաս ամսում ավարտին հասցվեց: Սինոդի օրագրությունում պահպանվել է Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի Տեր Ամատունու և Մկրտիչ Մորիկյանցի կողմից ստորագրված հետևյալ արձանագրությունը (ՀԱԱ ֆ. 56, ց. 5, թղթ. 122, վավ. 33, բնագիր, ձեռագիր): «Ի 28 սեպտեմբերի 1884 ամի, ըստ Հրամանի Նորին Կայսերական Մեծութեան ինքնակալին ամենայն Ռուսաց ի լուսաւորչական հայոց Սինօդի սրբոյ Էջմիածնի լուան զյայտարարութիւն հոգաբարձուաց շինութեան կաթուղիկէի ս. Մեսրովբ եկեղեցւոյ Օշականայ Եսայ աւագ քահանայի Ամատունւոյ և Մկրտչի Մօրիկեանցի 10 ամսոյս յորում գրին ողորմութեամբն Աստուծոյ շինութիւն զանգակատան ս. Մեսրովբ եկեղեցւոյ մերձ է յաւարտուն, մնամք պարտք վարպետաց կրատեայց, երկաթատեարց և այլ զանազան նիւթոց, վասնորոյ խնդրիմք Սրբազան Ատենիդ որքան գտանի ի մէջ գանձարանի Աթոռիդ յանուն շինութեան ս. Մեսրովբ եկեղեցւոյ գումար ինչ տալ հոգաբարձութեանս առ ի տալոյ նշանակեալ պարտատիրաց: Տեղեկութիւն. Սինօդս ի վերայ հիման յայտարարութեան վերոյիշեալ հոգաբարձուաց ի 12-ն յուլիսի տարւոյս հրամանագրեաց գանձապահի Սինօդիսյ 30 նոյն ամսոյ № 2042, գրել ի ծախս ի գումարի աւանդապահութեան յինն հարիւր ութսուն երկու րուբլի քառասուն երկու կոպէկ: Գումարաց ժողովելոց յանուն ս. Մեսրովբ եկեղեցւոյ Օշականայ զհինգ հարիւր րուբլիս, զորս և յանձնեալ հոգաբարձուաց այնր շինութեան: Ուստի ըստ այսմ հաշուոյ մնայ ի գանձարանի Աթոռոյս ի գումարաց անտի չորս հարիւր ութսուն երկու րուբլի քառասուն երկու կոպէկ: Հրամայեցին.հրամանագրել գանձապահի սորին հանձնել ի ծախս ի տումարի աւանդապահութեան զվերոյգրեալ չորս հարիւր ութսուն երկու րուբլի քառասուն երկու կոպէկ յանձնել հոգաբարձուաց շինութեան զանգակատան ս. Մեսրովբ եկեղեցւոյ Օշական գեղջ ընդ ստորագրութեամբ նոցա ի ներքոյ»:
    
    
    
Եկեղեցին (1879)

     Ակնհայտ է, որ եկեղեցու նորոգման թույլտվությունը վերցված է ռուսական ցարից, իսկ այդ տարիներին Թիֆլիսում բնակվող ազնվական Ամատունիների ազդեցությունն այս գործում աներկբա է, օրինակ Ջիգրաշենի և Թիֆլիսի Ս.Աստվածածին եկեղեցիները այդ տարիներին ու ավելի վաղ գտնվել են ամատունիների հոգածության և խնամակալության ներքո: Այսպիսով թույլտվության համաձայնությունից հետո՝ 1872 թվականի Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու կոնդակով հայ ժողովրդին կոչ է արվել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը: 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է: 1884թ.կառուցման ավարտին է հասցվում զանգակատունը:
    
     Փոքրիկ պատմական ակնարկ. 440թ. մահանում է Մեսրոպ Մաշտոցը: իշխան Վահան Ամատունու նախաձեռնությամբ 441թ. հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա՝ 3 տարի անց, Վահան Ամատունին մատուռ է կառուցում, որը դառնում է ուխտատեղի: Այնուհետև հիշատակվում է, որ 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր վիճակում: Ինչպես Առաքել Դավրիժեցին է հիշատակում՝ «տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ»: 1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգում է ժամանակի հետքը կրող, գրեթե ավերված, սակայն դեռ պահպանված եկեղեցին:
    
     19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին կրկին կարոտ է եղել նորոգման, ուստի 1850 թվականին, Եսայի քահանա Ամատունու միջամտությամբ, Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով: 1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ կրկին որոշ աշխատանքներ կատարվել են՝ մինչև 1875թ սկսված այս նոր հիմնական բարենորոգումը, երբ նոր հիմքեր են փորվել եկեղեցու կառուցման համար: Այսպիսով 1884թվականին ամբողջությամբ վերակառուցված ու բարենորոգված էր Օշականի եկեղեցին: Փաստը չափազանց ոգևորել էր եկեղեցու ավագ քահանա, միառժամանակ ծխական դպրոցի ուսուցիչ Տեր Եսայի Ղազարի Ամատունուն և իր համակիրներին, այլապես նա չէր ձեռնարկի հաջորդ, ոչ պակաս համարձակ քայլը: Նա իր 3 որդիների և մյուս իրեն հավատարիմ մարդկանց ու բարեկամների հետ ձեռնամուխ է լինում Օշականի նոր դպրոցի կառուցման դրամահավաքի աշխատանքներին:
    
    
Զանգակատունը (1884)

    
    

Ռուսական պետական քաղաքականությունը և ազգային դպրոցները: Իշխան Նիկոդիմոս Ամատունին: Օշականի դպրոցի կառուցման համարձակ նախաձեռնությունը


    
     Այդ տարիների վտանգավոր ձեռնարկներից մեկը` Օշականի դպրոցի կառուցման նախապատրաստությունն էր:
     1885 թվականից ուժգնացավ ռուսական ցարի ազգահալած, բացահայտ գաղութատիրական քաղաքականությունը: Պետք է նկատել, որ այդ տարիներին ռուսական կայսերությունը քաղաքականություն էր վարում հասնելու ոչ միայն իր տիրապետության կազմում գտնվող ազգերի հպատակեցմանն ու ռուսական ազդեցության գերիշխանության ամրապնդմանը, այլ նաև սեփական ժողովրդի մեջ ռուս ազգային գիտակցության ու հայրենասիրության խթանմանը: Այդ տարիներին ռուսական քաղաքականության մեջ սկսեց իր դերակատարությունն ունենալ Եսայի Քահանա Ամատունու որդիներից ավագը` Նիկոդիմոսը, որը ցարական Ռուսաստանում վերականգնել էր իր ազնվական տիտղոսը և պետական պաշտոնական սանդուխքներով վեր էր սլանում` զբաղեցնելով ազդեցիկ պաշտոններ: Ինքը` Նիկոդիմոս Ամատունին, այդ տարիներին որպես արդարադատության աշխատակից` լծված էր պետական քաղաքականության մշակման գործին: Որպես ցայտուն օրինակ նշենք, որ նույն այդ ռուսական իրականության մեջ գոյություն ուներ ըմբոստ հասարակական խավ, որի քաղաքական մշակութային գիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ իշխանությունները լուրջ աշխատանքներ պետք է կատարեին, դա վերաբերվում էր բոլոր ազգերին ու խավերին, այդ թվում` կազակներին: Ցարական կառավարությունը Կուբանում սկսեց ստեղծել մշակութային լուսավորչական զանազան հաստատություններ` կազակ մտավորականների կամավորական կազմակերպություններ` փորձելով ներգրավել երկրամասի բնակչությանը: Դրանով լուծվում էր կազակներով բնակեցված տարածքների և մասնավորապես այդտեղ բնակեցված ողջ ազգաբնակչության զբաղվածության ու կրթության խնդիրները: Կազակների մասով նման բացառիկ հանձնարարություն կատարում էր Նիկոդիմոս Ամատունին (ГАКК. Ф. 396. Оп. 1. Д. 6700. Л .4.), նրա 1895 թվականի ցարին ուղարկած միջնորդագրով հայտնի ատաման, ռազմական գործիչ Յակով Դմիտրևիչ Մալաման (1841—1912) հնարավորություն ստացավ կազակների պատմության վերաբերյալ կիրակնօրյա բացատրական, դաստիարակչական, հայրենասիրական թեմաներով ընթերցումներ անցկացնել Կովկասի երիտասարդ կազակների շրջանում:
     Ամատունու այս նախաձեռնությունը ողջունվում է բարձրաստիճան հրամանատարության կողմից` արժանանալով ցարի հավանությանը: Հետագայում Ամատունուն ավելի ու ավելի բարձր պաշտոններ ու պարտավորություններ է վստահվում:
     Երբ խոսքը վերաբերվում է այնպիսի տարածքի կազմավորմանը, որտեղ «հայերը կօգտվեին բացառիկ առավելություններից» պետք է, որ անընդունելի լիներ ցարական իշխանությունների համար, ըստ այդմ փակվեց Անդրկովկասում գործող շուրջ 300 հայկական դպրոց: Ամենից առաջ սահմանափակվեցին հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները:
     Սա պետական քաղաքականություն էր և դա լավ էր հասկանում Նիկոդիմոս Ամատունին: Այդ պատճառով նա ներքին հրահանգով հորդորեց շտապ քայլեր չձեռնարկել հայրենի ծննդավայրի դպրոցի կառուցման աշխատանքների ուղղությամբ, այլ միայն այդ նպատակով գումարներ հավաքագրել: Սա մի հանդուգն քայլ էր, երբ ազգային կրթական հարցեր բարձրացնող յուրաքանչյուր ոք արժանանում էր ցարական իշխանությունների համարժեք արձագանքին: Առաջին հարվածը հասցվեց ազգային ու կրթական ծրագրերը կարևորող հայ գործիչներին, որոնց թվում էր Եսայի Ամատունու մտերիմ ընկերն ու բարեկամը՝ Սինոդի անդամ, արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը:
    
    
Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը, լուս.նվիրել է Նիկոդիմոս Ամատունուն

    
     Պարզյանը զորավիգ էր հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել է Հայ եկեղեցու ինքնուրույնության ու ներքին գործերին չմիջամտելու դեմ, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու՝ ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Այս դիրքորոշման համար Պարզյանին երկու անգամ աքսորել են, նախ՝ Օրյոլ (1891-1893), ապա և Օրենբուրգ (1903-1905) ։ Պատկերացրեք, մի կողմից ազգային կրթական հարցերով հետամուտ լինողներին են հետապնդում, մյուս կողմից էլ նախապատրաստվում է ազգային կրթության դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքներ: Այդ տարիներին (1890թվականից մինչև 1903թ) Եսայի Ամատունու որդին՝ Նիկոդիմոսը աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент) ՝ կոլեգիալ քարտուղարի պետական 10-րդ դասի պաշտոնեայից՝ հասել տիտուլյար խորհրդականի, այնուհետև պետական կոլեգիական խորհրդականի աստիճանի: Աշխատել է Ռուսաստանի մի քանի նահանգների մարզային դատարաններում: Կարողացել է օժանդակել և կապ պահպանել աքսորում գտնվող Սուքիաս Պարզյանի հետ: Մեզ է հասել Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի Օրենբուրգում՝ աքսորի վայրում արված և Նիկոդիմոս Ամատունուն հանձնված բացառիկ լուսանկարը: Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը մինչև կյանքի վերջ շարունակել է մնալ Ամատունիների լավագույն բարեկամը: Հայտնի է նրա Սահակ վարդապետ Ամատունու հետ ունեցած մտերիմ հարաբերությունները: Նրա օժանդակությամբ հրապարակվել է Սահակ վարդապետ Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) գիրքը: Սահակ Ամատունին և Նիկոդիմոս Ամատունին հորեղբոր տղաներ են:
    
     Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի աքսորից վերադառնալուց հետո ջերմ ու ավելի սերտ բարեկամական կապեր են հաստատվում 1894 թվականից Վրաստանի թեմի առաջնորդ, ապա 1907 թ. կաթողիկոսական տեղապահ նշանակված Գևորգ Ե-ի, արքեպիսկոպոս, «Արարատ» ամսագրի խմբագրապետ (1897-1899) Սուքիաս Պարզյանի և Օշականի եկեղեցու քահանա Եսայի Ամատունու միջև: 1897թ. «Արարատ» ամսագրի խմբագրական ժողովը իբրև մատենադարանապետ է հաստատում Սահակ վարդապետ Ամատունուն («Մշակ», №5, 14 հունվարի, 1897): Վերջինիս դերն ու շահագրգռվածությունը ևս զգալի էր Օշականի դպրոցի կառուցման նախապատրաստությանը: Օշականի դպրոցի կառուցման համար
    
Սահակ Ամատունի
հանգանակություններն արվել են վաղուց: Այդ մասին տարբեր առիթներով հիշատակել է այն ժամանակվա մամուլը: 1890թ. «Նոր Դարը» գրել է («Նոր Դար», № 154, 10 հոկտեմբերի, 1890) «...Սեպտեմբերի 25-ին մեզ հետ մի խումբ քահանաներ և վաճառականներ Էջմիածին գնալիս այցելելով այդ գիւղը (Օշական-Ծանոթ.՝ Նիդ.օրագիր) զանազան գումարներ նուիրեցին Վահան Ամատունու մատռան և ուսումնարանի վերանորոգութեան համար...»: 1895թ. հունվարի սկզբին նշվել է, որ Երևանից Գևորգ Խանազատյանցը «Մշակի» մի օրինակ է նվիրել Օշականի հայոց դպրոցին («Մշակ», № 1, 1 հունվարի, 1895): 1904թ. Արշակ Կայծունին «Լումա» հանդեսում («Լումա», № 1, 1904, էջ 151-154) գրել է «Դեպի Օշական» վերնագրով հոդված: Ներկայացված է Մեսրոպ Մաշտոցի ու իշխան Վահան Ամատունու նշխարներին այցի գնալու հակիրճ պատմությունը:
    
    

Օշականի մեսրոպյան դպրոցի կառուցման մեկնարկը. Նիկոդիմոս Ամատունու Հայաստան այցելությունները

Գևորգ Ե-ն
1911 թ. Գևորգ Ե-ն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հենց այդ ժամանակից հասունանում է Օշականի նոր դպրոցի շինարարության հարցը: Մինչ այդ, որպես նախապատրաստական փուլի աշխատանք, այն ժամանակվա համար բացառիկ մի երևույթ է տեղի ունենում: Նիկոդիմոս Ամատունու ներքին միջնորդությամբ, գյուղի պայմաններին անսովոր միջավայրում, հիմնվում է Օշականի տարածաշրջանային «ամենականոնավոր և օգտագործ» բանկը («Բաքվի ձայն», № 24, 30 հունվարի, 1913): Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին, արդեն հայտնի էր Պարսից ծոց կատարած իր առևտրային ճանապարհորդությամբ և լավ էր հասկանում առևտրային, բանկային գործերի նրբությունները: բացի այդ հենց նույն ՝ 1911 թվականին բարձրացվում է նրա պետական ծառայողի աստիճանը՝ իսկական խորհրդականի դասի: Պարտադիր պայման էր պաշտոնական և այլ շրջանակներում նրան դիմել՝ «Ձերդ գերազանցություն» արտահայտությունը: Իսկական պետական խորհրդականի կարգավիճակն իր մեջ ներառում էր ցարական Ռուսաստանի պաշտոնյաների 1- 4-րդ վարկանիշային դասերը, ովքեր հիմնական դերակատարություն են ունեցել ձևավորելու պետական քաղաքականությունը: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ հիշյալ թվականին Նիկոդիմոս Ամատունին Թուրինում (Իտալիա) մեծ հաջողությամբ որպես ռուսական միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսար ներկայացնում է ռուսական արտադրության կարևոր ապրանքատեսակները և մեծ արդյունքներ գրանցում: Այս ցուցահանդեսին մեծ կարևորություն էր տվել Նիկոլայ երկրորդ ցարը, որն անձամբ էր այցելել այդ նպատակով հանդերձավորվող նավը և հանդիպել Իշխան Նիկոդիմոս Ամատունու անձնակազմին (Այդ մասին առանձին հոդված կլինի, -ծ. Ն.Օ):
    
