Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Armenak Avetisyan
Автор:
Armenak Avetisyan
12:36, Среда, 02 Августа, 2017 года
ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
    

    

    

ՄԻ՛ ԵՐԱԶԻՐ ՄԵՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՄԱ՛ՐԴ ԱՍՏԾՈ..ԱՊՐԻ՛Ր...ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ, ՄԻ՛ ԹՈՂ, ՈՐ ՄԱՀԸ, ԵՐԱԽԸ ԼԱՅՆ ԲԱՑԱԾ, ԿՈՒԼ ՏԱ ՔԵԶ, ԿԱՄԱՎՈՐ ԶՈՀ ՄԻ՛ ԴԱՐՁԻՐ...
    
     Հոգնած ես, գիտե՛մ, դառնացած ես, գիտե՛մ, նեղացած ես այս աշխարհի վարքուբարքից, գիտե՛մ, զայրացած ես շուրջբոլորդ տիրող անօրինությունների վրա, գիտե՛մ, դեռ մինչ հիմա՝ այսքան հասուն մարդ լինելով, հազարումի՝ մարդկային ուղեղում չտեղավորվող դժվարությունների տարափ տեսած, հազարումի զրպարտանքի, բամբասանքի, ստի ու նենգության, դավերի և ուրացումների միջով անցած, սակայն դեռ զարմանում ես, որովհետև հոգումդ ապրող անեղծ ՄԱՆՈՒԿԸ չի՛ մեռնում երբեք...Գիտե՛մ այս ամենն ու ասում եմ՝ մի՛ մտածիր մեռնելու մասին, ապրի՛ր...
     Պատկերացրու, որ մահացել ես...ի՞նչ, հետո ՝ ի՞նչ...Կգան բարեկամ ու ընկերներ, հարևաններ ու ծանոթներ, թշնամիներ ու քեզ իսկապես սիրող, գնահատող մարդիկ...Անկեղծորեն քեզ սիրող ու գնահատող մարդիկ վշտից կկարկամեն, ծով-արցունք կթափեն, հարևանները կսկսեն քննարկել քո ապրած կյանքը, թշնամիներիցդ ոմանք այդ պահին բարեկամի դիմակ կհագնեն, հնարավոր է՝ այնպիսի վշտալլուկ սքեմ հագնեն, որ քեզ և նրանց ճանաչողները քո մահվան օրը միանգամից իրենց կարծիքը փոխեն հայտնի թշնամիներիդ մասին և սկսեն քեզ մեղադրել, և դու, դագաղիդ մեջ կդառնաս դատարանի դահլիճում հայտնված մեղադրյալ...Չմեռնե՛ս, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ, ԱՊՐԻ՛Ր: Քո մահով ոչինչ չի՛ փոխվի կյանքում, ԿՅԱՆՔԸ ՉԱՐԺե, ՈՐ ԴՈՒ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵՍ, ԱՊՐԻ՛Ր ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ...Ասենք թե՝ մահացել ես...շուրջբոլորդ կանգնած հանդիսատեսները քո մասին չէ, որ այդ պահին կմտածեն, նրանցից շատերի քննարկման առարկան կդառնան քո մեռելային շպարը, քո հագի հագուստը, մազերիդ ձևը, վրադ գցած շագանակագույն կամ գուցե՝ ճերմակ քողը, ներս մտնող յուրաքանչյուրի հագուկապն ու պաշտոնը...ու եթե պաշտոնյան քո կողքին մեկ րոպե կանգնի, նրա ենթակաները կկանգնեն նույնքան և իծաշարուկ դուրս կելնեն նրա ետևից, որովհետև կարևոր ներկան ստացան...հետո քննարկման առարկան կդառնան հարազատական կապերդ, արյունակիցներիդ հետ կայացած ու չկայացած հարաբերություններդ, քո սիրո պատմությունը, եթե ունես՝ զավակներիդ, կնոջդ կամ ամուսնուդ հարաբերությունները... Շատերը կմոտենան հարազատներիդ, զավակիդ կամ զավակներիդ, կհամբուրեն, ձեռքերը կսեղմեն, կպտտվեն դագաղիդ մոտով՝ անգամ վրադ չնայելով, հետո մի քանի ժամ կկանգնեն ամբոխի մեջ՝ այս անգամ դիտելու սգո արարողության ներկայացման մյուս հերոսների անցուդարձը...կանցնի՛... կմոռանան և՛ այդ օրը, և՛ զավակներիդ, որովհետև հնարավոր է, որ նրանք էլ շուտ մոռանան քեզ: ՄԻ՛ մեռիր ՄԱ՛ՐԴ ԱՍՏԾՈ, որովհետև անգամ ապրածդ տարիներին դու կարգին չես ապրել, մի՛հանձնվիր հողին, մի՛ երազիր փոշիանալու մասին. դա ի՞նչ երազանք է..երազանքը վերևում պետք է լինի, երկնային անհաս, ջինջ բարձունքներում և ոչ թե՝ գետնին, հողում...Ասենք թե՝ մեռար. դիահերձարանում քերթեցին ու ջարդեցին մարմինդ, սարքեցին ու քարացած՝ հանձնեցին քեզ հարազատներիդ...հետո՞...մեկուկես օր գնացին-եկան, ծաղկեպսակների ու ծաղկեփնջերի կույտեր դիզվեցին դռանդ, եկեղեցու գավթի կամ սգո սրահի ու շիրմիդ շուրջբոլորը...մարդկանց մի մասը՝ հոգնած, մտքում մտածեց, թե՝ երբ պետք է ավարտվի ամեն ինչ...Մի մասը դեռ հետո պիտի քննարկի, թե ում է մնում թողածդ ունեցվածքը կամ չունեցվածքը, թե արդյոք ինչքա՞ն գումար ունես պահած, խնայած...քեզ կմոռանան շատերը, շատերը կուրախանան քո հեռացումով, որովհետև քո կենդանության օրոք, գուցե, քո մարդկային ու մասնագիտական առավելություններով ստվեր ես գցել նրանց վրա և ակամայից չարացրել ես նրանց, գուցեև քո սիրուց մի փոքրիկ բաժին չես տվել նրանց մի մասին...Կանցնեն օրերն ու ամիսները, տարիներն անողոք, երբեմն գերեզմանիդ խունկ կծխեն քեզ չմոռացողները, զավակներդ կամ զավակդ, արցունքները վաղուց չորացած կլինեն՝ շիրմիդ վրա ամռան տապից խանձված մոլախոտերի նման, և ամենայն բան ունայնություն կդառնա, կմնան միայն ապրածդ՝ թեև տառապալից ու դժվար, սակայն շնչող տարիները, որոնք քեզ համար անգամ հուշ չեն կարող լինել, որովհետև դու արդեն անցած կլինես անդինը...ԱՊՐԻ՛Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ, ՄԻ՛ ԵՐԱԶԻՐ ՄԵՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ, ԱՊՐԻ՛Ր... ԴԺՎԱՐ Է, ԳԻՏԵ՛Մ, ԲԱՅՑ ԱՊՐԻ՛Ր...
     Կարինե Ավագյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4629 | 0 | 0
Facebook