     Թուրինի ցուցահանդեսի հաջողություններից հետո Ն.Ամատունին լիակատար վայելում էր ռուսական ցարի վստահությունը և գործուղվում էր այնտեղ, որտեղ պետք է շտկվեր իրավիճակը, բարեփոխում կատարվեր: Այդ նկատառումներով հենց նույն՝ 1911 թվականին Ամատունին արդեն, որպես պետական իսկական խորհրդականի աստիճան ստացած բարձր պաշտոնյա գործուղվեց Դանուբ և Պրուտ գետերին հարող Բուլղարիայի, Սերբիայի և Ռումինիայի նավահանգիստներ` Մերձդանուբյան երկրերի միջև առևտրային փոխհարաբերությունների մակարդակը բարելավելու համար: Նույն նպատակով ավելի ուշ գործուղվում է Մերձավոր Արևելքի նավահանգիստներ, այդ երկրների առևտրային շուկային ծանոթանալու, ուսումնասիրելու և ռուսական շուկային համադրելու նպատակով: Մինչ այդ էլ իշխան Ն.Ամատունին մեծ հաջողությամբ առևտրական նպատակներով գաղտնի արշավանք էր կատարել Պարսից Ծոց` Պարսկաստանում նպաստելով ռուսական ներկայության գերակայությունը:
    
     Այս առթիվ Անգլիայի հետախուզությունը հատուկ զեկույց է պատրաստում արտաքին գերատեսչությանը` հատուկ նշելով Նիկոդիմոս Ամատունու անունը (Фируз Казем-Заде. «Борьба за влияние в Персии. Дипломатическое противостояние России и Англии»):
    
     Ահա այսքան հագեցված ու լարված գործունեությունից հետո Իշխան Նիկոդիմոս Ամատունուն հաջողվում է 1912 թվականի ամռանը կարճ ժամանակով այց կատարել Հայաստան: Ստեղծված բարենպաստ պայմաններից ելնելով, Նիկոդիմոս Ամատունին հորը՝ արդեն վատառողջ Տեր Եսայուն, ապա և Գևորգ Ե կաթողիկոսին հասկացնում է, որ եկել է բուն ժամանակը ձեռնարկելու Օշականի դպրոցի կառուցման գործը:
    
     Նա ուներ անձամբ ցարի թույլատրությունը՝ մնում էր կարգավորել կառուցման հետ կապված աշխատանքները: «1912թ. հուլիսի 12-ին Օշականի Ս. Մ. Դպրոցը շտապ զարդարւում էր դիմաւորելու հայոց Վեհափառ կաթողիկոս Գէորգ Ե-ին, -այդ մասին կարդում ենք 1912թ. «Հորիզոն» հանդեսի, հուլիսի 17-ի № 152-րդ համարում: Տեղիս ուսանողները եկեղեցու արևմտեան աւագ դռնից մինչև դպրոցի բակը զարդարել էին կանաչ ուռենու ճիւղերով, դպրոցի մուտքը նոյնպէս պատուած էր ճիւղերից հիւսած կամարներով և զանազան անուշաբոյր ծաղիկներով: Ժամի մօտ 9-ին երևաց Վեհափառի կառքը վարդապետների և եպիսկոպոսների կառքերի հետ միասին. եկեղեցու աւագ դրան մօտ վեհին դիմաւորեցին եկեղեցական կազմը և գիւղի նշանաւոր մարդիկ: Վեհափառը իջաւ կառքից և աղ ու հաց ընդունելով ժողովրդի բուռն կէցցեների և զանգակների ղողանջիւնի տակ մտաւ եկեղեցի, որտեղ սպասում էր հօծ բազմութիւն: Վեհափառը օրհնելով իր հօտը մի գեղեցիկ ճառ արտասանեց ուսման նշանակութեան և Ս. Մեսրովբի մասին...»:
     Այդ ժամանակ բարձրաստիճան հյուրերի թվում էր իշխան Նիկոդիմոս Ամատունին, որն իր համեստ ներկայությամբ առանձնապես, հասկանալի պատճառներով ու պաշտոնի բերումով աշխատել էր աչքի չնկնել, մինչդեռ ժամանակի ականատեսների վկայություններով, բավական երկար կարմիր գորգը փռվել է նաև ցարական բարձրաստիճան չինովնիկի պատվին:
    
     Բուռն, ու դեպքերով հարուստ տարի էր 1913 թվականը: Օշականի դպրոցի կառուցման համար արագ և գործնական քայլեր են ձեռնարկվում: Հունվարի 22-ին տեղի է ունենում Օշականի «Ժամհարեան» բանկի ընդհանուր ժողովը՝ «ինսպեկտոր պ. Զիլֆիանի նախագահութեամբ»: Բարձր է գնահատվում բանկի վարչութեան և անդամների աշխատանքը, միևնույն ժամանակ բանկի արդյունավետ գործելու համար անելիքներն էլ շատ էին հասարակության ավելի լայն խավերի ներգրավման համար՝ ինչը նպաստելու էր մի շարք ցանկալի խնդիրների ու ծրագրերի կատարմանը: Բանկի ընդհանուր ժողովը «ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ տառերի գիւտի 1500 և տպագրութեան 400 ամեակի առթիւ ամեն մի հասարակական հիմնարկութիւն մի բարեգործութիւն է անում, և որ այդ օգուտը ժողովրդի կոպէկներից է առաջացել, միաձայն որոշեց 44 ր. 28 կ. յատկացնել Օշականի «Ս. Մեսրովբեան» դպրոցին, դպրոցի վարչութեան յայտարարութեան համաձայն յարմարաւոր շէնք շինելու և դպրոցը չորսդասեան դարձնելու համար: Մեծ Տօնի առթիւ, որի մասին արդէն յայտնւած է ամենքին» :
    
     Այս մասին գրված է «Բաքվի ձայն» հանդեսի հիշյալ համարում (№ 24, 30 հունվարի, 1913) Բանկի օգուտներից առաջացած 694 ռ. 28 կոպեկ գումարից մնացած մյուս անհրաժեշտ ծախսերն անելուց հետո՝ ահա այսպիսի համեստ գումար է ավելանում նոր կառուցվելիք դպրոցի համար: Այն ժամանակվա գյուղական միջավայրում ստեղծված եզակի բանկում, ներգրավված են եղել 508 անդամ: Հիշարժան է, որ «բանկի Վարչութեան նոր անդամ ձայների բացարձակ մեծամասնութեամբ վերընտրւեց պ. Վահան Ամատունի, որը միևնոյն ժամանակ կատարում է հաշւապահի պաշտօն: Եւ յայտնի է իր բարեխիղճ գործունէութեամբ» :
    
    
Վահան Ամատունին` աջից

     Հավելենք, որ Վահան Ամատունին Տեր Եսայի քահանայի կրտսեր որդին է՝ Նիկոդիմոս Ամատունու եղբայրը: Ընդհանուր առմամբ Տեր Եսային ունեցել է ևս չորս եղբայր` իրենց զավակներով, ովքեր իրենց ներդրումներն են ունեցել տարբեր բնագավառներում:
     Տեր Եսայու Գևորգ եղբոր տղան՝ Սահակ Վարդապետ Ամատունին էլ 100 օրինակ իր հեղինակած «Հայոց բառ ու բան» գրքերից է նվիրում Օշականի դպրոցին: 1913թ. հունվարի 28-ին ավագ ուսուցիչ Ա. Աղաջանյանցը 1913 թվականի հունվարի 31-ի «Հորիզոն» հանդեսում (№ 24) գրում է. «Ինչպէս յայտնի է Օշականի «Ս. Մեսրովբեան» դպրոցի հոգաբարձութիւնը տառերի գիւտի 1500 և տպագրութեան 400 ամեայ յոբելյանի առթիւ որոշել է Օշականի երեքդասեան դպրոցը դարձնել չորսդասեան, շինել մի նոր յարմարաւոր շէնք և դպրոցի գաւթում կանգնեցնել Ս. Մեսրովբի կիսանդրին: Այդ առթիւ յայտնւած է Նորին Վեհափառութեան, Էջմիածնի և Տփխիսի յոբելեանական յանձնաժողովին և հասարակական շատ հիմնարկութիւնների ու անհատների, որոնցից օգնութիւն է սպասւում: Էջմիածնի միաբան բարձրապատիւ Սահակ վարդապետ Ամատունի նախանձախնդիր լինելով այդ նպատակների իրականացմանը, Օշականի դպրոցին է նւիրել 100 օրինակ իւր աշխատութիւնից «Հայոց բառ ու բան», որը պիտի վաճառւի յօգուտ վերոյիշեալ նպատակների» :
    
     Սահակ վարդապետ Ամատունին մեծ ցանկություն է ունեցել գրելու Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմությունը: Այդ մասին նա նյութեր է հավաքել: Ցավոք, անցյալ ու ներկա ժամանակների պատմությունները թղթին հանձնելու մտահաղացումը Սահակ Ամատունին չի հասցնում իրագործել: Այս մասին տեղեկությունը պահպանվում է Սահակ Ամատունու մատենադարանում պահվող արխիվում (թղթ. 39-40)
    
    

Եսայի քահանայի մահը, նրա երազանքը այլևս իրականություն է` դպրոցը կառուցված


    
    
     Օշականի երեքդասյան դպրոցը, որ նոր հարմարավետ շենքում արդեն լինելու էր չորսդասյա, իսկ նախասրահում դրվելու էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել գյուղացիների շրջանում: Գյուղացիներից յուրաքանչյուրն օգնում էր ինչով կարողանում էր: Նիկոդիմոս Ամատունին, որը մինչ այդ Սանկտ Պետերբուրգից այդ նպատակի համար գումարներ էր ուղարկում, որոշում է 1913թ. դեկտեմբեր ամսվա վերջերին օրերին լինել հայրենի Օշական գյուղում, անձամբ ներկա լինել դպրոցի կառուցման աշխատանքներին և կրկին գումար բերել իր հետ: Ցավոք իշխան Նիկոդիմոս Ամատունու այցը հայրենի Օշական մթագնում է ցավալի իրողությամբ: Նրա գալուստը համընկնում է հոր՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի տեր Ամատունու մահով: Մինչ այդ էլ անհայտ պատճառով գյուղում սպանվել էր նրա եղբոր՝ Գարեգինի 4 որդիներից մեկը՝ Ասատուրը (ավելի ուշ` 1918 թ. Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հերոսական մահով պետք է զոհվեին Նիկոդիմոսի եղբոր` Գարեգինի ևս երկու զավակներ` Արամը և Եսային, վերջինս կադրային սպա էր): Նիկոդիմոս Ամատունին հոր` Օշական գյուղի ավագ քահանա Եսայի Ամատունու մահը, շատ ծանր է տանում: ՈՒստի նա մանրազնին կատարում է հոր վերջին գրավոր և բանավոր պատգամները:
    
    
    
Սլաքով ցուցադրված է Տեր Եսայու գերեզմանը

     Եսայի Ամատունու կենդանության օրոք ու նրա ջանքերով 1880 թվականին, եկեղեցու կառուցմանը զուգընթաց՝ հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել էր հուշակոթող: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, Ղևոնդ Ալիշանը հաստատում են, որ մեծն իշխան Վահան Ամատունի հազարապետը թաղված է Մեսրոպ Մաշտոցի դամբարանից 40 կանգուն, կամ 15 ոտնաքայլ դեպի ձախ: Հավանաբար այս պատմությունից ելնելով Եսայի քահանան, որին այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել նոր կառուցվող դպրոցը, խնդրել էր իրեն թաղել եկեղեցու բակում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի և Վահան Ամատունու գերեզմանների ճիշտ միջնամասում՝ այսինքն Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7, 5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ նույնքան հեռավորության վրա: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Ցավոք Տեր Եսայու տապանաքարի փորագրություններն այսօր լավ չեն կարդացվում: Հասկացվում է, որ նշված են նրա որդիների` Գարեգինի, Նիկոդիմոսի և Վահանի Անունները... Արդեն այդ ժամանակ՝ 1913 թվականին, Վահան Ամատունու հուշակոթողից մոտ 1 մետր դեպի ձախ փորվել էին Եսայի քահանայի այդքան փափագած դպրոցի շենքի հիմքերը...
    
    
Դպրոցը և եկեղեցին

    
    

Վկայություններ դպրոցի ու էլի Նիկոդիմոս Ամատունու մասին


     Այնուհանդերձ ամատունիների գլխավոր նվիրական գործը Օշականի նոր դպրոցի կառուցումն էր, որն էլ ավարտին հասցվեց 1914 թվականին: 1913 թվականի վերջերին, երբ Նիկոդիմոս Ամատունին այցելեց հարազատ գյուղ և անձամբ ծանոթացավ դպրոցի շինարարության ընթացքին ու ծախսերին, հասկացավ, որ չնայած իր կողմից տրամադրված գումարին ու այլոց բազմաթիվ նվիրատվություններին, էլի զոհողություններ են անհրաժեշտ գործը մինչև վերջ ավարտին հասցնելու, շենքը պահպանելու և ուսումնական պրոցեսն ապահովվելու համար: Նա խոստացավ, որ Պետերբուրգ այցելելուն պես հետամուտ կլինի անհրաժեշտ՝ դեռ մի բան էլ ավելի, գումարի հայթայթմանը:
     Այդպես էլ լինում է: Այդ տարիներին հայ իրականության մեջ նոր դպրոցի շենքի շահագործումը՝ ազգային ինքնագիտակցության լավագույն դրսևորումներից էր:
    
    
    
     Պահպանվում է Նիկոդիմոս Ամատունու հորեղբորը՝ Գևորգին, ուղարկած իր մի լուսանկարը, որի հետևում մակագրություն է թողել Գևորգի թոռը՝ Տաճատ Հարությունի Ամատունին (1894-1974): Ի դեպ, նա ժամանակակից է Նիկոդիմոս Ամատունուն, մասնակից է՝ առաջին աշխարհամարտին: Մակագրության մեջ, որն արվել է 60-ական թվականներին, նշում է, որ Նիկոդիմոս Ամատունին իր պապի եղբոր տղան է և ավարտել է Պետերբուրգի համալսարանը: Արժեքավոր են նրա մյուս տեղեկությունները, այն, որ Նիկոդիմոսը վերջին անգամ Օշականում է եղել 1913-14թթ ու «հին դպրոցը նրա խնդրանքով է քանդվել ու նորը հիմնվել» , դպրոցի կառուցման համար «առաջին լուման» էլ ինքն է նվիրաբերել (Նիկոդիմոսը): նաև նրա հանգանակությամբ է 12.000 ռուբլի հավաքվել 1914 թվականին կառուցված դպրոցի համար: ht Այս փաստերի անմիջական հաստատմանը հանդիպեցինք 1914 թ. «Արարատ» ամսագրի հունիս ամսվա համարում: 488-րդ էջում՝ քաղվածներ սինոդի օրագրերից վերտառության ներքո, բառացի հետևյալը կարդացինք` Սինոդը ստանալով Պետերբուրգից իշխան Նիկոդիմոս Ամատունու միջոցով ուղարկած Պետերբուրգի հայ գաղութի մեջ հանգանակած 11, 264ռ 25կոպ., որոշեց. համաձայն Ն.Ամատունու գրության այդ գումարի կեսը 5632ռ 12, 5կոպեկ հանձնել Օշական գյուղի «Մեսրոպեան» դպրոցի շինարարական հանձնաժողովին, իսկ մնացած կեսը ընդունել հօգուտ դպրոցական ֆոնդին, որի համար՝ 19 մայիսի 210 թվագրված Սինոդի բարձրագույն հոգևոր ժողովը շնորհակալական թուղթ է գրել իշխան Նիկոդիմոս Ամատունուն:
    
    
07.1914 թ. «Արարատ» ամսագիr 488-րդ էջ

     Ամատունին իր խոսքի տերն է լինում: Ի վերջո մեկնելով Պետերբուրգ նա այնքան գումար է ուղարկում, որ փակվում են շինարարական բոլոր ծախսերը, գումարի կեսն էլ նա կարգադրում է տրամադրել դպրոցի գույքի ու պիտույքների ծախսերին:
    
     Այսպիսով ավարտին է հասցվել՝ այն ժամանակների համար նույնիսկ « մի մեծ քաղաքի էլ պատիւ բերող» նույնքան գեղեցիկ, ճարտարապետական լուծումներով, եկեղեցուն համահունչ դպրոցի շենքը:
    
    
    
    
    
     Օշականի դպրոցը (1914)
    
     Օշականի դպրոցը՝ կառուցման օրվանից, հայտնվում է հոգացության կենտրոնում: Օշականի ավագ քահանա Եսայի Տեր Ամատունու մահից և նոր դպրոցի շենքի շահագործումից հետո, կազմավորվում է դպրոցի նոր հոգեբարձուների խորհուրդը, որի նախագահ է ընտրվում Նիկոդիմոսի եղբայրը՝ Գարեգին Եսայու Ամատունին: Ավելի ուշ նա նշանակվում է նաև գյուղի տանուտեր, այսպես ասած՝ Գլավնի, որն իր մեջ ներառում է ևս մի քանի գյուղերի վարչական
    
Գարեգին Ամատունի
ղեկավարումը: 1916թ. հունիսի 2-ին դպրոցի հոգաբարձու-նախագահ Գարեգին Ամատունին (նաև գանձապահ՝ Հայրապետ Գրիգորյանը), «Հորիզոն» թերթում (5 «Հորիզոն», № 126, 8 հունիսի, 1916) խորին շնորհակալություն է հայտնել Տիգրան Աֆրիկյանին, որը նորակառույց դպրոցին նվիրել է 1000ռ. և խոստացել, որ առաջիկա ուսումնական տարվանից մշտապես տրամադրելու է 500ռ. նպաստ: «Թող պ. Տիգրան Աֆրիկեանը օրինակ լինի այլոց՝ այս լքման օրերում փրկելու վերահաս վտանգի ենթարկւած գաւառական դպրոցների գոյութիւնը»: Դպրոցը կրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը: Մեկ դարից ավելի այստեղ սերունդներ են կրթվել ու դաստիարակվել: Խորհրդային շրջանում մի քանի տասնյակ տարիներ հանվել էր դպրոցի անվանակոչությունը, այնուհետև կրկին այն վերականգնվել է հայ գրերի ստեղծող՝ Մեսրոպ Մաշտոցի անունը, որի աճյունը ամփոփված է դպրոցից բառացիորեն մի քանի քայլի վրա:
    

    
    

Եվս մեկ պատմություն կապված Նիկոդիմոս Ամատունու հետ: Թե ինչպես է Նիկոդիմոս Ամատունին ապտակում Երևանի փոխնահանգապետին:


    
Հայտնել էինք, որ իշխան Նիկոդիմոս Ամատունու 1913-14 թթ. այցը հայրենի Օշական վերջինն է լինում նրա կյանքում, այն համընկել էր հոր՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի տեր Ամատունու մահով:
     Այնուհանդերձ, դպրոցի կառուցման հանձնառությունը ամբողջովին իշխան Նիկոդիմոս Ամատունին պատվով է կատարում: Այստեղ ըստ արժանվույն պետք է մատուցել բոլոր-բոլոր բարերարներին, ովքեր սատար եղան այս լավ գործը ավարտին հասցնելու:
    
     Հետո ժամանակները պետք է փոխվեին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը գլխիվայր շուռ տվեցին բոլոր ծրագրերը: Նրա հորեղբոր մի քանի տղաները մասնակցել են Սարիղամիշի մարտերին և հայ-ռուսական ջոկատների հետ շարժվել Թուրքիայի խորքերը: Լենինը հայկական վերագրավված տարածքները կամովին զիջեց թուրքերին: Նիկոդիմոս Ամատունին մինչև վերջ` 1920թ. պայքարեց բոլշևիկների դեմ, գեներալ Վրանգելի և մյուսների հետ Ռուսաստանի հարավում հակաբոլշևիկյան Սպիտակ շարժման մասնակիցներից էր, Հարավային Ռուսաստանի կառավարության անդամը: 1920 թվականի նոյեմբերին բոլշևիկների վերջնական հաղթանակից հետո ընդմիշտ թողեց խորհրդային տարածքը` արտագաղթելով Ֆրանսիա: Վրանգելը Նիկոդիմոս Ամատունու մասին հարգանքով է նշել իր հուշերում:
    
     Այժմ վերադառնանք Նիկոդիմոս Ամատունու 1914 թվականին Հայաստանում եղած ժամանակ մի դեպքի:
    
     Դժբախտաբար այս մասին վավերագիր փաստաթղթեր չենք կարող ներկայացնել, բայց հենվում ենք Նիկոդիմոս Ամատունու իր հարազատներին պատմած բանավոր վկայություններին` որը պակաս արժանահավատ չէ, վերջիններս էլ այն փոխանցել են իրենց սերունդներին: Նժարին դնելով ու համեմատելով փաստացի պատմական իրողությունները միանշանակ հանգում ես այդ եզրակացությանը: Հայտնի է, որ Նիկոդիմոս Ամատունին չորս հորեղբայր է ունեցել, նրանց որդիներն ու թոռներն այս պատմությունը բերնից-բերան շրջանառել են: Հոդվածիս հեղինակն (Վահան Ամատունին-ծանոթ. Նիդ. Օրագիր) , օրինակ այն լսել է հորից՝ Վարդան Գառնիկի Ամատունուց (1915-1976) , որի պապը՝ Ավագը եղել է Եսայի քահանայի հարազատ եղբայրը: Այս մասին պատմել է Նիկոդիմոսի եղբոր` Գարեգինի չորս որդիներից ողջ մնացած Հայկը (1885-1960), վերջինիս տղան ու թոռը: Գրեթե նույն այս պատմությունը պատմել է նաև Ավագի մյուս թոռը՝ խորհրդային շրջանում Օշական գյուղի երկարամյա քահանա Վազգեն Արմենի Ամատունին (1905-1991):
    
    
Քահանա Վազգեն Ամատունին (1960-70թթ.լուսանկար) Օշական

     Նա պատմություններ պատմելու հրաշալի վարպետ էր և նրան ճանաչողները դա կհաստատեն: Պատմությունն այսպես է եղել. Օշականի դպրոցի կառուցման հարցերը կարգավորելուց և հորը՝ Տեր Եսայուն, եկեղեցու բակում պատվով հուղարկավորելուց հետո՝ Նիկոդիմոս Ամատունու մոտ ցանկություն է առաջանում այցելել Երևանի Նահանգապետին՝ Իսկական խորհրդական, կոմս Վլադիմիր Տիզենհաուզենին: Նրան զեկուցում են, որ նահանգապետը տեղում չէ: Ընդառաջ է գալիս նոր նշանակված փոխնահանգապետ՝ Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևը: Փախնահանգապետի պաշտոնում 38-ամյա Չեգոդաևը իր դիմաց տեսնելով իրենից մի քանի ծառայողական աստիճանով բարձր ցարական պաշտոնյային, փոքր ինչ շփոթվում է: Նա Նիկոդիմոս Ամատունու վրա տեսնում է նույն ծառայողական ուսադիրները, ինչ նահանգապետինն էր, սա նշանակում էր, որ փոխնահանգապետը պատշաճ դիմելաձևով՝ (Ваше превосходительство-Ձերդ գերազանցություն) պետք է դիմեր նրան: Այդպես էլ սկսվում է նրանց շփումը: Փոխնահանգապետը ողջունում ու հրավիրում է թեյի: Նիկոդիմոս Ամատունին չի մերժում առաջարկը և սիրով համաձայնում է: Մինչ թեյը ինքնաեռով կպատրաստվեր Չեգոդաևը զրույցի շարունակման թեմա է փնտրում ու պարծենում իր ազնվացեղ շնով` Նշյուլ անգամ չկասկածելով, որ իր դեմ կանգնած ցարական կայսերության բարձրաստիճան պաշտոնյան կարող է ազգությամբ հայ լինել:
- Իմ գեղեցկուհուն գիտե՞ս ինչպես եմ կոչում, -պարծենում է փոխնահանգապետը և ապա նույն վայրկյանին կանչում` «армя́шка, армя́шка...» (արմյաշկա):
Շունը պոչը խաղացնելով մոտենում է տիրոջը: Նիկոդիմոսը հանկարծակի է գալիս և մտածում ՝ գուցե՞ այնպես չի լսել շան անունը: Հարցնում է.
-Իշխան, ինչպե՞ս է ձեր շան անունը:
-Ձերդ գերազանցություն, հայերի մեջ, հայերի պատվին, իմ սիրելի, իմ լավ շնիկ՝ արմյաշկան է:
Այս խոսքերը լսելուց հետո, առանց բացատրության, Ցարական իշխանության Իսկական խորհրդական, ազգությամբ հայ Նիկոդիմոս Ամատունին՝ մի շառաչուն ապտակ է հասցնում նույն երկրի կառավարության Կոլեգիալ խորհրդական, իշխան Չեգոդաևին, ապա շրջվում և արագ քայլերով հեռանում:
    
Կարմիրով նշված է Չեգոդաևի Երևանի փոխնահանգապետ աշխատանքիընդունվելու և ավարտելու ժամկետները
Նախկին ծովային զինվորականը բնականաբար չհասկանալով ինչ տեղի ունեցավ, ինքն է բողոքողի դերն ստանձնում` զեկուցագիր գրելով վերադասին: Միջադեպը հանգուցալուծում է հենց ցարը՝ Նիկոլայ երկրորդը: Վերջինս իրողության մասին իմանում է Պետերբուրգում իրեն տեսակցության եկած Նիկոդիմոս Ամատունուց և լուծում այս հարցը: Արդեն մի քանի ամիս հետո ՝ 1914 թվականի առաջին ամիսներից, դեռ պաշտոնը լիակատար չստանձնած Չեգոդաևը զրկվում է Երևանի փոխնահանգապետի պաշտոնից և անգործ մնում: Որոշ ժամանակ անց ցարը ըստ երևույթին մտածելով, որ ամեն բան արդեն հարթված-մոռացված կլինի կրկին «հիշում» է պատերազմերի բովով անցած իր կադրին` կրկին վերանշանակում է նույն պաշտոնին, այս անգամ բոլորի «աչքից հեռու» ՝ Լյուբլինի նահանգում (ներկայումս Լեհաստան):
Հատկանշական է, որ ինչպես Նիկոդիմոս Ամատունին, այնպես էլ Չեգոդաևը բոլշևիկների իշխանության գալուց հետո արտագաղթում են Ֆրանսիա ու երկուսն էլ թաղված են Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:
    
     Վ.Ամատունի
     Hay Azian
     «Նիդերլանդական օրագիր»
    
    

    
    
    
    
     Իր նախնիների պատվին Օշականի եկեղեցու բակում Գարեգին Իշխանի Ամատունու պատրաստած խաչքարը:
     (Տեր Եսայի քահանայի թոռան թոռը, կամ Նիկոդիմոս Ամատունու եղբոր` Գարեգինի թոռան տղան:)
    
    
    

     Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
     Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
    
ՈՒշադրություն

    
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում: Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
    
     _________________
    
    

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից


    

     Հունվարի 22-ին վարդապետ Սահակ Ամատունու ծննդյան տարեդարձն է

     «Նիդերլանդական օրագրի» բացառիկ նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել ամատունիների մասին
    
    
Նախորդ հոդվածները`
     Ամատունիների շառավիղները
     https://www.nidoragir.com/2018/12/blog-post_49.html
    
     Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
     https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html
    
    
     Սահակ Ամատունի
     Համառոտ կենսագրություն
    
    
Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, երբ Հայաստանում հաստատվեց բոլշևիկյան իշխանություն և ետին պլան մղվեց Հայ Եկեղեցու դարավոր անխախտ դերը: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ, խոնարհ, մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի գրեթե բոլոր անվանի մշակներին: Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որը համընկավ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը՝ ստվերվեց Հայ Առաքելական Եկեղեցին, դուրս թողնելով հասարակական քաղաքական կյանքից, դրա հետ մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը: Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը մոռացության շղարշով պիտի պատվեին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված են Մատենադարնի (թղթ.39, 40) և մյուս արխիվներում:
    
     Մեր ձեռքի տակ են բանասերներ՝ Սանդրո Բեհբուդյանի 1970թ. «Էջմիածին» և Ա.Հ. Ադամյանի «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդեսներում վարդապետ Սահակ Ամատունու մասին հոդվածները:
    
     Սանդրո Բեհբուդյան «Էջմիածին» հանդեսում (1970 ԻԵ (Դ) . 31-35էջ) հետևյալն է գրել.
    
     «Սահակ վարդապետ Ամատունին հայ բանասիրության մեջ ունի իր առանձին տեղն ու դիրքը: Նա բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն էր, ճանաչված ոչ միայն որպես եկեղեցական, այլև որպես ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բարբառային բառերի բառարանագիր: Թեև Սահակ Վարդապետ Ամատունին հայ մշակույթին տվել է մնայուն աշխատություններ, բայց մինչև օրս նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրված չէ, նրա մասին չի գրվել ոչ մի հոդված, կամ ուսումնասիրություն, որը նշեր նրա տեղը հայ մշակույթի երախտավորների շարքում»:
    
     Իրոք, մինչ օրս լուրջ անդրադարձ չի արվել Սահակ Ամատունու կյանքին ու գործունեությանը: Լինելով լրագրող ինձ իրավունք չեմ վերապահում մասնագիտական լուրջ եզրահանգումներ կատարել՝ թողնելով այն պրոֆեսիոնալ մասնագետներին, այնուամենայնիվ սա մի փորձ է «Նիդերլանդական Օրագրի» գովելի նախագծի շրջանակներում հանրությանը նոր լույսով ներկայացնել նրան քիչ ծանոթ Սահակ վարդապետ Ամատունու մասին:
    
     Շատ բան հավելել ենք սեփական հետազոտություններից հետո, բայց, կրկնում եմ՝ Սահակ Ամատունու գործերի ուսումնասիրմանը՝ ընդգրկուն, նեղ մասնագիտական մոտեցում է պահանջում, և հուսով ենք, որ արդեն ազատ խոսքի արտահայտման նպաստավոր մեր ժամանակներում կլինեն նրա կյանքն ու գործը հետազոտող արժանի մասնագետներ:
    
    
Սահակ Ամատունին սարկավարգ եղած ժամանակ (հրապարակվում է առաջին անգամ)

    
     Սահակ Ամատունին ծնվել է 1856 թ, հունվարի 22-ին Օշական գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, հորեղբոր՝ Եսայի ավագ քահանա Ամատունու դասավանդած ծխական դպրոցում: Վերջինս տեսնելով տղայի ցուցաբերած արտակարգ ու բացառիկ ընդունակությունները նրան տեղափոխում է Էջմիածին: Սահակ Ամատունին՝ դրսևորելով երաժշտական ընդունակություններ, իրեն գերազանց է դրսևորում նաև Էջմիածնի ժառանգավորաց ղպրոցում, ապա միանգամից հաջողությամբ դասավանդում է նորաբաց Գևորգյան ճեմարանում` լինելով այս հաստատության հիմնադիր դասախոսներից:
     1870 թվականի սեպտեմբերի 6-ին իշխանական տոհմից սերող Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը նրան ձեռնադրում է կիսասարկավագ, իսկ 1876 թվականին՝ սարկավագ:
     Սահակ Ամատունին հայտնի էր ձայնագրագետ-սարկավագ անունով: Այդ տարիներին, ստույգ՝ 1871 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրահանգով Կ.Պոլսից Մայր Աթոռ է հրավիրում երաժշտագետ Նիկողայոս Թաշճյանը: Նա ձայնագրության գիտակ էր ու հրաշալի մասնագետ, նաև փայլուն մանկավարժ ու երգահան, շատ տարիներ համագործակցել է հանրահայտ Տիգրան Չուխաջյանի հետ: Թաշճյանի առաքելությունն էր ձայնագրել ու տպագրել ս. պատարագը, շարականները և ժամագիրքը, նաև սաներին վարժեցներ այդ գործում:
     Այդ նպատակով Նիկողոս Թաշճյանն իր շուրջն է հավաքում ժառանգավորաց դպրոցի 25 ընդունակ աշակերտների ու նրանց սովորեցնում հայկական ձայնագրությունն ու նրա առանձնահատկությունները: 25 աշակերտների մեջ առավել աչքի են ընկնում Մակար Եկմալյանն ու Սահակ Ամատունին:
     Վերջիններս իրենց հերթին օժանդակում են Թաշճյանին՝ 1874 թվականին հրատարակել «Դասագիրք եկեղեցական ձայնագրության» ձեռնարկը, ապա իր գլուխգործոցը՝ 1000-ից ավելի մեծադիր էջերով կազմված «Ձայնագրյալ երգեցողություն Ս. Պատարագի և ձայնագրյալ շարականը» ձեռնարկը:
     1874 թվականին Նիկողայոս Թաշճյանի մի երաշխավորությամբ Սահակ Ամատունին նշանակվում է նորաբաց Գևորգյան ճեմարանում՝ որպես հայկական ձայնագրության ուսուցիչ:
     Երբ Նիկողայոս Թաշճյանը վերադառնում է Կ.Պոլիս` նրա վարած պատասխանատու գործն իր ուսերին է վերցնում Սահակ սարկավագ Ամատունին: Նա գործի մեջ այնքան է հմտանում, որ անգամ մատնանշում է իր ուսուցչի մասնագիտական դիրքորոշումներում որոշ սխալ մոտեցումները և անգամ քննադատում է նրան: Ամատունին մեծ նվիրումով է զբաղվում շարականների ուսումնասիրմամբ ու մշակմամբ, ճշգրիտ արտաբերմամբ, երգերի ու եղանակների գրառմամբ:
     1875թ.նոյեմբերի 1-ին Սահակ Ամատունին դիմել է Գևորգ Դ կաթողիկոսին կուսակրոն քահանա ձեռնադրվելու համար:
     1883 թվականի մարտի 28-ին նշանակվել է տպարանական խորհրդի անդամ:
     1885-86թթ Սահակ Ամատունու դասարանում է սովորել մեծն ու անմահ Կոմիտասը: Թեև դրանից հետո էլ Ամատունին տարբեր առարկաներ է դասավանդել և հետագայում հրաշալի կապ է ունեցել Կոմիտասի հետ:
     1887 թվականի հունիսի 14-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի կոնդակով սուրբ Գայանե վանքում Թադեոս արքեպիսկոպոսի ձեռքով Սահակ Ամատունին ձեռնադրվում է կուսակրոն քահանա (աբեղա), դառնում միաբանության անդամ։ Սահակ Ամատունին սուրբ Գայանե վանքում վարել է մի շարք պաշտոններ.
     1888 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի մատենադարանապետի օգնական:
     1891 թվականի նոյեմբերի 30-ին սինոդի որոշմամբ՝ դիվանատան կառավարիչ և մատենադարանապետ:
     Այդ ընթացքում նա սկսում է ուսումնասիրել այնտեղ պահվող ձեոագրերը, ցուցակագրել ու կարգի բերել դրանք: Ի վերջո բոլոր ձեռագրերն ու տպագիր գործերը նորից համարակալվում են երեք հաստափոր հատորներում և խնամքով դասավորվում գրադարակներում (Կազմվում է նաև Սևանի վանքի ձեռագրերի ցուցակը) ։
     Սևանի վանքի ձեռագրացուցակը կազմելու աշխատանքը բարձր է գնահատել Խրիմյան Հայրիկը, որը 1894 թ. հոկտեմբերի 6-ի կոնդակով Հոգեշնորհ Սահակ Վարդապետ Ամատունուն իր գոհությունն ու շնորհակալությունն է հայտնում՝ շնորհելով նրան «ականակուռ լանջախաչը»:
     1894 — 1906 թ.թ «Արարատում» պարբերաբար լույս են տեսնում Սահակ Ամատունու մի շարք հայագիտական հետազոտություններ հայկական ձայնագրության և շարականների մասին:
     1897թ. կազմակերպվեց «Արարատ» ամսագրի խմբագրական ժողովը («Մշակ», №5, 14 հունվարի, 1897): «Ժողովի անդամներ նշանակված են Սուքիաս արք.՝ նախագահ, Նահապետ վարդապետ՝ Վեհափառ կաթողիկոսի դիւանի կողմից: Սահակ վարդապետ Ամատունի՝ իբրև մատենադարանապետ…»:
     1899 թ. հուլիսի 4-ի հայրապետական կոնդակով Խրիմյան կաթողիկոսը նրան նշանակում է Շողակաթ վանքի վանահայր: միառժամանակ Սահակ Ամատունին՝ Գևորգյան ճեմարանում դասավանդել է «հայկական ձայնագրություն», «քրիստոնեական վարդապետություն Հայաստանյաց եկեղեցվո» առարկաները:
     1906թ. Սահակ վրդ. Ամատունին «Լումա» հանդեսում (№ 5-6, 1906, էջ 166) «Գավառաբառերի ընդարձակ բառարան կազմելու մասին» վերնագրով հոդվածում հայտնում է իր նպատակի իրագործման մասին` թեև շատ ավելի վաղ նա արդեն իրագործում էր իր մտահաղացումը:
     1906 թ. Սահակ Ամատունին վերստին նշանակվում է մատենադարանապետ:
     1908թ. Էջմիածնի հոգևոր խորհրդի անդամ է։ Սահակ Ամատունին կրկին շարունակում է դասավանդել Գևորգյան ճեմարանում։ Այս ամբողջ տարիներին Ամատունին անդադրում զբաղվում է բանասիրությամբ, հայկական շարականների ուսումնասիրությամբ և բառարանագիտությամբ։
     Առանձին գրքերով հրատարակվում են Սահակ Ամատունու մի քանի գրքերը.
     1909թ. Սահակ վարդապետ Ամատունին նշանակվել է Ս.Սինոդի անդամ: Գործուն մասնակցություն է ցուցաբերել հայոց եկեղեցու վարչակազմակերպչական ու ֆինանսատնտեսական աշխատանքներին:
     1910թ. եղել է Մայր Տաճարի վերանորոգության հանձնաժողովի անդամ:
     1911 թ. լույս է տեսնում Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» արժեքավոր աշխատությունը:
     1912թ. Հրատարակվում է Ս.Ամատունու «Հայոց բառ ու բան» բառարանը, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 հազար բառ ու դարձվածք:
     1913թ. «Ի վերա լերանց խնկաբերանց» (Երգ երգոց Բ. 17) / 48 էջ. բանաստեղծությունների ժողովածուն, որոնք կարելի է երգել գրքում մատնանշված երգերի եղանակներով:
     1917թ. Էջմիածնում լույս է տեսել «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ:
     Շատ ձեռագրեր` որոնց թվում Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության մասին, «Հայոց եկեղեցու ժամակարգության պատմություն» ձեռնարկը և շատ էլի ուրիշ աշխատություններ, որի ավարտին հասցնելը Ամատունու երազանքն էր, մնում է անկատար: «Այս մեծ գործին, ես ձեռնամուխ եմ եղել իմ աբեղայության օրերից և ինձ հալումաշ է արել բազում ձեռագրերի ուսումնասիրությունը» ՝ 1917թ.իր մի նամակում ափսոսանքով գրել է նա:
     Սահակ Ամատունու մահվան վերաբերյալ երեք թվական է շրջանառվում՝ 1917, 1919 և 1920 թթ.: Մենք ավելի շատ հակված ենք նրան, որ Սահակ Ամատունին մահացել է 1919թ դեկտեմբերի, կամ էլ 1920թ. հունվարի 28-ին (բացատրությունը` քիչ ներքևում): Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում:
     Այս տարակարծությունը չէր լինի, եթե հայրենի Օշականում գտնվող նրա գերեզմանը, որտեղ հստակ նշված է եղել նրա ծննդյան և մահվան տարեթվերը, վանդալները ջարդած չլինեին:
    
    

    
    
    

    

    
    
Սահակ Ամատունու գրական ժառանգությունը
    
     1920 թ. Սահակ վարդապետի մահից հետո Էջմիածնի Մատենադարանում ստեղծվում է նրա արխիվային ֆոնդը։ Չգիտենք, այժմ այնտեղ կա՞ն նրա ձեռագրերից, թե ոչ: Այժմ Ամատունու հիմնական արխիվը պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Այնտեղ են հեղինակի անտիպ (և տպագրված) բավական մեծ ծավալի աշխատությունների ձեռագրերը.
     Պահպանվում են բանաստեղծությունների և պաշտոնական գրությունների մատյանը, ծոցատետրը, «Ի գրոց Սահակ վարդապետ Ամատունւոյ» ժողովածուն, անձնական թղթերը, «Վարդգէս մանուկ, Շրէշ բլուր և Աղթամար բերդ» ուսումնասիրությունը, առածների ժողովածուներ, բանահյուսության, ժամակարգության, հայոց շարականների վերաբերյալ մեծաքանակ նյութեր, հարյուրավոր էջ ձեռագիր անավարտ աշխատություններ՝ երաժշտական խազերի, շարականների մասին բազմապիսի նյութեր, նամակներ, լուսանկարներ:
     «Մնացորդ ի ժամագրոց Մովսէսի Քերթողահօր Սիւնեաց եպիսկոպոսի», «Յաղագս կարգաց եկեղեցւոյ Յոհաննու Իմաստասիրի», «Մեկնութիւն ժամագրոց Մեծին Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի», «Յաղագը հիմնարկութեան եկեղեցւոյ Մեծին Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի», «Հայոց գիւղերի և քաղաքների անուններ այբբենական կարգով», «Պատմութիւն Վաչականա և Անահտայ», «Բաղդատութիւն Եղիշեի ձեռագրաց», «Ձեռագիր պատմութիւն Մաթէոսի Ուռհայերոյ», «Ուղևորութիւն տ. տ. Մկրտիչ վեհ. կաթողիկոսի ամենայն հայոց Երուսաղկմից- Էջմիածին» գրքի Ս. Ամատունու գրած առաջաբանը և այլն։
     Շատ ձեռագրեր` այդ թվում Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության վերաբերյալ նյութերը, Ամատունին ցավոք չի հասցրել ավարտին հասցնել:
     Այն մեծ հաշվով առնչվել է հենց իր ազգակիցներին` Ամատունիներին, ու վերաբերել է անցյալին ու իր ժամանակներին:
     Նույն արխիվում են պահվում Ս. Ամատունու հեղինակած քարոզները, «Հոգևոր երգք», «Զայնագրեալ երգարան» աշխատությունները, «Հայոց բառ ու բան» բառարանի լրացված ու վերամշակված տարբերակը, «Շարականք Գրիգոր կաթողիկոսի Անաւարղեցւոյ», «Հին շարականներ» ՝ շարականների մասին մի շարք նյութեր, «Շարական և ութ ձայնից կանոններ», «երգի նշանակութեան և երաժշտութեան վերայ տեղեկութիւն և ութն ձայներ» այլ հետազոտություններ, դիտողություններ, երաժշտական խաղերի ու շարականների վերաբերյալ նյութեր։
    
     Ս. Ամատունու կյանքն ու գործունեությունը քննողի համար արժեքավոր փաստաթղթեր են անվանի հայագետի արխիվում պահվող իր իսկ վկայականները, պաշտոնավարության հրամանները, պարգևատրման այլևայլ գրությունները, բազմաթիվ դիմումները և այլն։ Նկարագրվող արխիվում զգալի թիվ են կազմում և հայագիտության համար այսօր էլ արժեքավոր են Ս. Ամատունու նամակները հասցեագրված Հ. Հովհաննիսյանին, Ն. Ադոնցին, Մ. Օրմանյանին, Կ. Կոստանյանին, Վ. Փափազյանին, Գ. Խալաթ յանին, Ն. Ակինյանին, Խրիմյան Հայրիկին, Տիրայր վարդապետին, Գ. Հովսեփյանին, Ս. Մանդինյանին, Մեյեին, Գր.Աղափերյանին, Ս. Պարզյանին, Հ. Արշարունուն և այլոց։ Նույն արխիվում պահվում են նաև ուրիշ հեղինակների զանազան հետազոտությունների ձեռագիր օրինակները։ Ամատունու արխիվում նյութեր կան ժամանակի խմբագրությունների, միաբանությունների, զանագան գիտական հաստատությունների, Գևորգյան ճեմարանի, վանքերի, եկեղեցիների և այլ հաստատությունների հետ ունեցած տարբեր հարցերին առնչվող նյութեր ու հոդվածներ:
     ____________________
     Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.
    
    
Սահակ Ամատունին Կոմիտասի առաջին ուսուցիչներից մեկը
    
     1919 թվականին լրանում է մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Քչերը գիտեն, որ տարին հոբելյանական է: Հունվարի 22-ին լրանում է հմուտ մանկավարժի ու բանասերի ծննդյան 163-րդ ամյակը: Երկու մեծերի հետ էլ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը դա Սահակ Վարդապետի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:
     Պատանի Սողոմոնն անգամ կենցաղավարության ու վարքի շատ հարցերում է ընդօրինակել իր ուսուցչին: Ահավասիկ՝ մանկավարժ, բանասեր Շահան-Սիմոնի հիշողությունները՝ 1954թ «Էջմիածին» հանդեսում Կոմիտաս վարդապետի ծննդյան 85-ամյակի առթիվ գրված հուշերում: Նա պատիվ է ունեցել սովորել Կոմիտասի հետ, որպես ականատես ու ժամանակակից անդրադարձել է Սահակ վարդապետի ու Կոմիտասի փոխհարաբերություններին.
    
    
    
    
     «Ճեմարանի 2-րդ դասարանում մեր երգեցողության ուսուցիչը Սահակ սարկավագ Ամատունին էր, - գրել է Շահան-Սիմոնը: -Սա էլ Օշական գյուղից էր, և Նիկողայոս Թաշճյանին աշակերտել էր` լինելով Մակար Եկմալյանի դասակիցը:
    
     Ամատունին հմուտ էր հայկական ձայնագրության, եկեղեցական շարականների Պոլսի եղանակներին, բայց ինքը մեզ դաս տալիս, գերադասում էր Էջմիածնի հին եղանակները, այդտեղից էլ իրեն դասանյութ էր ընտրում: Նրա սովորեցրած երգերը մեծ մասամբ գրաբար էին և կամ միջնադարյան-աշուղական հայերենով: Սահակ Սարկավագի ձայնը մեղմ էր և դուրեկան, խոսակցությունը ցածր ու համեստ: Սողոմոնը նրա բոլոր ձևերը ընդօրինակում էր, սովորեցրած երգերը` անգիր անում: Դրանք էին. «Երկինք զուարթ ակնարկէր», «Ես յարկս պերճ», «Ահա աշնան արաւոտ», «Ի կանխագէտ տեսչութենէդ», «Է՛յ, իմ վարդիկ» և այլն, կամ Գամառ Քաթիպայից վերցրած` «Թող փչե քամին պաղ-պաղ», «Մեր խեղճ ազգը ուսում չունի», «Հիմի՞ էլ լռենք» և այլն:
    
     Սահակ Ամատունին ուներ նաև բանաստեղծական շնորհք. նա երբեմն իրենից էր եղանակում. «Նայեցէք Արմաւրին` ո՜վ հայ պատանիք», «Տխուր-տխուր ձայն եմ տալիս իմ Ախուրեանէն», երբեմն էլ իր գրած` հեղինակած ոտանավորները կարդում էր հանդիսավոր օրերին` ճեմարանի հանդիսարանում: Նրա ուղղությունը մի քիչ նման էր Գամառ-Քաթիպային, որից մի քանի ոտանավորներ տպված կան «Սոխակ Հայաստանի» երգարանում:
    
     Հենց այդպիսի բանաստեղծական ձիրք և երգեցողության հմտություն ուներ և՛ մեր Սողոմոնը: Սա էլ երբեմն իր բանաստեղծական խծբծանքները կարդում էր տոն օրերին ինչպես «Ծին ծին ծիրանի» -նմանողությամբ Հայր Ղեվոնդ Ալիշանի»:
    
    
     Այսպես՝ Սահակ Ամատունին եղել է Կոմիտաս վարդապետի առաջին և սիրված ուսուցիչներից մեկը: Հիրավի, ապագա Մեծն Կոմիտասի, որպես մեծ երգահանի երաժշտական հայացքների ու աշխարհընկալումների ձևավորման մեջ մեծ ազեցություն ունեցած մանկավարժ: Պատանի Սողոմոնին գրավում էր իր ուսուցչի հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրության նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը: Ի՞նչ շնորհալի աշակերտ, որ չպետք է գերազանցեր իր ուսուցչին: Նրա աշակերտական տարիներն անցան սիրելի ուսուցչի հետ Արարատյան դաշտի հայութեան պահպանած հոգևոր և ժողովրդական երգերը պեղելով, հավաքելով, գրի առնելով ու մշակելով: Հետագայում Կոմիտասն ինքը շատ երգեր արդեն ժամանակի առաջադիմական մեթոդներով ձայնագրել է Սահակ Ամատունուց՝ տալով նոր շունչ ու ոգի՝ անդարձ փրկելով դրանք կորստից:
     --------------------------
     Շահան-Սիմոն «Էջմիածին» հանդես 1954 թ. էջ 25-25 «Կոմիտաս վարդապետ, հուշեր ծննդյան 85-ամյակի առթիվ»
    
    

    

    
Սահակ Ամատունու գրքերը և նրա որոշ արձագանքները
    
    
Սահակ Ամատունին իր շարականների ու բառարանի գրքերի լույս ընծայումից առաջ ուսումնասիրել է Եվրոպայի ճանաչված հայագետ-լեզվաբանների գրքերը, որոնց թվում՝ գերմանացի անվանի հայագետներ Հայնրիխ Հյուբշմանի, Պոլ դը Լագարդի, Հայնրիխ Պետերմանի, ֆրանսիացիներ՝ ֆրեդերիկ Մակլերի, Վիկտոր Լանգլուայի, անգլիացիներ՝ Մաքս Մյուլլերի, Ֆրեդերիկ Կոռնվալիս Կոնիբերի ու այլոց գրքերն ու աշխատությունները:
     «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ»
     1911 թ. Վաղարշապատում Ս.Էջմիածնի Մայր Աթոռը Սուքիաս արքեպիսկոպոս Պարզյանի հովանավորությամբ լույս է ընծայում Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» ժողովածուն:
    
    
    
Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» ժողովածուն

     Հայ եկեղեցում ժամասացությունների ընթացքում ըստ օրերի եվ տոների երգել են հոգևոր երգեր` սաղմոսներ, որից զատ ստեղծվել են շարականներ, տաղեր: Մեզանում Քրիստոնեության ընդունումից և գրերի գյուտից հետո առաջ են եկել ինքնուրույն հոգևոր երգերը` կցուրդները, որոնցով սկզբնավորվել է հայ ազգային շարականերգությունը: Կցուրդներն հիմնականում նվիրվել են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և այլոց: Հետագայում սահմանվել է ժամերգության պաշտոնական երգացանկ՝ կանոն, որից դուրս մնացած շարականները համարվել են անվավեր կամ պարականոն:
     Ահա, հին ու միջին դարերի հենց այս աշխատություններն է հավաքել, մշակել ու կորստից փրկել Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միաբան Սահակ վարդապետ Ամատունին:
     Այս աշխատությունը, որպես բանասիրական պրպտուն աշխատանքի արգասիք ժամանակի հայ մամուլը ըստ արժանվույն է գնահատել: Կ. Պոլսի հայոց պատրիարք, հայագետ, պատմաբան Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը բարձր է գնահատել Սահակ Ամատունու այս աշխատանքը և գոհունակություն է հայտնել, որ ժամանակին ինքը հնարավորություն է ունեցել աշխատության լույս ընծայման համար դրամ նվիրաբերել: «Իմ համոզմամբ, - գրել է անվանի հայագետը, - ամեն մի աշխատություն, որ նախնիների բեկորները կորստից և մոռացությունից փրկելու նպատակ ունի հույժ գնահատելի է և կգնահատեմ ձեր այդ աշխատությունն էլ»:
    
     Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից ևս չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
     «Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:
     «Հայոց բառ ու բան» (1912, Վաղարշապատ)
     Դեռ դարավերջից Ամատունին աշխատում էր «Հայոց բառ ու բան» (1912, Վաղարշապատ) մեծարժեք գավառական բառարանի վրա, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14000 բառ ու դարձվածք՝ իմաստների բացատրությամբ և մեծ մասամբ նաև վավերական օրինակներով։ Բարերար, պետական խորհրդի անդամ, հայտնի նավթարդյունահանող Պողոս Հովսեփի Ղուկասյանը հանձն է առնում բառարանի տպագրական ծախսերը: Հետագայում, արդեն լույս տեսած գրքում նրա մասին Սահակ Ամատունին պետք է գրեր.
     «ԳԵՐԱԶՆԻՎ ՊԱՐՈՆ ՊՕՂՈՍ ՅՈՎՍԷՓԵԱՆ ՂՈՒԿԱՍԵԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ Ձեր՝ առ մեր գրականութիւնն ունեցած յարգանքի ու սիրոյ շնորհիւ Ձեր ծախքով ահաւասիկ լոյս է տեսնում «Հայոց Բառ ու Բան» աշխատութիւնս: Այս բանի մէջ տեսնելով ազգային գրականութիւնը քաջալերելու և ինձ՝ վաստակաւորիս, հոգեպէս մխիթարելու բարի ցանկութիւնը, անհուն բերկրութեամբ զեղում եմ Ձեր գերազանուութեան առաջ իմ լիուլի և սրտագին շնորհակալութիւնը և նուիրում եմ Ձեր Մեծապատուութեան պատուական անուանը իմ այս աշխատութիւնը: Ընդունէցեք, գերազնիւ Տէր, Ձեր առատաձեռնութեան շնորհիւ լոյս տեսած իմ այս աշխատութիւնը իբրև պատարագ բոլորանուէր, և Թող ամենաբարի Աստուած տա Ձեզ բարօրութւն և երկայն կեանք յարատևելու ազգաշահ գործէրի մեջ ի փառս Ձեր պատուական անուան և յօգուտ հասարակաց:
     Մնամ աղօթարար Սահակ վարդապետ Ամատունի»
    
    
    
     «Հայոց բառ ու բանը» Սահակ վարդապետ Ամատունու տքնաջան աշխատանքի արդյունք էր: Արարատյան բարբառն ու ժողովրդի կենդանի շունչը գրականություն բերելու փորձն արդեն կար: Մեսրոպ Թաղիադյանի, Խաչատուր Աբովյանի, Պերճ Պռոշյանի և մյուսների գրական գործերն արդեն համեմվել էին ժողովրդական բառերի ու դարձվացքների առատ պաշարով: Այն պետք էր հավաքել, ամբարել ու ամրագրել՝ ինչն էլ արեց Սահակ Ամատունին: Սա մի չտեսնված բառարանաշինական հետազոտական աշխատանքի ամրակուռ հիմք էր, որով պետք է ոգևորվեին ու իրենց արժեքավոր գործերն սկսեին նրա սերնդակիցներն ու հետո եկող մեր մյուս լեզվագետները: «Հայոց բառ ու բանը» աշխուժություն առաջ բերեց գրական շրջանակներում, արժանացավ հայագետների ուշադրությանը: Բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանը հետևյալը գրեց. «Ահա մի հոյակապ գործ, որի նմանը դեռ չի եղել հայոց գրականության մեջ...Սահակ վարդապետի աշխատասիրությունը ժողովրդական կենդանի լեզվի բառամթերքը ի մի հավաքելու առաջին փորձն է...»:
     Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհ. Թումանյանը. «Սահակ հայր սուրբ, -գրել է մեծ լոռեցին: - Ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
     1913թ. հունվարին` հայագետ, բառարանագիր Ստեփանոս Մալխասյանցը գրել է.
     «Լոյս տեսավ Էջմիածնի միաբան Սահակ վարդ. Ամատունու «Հայոց բառ ու բան» աշխատութիւնը, տպված Էջմիածնում 1912 թվին, Պօղոս Ղուկասեանի ծախսով: Այդ աշխատութիւնը, որին տարիներից ի վեր հետաքրքրութեամբ սպասում էին հայ բանասիրութեամբ զբաղվողները, մի ընդարձակ գործ է, բաղկացած Ի-707 մեծադիր երեսներից, ըստ բավականի մաքուր տպված թղթի վրա: Նա պարունակում է մօտավորապէս 8000 նոր բառ, կամ բառերի նշանակութիւններ, որոնք ուրիշ բառարանների մէջ դեռ չեն մտած: Այս բառերն և նշանակութիւնները աշխատասիրող հեղինակը խնամքով տարիների ընթացքում հավաքել է բազմաթիվ գրական (գլխաւորապէս ազգագրական բովանդակութեամբ) աղբիւրներից և մասամբ բուն ժողովրդի բերանից: Ամեն մի բառի մօտ նշանակված են այն գավառները, որտեղ նա գործածական է. եթէ բառը զանազան գավառներում տարբեր արտասանութիւններ ունի՝ այս վերջիններս էլ նշանակված են, դարձեալ ցոյց տալով գավառները: Գրեթէ ամեն մի բառի բացատրութեան հետևում են մի կամ մի քանի օրինակներ, մեծ մասամբ քաղված գրքերից, իսկ երբեմն աշխատասիրողից կազմած: Այս աշխատութիւնը առաջին լուրջ փորձն է հայոց կենդանի ժողովրդական լեզվի լիակատար և համեմատական բառահաւաքութեան, որ ոչ միայն մեծարժէք բառամթերք է մատակարարում մեր գրական աղքատ լեզվին, այլև առատ նիւթ է տալս մեր բարբառների ուսումնասիրեութեան համար: Այս գնահատելի աշխատութեան մասին ուրիշ անգամ մանրամասն կը խօսենք...»:
     Հետագայում ակադեմիկոս, նորաբաց Հայկական Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ Ստ. Մալխասյանցը, որը պետք է ընտրվեր նաև Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի ու նաև «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ՝ շնորհակալություն է հայտնել`
     «մեղվաջան աշխատասիրողին այս գեղեցիկ նվէրի համար, որ նա դրեց հայ բանասիրութեան սեղանի վրա»:
     Այդ մասին 1913թ.հայտնել է «Մշակը» («Մշակ», № 19, 26 հունվարի):
     «Հայոց բառ ու բանը» բարձր գնահատանքի են արժանացրել ֆրանսիացի արևելագետ Ա. Մեյեն, Կ.Պոլսո և Երուսաղեմի հայոց պատրիարքները, Վենետիկի ու Վիեննայի անվանի միաբանները, ժամանակի ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը Ստեփան Մալխասյանցը, Վրթանես Փափազյանը, Կարապետ Կոստանյանը, Նիկողայոս Ադոնցը, Երվանդ Լալայանը և էլի շատերը:
    
    
    
    
     1913 թ. լույս է տեսել «Ի վերայ լերանց խնկաբերաց» (Երգ երգոց Բ. 17) / Սահակ Ամատունու 48 էջանոց գիրքը, որն ըստ էությամբ բանաստեղծություններ են, որոնք կարելի է երգել գրքում մատնանշված երգերի նոտաներով: 1917թ. Էջմիածնում լույս է տեսել «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 78 էջ: Շատ ձեռագրեր Ամատունին չի հասցնում ավարտին հասցնել:
    
     Սահակ Ամատունի սկզբունքային մարդը
    
     Սահակ Ամատունու ժամանակակիցները փաստել են նրա ազնվագույն մարդ լինելը: Նման եզրահանգման ես գալիս, երբ ծանոթանում ես ժամանակի մտավորականների նրան հասցեագրված նամակները: Սահակ վարդապետը ճշտապահ ու վերին աստիճանի ազնիվ մարդ էր: Նա որքան անկեղծ ու ազնիվ էր մարդկանց հանդեպ, նույնքան վեհանձն ու արդար էր բնության նկատմամբ: Նրա կերպարի մասին կարող ես կարծիք կազմել կարդալով անգամ նրա բանաստեղծությունները, որից հայրենասիրության ու սիրո լույս է ճառագում, նաև տագնապ ու մտահոգություն՝ դեպի վաղվա օրը: Անչափ մեծ է բնության նկատմամբ հարգանքը, որ քնքշանքի է վերածվում, որպես մարդկությանը բարիք արարողի ու նրան կերակրողի: Օրինակ այգաթաղին նվիրված նրա ոտանավոր-երգը մարդու և բնության ներդաշնակության ձոն է, իսկ հայրենիքին նվիրված բանաստեղծությունները` հայրենի եզերքի նվիրվածության անկեղծ սիրո խոստովանություն:
    
     Նա իր չափածո տողերը հարմարեցրել ու մատուցում էր երգի տեսքով, այդպես արտաժամյա ուսուցանում էր իր սաներին, իրեն բանաստեղծ երբեք չէր համարում, բայց ազնիվ ու շիտակ էր իր խոսքում: Սահակ Ամատունու համեստությունը սահմաններ չէր ճանաճում: Նա, երբ ավարտեց իր ժամանակի համար աննախադեպ 1912թ. «Հայոց բառ ու բան» բառարանի աշխատությունը, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 հազար բառ ու դարձվածք, համեստորեն առաջաբանում հետևյալը գրեց. «Խոստովանում ենք, որ մեր այս աշխատությունը իբրև առաջին փորձ ունի իր պակասությունն ու թերությունը. մենք կատարելապես մխիթարված կլինենք, եթե մեր այս պակասավոր փորձը դրդիչ պատճառ դառնա նմանօրինակ բայց կատարյալ մի գործի: Այս հույսով մեր այս վաստակը հանձնում ենք բանասերների ուշադրությանը»:
    
     Համեստության ինչպիսի՜ դրսևորում... Հետո ճշգրտորեն Սահակ Ամատունու խոսքերը մարգարեության պետք է վերածվեին՝ հայ լեզվաբանների մի ամբողջ ծաղկաբույլ «այս պակասավոր փորձը» դրդիչ պատճառ պետք է դարձնեին կատարյալ բազմաթիվ այլ բազմապիսի բառարաններ ստեղծելու համար: Իսկ թե ինչպիսի ընդունելության ու արձագանքի արժանացավ «Հայոց բառ ու բանը» ժամանակի հայ մասնագետների շրջանում՝ բոլորին է հայտնի: Դրանցից միայն մեկը: Սևանի վանքի վանահայր, բանասեր Տ Սարգիս եպիսկոպոս Փիլոյանը հետևյալ կերպ է բնութագրել Սահակ Ամատունուն. «Դուք հայ բանասեր, Ձեր ծերության ալեզարդ հասակին տոկուն ու անխոնջ համբերությամբ, մանրակրկիտ ու մեղվաջան աշխատությամբ ընկել եք հայ աշխարհի բանավոր բուրաստանի մեջ և անցնելով ծաղկե ծաղիկ, ժողովել եք նորա հարուստ հյութն ու նյութը, նորա առատ ուղն ու ծուծը և այն դյուրամարս ու քաղցրաճաշակ մեղր դարձնելով մատակարարում եք հայ բանասերներին, հայ ժողովրդին առհասարակ: Քանի կան «հին շարականները» նորանք Ձեր կյանքը կերգեն, քանի կան «Հայոց բառ ու բանը» նորանք Ձեր սերը կքարոզեն»:
    
     Սահակ Ամատունին սրտացավ, անաչառ ու ազնիվ էր իր պրակտիկ գործունեության մեջ: Նա մատենադարանին է նվիրել հին ձեռագիր մատյաններ, դրանց թվում` երկաթագիր Նոր Կտակարան, 1315 թվականի Մանրուսմունք, 16-րդ դարի մագաղաթյա Սաղմոսարան, Աղոթագիրք և Խորհրդատետր, 3 թերթ մագաղաթյա պահպանակ և այլը: 1896թվականին գործուն մասնակցություն է ունեցել ժառանգավորած դպրոցի ու պարիսպներից մեկը քանդելու ժամանակ հայտնաբերված 1613 միավոր պղնձյա առարկաների արձանագրությունների վերծանմանը: Երկարատև աշխատանքի արդյունք համարվող գտածոների անվանացանկն ու արձանագրությունների վերծանության պատճեներն ուղարկվել է Ռուսաստանի կայսերական հնագիտական ընկերություն, որի պատվերով ու ֆինանսավորմամբ կատարվել էր հետազոտությունը:
    
    
     Սահակ Ամատունին միևնույն ժամանակ սկզբունքային մարդ էր: Սիրում էր իրերն իրենց անունով կոչել: Ոչ ամեն անգամ է Ամատունու կարծիքը համընկել իր ուսուցիչ Նիկողայոս Թաշճյանի հետ: Բայց դա չի նշանակել, որ այլոք կարող են անհիմնը մեղադրել մյուսներին: Այդ դեպքում նրա գրիչը սուր էր ու ճշմարտացի...
    
     Օրինակ, երբ Ամատունին Մեսրոպյան հին շարականները վերծանելու համար մտադրվել է մեկնել Երնջակ ու այնտեղ հանդիպել այդ երաժշտության գիտակ եպիսկոպոս Գրիգոր Հովբյանին, Թաշճյանը Պոլսում հրատարակվող «Հայրենիք» լրագրի մեջ քննադատել է Էջմիածնի սինոդի որոշումը Ամատունուն այնտեղ գործուղելու համար: Թաշճյանը գտնում էր, որ Երնջակում այն ևս սխալ է արտաբերվում, ավելին` վերջինս գտնում էր, որ իր շարականները էջմիածինը վեր է ածում «պարսկական և ռուսական անճաշակ և անախորժ եղանակների»:
    
     Սա Թաշճյանի կողմից քայլ էր անվերապահորեն միայն ու միայն իր ներկայացրած ձայնագրություններն ընդունելու և կատարելու:
    
     Ամատունին հստակ գիտեր ինչու է գնում Երնջակ ու նաև լավ գիտեր, թե ինչպես են վանքում կատարվում շարականները:
    
     Հետևաբար Թաշճյանի մեծ ավանդը գնահատելով հանդերձ սխալ է համարում նրա այս մոտեցումը և փաստերով ապացուցում, որ փնտրտուքը շարունակական պրոցես է մինչև երաժշտության վերջնական անաղարտ ու հաջողված տարբերակ գտնելը, մանավանդ, որ Թաշճյանի գիտեցած ու մշակած Մեսրոպյան շարականները սխալ են համարել այդ գործում իմացողները՝ այդ թվում Վեհափառը:
    
     «ՈՒրիշ մէկը չեմ հանի ձեր դէմ, -Արարատ հանդեսում Թաշճյանին ուղղված նամակում գրում է Ս.Ամատունին, - բացի ինձանից և մի ճշմարտասէր անձից: 1874թուին, երբ ձեռնամուխ եղաք շարականներ գրելու, ինչպէս ես, նոյնպէս և Էջմիածնի ամբողջ միաբանական ՈՒխտը այն յոյսն ու ակնկալութիւնն ունէինք ձեզանից, որ հմուտ ու տեղեակ գոլով շարականներին, պիտի մէզ լսեցնել տայիք տօնելի Մեսրովբի քաղցրահնչիւն եղանակները. բայց բանից ինչ դուրս եկաւ, Պալատցի Հաջի Կարապետ քաջ երաժիշտ տիրացուն, որ խիստ ընդել և հմուտ էր պոլսոյ եղանակներին և շարականներ գրելուն ձեզ աջակից, համբավեց ձեր մասին, որ ինչպէս ասում են բոբիկ եք եղել շարականներից. և այն ինչ որ գիտեք, ինչպէս թռչունները մարմնով և գունագեղ փետուրով զատ և որոշ են միմեանցից, այսպէս ձեր գիտեցածն ևս շարականների մի խառնուրդ լինելով, ձայնով և եղանակով խիստ տարբեր են եղել թէ նոյն իսկ վերոյիշեալ Կարապետի և թէ հանգուցեալ Հայրապետի գիտեցածից...»:
    
     («Պ.Նիկողայոս Թաշճեանի յոդուածի առթիւ» Սահակ սարկաւագ, 1883)
    
    
     Ի վերջո Էջմիածնի սինոդի 1884 թվականի հունվարի 18-ին` 39-րդ որոշման համաձայն, Սահակ սարկավագ Ամատունին մեկնում է Երնջակ և եպիսկոպոս Գրիգոր Հովբյանից ձայնագրում նրա մոտ առկա հին հայկական երաժշտության նմուշները:
    
     Կյանքը ցույց է տալիս, որ Սահակ Ամատունու սկզբունքայնությունն ու նպատակասլացությունը տեղին էր. 1904 թվականին Թիֆլիսում լույս տեսած Մեսրոպ արք. Սմբատյանցը իր «Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա» (էջ 317) աշխատության մեջ ուրախությամբ պետք է հայտներ, որ Սահակ Ամատունու ձեռքի տակ է Նախիջևանի գավառից գտնված Վարդան կրոնավորի կողմից «Ձեռնարկ երաժշտաց» վերնագրով 1285թ. գրված ձեռագրերից մեկը:
    
     Մեսրոպ արք. Սմբատյանցը 1897-1907թթ. Երնջակի Սուրբ Կարապետ վանքի վանահայրն է եղել` նա Սահակ Ամատունուն սարկավագ կարգած հոգևորական էր:
    
    
     Սահակ վարդապետը, ամատունիները, Օշականի եկեղեցին և դպրոցը
    
    

    

    
Տաճատ Հարությունի Ամատունու
     (Սահակ վարդապետի եղբոր տղան)
     մոտ պահպանված Սահակ Ամատունու
     լուսանկարներից

    
Սահակ Ամատունին ծնվել է 1856 թ, հունվարի 22-ին Օշական գյուղում` Գևորգ Ղազարի Ամատունու և Քիշմիշ Մուշեղյանի ընտանիքում, նրանց միջնեկ որդին էր: Կուսակրոն քահանա լինելու պատճառով չի ամուսնացել: 1913թ. Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով լույս տեսած «Ի վերա լերանց խնկաբերանց» (Երգ երգոց Բ. 17) գիրքը Սահակ վարդապետ Ամատունին նվիրել է իր ծնողների հիշատակին: Կարդում ենք. «Ի յիշատակ հանգուցեալ ծնողաց իմոց»` քրտենց Գևորգի և մուշոնց Քիշմիշի: Մի այլ` «Հորս տված պարտեզը» չափածո գործից իմանում ենք`
     «Հազարութհարյուր ութսուն երկուսին,
     Երբ հայրս մեռավ դեկտեմբեր ամսին,
     Տվավ մի բաժին միայն մի պարտեզ...»:
     Ծնողներն ու եղբայրները զբաղվել են այգեգործությամբ, ավագ եղբոր անունը Հակոբ էր (1838-1919), վերջինս էլ իր հերթին 2 որդի է ունեցել` Փառնակ և Կարապետ անուններով: Սահակ Ամատունու կրտսեր եղբայրը Հարությունն էր: Նա էլ երեք տղա է ունեցել` որից մեկը Տաճատը: Վերջինիս որդիները բնակվել և աշխատել են Օշականում, խորհրդային տարիներին կրթված ու բանիմաց մասնագետներ են եղել: Խորհրդային տարիներին Մարտուն Տաճատի Ամատունին ճանաչված ինժեներ-մելիորատոր էր, Աշխարհիկ Տաճատի Ամատունին երկարամյա ու վաստակավոր մանկավարժ, իսկ նրանց եղբայրը` Ֆաուստը, հմուտ ու ճանաչված բժիշկ էր:
    
Տաճատ Հարությունի Ամատունին և նրա գերեզմանը Օշական գյուղում

    
     Հնարավոր է Սահակ Ամատունին քույրեր էլ ունեցած լինի: Նրանց հետնորդներին գտնելը ժամանակ ու համբերություն է պահանջում:
     Սահակ Ամատունին չորս հորեղբայր է ունեցել` Թաթոս, Վարդան, Ավագ և Եսայի անուններով: Նրանց տղաները բոլորն էլ պարտադիր կրթություն են ստացել: Տեր Եսային` Սահակի հորեղբայրը, եղել է Օշական գյուղի ավագ քահանան և անշահախնդիր` մինչ Սահակի Էջմիածնի ժառանգավորաց դպրոց տեղափոխելը, հոգ է տարել պատանի Սահակի կրթությամբ: Տեր Եսային այդ հարցում շատ պահանջկոտ ու հետևողական էր և երևի դա էր պատճառը, որ նրա ավագ որդի Նիկոդիմոս Ամատունին թողել ու հեռացել է տնից: Հետո վերջինս պետք է կյանք մտներ, որպես կայացած ու կազմակերպված անհատ` վերականգներ իր իշխանական տիտղոսը, կրթություն ստանար Թիֆլիսում, ապա Պետերբուրգում և զբաղեցներ ցարական Ռուսաստանի պետական բարձր պաշտոններ ու դերակատարություն ունենար նույնիսկ Հայաստանի քաղաքական կյանքում, նաև թև ու թիկունք լիներ հորը` իրականացնելու եկեղեցու և դպրոցի վերանորոգումն ու կառուցումը, ջերմ հարաբերություն պահպաներ Սահակ Ամատունու և Մայր Աթոռի առաջնորդների հետ: Սահակ Ամատունու մյուս հորեղբոր տղաները (Նիկոդիմոսի եղբայրները) ևս լավ կրթություն են ստացել:
    
     Նրանցից` Վահանը, Օշական գյուղում բացված բանկի հաշվապահն էր, դաշնակցության ակտիվ անդամ, Գարեգինը` նախագահել է հոգեբարձուների խորհուրդը, եղել է գյուղի տանուտեր, մի քանի գյուղերի այսպես ասած՝ Գլավնի: Նրա երկու տղաները` Արամը և Եսային զուհվում են Սարդարապատի ճակատամարտում:
     Սահակ Ամատունու ցանկություններից մեկը եղել է նյութեր հավաքել Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմության վերաբերյալ: Այն մեծ հաշվով առնչվել է հենց իր ազգակիցներին` Ամատունիներին, ու վերաբերել է անցյալին ու իր ժամանակներին: Ցավոք նա իր այս մտադրությունը ավարտին չի հասցրել: Այս և այլ պատմությունները, որոնք վաղուցվանից ծրագրավորված են եղել թղթին հանձնելու, ինչպես նաև «Հայոց եկեղեցու ժամակարգության պատմություն» ձեռնարկը` անկատար են մնացել. «Այս մեծ գործին, ես ձեռնամուխ եմ եղել իմ աբեղայության օրերից և ինձ հալումաշ է արել բազում ձեռագրերի ուսումնասիրությունը» ՝ 1917թ.իր մի նամակում խոստովանել է Ամատունին: Էջմիածնում սարկավագ եղած տարիներից Սահակ Ամատունին ջերմ կապեր է պահպանել հորեղբոր` իր առաջին ուսուցիչ Եսայի քահանայի հետ: Վերջինս նախանձախնդիր էր Օշականի եկեղեցու (1879), գմբեթի (1884), Մեսրոպ Մաշտոցի դին Օշականում ամփոփած իշխան Վահան Ամատունու հուշաքարի (1880) տեղադրման, հետագայում նաև դպրոցի (1914) կառուցման գործին: Այս աշխատանքներում ներգրաված էր նաև Տեր Եսայու ավագ որդին` Սահակի հորեղբորորդին, նույն ինքը` ցարական Ռուսաստանի հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, իսկական պետական խորհրդական իշխան Նիկոդիմոս Ամատունին: Մշտապես բարեկամական ջերմ ու մտերմիկ հարաբերություններ են պահպանվել ամատունիների ու այդ տարիների Գևորգ Դ, Մակար Ա Թեղուտցի, Խրիմեան Հայրիկ, Մատթևոս Բ
    
    
    
Սահակ Ամատունու գրքերը հովանավորող, Ամատունիների մտերիմ բարեկամ
«Արարատ» ամսագրի խմբագրապետ, արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը (լուսանկարը
նվիրվել է Օշականի ավագ քահանա Եսայի Ամատունուն, հրապարակվում է առաջին անգամ):

     Կոստանդնուպոլսեցի, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսների և արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի միջև: Սինոդը Օշականի եկեղեցու կառուցման հանգանակություն կազմակերպելու համար բազմիցս է տեր Եսայի քահանային գործուղել Թիֆլիս ու Ռուսաստանի այլ քաղաքներ: Երբ արդեն 1880թ. հիմնարար վերանորոգման էր ենթարկվել Օշականի եկեղեցին ու 1884թ տեղադրվել էր գմբեթը, նախաձեռնվում է դպրոցի կառուցման աշխատանքները: Սինոդի բարձրագույն հոգևոր ժողովը այս առթիվ շնորհակալական թուղթ է գրել իշխան Նիկոդիմոս Ամատունուն (1914 թ. «Արարատ», հունիս, 488-րդ էջ), երբ վերջինս Պետերբուրգից ուղարկում է շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտ գումարը:
    
    
    
    
     Սահակ Ամատունին Այս նախաձեռնությունների ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից է եղել: Թեև այդ տարիներին տպագրվող Սահակ Ամատունու բոլոր գրքերը հովանավորվել են բարերարների, այդ թվում Ս.Պարզյանի ու այլոց կողմից` այնուհանդերձ գրքերի վաճառքի եկամուտներից նա զոհաբերություններ է արել: 1913թ. հունվարի 31-ի «Հորիզոն» թերթը (թիվ` 24) գրում է, որ Օշականի նոր ու հարմարավետ կառուցվող դպրոցի համար` «... Էջմիածնի միաբան բարձրապատիվ Սահակ վարդապետ Ամատունի նախանձախնդիր լինելով այդ նպատակների իրականացմանը, Օշականի դպրոցին է նվիրել 100 օրինակ իւր աշխատութիւնից «Հայոց բառ ու բան», որը պիտի վաճառւի յօգուտ վերոյիշեալ նպատակների»:
    
     1914 թվականին, երբ ցարական Ռուսաստանը չէր թաքցնում ազգերին գաղութացնելու իր նկրտումները և ավելի շատ դպրոցներ փակվում էին, Օշականում բացվում է ազգային չորսդասյա դպրոց: Իսկ այս գործում մեծ էր Ամատունիների, այդ թվում Սահակ վարդապետի ավանդը` սատար ու օգտակար լինել հայրենի գյուղին:
    
    
     Այն ինչն ուզում ենք պարզել Նիդերլանդներից` ընդամենը Հայ Առաքելական Եկեղեցու իր ժամանակի հենասյուներից մեկի` Սահակ Ամատունու մահվան տարեթվի մասին, դարձել է խրթին հարց: Այդ ամենը սկիզբ է առնում խորքային անտարբերությունից: Օրինակ. իրականում, եթե վանդալները տարիներ առաջ չջարդեին Սահակ Ամատունու գերեզմանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված էր նրա ծննդյան և մահվան տարեթվերը, այս հասարակ հարցում նման դժվարությունների չէինք հանդիպի: Սահակ Ամատունու մահվան վերաբերյալ նույնիսկ երեք թվական է շրջանառվում՝ 1917 և 1919 և 1920 թթ.: Համացանցում և մասնավորապես 1970թ. «Էջմիածին» հանդեսում բանասեր Ս.Բեհբուդյանը անուղղակի մատնանշել են 1917թ՝ առանց օրվա ու ամսվա նշման: Միանգամից խաչ քաշելով համացանցում տարածված 1917թ վարկածին, կանգ կառնենք Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանի մեզ ուղարկած Պետրոս Հովհաննիսյանի «Նշանավոր ճեմարանականներ» գրքում նշված 1919թ. դեկտեմբերի 28-ի տարեթվին, կամ էլ մեկ ամսվա տարբերությամբ` 1920թվականի հունվարի 28-ի: «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդեսում հոդված գրած բանասեր Ա.Հ.Ադամյանը իր հոդվածում (1973) կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ կան, որոնց վրա հիշյալ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին որպես տարեթիվ՝ 1920 թ նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Նա հետևյալն է գրել.
    
    
Սահակ Ամատունին Օշականի իր տան մեջ, եզակի լուսանկար,
     հրապարակվում է առաջին անգամ
«Սահակ վարդապետ Ամատունի՝ որդին իմ պապի Գևորգի, միջնեկ եղբայրը հորս, ծնված 1856 թվին վախճանված 1920թ» .
     Կենսագրական որոշ տվյալներից հետո, այլ տեղեկություններ ևս կարդում ենք.
    
    
     «ժամանակի ժուռնալների և թերթերի հատուկ թղթակից էր, ման է եկել հյուսիսային Կովկասում, Սև ծովի ափերին եղել է տաս անգամ տաք ջրերում և սանատորիաներում, հիվանդ էր ռեմատիզմով, աջ ոտքը քարշ էր տալիս ման գալիս:
     Նա լրիվ հայագետ էր, ճանաչում էր լեզվաբաններին ու իր ժամանակի բոլոր անվանի մարդկանց: Երգում էր վերին աստիճանի լավ, համով . «Ձայն տուր ով ծովակ» երգը նրա սիմվոլն էր: շատ ճաշակով և մաքրասեր մարդ էր, հասկանում էր ամեն ինչից: Կտակեց, որ իրեն թաղեն Օշականում: Կոնդի ներքին փոքրիկ ժամը վերանորոգեց և այժմ թաղված է մուտքի ձախ անկյունում, նկարվել է իր բնակարանում իր հավաքած հնությունների սեղանի մոտ»:
    
    
     Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին: Այնպես, որ կարելի է պնդել, որ Սահակ Ամատունու մահվան տարեթիվը կամ 1919թ դեկտեմբերի 28-ն է. կամ էլ 1920թ. հունվարի 28-ը: Տարբերությունը մեկ ամիս է:
    
    

    

    
Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին
    
    
     Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը` Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:
    
     Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երրորդ տասնամյակին:
    
     Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները...
    
    
Ամատունիների հուշաքարեր Օշականում` Եսայի և Վազգեն ավագ քահանաների գերեզմանաքարերը, և հայոց մեծ իշխան Վահան Ամատունու հուշաքարը:

    
     Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին (1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:
    
     Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու (1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը: Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ: Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղել
    
    
     ճիշտ միջնամասում` Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7, 5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:
     Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:
     Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
     Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված է` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք... Սահակ Ամատունու անունը մոռացվում է:
    
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը Թուխ Մանուկ մատուռի ձախ մասում:

     Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ, Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին: Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության իսկական դպրոց ու բաց արվեստանոց...
    
     Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:
    
     Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել մասնավորապես Օշականի համար:
    
     Hay Azian
     Վ.Ամատունի
    
     Օգտագործված գրականություն
     Պետրոս Հովհաննիսյանի «Նշանավոր ճեմարանականներ» Տ.Սահակ վարդապետ Ամատունի 2009թ.
     «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդես, Ա.Հ.Ադամյան (1973)
     «Էջմիածին» ամսագիր 1970, ապրիլ Ս.Բեհբուդյան
     Մաշտոցի անվ. մատենադարան, Սահակ վարդապետ Ամատունու ֆոնդ, թղթ.39, 40
     Հ.Թումանյան, երկեր հ5, հայպետհրատ 1945, էջ 377
     Օգտագործված մյուս աղբյուրները հիմնականում նշված են հոդվածաշարում:
    
________________

    
ՈՒշադրություն

    
    
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում: Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Գերեզմանը անմխիթար վիճակում է և լավ կլիներ այն փրկելու համար գտնվեին հովանավորներ... Պետք է շնորհակալություն հայտնենք սփյուռքի նախարարությանը, քանի, որ «Նիդերլանդական օրագրին» որպես մրցանակ հանձնված 220 հազ դրամը ևս օգտագործվել է այդ նպատակին: Հիմնական ծախսերն իրականացվում է մեր սեփական միջոցներով: Երախտապարտ կլինենք նրանց, ովքեր տարբեր միջոցներով (նյութերը տարածելով) օգտակար կլինեն մեզ:

     «Նիդերլանդական օրագիր»
    

    
Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
    
     ______________
    
    

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված


    
Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ -ին
     Կաթողիկոս Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.
    
    
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
     Նախարար` Արայիկ Հարությունյանին.
    
    
Կից` սույն հոդվածն ուղարկվում է հարցին առընչվող այլ կազմակերպություններին ու գերատեսչություններին
    
    
     Դեռևս 2019թ. Հունվարի 21-ին վարդապետ Սահակ Ամատունու ծննդյան նախօրեին Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող նախագծի շրջանակներում ներկայացրել էինք «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից» հոդվածը: Տե´ս, նաև (նույն տեղում)` «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը:
    
     Սպասում էինք, որ կստանանք արձագանք, սակայն պատասխանը լռությունն էր: Այժմ հանդես ենք գալիս երկրորդ հոդվածով` այն ուղղելով համապատասխան ու շահագրգիռ կառույցներին: Սպասվող արձագանքներին` կտեղեկացնենք:
    

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված


    
    
    
     Օշական հնամենի գյուղը` որ միշտ ամուր ու ապահով ամրոց է եղել, որ ոչ մի թշնամի չի կարողացել ու չի հանդգնել ոտք դնել, որ Հազարապետ Վահան Ամատունի իշխանը, որպես դրա հավաստիք, այնտեղ է ամփոփել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը, այսօր բարձիթողի վիճակով է մեզ ներկայացնում հենց Ամատունիների շառավիղը ներկայացնողների հիշատակը:
    
     Ամենաարտառոցն ու մտահոգողը, ամենից շատ անհանգստացնողը՝ գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու (1856-1920) շիրմաքարի ծայրահեղ վատ ու անմխիթար վիճակն է:
    
    
    
     Օշականը պետք է դիտել ոչ միայն ուխտատեղի` կապված Մեսրոպ Մաշտոցի սուրբ անվան հետ, այլև Ամատունիների վաղնջենական բնակատեղի:
     «Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների ազնվական տոհմի մասին նախագիծը իրականացնելու շրջանակներում բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտել իշխանական այս տոհմի անհատների մասին, նրանցից մեկի՝ իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նյութն արդեն հրապարակել ենք ու դեռ խոսելու ենք հայտնի տոհմի մյուս զավակների մասին ևս, առանձին` լայնածավալ, հետազոտական հոդվածով անդրադարձել ենք նաև Սահակ Ամատունու մասին` առանձին ենթավերնագրով ուշադրության հրավիրել նրա գերեզմանի անշուք վիճակը: Թվում էր, որ այն կարժանանար հարկավոր ուշադրության և կարգի կբերվեր, սակայն` ավաղ: Խորհրդային տարիների փլուզումից մինչ օրս՝ նրա գերեզմանին ուշադրություն դարձնող չի եղել:
    
     Դեռ կենդանության օրոք՝ համեստ այս մարդը, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Ժամանակին կատարվել է նրա խնդրանքը: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ: Իր ապրած ժամանակաշրջանում ահռելի գիտական աշխատանք կատարած հոգևորականը, Կոմիտաս վարդապետի սիրելի ուսուցիչը, «Հայոց բառ ու բան» (1912) բառարանի հեղինակը՝ (գիրք որն այսօր էլ արդիական է ու դրված է լայն հանրության սեղանին), իր համեստ ցանկությամբ, նույնքան համեստ տապանաքարով ամփոփվել է մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին:
    
     Թվում էր Օշականում՝ Ամատունիների նստավայրում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի վերջին հանգրվանում ու իր ծննդավայրում անհրաժեշտ ուշադրություն կդարձվեր Սահակ Վարդապետ Ամատունու ոչ միայն գերեզմանին, այլև նրա թողած հետաքրքիր ժառանգությանը՝ կհիշեին նրան գոնե ծննդյան կամ մահվան տարելիցներին ու բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպեին: Սա ակնկալվում էր գոնե Արագածոտնի եկեղեցական թեմից, որի առաջնորդանիստ կենտրոնը հենց Օշականն է: Բացարձականապես ոչինչ չի արվել վերաճանաչելու և վերաիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Այս դեպքում նվազագույնը գոնե խնամք տարվեր նրա միակ հիշատակը հավերժացնող գերեզմանաքարի նկատմամբ:
    
     Ի՞նչ են արել տեղի վանդալները: Ջարդել են տապանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված է եղել հոգևորականի անունը, ծննդյան, մահվան տարեթվերը ու արդեն, ինչպես տեղեկացվեցինք ու տեսանք՝ տասնյակ տարիներ է, սեփական վախերը վերացնելու մոգական մղումներից ելնելով՝ շշեր են ջարդել նրա շիրմաքարին՝ վնասելով այն: Այսպես վարվող քաղաքացիներից շատերը, համոզված ենք, չեն գիտակցում, որ եսասիրական սատանայական մղումներից ելնելով հիշատակ են պղծում ու բարբարոսություն կատարում, նաև ոչնչով չզիջելով մեր կոթողներն ավերած թուրք սելջուկներից:
    
     Վերևում պատահական չշեշտեցինք, որ Օշականը անանց ամրակուռ ամրոց է եղել թշնամու համար, այսօր մենք կամովին ինքներս ենք մեր անտարբերությամբ, մեր հոգևոր ամրոցը վնասում: Մեր ժառանգությունը պահել փայփայելու փոխարեն անարգում, անտերության ենք մատնում: Ինչ չի կարողացել ֆիզիկապես անել թշնամին՝ ինքներս ենք մեր ձեռքով անում: Մինչդեռ Ամատունի տոհմի շնորհալի զավակի՝ Սահակ Գևորգի Ամատունու հիշատակը հարգելու խնդիրը մշտապես պետք է լիներ բնակչության և համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում՝ գոնե հայ Առաքելական Եկեղեցու, եթե ոչ Արագածոտնի մարզպետարանի: Օշականցիների համար նրա գերեզմանը պետք է լիներ անթաքույց հպարտության սրբատեղի, հոգևոր այրերի ուղտատեղի: Մեսրոպ Մաշտոցի շիրիմին այցի եկող բազմաթիվ զբոսաշրջիկների պետք է ծանուցվեր Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժի ու երաժշտագետի, բանասերի և հոգևորականի վերջին կացարանի տեղը: Երկար տարիների անտարբերության շնորհիվ սերունդները չեն էլ իմանում ով է թաղված այս կիսաքանդ գերեզմանում՝ մինչդեռ նրա մահվանից 100 տարի էլ չի անցել: Նույնքան անբավարար վիճակում է Սահակ Ամատունու հարուստ գիտական արխիվի ուսումնասիրման խնդիրը:
    
     Սահակ վարդապետ-հայրենասերի «Իղձ» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան.
    
     Հայոց վանքե՜ր, անապա՜տք
    
    
Մենք հայերս հէք դժբախտ
    
    
Ձեզանով ենք միշտ պահել
    
    
Հավատ, Լեզու Գիր անխախտ.
    
    
Ես կուզէի յաւիտեան
    
    
Քանի կաչքէք դուք յեթեր
    
    
Հայը ձեզ հետ միշտ խօսէր:
    
     Նա իր երկրի, նրա լեզվի ու բնության մշակն էր ու գիտեր, որ հայոց վանքերն ու մշակութային մյուս արժեքներ պահողը ապագա հայ սերունդն է: Նրանք են, որ պետք է տերը լինեն իրենց ժառանգությանը և երկխոսության մեջ մտնեն հայրենի եզերքի պատմական մասունքների հետ: Սահակ վարդապետը այդպես վստահ հավատում, սիրում էր լեզվի, գրի ու հայ զավակի մոգական ուժին, նրանց միջև ընթացող հավերժական ու ներդաշնակ զրույցին: Նրա պատգամն էր, որ հայ մարդը մասնակից լինի այս երկխոսության շարունակական լինելուն...
    
     Սա էր Սահակ վարդապետի սերունդներին ուղղված կանչը, անխախտ պատգամը, ազգի հարատևության թեորեման: Այսքանից հետո, արդեն ավելորդ է ասել, որ շտապ միջոցներ պետք է ձեռք առնվեն վերանորոգելու Սահակ վարդապետ Ամատունու կիսավեր գերեզմանը և տերը լինել նրա թողած ժառանգությանը: Այսպես կարող ենք մենք վերականգնել նրա և սերունդների միջև ընդհատված զրույցը... Հուսով ենք պատկան մարմինները կգնահատեն իրավիճակը, չեն թողնի երախտավոր հայերից մեկի գերեզմանը անտարբերության պատճառով լքվի ու մոռացության մատնվի: Հուսով ենք, գոնե երկար տարիներ հետո, կոմունիստական կարգերի շղարշի թոթափումից հետո և անկախության ձեռք բերման երրորդ տասնամյակում կարգի բերվի անվանի հայ զավակի շիրմաքարը, նաև բացատրական աշխատանք տարվի բնակչության շրջանում: Եթե գերեզմանաքարը վերանորոգվի և գրվի նրա անունը՝ մարդիկ այնժամ ձեռնապահ կմնան ավերիչ, վնասարար ու ինքնակործան սովորույթներից:
    
     Դա վայել ու արժանի կլինի Օշականին՝ հայկական ամենաճանաչված բնակավայրերից մեկին:
    
    
    
    
    
Հ.Գ.- Ցավոք նույնն է վիճակը Օշականի նշանավոր Ամատունիների տոհմի մյուս զավակների պարագայում: Օրինակ նրանց նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որն այսօր դպրատուն թանգարան է ծառայում, չկա նրանց գործունեության մասին պատմող որևէ տեղեկություն: Վերջին դարերում Օշականի ավագ քահանաները Ամատունիներից են: Անմխիթար վիճակում է Սահակ Ամատունու հորեղբոր` Օշականի եկեղեցու բակում գտնվող ավագ քահանա Եսայի Ամատունու գերեզմանը: Վերջինս Ամատունիների վերջին իշխանի` Նիկոդիմոս Ամատունու հայրն էր: Նիկոդիմոս Ամատունին թաղված է Փարիզի մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Նրա բետոնից պատրաստած գերեզմանը գտանք ևս ծայրահեղ քայքայված վիճակում, կարոտ մի բարերար ազգասերի նորոգման: Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ նրա մասունքները տեղափոխվեին հայրենի ծննդավայր:

    
---------------------------------------

     Ամատունիների գերեզմանը: Սահակ վարդապետ Ամատունու (1856-1919 կամ` 1920) թաղված է Օշականի Թուխ Մանուկ մատուռի ձախ հատվածում (անմխիթար վիճակ):
     Օշականի եկեղեցու ավագ քահանա Վազգեն Արմենակի Ամատունու (1905-1991)` թաղված Օշականի գերեզմանոցում:
     Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին ((1829-1913)` թաղված Օշականի եկեղեցու բակում (անմխիթար վիճակ):
     Իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունու գերեզմանը (1865, ճշտված` 1859-1946)` Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը (անմխիթար վիճակ):
    
    
Հ.Գ (Նիդ.Օրագիր) - Անհրաժեշտություն ենք համարում «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից» հոդվածից առանձնացնել` «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը և որպես հրատապ թեմա ներկայացնել վերոհիշյալ հոդվածի հետ: Այս անգամ, երբ հոդվածը հղել ենք կոնկրետ հասցեատերերի, հավատում ենք, որ Մայր Աթոռը կարձագանքի: Երբ մի առիթով վիճակը ներկայացրեցինք Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանին, նա անթույլատրելի համարեց` նույն եկեղեցու նվիրյալ միաբան, վարդապետ Սահակ Ամատունու գերեզմանի ու նրա թողած ժառանգության նկատմամբ անտարբերությունն ու անմխիթար վիճակը: Նիդ.Օրագիրը այս նախագծի շրջանակում գործնական լավ հարաբերություն է հաստատել Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանի հետ և հակված ենք հավատալու, որ նույն մտահոգությամբ Մայր Աթոռն ավելի շահագրգիռ է իր նվիրյալ զավակին պատշաճ ուշադրություն դարձնելու և Ամատունիների նվիրական գյուղը, որպես Արագածոտնի թեմի առաջնորդանիստ կենտրոն ըստ արժանվույն ու բազմակողմանի ներկայացնի համայն աշխարհի հայությանը:

    

Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին


    
     Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը` Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:
    
     Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երրորդ տասնամյակին:
    
     Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները...
    
    
Ամատունիների հուշաքարեր Օշականում` Եսայի և Վազգեն ավագ քահանաների գերեզմանաքարերը, և հայոց մեծ իշխան Վահան Ամատունու հուշաքարը:

    
     Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին (1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:
    
     Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու (1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը: Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ: Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղել
    
    
     ճիշտ միջնամասում` Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7, 5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:
     Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:
     Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
     Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված է` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք... Սահակ Ամատունու անունը մոռացվում է:
    
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը Թուխ Մանուկ մատուռի ձախ մասում:

     Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ, Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին: Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության իսկական դպրոց ու բաց արվեստանոց...
    
     Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:
    
     Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել մասնավորապես Օշականի համար:
     https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
     «Նիդերլանդական օրագիր»
    
     Այս թեմայով այլ նյութեր.
    
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

    
ՈՒշադրություն

    
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում: Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:
    
     ______________
    

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին


    

    

     Այս տարվա Հունիսի 6-ին հրապարակել էինք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը:

    

    
    

    
    
    
    
    
    
    

    
    
Սփյուռքում և Հայաստանում ազգային մշակութային արժեքները քարոզելուն միտված «Նիդերլանդական օրագրի» իշխանական տոհմերին վերաբերվող նախագիծը նպատակ է հետապնդում բացահայտել հայ անվանի զավակների մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Ահա հենց այս ճանապարհին գտանք, որ անտեսվել է գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու թե գրական ժառանգության հիշատակումը, և թե նրա գերեզմանի խնամքը:
     Այս առթիվ հանդես եկանք «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» բաց նամակ ահազանգ-հոդվածով, որն հասցեագրված էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և շահագրգիռ այլ կազմակերպությունների: Հոդվածը հրապարակվել և տարածվել է «Նիդերլանդական օրագրի» հետևյալ կայքերում.

    
    

    

    
    

    

    
    

    
    

    
    
Նաև ֆեյսբուքյան, թվիթերի և սոցիալական մյուս էջերով:
     Այն վերահրապարակել են «Օրեր» ԵՎրոպական ամսագիրը ORER Armenian European Magazine, Newinfo և Shamshyan.com հայկական կայքերը.

    

    
    

    

    
    

    

    
    
Դրանից բացի հոդվածն ուղարկվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանն ու համապատասխան գերատեսչություններին` էլեկտրոնային փոստով, այդ թվում նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջերին:
    
     Կարծում էինք հոդվածում առաջ քաշված խնդիրներին անհապաղ պետք է արձագանքեր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, քանի որ խնդիրն առնչվում է հայ եկեղեցուն անգնահատելի ծառայություն մատուցած և իր կյանքի ողջ տարիները հայ ժողովրդին ու առաքելական եկեղեցուն նվիրած Սահակ Վարդապետին: Այնուհանդերձ ուշ չենք համարում և համբերությամբ սպասում ենք Մայր Աթոռի դիրքորոշմանը:
     Նյութին առաջինը սիրով արձագանքեց ՀՀ խորհրդարանի սփյուռքի, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը` ինչը որպես նոր Հայաստան կերտելու ճանապարհին արված օպերատիվ քայլ, բավական ողջունելի է: Նա խոստացավ հարցն անպայման ուսումնասիրել ու պահել ուշադրության կենտրոնում: Արդեն ժամեր անց պարոն Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ այդ մասին նամակն ուղարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
     Այսօր արդեն` ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական հիշյալ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայան / Harutyun Babayan-ի ֆեյսբուքյան էջում տեսանք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի իրեն իսկ հասցեագրված գրություն-պատասխանը:
     Նամակում (ներկայացնում ենք լուսակրկնօրինակը) մասնավորապես հայտնվում է, որ նախարարությունը գերեզմանի տապանաքարի վնասման վերաբերյալ տեղեկացված չէ (միգուցե մեր հոդվածը չեն կարդացել): Հայտնվում է նաև, որ Սահակ վարդապետ Ամատունու Օշականում գտնվող տապանաքարը հաշվառված չէ որպես պատմա-մշակութային հուշարձան և ընդգրկված չէ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի Հ377 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 29-ի Հ628 որոշմամբ հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Նախարարի գրության մեջ ասվում է, որ հարցը քննարկվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արագածոտնի թեմի առաջնորդի հետ, որը նույնպես հետաքրքրված է գերեզմանի գտնվելու տեղավայրով (Թեև տեղավայրը մեր հոդվածում հստակ մատնանշված է):
     ՈՒրախ ենք, որ նամակին ընթացք է տրվում, միառժամանակ տխուր, որ անկախությունից հետո, հուշարձանների վերանայման նորարարական ծավալուն քայլեր մինչև օրս չեն ձեռնարկվել: Իհարկե՛ խորհրդային կարգերը, երբ եկեղեցին օրենքից դուրս էր համարել պետք է արգելափակեր նրան ծառայող` մասնավորապես իշխանական տոհմի զավակների մասին հիշատակումը, էլ ուր մնաց, որ պահպանության տակ վերցվեր նրանց առնչվող մասունքները, շենք շինություններն ու նրանց գերեզմանները, իհարկե ՛ պետք է անտեսվեին նրանց թողած գրական ու գիտական ժառանգությանը: ՈՒրիշ բան, որ երբ Անկախություն ձեռք բերեցինք պետք է վերիմաստավորեինք, արժեքների վերագնահատում կատարեինք: Հենց այս նպատակին է ծառայում Ամատունիների տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագիծը: Ո՞վ կարող է հիշել վերջին անգամ երբ է Սահակ Ամատունուն նվիրված միջոցառում կազմակերպվել առաջնորդանիստ Օշական գյուղում` այնտեղ որտեղ ծնվել ու իր մահկանացուն է կնքել: Մինչդեռ 19-20րդ դարերում Օշականի եկեղեցու, գմբեթի, Վահան Ամատունի իշխանի հուշաքարի և Օշականի միջնադարյան դպրոցի կառուցման մեջ հիմնական դերակատարություն ունեն Ամատունիները, իսկ այդ մասին շատ քչերը գիտեն: Օշականի հին դպրոցը, որ այսօր դպրատուն է և թանգարան` չկա նրա գլխավոր բարերարի` Նիկոդիմոս Ամատունու մասին, ոչ մի նյութ: Կամ` մի քանի ներկայացված «Արարատ» հանդեսում չես գտնի Սահակ Ամատունու հոդվածներից: Մենք բաց ենք համագործակցության համար և սիրով պատրաստ ենք Մայր Աթոռի հետ համագործակցելով Ամատունիներին վերաբերվող նյութերն ու տեղեկությունները դարձնել Օշական այցելողների ու լայն մասսաների սեփականությունը:
Այժմ մեջբերենք կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի գրության վերջին տողերը, որի իրագործումը կոտրելու է անցյալ դարից մնացած կարծրատիպերը.
     «...Հաշվի առնելով վերոնշյալը` նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ուսումնասիրել խնդիրը, պարզել տապանաքարի գտնվելու տեղավայրը և նախարարություն ներկայացնել տեղեկություն պահպանվածության վիճակի և պատմամշակութային արժեք ներկայացնելու վերաբերյալ»:
     ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հարություն Բաբայան / Harutyun Babayan այս գրությունը տեղադրելով ֆեյսբուքյան էջում, գրել է. «Վստահ եմ, որ նախարարությունը կգտնի համապատասխան լուծումներ» ։
     Այս լավատեսությանը մենք ևս միանում ենք: Սպասենք դրական հանգուցալուծումների:
     Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի ու շատերի կողմից սիրված ու հարգված համեստ այս մարդը` Սահակ Ամատունին, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ` մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին: Գոնե պետք է վերականգնվի միջնամասի ջարդված մարմարի մասը, որտեղ նշված է եղել նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը` գոնե այդպես սերունդները չեն մոռանա նրան:

    


     «Նիդերլանդական 0րագիր»


    

     «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածը

    

     Այս թեմայով այլ նյութեր.

    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
12241 | 0 | 0
Facebook